Posts

Հանդիպում չեխական Aperio կազմակերպությունում

Սեպտեմբերի 3-ին Պրահայում «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը հանդիպում է ունեցել չեխական Aperio առողջ ծնողավարության ասոցիացիայի փոխտնօրեն, իրավաբան և միայնակ ծնողների հարցերով զբաղվող փորձագետ Հալկա Յակլովայի հետ։

Պրահա այցն ու հանդիպումը կազմակերպվել է «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է չեխական և հայաստանյան փորձը՝ ընտանիքամետ քաղաքականություններ,  աշծատավայրում ճկուն պայմաններ ունենալու, վճարվող արձակուրդի, երեխայի խնամքի կազմակերպմանն աջակցող իրավական կարգավորումների և այլ հարցերի մասին։ Քննարկման արդյունքում ստացված տեղեկությունները ներառվելու են  ընտանիքամետ քաղաքականություններին վերաբերող և «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտության մեջ, որը կավարատունացվի և կհրապարակվի առաջիկայում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հետագա համագործակցության և համատեղ նախագծեր իրականացնելու հարցեր։

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Հալկա Յակլովայի հետ զրույցից․ 

Մեր հասարակությունը դեռ բավական պահպանողական է։ Խնդիրներից մեկը ընտանիքում և հասարակության մեջ դերերի գենդերային բաշխումն է: Օրինակ՝ կանանց մոտ երեք քառորդը կարծում է, որ երեխաների խնամքը և կենցաղային պարտականությունները հիմնականում իրենց վրա են, մինչդեռ ֆինանսական հարցերը դիտվում են որպես տղամարդու պարտականություն: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա 4-ից 3,6-ը կիսում է այս տեսակետը՝ համաձայն 2023 թվականի ուսումնասիրության: Սա արտացոլում է նրանց բավականին պահպանողական մոտեցումը և ազդում կյանքի շատ այլ կողմերի վրա: 

(Արձակուրդներ)․ Մեզ մոտ ծնողական արձակուրդը աշխարհում ամենաերկարներից է․ երեք տարվա վճարվող և մեկ տարվա չվճարվող արձակուրդ, որը թույլ է տալիս ծնողներին մնալ տանը մինչև երեխայի չորս տարեկանը լրանալը: Արդյունքում շատ ծնողներ նախընտրում են ավելի երկար մնալ տանը և չվերադառնալ աշխատանքի: 

Դա լավ չէ աշխատանք-կյանք հավասարակշռության տեսանկյունից: Լավ չէ այն կանանց համար, ովքեր ցանկանում են աշխատել, բայց լավ է այն կանանց համար, ովքեր չեն ցանկանում աշխատել: Նրանք ցանկանում են տանը մնալ իրենց երեխաների հետ։ Բայց սա ստիպում է տանը մնալ նույնիսկ այն կանանց, ովքեր ցանկանում են աշխատել: Սոցիալական ապահովության մասին օրենքի կառուցվածքը նրանց համար ավելի շահավետ է դարձնում տանը մնալը, քան որևէ աշխատանքով զբաղվելը, նույնիսկ կես դրույքով: 

Այստեղ ծնողական նպաստն այնքան էլ վատը չէ։ Ծնողները ստանում են միանվագ գումար, որը նրանք կարող են ըստ ցանկության բաժանել իրենց արձակուրդի ողջ տևողության ընթացքում:

Ծնողական արձակուրդի դեպքում հայրերն ու մայրերը կարող են տեղերով փոխվել, երբ ցանկանան: Սակայն քանի որ հայրերը սովորաբար ավելի շատ են վաստակում, քան մայրերը, հաճախ ֆինանսապես ավելի ձեռնտու է, որ հայրը շարունակի աշխատել, իսկ մայրը մնա տանը: Արդյունքում շատ մայրեր հենց այդ պատճառով են մնում տանը։ Ֆինանսական նկատառումները մեծ դեր են խաղում ընտանիքների համար:  

(Ճկուն աշխատաժամեր և պայմաններ)․ Կորոնավիրուսից առաջ դա այնքան էլ տարածված չէր այստեղ, բայց համաճարակը մարդկանց մղեց դեպի ավելի մեծ ճկունության՝ ներառյալ հեռավար աշխատանքը և տուն-գրասենյակները: Շատ կազմակերպություններ պահպանեցին այս պրակտիկան նույնիսկ կովիդից հետո, ինչը բերեց առաջվա համեմատ ավելի շատ ճկունության։ Այնուամենայնիվ, ես կասեի, որ դա դեռ բավարար չէ: 

Ոչ ամբողջ ժամանակով աշխատանքի բավարար հնարավորություններ չկան: Եթե ​​ցանկանում ես աշխատանքի վերադառնալ մայրության արձակուրդի ընթացքում կամ դրանից հետո, կարող է բավականին դժվար լինել նման աշխատանք գտնելը: Սակայն Aperio-ն այս ոլորտում զգալի փորձ ունի. մենք կրճատ ժամանակով  աշխատանքներ էինք առաջարկում նույնիսկ կովիդից առաջ: Մենք մեր թիմում մայրիկներ ունենք։ 

Մենք առաջարկում ենք ճկուն աշխատանքային ժամեր՝ թույլ տալով աշխատակիցներին ընտրել աշխատանքը սկսելու և ավարտելու ժամերը։ Սա նրանց իրենց գրաֆիկը կազմելու որոշակի ազատություն է տալիս։ Բացի դրանից, մենք ունենք հիբրիդային մոդել․ որոշ աշխատակիցներ, ովքեր կարող են արդյունավետորեն կատարել իրենց առաջադրանքները տնից, կարող են շաբաթվա հինգ օրից երեքը հեռավար աշխատել:

Փոքր երեխաներ ունեցող աշխատակիցները երեխայի հիվանդանալու դեպքում կարող են հիվանդության արձակուրդ վերցնել կամ աշխատել տնից՝ միաժամանակ խնամելով իրենց երեխաներին: Բացի դրանից, մենք տրամադրում ենք տարեկան հիվանդության մի քանի արձակուրդային օր և յուրաքանչյուր ամիս մեկ անձնական հանգստյան օր ցանկացած կարիքի համար: Այս անձնական օրը, սակայն, պետք է օգտագործվի միայն տվյալ ամսվա ընթացքում. այն չի կարող տեղափոխվել: 

Մենք այս առավելությունները տրամադրում ենք, քանի որ աշխատում ենք երեխաների հետ, բայց նաև այն պատճառով, որ մեր ոլորտում աշխատավարձերը բավականին ցածր են՝ համեմատած այլ ոլորտների, օրինակ՝ բիզնեսի ոլորտի հետ: Որակյալ աշխատակիցներ ներգրավելու և պահպանելու համար մենք ձգտում ենք մրցակցային առավելություններ առաջարկել: 

Այո՛, կան կարգավորումներ, որոնք ծնողներին տալիս են ճկուն աշխատանքային ժամերի իրավունք, սակայն դա կախված է գործատուի` նման խնդրանքներին ընդառաջելու կարողությունից: Օրինակ՝ գործարանային պայմաններում ճկուն ժամերը կարող են իրատեսական չլինել: Քանի դեռ գործատուն հիմնավոր պատճառներ է ներկայացնում խնդրանքը մերժելու համար, մերժումը սովորաբար ընդունելի է լինում: Սա բավականին սահմանափակում է ճկուն աշխատանքային ժամերի կիրառումը։ 

(Աջակցություն երեխայի խնամքի հարցերում). Այո՛, մենք ունենք մի քանի կարգավորում, բայց, ըստ իս, դրանք բավարար չեն: Օրինակ՝ կրծքով կերակրելու համար պարտադիր ընդմիջումներ կան, եթե մայրը կերակրում է աշխատանքի ընթացքում: Բացի դրանից, խնամակալները չեն կարող գործուղվել առանց իրենց համաձայնության: Ինչ վերաբերում է ճկուն աշխատանքային ժամերին, կան սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս գործատուներին միակողմանիորեն փոխել փոքր երեխաներ ունեցող աշխատողների ժամանակացույցը։ Ընդհանուր առմամբ, այսքանով էլ սահմանափակվում սրանց շրջանակը: 

Կոմունիստական ​​ռեժիմի ժամանակ փոքր երեխաների համար մանկապարտեզներ կային, բայց 90-ականներին դրանք արգելվեցին։ Մեր օրերում նոր հաստատությունների կառուցումը դանդաղ է ընթանում, և դրանք հիմնականում մասնավոր են ու հաճախ չափազանց թանկ շատ ծնողների համար: Սա էական խոչընդոտ է ստեղծում այն կանանց համար, ովքեր փորձում են աշխատանքի վերադառնալ: 

