Հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ

Մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է «Կետ 33» հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանի և կազմակերպության իրավաբան, փաստաբան Գևորգ Սլոյանի հետ:

Հանդիպման ժամանակ Աստղիկ Կարապետյանը ներկայացրել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի շրջանակում արված՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտությունը, որն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:

Քննարկվել են աշխատավայրում կրծքով կերակրելու իրավունքի իրացմանը խոչընդոտող խնդիրները, օրենսդրական կարգավորումները, «Կետ 33» ՀԿ կողմից առաջարկվող փոփոխությունները։

Քրիստինե Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ ողջունում է առաջարկվող փոփոխությունների գաղափարը. «Ընդհանրապես կանանց տնտեսական ակտիվացման կամ հզորացման հարցերին նվիրված բոլոր քննարկումներում իմ կողմից մշտապես բարձրացվում է այն հարցը, որ ծննդաբերության կամ երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալիս կանայք հանդիպում են մի շարք խնդիրների, որոնցից մեկը հենց կրծքով կերակրելու իրավունքի իրացումն է»:

Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել հանրային աջակցություն ցուցաբերել «Կետ 33»-ի կողմից առաջարկվող փոփոխություններին: