Համագործակցության համաձայնություն՝ աշխատող կնոջ կրծքով կերակրելու իրավունքի իրացմանն ուղղված աշխատանքային հանդիպման արդյունքում

Հայաստանը դանդաղում է աշխատավայրում կանանց կրծքով կերակրելու իրավունքի իրացման համար համապատասխան պայմանների ստեղծման հարցում․ այս մասին նշվեց ապրիլի 15-ին՝ «Կրծքով կերակրումը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» թեմայով աշխատանքային հանդիպման ժամանակ։

Հանդիպումը կազմակերպվել էր «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի՝ «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի շրջանակում։

«Քաղաքացիական հասարակության զարգացումը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ռազմավարական զարգացման ուղղություններից մեկն է և այս տարածաշրջանային ծրագրի շրջանակում մենք աշխատում ենք աջակցել նորաստեղծ կազմակերպություններին՝ լուծելու իրենց առջև դրված բազմաթիվ ու բազմատեսակ խնդիրները։ Ուրախ ենք, որ մեր ծրագրի շահառու է նաև «Կետ 33» ՀԿ-ն, որի գործունեությունը միտված է հղի և վաղ մայրության շրջանում գտնվող կանանց իրավունքների պաշտպանությունը»,- բացման իր խոսքում նշեց «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ղեկավար Անահիտ Երնջակյանը։

«Մեր նպատակը ոչ միայն կնոջ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն է, այլ հարմարավետ, ընտանիքամետ միջավայր ունենալն է, որը նպաստում է ընտանիքի բարեկեցությանը և բխում է թե՛ գործատուի, թե պետության շահերից»,- նշեց «Կետ 33» ՀԿ նախագահ, «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի ղեկավար Աստղիկ Կարապետյանը։
Հանդիպման ժամանակ «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի իրավաբան Գևորգ Սլոյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում կատարված «Կրծքով կերակրումը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտության հիմնական դրույթները, որը ներառում է հայաստանյան և միջազգային օրենսդրական կարագավորումները, խնդիրները և դրանց ուղղված բարեփոխումների առաջարկությունները։

«Հետազոտությունը կազմելիս մենք հատուկ կարևորել ենք այն, որ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն ստեղծեն աշխատող կնոջ կրծքով կերակրելու իրավունքը իրացնելուն, միևնույն ժամանակ ավելորդ բեռ ու ճնշում չլինեն գործատուների համար։ Այս բալանսը մենք իսկապես շատ ենք կարևորում»,- ասաց Գ․ Սլոյանը։

Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Զարուհի Բաթոյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ներկայացուցիչներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից և այլ տեղական, միջազգային կառույցներից։

Քննարկվեցին առկա խնդիրները, ներկայացվեցին նոր դիտարկումներ և առաջարկություններ։ Հանդիպման արդյունքները նույնպես կներառվեն հետազոտության մեջ, որը կհրապարակվի կազմակերպության կայքում և կփոխանցվի կառավարությանն ու Ազգային ժողովին։

Բարեփոխումներին ուղղված աշխատանքները համատեղելու և շարունակական դարձնելու վերաբերյալ ձեռքբերվեցին նաև համաձայնություններ։ Մասնավորապես, հետազոտության և հանդիպման արդյունքում վերհանված օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների քննարկման և հետագայում ընդունման նպատակով առաջիկայում կլինեն տարբեր ձևաչափով հանդիպումներ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ, գործատուների շրջանում ընտանիքամետ և կրծքով կերակրումը խրախուսող քաղաքականության մշակման և որդեգրման վերաբերյալ նոր նախագծեր իրականացնելու համար հանդիպումներ կլինեն միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչների հետ։

Loading...

Loading…