Այստեղ կարևոր խնդիրն այն է, որ մինչև երեք տարեկան երեխաների խնամքի տարբերակներ գրեթե գոյություն չունեն: Երեք տարեկանից սկսած՝ մենք ունենք մանկապարտեզների լավ հանրային համակարգ, որի համար համայնքային ֆինանսավորումը հասանելի է գրեթե յուրաքանչյուր փոքր քաղաքում, բայց որոշ բնակավայրերում դեռևս բավարար չեն տեղերը: Պետական ​​մանկապարտեզների վճարները ողջամիտ են և մատչելի գրեթե բոլոր ընտանիքների համար, սակայն մասնավոր ծառայությունները կարող են բավականին թանկ լինել: 

Ծնողները խնդրի առաջ են կանգնում, երբ երեխաները չեն ընդունվում պետական մանկապարտեզ, ինչը կարող է տեղի ունենալ անբավարար տեղերի պատճառով նույնիսկ եթե երեխան երեք տարեկան է: Ի դեպ, պարտադիր է  նախակրթարան գնալը՝ մինչ տարրական դպրոց գնալը, և մանկապարտեզները պարտավոր են ընդունել նախադպրոցական տարիքի երեխաներին: 

(Միայնակ ծնողներ)․ Ցավոք, միայնակ ծնողները մեր երկրի ամենախոցելի խմբերից են, որ հաճախ են ընկնում աղքատության մեջ: Շատերը բախվում են այն խնդրին, որ մյուս ծնողն ալիմենտ չի վճարում, ինչը նրանց ստիպում է ապրել մեկ եկամտով՝ միաժամանակ համատեղելով աշխատանքը և երեխաների խնամքը, ինչը կարող է բավականին բարդ լինել, հատկապես երբ երեխաների խնամքի ծառայությունները սահմանափակ են: 

Վերջին օրենսդրական փոփոխություններից մեկն այն ​​է, որ միայնակ ծնողները կարող են ֆինանսական աջակցություն ստանալ պետությունից, եթե մյուս ծնողը չի վճարում ալիմենտը: Սակայն այստեղ կան բազմաթիվ պայմաններ, և այս աջակցությունը հասանելի է առավելագույնը երկու տարվա ընթացքում: Դրանից հետո, եթե մյուս ծնողը շարունակում է չվճարել, հստակ լուծում չկա: Ընդհանուր առմամբ, մեր օրենսդրության մեջ չկա ոչ մի կարգավորում՝ նախատեսված հատուկ միայնակ ծնողներին աջակցելու համար: 

Աշխատանքային օրենսգիրքը միայնակ ծնողների համար հատուկ դրույթներ է պարունակում: Մինչև 15 տարեկան երեխա ունեցող միայնակ ծնողը կարող է գործուղումների ուղարկվել միայն  իր համաձայնությամբ: Նաև հիվանդ երեխային խնամելիս միայնակ ծնողները ստանում են ավելի երկար վճարվող խնամքի նպաստ՝ 16 օր, մինչդեռ ոչ միայնակ ծնողներն 9 օրվա նպաստ են ստանում: Սրանք միակ բաներն են, որ առանձնահատուկ են: Միայնակ ծնողները նաև օգտվում են ընդհանուր ծնողական իրավունքներից, օրինակ,  ճկուն աշխատանքային ժամեր ունենալու իրավունքը: 

Ճկուն աշխատանքային ժամերը և տուն-գրասենյակների տարբերակները կարևոր են նրանց համար: Պետության կողմից ֆինանսական աջակցությունը նույնպես անհրաժեշտ է՝ աշխատանք-կյանք հավասարակշռությանը հասնելու համար: Բացի դրանից, կարևոր է, որ նրանց համար հասանելի լինեն մինչև երեք տարեկան երեխաների խնամքի ծառայությունները, քանի որ միայնակ ծնողներին առանց այդ ռեսուրսների գլուխ հանելը կարող է շատ դժվար լինել: Ավելին, կենսական նշանակություն ունեն հոգեբանական աջակցությունը և ուժեղ սոցիալական ցանցը, քանի որ միայնակ ծնողներից շատերը հաճախ իրենց մեն-մենակ են զգում բոլոր խնդիրներում։ 

(Գենդերային դերեր)․ Այս հարցերի մի կարևոր կողմ է հասարակության մտածելակերպը: Նույնիսկ օրենքների առկայության դեպքում, առանց վերաբերմունքի փոփոխության, առաջընթաց չի լինի: Սա հատկապես ճիշտ է գենդերային և սոցիալական խնդիրների համար, որոնք մենք ակտիվորեն թիրախավորում ենք ԶԼՄ-ների և կառավարության հետ համագործակցության միջոցով: 

Մենք նաև չքննարկեցինք տղամարդկանց դերն այս համատեքստում: Չեխիայի Հանրապետությունում կան տղամարդիկ, ովքեր զբաղվում են այս թեմաներով՝ ներառյալ մեր գործընկեր կազմակերպությունը՝ «Բաց տղամարդկանց լիգան»: Նրանք ջատագովում են հայրությունը, ընտանիքը և գենդերային դերերը՝ օգնելով այս ոլորտներում փոփոխություններ մտցնել: 

Կան նաև անհատներ մարդկային ռեսուրսների ոլորտում, մասնավորապես ŠKODA Auto-ի պես ընկերություններում, ովքեր ակտիվորեն առաջ են տանում հավասարության գաղափարը: Օրինակ՝ մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցներից մեկը ծնողական արձակուրդ է վերցնում և կնոջ հետ պարտականություններ է կիսում՝ օրինակ ծառայելով այլ տղամարդկանց համար: Այս ոլորտում առաջընթացը դանդաղ է, սակայն հուսադրող է տեսնել նման նախաձեռնություններ: Հուսով եմ, որ ապագայում մենք կտեսնենք ավելի մեծ հավասարություն։ 

Դա շատ կարևոր է, քանի որ մեր երկրում այս թեման հաճախ դիտվում է որպես կանանց խնդիր: Շատ կարևոր է տղամարդկանց այս քննարկումների մեջ ներգրավելը. նրանք պետք է պաշտպանեն այս գաղափարը: Կարծում եմ՝ երբեք էական առաջընթաց չենք արձանագրի՝ առանց նրանց ակտիվ մասնակցության։

Թե հաճախ ինչպես են կանայք համատեղում կրծքով կերակրումն ու աշխատանքը․ նկարապատում

Աշխատավայրում ընտանիքամետ միջավայրի կարևորագույն տարրերից է կրծքով կերակրելու (ԿԿ) հնարավորության ապահովումը, երբ կինը վերադառնում է աշխատանքի։ Սրա համար մի քանի միջոցներ կարող են կիրառվել․

• Աշխատանքային ճկուն պայմաններ (հեռավար աշխատանք, աշխատանքի արդյունքի վրա հիմնված վճարումներ, ազատ գրաֆիկ և այլն),
• Կրծքով կերակրելու սենյակներ աշխատավայրերում,
• Հավելյալ ընդմիջումներ կրծքով կերակրող ծնողների համար,
• Տրանսպորտի տրամադրում՝ երեխային այցելելու, կերակրելու և աշխատավայր վերադառնալու համար։

Loading...

Loading…

Աշխատանքային քննարկում՝ «Կետ 33» ՀԿ և ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների միջև

Մայիսի 12-ին «Կետ 33» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն աշխատանքային քննարկում են ունեցել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ՝ մայրության վաղ շրջանում գտնվող կանանց աշխատանքային իրավունքների շուրջ:

Հանդիպման ժամանակ «Կետ 33» ՀԿ ղեկավար Աստղիկ Կարապետյանը ներկայացրել է «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտությունը, որն արվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:


ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները պատրաստակամություն են հայտնել համագործակցել «Կետ 33» ՀԿ հետ՝ մայրության վաղ շրջանում գտնվող կանանց կրծքով կերակրման համար աշխատանքային հարմարավետ միջավայրի ստեղծման օրենսդրական կարգավորումների շուրջ:

Ինչպես ապահովել կրծքով կերակրելու հնարավորությունն աշխատող մայրերի համար

Ընտանիքամետ քաղաքականությունները, որոնք նպաստում են ընտանիք-աշխատանք բալանսի ապահովմանը և հեշտացնում երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելը, կարևոր նշանակություն ունեն կրծքով կերակրելը խրախուսելու հարցում։

Ընտանիքամետ քաղաքականությունների տարրերից կարևորագույնը կրծքով կերակրելու հնարավորությունների ապահովումն է, երբ կինը վերադառնում է աշխատանքի։ Սրա համար մի քանի միջոցներ կարող են կիրառվել․

