ՀՀ-ում աշխատունակ կանանց կեսից ավելին դուրս է մնում աշխատաշուկայից. հետազոտություն

ՀՀ-ում կանանց կրթական մակարդակը բավականին բարձր է, միևնույն ժամանակ նրանց ներգրավվածությունը աշխատաշուկայում բավականին ցածր է։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում վերջին տարիներին բարձրագույն կրթություն ստացածների ավելի քան 50 տոկոսը կազմում են կանայք՝ 2012-ին՝ 50,4 տոկոսը, իսկ 2020-ին՝ 54,6 տոկոսը։
Նույն աղբյուրի տվյալների համաձայն՝ աշխատաշուկայում զբաղվածների 41 տոկոսը կանայք են։ Իսկ, ընդհանուր առմամբ, աշխատունակ կանանց շուրջ 51 տոկոսը համարվում է աշխատուժից դուրս մնացած։

Միևնույն ժամանակ, խոսուն են աշխատուժից դուրս մնացած և աշխատաշուկայում մասնակիցների վերաբերյալ տվյալները։ Բավականին բարձր սեռային խզվածք կա, սակայն ավելի ցայտուն է այդ խզվածքը հատկապես վերարտադրողական տարիքային խմբում։ Մասնավորապես, աշխատուժից դուրս բնակչության 25-49 տարիքային խմբում սեռային խզվածքը 67 տոկոս է, իսկ աշխատուժի մասնակցության նույն տարիքային խմբում սեռային խզվածքը կազմում է շուրջ 41 տոկոս։

 

Խոսուն են նաև սեռային խզվածքի ցուցանիշների պատճառները։ «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2021» հետազոտության մեջ նշվում է․ «․․․հիմնականում պայմանավորված ընտանեկան պարտականություններով (հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք և այլն) կանանց զբաղվածությամբ»։

Փաստորեն, Հայաստանում կա իրավիճակ, երբ աշխատունակ կանանց կեսից ավելին դուրս է մնում աշխատաշուկայից և ունի պասիվ մասնակցություն տնտեսության մեջ։ Մինչդեռ, ըստ ՄըքՔինզիի 2015 թվականի (McKinsey 2015) զեկույցի՝ կանանց հավասար մասնակցությունը աշխատաշուկայում լրացուցիչ 12 տրիլիոնի հասույթ կապահովի համաշխարհային տնտեսության համար մինչև 2025 թվականը:

Աղբյուրը՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտություն:

*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում: