Posts

Լիանա Կարապետյան. «Երբ միջանցքներում մարմինդ է «միջանցք»»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ:

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Լիանա Կարապետյան

 

«ԵՐԲ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՄԱՐՄԻՆԴ Է «ՄԻՋԱՆՑՔ»»

Բոլոր դեպքերում ծնունդը վեր է…

Բայց երբեմն ընթացքում ապրածդ,

Լուսավոր կետի քողարկված մի ստվեր է

Ծնունդը վեր է,

Ու մարմնիդ համար ՎԵՐածնունդ է

Որից հետո քեզ մնացածը,

Ցավոք վախերով անվերջ անդունդ է,

Ուր պատիվն անգամ արժանավույն

Միշտ ստորադաս է,

Հասարակ…անգույն,

Չորս կողմը միջանցք է…

Անփույթ անցուդարձ

Մարմինդ էլ «միջանցք» է,

Խոսքերի համար չմտածված,

Դեմքերի համար հեգնական սառած,

Ու ցավերդ հոգու, ոչ թե մարմնի

Գերի են դասված,

Որովհետև մայրությունը պարգևն է

գերադասված,

Առաջին ճիչը կյանքին ընդառաջ

Որ խլացնում է պատիվը ճնշող,

Խեղդված ամեն մի հառաչ,

Որ սկիզբ է դնում կրծող լռության,

Հանուն ոմն «հասարակության»,

Ով ցավը զրկում է իմաստից անգամ

Չի ցավազրկում, ցավը ցրում է,

«Քաշածդ ոչ առաջինն է, ոչ վերջին անգամ։

Եղածը մի բան չէ մեռնելու աստիճան»

Դու «պիտի՛», «պիտի՛»,

Բռնության մեկնարկ,

Ստրկացում մտքի

Կռվադաշտ որտեղ մարմինն արարող,

Ոչնչացնում են, դարձնում պարտվող,

Բայց ՎԵՐածնունդը հոգու ու մարմնի,

Ընդդեմ բռնության,

Ու հանուն պատվի,

Արժանի պատվի,

Եվ վեհ ծնունդի,

Որը սկսվում է արգանդից անգամ,

Միշտ ցույց է տալիս,

որ ստեղծագործման այս կատարյալ ուղին,

Միաձուլված կնոջ մարմնին,

Չափազանց վսեմ է,

Հրաշք երկնային,

Եվ ընդդեմ բռնության մանկաբարձական,

Մանկան ծննդի պես բարձր պիտի լինի,

ԿԻՆԸ

Կրողը արժանապատվության։

Մարինե Քոչարյան. «Մի ոտքով գերեզմանում»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ:

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Մարինե Քոչարյան

ՄԻ ՈՏՔՈՎ ԳԵՐԵԶՄԱՆՈւՄ

(հոգեբանական դրամա)

«Ծննդկանի մի ոտքը գերեզմանում է…» — Աշխենի գլխում տատի այս խոսքերն էին պտտվում, երբ արդեն մի քանի ժամ է ծնարանում ցավ էր քաշում։ Չգիտեր՝ որտեղից էր լսել կամ ինչու էր հիմա հիշում, բայց որքան էլ փորձում էր ցրել այդ մռայլ միտքը, այն միևնույն է հնչում էր նրա գլխում:

Տատը չորս հսկա երեխա էր աշխարհ բերել տանը՝ առանց բժիշկների օգնության։ Մայրը պատմում էր՝ կապել են փորը տարբեր փալասներով, քաշքշել, տաք իրեր դրել փորին…Հեշտ ժամանակներ չէին, շատերը մահանում էին ծննդաբերելիս կամ կորցնում երեխային։

«Անցել են այդ դաժան ժամանակները, մտածում էր Աշխենը: Հիմա կանայք այլևս տանը երեխա չեն ծննդաբերում, և տատի խոսքերը հեչ էլ ակտուալ չեն»: Նա գտնվում էր քաղաքի լավագույն հիվանդանոցներից մեկում՝ ստերիլ պայմաններում, հեղինակավոր բժշկի հսկողության ներքո։ Բայց թունավոր կանաչ պատերը ճնշում էին: Սպիրտի սուր հոտը խեղդում էր, իսկ քիմքին հասնող դառը համը գլխապտույտ էր առաջացնում:

Վեց ժամ էր անցել։ Ցավը գնալով անտանելի էր դառնում։ Ասում են՝ դեղորայքների ազդեցությունն էլ ավելի է սրում ծննդաբերական ցավը։ Աշխենը չգիտեր՝ ինչն է ճիշտ ու ինչը սխալ, նա կաղկանձում էր ցավից։