• Աշխատանքային ճկուն պայմաններ (հեռավար աշխատանք, աշխատանքի արդյունքի վրա հիմնված վճարումներ, ազատ գրաֆիկ և այլն),
• Կրծքով կերակրելու սենյակներ աշխատավայրերում,
• Հավելյալ ընդմիջումներ կրծքով կերակրող ծնողների համար,
• Տրանսպորտի տրամադրում՝ երեխային այցելելու, կերակրելու և աշխատավայր վերադառնալու համար։

Ի դեպ, կարող է կիրառվել միջոցներից միայն մեկը կամ մի քանիսը միաժամանակ՝ հաշվի առնելով գործատուի ֆինանսական և նյութատեխնիկական ռեսուրսները։
Աղբյուրը՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտություն:

*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:

Ընտանիքամետ միջավայրը շահավետ է թե՛ պետության, թե՛ գործատուի, թե՛ աշխատողի համար (Ինֆոգրաֆիկա)

Ընտանիքամետ աշխատանքային միջավայրը հնարավորություն է տալիս լավագույնս հավասարակշռել ընտանիքին ու աշխատանքին հատկացվող ժամանակը, ընտանեկան ու աշխատանքային պարտականությունները։

Ընտանիքամետ քաղաքականությունների իրականացումը շահավետ է թե՛ ընտանիքի, թե՛ գործատուների, թե՛ պետության համար։ Սրա արդյունքում պաշտպանված են լինում մայրերի ու նրանց երեխաների իրավունքները, առավելապես թեթևանում է նրանց հոգսը, և որոշակիորեն ապահովված է լինում նրանց և նրանց ընտանիքների բարեկեցությունը։

ՀՀ-ում աշխատունակ կանանց կեսից ավելին դուրս է մնում աշխատաշուկայից. հետազոտություն

ՀՀ-ում կանանց կրթական մակարդակը բավականին բարձր է, միևնույն ժամանակ նրանց ներգրավվածությունը աշխատաշուկայում բավականին ցածր է։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում վերջին տարիներին բարձրագույն կրթություն ստացածների ավելի քան 50 տոկոսը կազմում են կանայք՝ 2012-ին՝ 50,4 տոկոսը, իսկ 2020-ին՝ 54,6 տոկոսը։
Նույն աղբյուրի տվյալների համաձայն՝ աշխատաշուկայում զբաղվածների 41 տոկոսը կանայք են։ Իսկ, ընդհանուր առմամբ, աշխատունակ կանանց շուրջ 51 տոկոսը համարվում է աշխատուժից դուրս մնացած։

Միևնույն ժամանակ, խոսուն են աշխատուժից դուրս մնացած և աշխատաշուկայում մասնակիցների վերաբերյալ տվյալները։ Բավականին բարձր սեռային խզվածք կա, սակայն ավելի ցայտուն է այդ խզվածքը հատկապես վերարտադրողական տարիքային խմբում։ Մասնավորապես, աշխատուժից դուրս բնակչության 25-49 տարիքային խմբում սեռային խզվածքը 67 տոկոս է, իսկ աշխատուժի մասնակցության նույն տարիքային խմբում սեռային խզվածքը կազմում է շուրջ 41 տոկոս։

 

Խոսուն են նաև սեռային խզվածքի ցուցանիշների պատճառները։ «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2021» հետազոտության մեջ նշվում է․ «․․․հիմնականում պայմանավորված ընտանեկան պարտականություններով (հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք և այլն) կանանց զբաղվածությամբ»։

Փաստորեն, Հայաստանում կա իրավիճակ, երբ աշխատունակ կանանց կեսից ավելին դուրս է մնում աշխատաշուկայից և ունի պասիվ մասնակցություն տնտեսության մեջ։ Մինչդեռ, ըստ ՄըքՔինզիի 2015 թվականի (McKinsey 2015) զեկույցի՝ կանանց հավասար մասնակցությունը աշխատաշուկայում լրացուցիչ 12 տրիլիոնի հասույթ կապահովի համաշխարհային տնտեսության համար մինչև 2025 թվականը:

Աղբյուրը՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտություն:

*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:

Հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ

Մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է «Կետ 33» հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանի և կազմակերպության իրավաբան, փաստաբան Գևորգ Սլոյանի հետ:

Հանդիպման ժամանակ Աստղիկ Կարապետյանը ներկայացրել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի շրջանակում արված՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտությունը, որն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:

Քննարկվել են աշխատավայրում կրծքով կերակրելու իրավունքի իրացմանը խոչընդոտող խնդիրները, օրենսդրական կարգավորումները, «Կետ 33» ՀԿ կողմից առաջարկվող փոփոխությունները։