Լրացել էր հղիության 41-րդ շաբաթը և բժիշկն այլևս սպասել չէր ցանկանում, վիժման դեղ էր նշանակել և ծննդաբերությանը խթանող այլ դեղորայքներ։ «Ոչ առաջինն ես, ոչ վերջինը, կծննդաբերես ու կվերջանա»,-ասել էր նա։

Ծնարանի կողքի սենյակից ուրախության ձայներ էին լսվում: Բուժքրոջ ծնունդն էին նշում: Շամպայնի ու վարդերի խառը հոտը ներխուժել էր սենյակ, խառնվել սպիրտի սուր հոտին, ու Աշխենը, արդեն անդիմադրելի գլխապտույտից, շշմել էր: Սթափ էին պահում միայն մյուս սենյակներից եկող այլ ծննդաբերող կանանց ցավի անասնական ձայները։ Դրանք իսկապես խորը տագնապ էին առաջացնում:

Բժիշկը, հերթական այցելության ընթացքում, առաջարկեց ցավազրկում, և մի քանի ժամ ընդարմացած պառկած Աշխենը սկսեց մոր մասին մտածել։

Մայրը երեք երեխա էր ունեցել։ Փոքր տարիքում Աշխենը պատահաբար լսել էր մոր պատմությունները։ Խորհրդային տարիներին բռի ու անտաշ կերպով են վերբերվել ծննդաբերող կանանց այն ժամանակ։ Մայրը տարիներով նույն երազն էր տեսնում,  թե ինչպես է նորից հայտնվում ծնարանում՝ նույն սպիտակ սալիկները, նույն սառը մթնոլորտը, նույն ցավն ու տառապանքը։ Հետագայում միայն Աշխենը կհասկանա, որ մոր մոտ սուր պոստտրավմատիկ սինդրոմ է եղել։
Դժվար տարիներ էին կանանց համար։ «Հիմա ամեն ինչ փոխվել է»,- նորից համոզում էր ինքն իրեն Աշխենը։

Բժիշկը ժամը մեկ էր հայտնվում սենյակում։ Խրոխտ հայացքով անտանելի ցավոտ ներզննում իրականացնում ու հուսահատ դեմքով լքում սենյակը՝ չտալով որևէ բացատրություն ու չասելով ոչ մի բառ։ Երբ հերթական այցի ժամանակ բժշկի սառը գործիքը պատռեց պտղապարկը, Աշխենը չգիտեր՝ որքան վտանգավոր է դա թե՛ իր, թե՛ երեխայի համար:

Եվս մի քանի ժամ անց, երբ արդեն ցավազրկողն իր ուժը կորցրել էր, սկսվեց ճիգերի փուլը։ Աշխենը չնկատեց, թե ինչպես սենյակում իր առջև «հանդիսատես» հավաքվեց։ Բուժանձնակազմը բաղկացած էր կանանցից։ Նրանց առօրյա խոսակցությունները մեկումեջ ընդհատվում էին ինչ-որ քչփչոցներով.

«Չի դիմանում… խոշոր ա երեխեն… կարա չծնվի…»
Աշխենը կքանստած՝ լսում էր նրանց ձայները, որոնց մեջ ոչ կարեկցանք կար, ոչ աջակցություն:
Արյան հետ միասին նրա եռման քրտինքն էր ծորում դեպի հատակը։

«Դու ես մեղավոր, որ հիմա տառապում ես, եթե նորմալ ուժ տաս, շուտ կվերջանա այս ամենը». բառերը, որոնք թվում է, թե պետք է հնչեին որպես խրախուսանք, Աշխենի վրա ծանրացան մեղադրանքի պես։ Աշխենը չէր հասկանում՝ ո՞վ էր մեղավոր այս անտանելի տառապանքի համար, բայց հստակ գիտեր՝ այլևս դիմանալու ուժ չունի։

«Ծննդկանի մի ոտքը գերեզմանում է…». տատի խոսքերը պտտվում էին Աշխենի գլխում դարձյալ ու դարձյալ։ Հիմա նա այլևս չէր պայքարում այդ մտքի դեմ․ մահը ազատություն էր թվում։ Ցավն ու վախը խեղդել էին նրա զգացմունքները, երբ լույսի շող հայտնվեց։ Լուսաբաց էր։ Բուժանձնակազմի հորանջոցները հաստատում էին այդ փաստը։

Նրան բարձրացրին ութգլխանի հրեշի տեսք ունեցող գինեկոլոգիական բազկաթոռին, ու սկսվեցին ավելի ինտենսիվ միջամտությունները։

«Բերե՛ք մկրատը». այս արտահայտությունը այլևս երբեք դուրս չի գա Աշխենի գլխից ու երկար տարիների հոգեբանական ու ֆիզիկական վերականգնումից հետո, նա միևնույն է կզգա մկրատի ցավոտ ղռթոցն ու բութ ձայնը։