Քրիստինե Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ ողջունում է առաջարկվող փոփոխությունների գաղափարը. «Ընդհանրապես կանանց տնտեսական ակտիվացման կամ հզորացման հարցերին նվիրված բոլոր քննարկումներում իմ կողմից մշտապես բարձրացվում է այն հարցը, որ ծննդաբերության կամ երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալիս կանայք հանդիպում են մի շարք խնդիրների, որոնցից մեկը հենց կրծքով կերակրելու իրավունքի իրացումն է»:

Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել հանրային աջակցություն ցուցաբերել «Կետ 33»-ի կողմից առաջարկվող փոփոխություններին:

 

Համագործակցության համաձայնություն՝ աշխատող կնոջ կրծքով կերակրելու իրավունքի իրացմանն ուղղված աշխատանքային հանդիպման արդյունքում

Հայաստանը դանդաղում է աշխատավայրում կանանց կրծքով կերակրելու իրավունքի իրացման համար համապատասխան պայմանների ստեղծման հարցում․ այս մասին նշվեց ապրիլի 15-ին՝ «Կրծքով կերակրումը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» թեմայով աշխատանքային հանդիպման ժամանակ։

Հանդիպումը կազմակերպվել էր «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի՝ «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի շրջանակում։

«Քաղաքացիական հասարակության զարգացումը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ռազմավարական զարգացման ուղղություններից մեկն է և այս տարածաշրջանային ծրագրի շրջանակում մենք աշխատում ենք աջակցել նորաստեղծ կազմակերպություններին՝ լուծելու իրենց առջև դրված բազմաթիվ ու բազմատեսակ խնդիրները։ Ուրախ ենք, որ մեր ծրագրի շահառու է նաև «Կետ 33» ՀԿ-ն, որի գործունեությունը միտված է հղի և վաղ մայրության շրջանում գտնվող կանանց իրավունքների պաշտպանությունը»,- բացման իր խոսքում նշեց «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ղեկավար Անահիտ Երնջակյանը։

«Մեր նպատակը ոչ միայն կնոջ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն է, այլ հարմարավետ, ընտանիքամետ միջավայր ունենալն է, որը նպաստում է ընտանիքի բարեկեցությանը և բխում է թե՛ գործատուի, թե պետության շահերից»,- նշեց «Կետ 33» ՀԿ նախագահ, «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի ղեկավար Աստղիկ Կարապետյանը։
Հանդիպման ժամանակ «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի իրավաբան Գևորգ Սլոյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում կատարված «Կրծքով կերակրումը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտության հիմնական դրույթները, որը ներառում է հայաստանյան և միջազգային օրենսդրական կարագավորումները, խնդիրները և դրանց ուղղված բարեփոխումների առաջարկությունները։

«Հետազոտությունը կազմելիս մենք հատուկ կարևորել ենք այն, որ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն ստեղծեն աշխատող կնոջ կրծքով կերակրելու իրավունքը իրացնելուն, միևնույն ժամանակ ավելորդ բեռ ու ճնշում չլինեն գործատուների համար։ Այս բալանսը մենք իսկապես շատ ենք կարևորում»,- ասաց Գ․ Սլոյանը։

Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Զարուհի Բաթոյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ներկայացուցիչներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից և այլ տեղական, միջազգային կառույցներից։

Քննարկվեցին առկա խնդիրները, ներկայացվեցին նոր դիտարկումներ և առաջարկություններ։ Հանդիպման արդյունքները նույնպես կներառվեն հետազոտության մեջ, որը կհրապարակվի կազմակերպության կայքում և կփոխանցվի կառավարությանն ու Ազգային ժողովին։

Բարեփոխումներին ուղղված աշխատանքները համատեղելու և շարունակական դարձնելու վերաբերյալ ձեռքբերվեցին նաև համաձայնություններ։ Մասնավորապես, հետազոտության և հանդիպման արդյունքում վերհանված օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների քննարկման և հետագայում ընդունման նպատակով առաջիկայում կլինեն տարբեր ձևաչափով հանդիպումներ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ, գործատուների շրջանում ընտանիքամետ և կրծքով կերակրումը խրախուսող քաղաքականության մշակման և որդեգրման վերաբերյալ նոր նախագծեր իրականացնելու համար հանդիպումներ կլինեն միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչների հետ։

Loading...

Loading…