Վերջին հարվածը փորի ուժեղ սղմումն էր։ Սա անվանում են Կրիստելերի մեթոդ ու դրա վտանգների մասին Աշխենը միայն հետագայում պիտի կարդա ու սարսափի։

Թե ինչպես նրա փորին հայտնվեց արնաշաղախ կապտականաչավուն երեխան, նա այդպես էլ չզգաց ու չհասկացավ։ Շատ էր լսել, որ որքան էլ ծանր լինի ծննդաբերությունը, երեխային տեսնելու բերկրանքը գերազանցում է ամեն տանջանք։ Բայց այդ պահին ոչ մի բերկրանք չկար։ Նա ոչինչ էլ չէր զգում։ Զգում էր միայն, որ խոշտանգված է լիովին։

3 կգ, 450 գ. կշռում էին որդուն։
16 ժամ, 15 րոպե. մտածում էր նա։
49 սմ. չափում էին երեխայի բոյը:
Փետրվարի 18. մտածում էր Աշխենը՝ վատագույն օրը իմ կյանքի։

Հետո հիշում էր, որ վերջում անդադար լացում ու կրկնում էր. «Շնորհակալ եմ… կներեք»: Գուցե միայն նրա համար, որ երկու ոտքով դեռ աշխարհում էր:

Սենյակը դատարկվեց: Երեկոյան հերթափոխը մոտենում էր, և բոլորը շտապ հեռացան: Նա նորածին որդու հետ միայնակ մնաց կանաչ պատերով սենյակում: Հետո հավաքվեցին հարազատները, շնորհավորեցին ու սկսեցին քննարկել՝ ում է նման փոքրիկը։ Այդ երջանկությունն ու շնորհավորանքներն բոլորովին անհասկանալի էին Աշխենին։

Կանցնի որոշ ժամանակ և Աշխենը կիմանա, թե ինչ է ծննդաբերական տրավման, կփորձի վերականգնվել դրանից,կանցնի ինքնամեղադրման և ինքնասփոփման դժվար ուղի ու թեև անսահման կսիրի որդուն, փետրվարի 18-ի սպիերը մինչև վերջ չեն վերանա։ Վառ կանաչը ատելի գույն կդառնա, իսկ տատի խոսքերը նոր իմաստ կստանան։

Սիրանուշ Զախարյան․ «Դատավորը»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Սիրանուշ Զախարյան

ԴԱՏԱՎՈՐԸ

(պատմվածք)

Դատավորի աթոռին ես էի նստած։ Չորս մեղադրյալ կանանցից երեքը գլխիկոր էին, մեկի հպարտությանը չափ չկար։ Վերնաշապիկս, սև փողկապս, արդուկած պատմուճանս, գլխարկս, ակնոցս, նոթատետրս․․․ ամեն ինչ անթերի էր։ Միայն դատավորի մուրճի փոխարեն սեղանիս դանակ էր դրված։ Դատապաշտպաններ ու հանդիսականներ չկային։ Ինձնից ու կանանցից բացի միակ «ներկաները» մեջքիս հետևում՝ կանանց դիմացի պատին փակցված չորս նկարներն էին՝ անհասկանալի կերպարանքներով։

-Դատական նիստը հայտարարում եմ բացված, -ասացի սառն ու անհարգալից տոնով։

Ուրիշ պարագայում գուցե աշխատանքից հեռացնեին անպատշաճ մասնագիտական մոտեցման համար, բայց ոչ այս անգամ․ ուրիշ դեպք էր։ Հայացքս ուղղեցի առաջին ամբաստանյալին․ միջին տարիքի կին էր՝ խնամված մազերով, կոկիկ հագուկապով, անշպար, ձախ ձեռքի մատնեմատին՝ խոշոր ամուսնական մատանի։ Աչքերի տակ ակոսներ կային։ Մասնագիտական հոտառությունս հուշում էր, որ վախեցած է։

– Ես․․․ ստիպված էի, պարոն դատավոր, -կմկմաց։

– Ինչո՞ւ, ի՞նչն էր այդպես կոկորդից սեղմել ու ստիպում սպանել նրան։

– Եթե չանեի, նա ինձ կսպաներ։

– Նա, ո՞վ։

– Ամուսինս։

– Ինչո՞ւ։

– Արդեն վեցերորդ աղջիկն էինք ունենալու։

– Հետո՞։ Ո՞վ էր մեղավոր։

– Տղա էր ուզ․․․

– Էլ ոչինչ չեմ ուզում լսել։ Հիմարություն։ Համարեք՝ սա մահախոսական էր։

– Պարոն դատավոր, աղջիկներս․․․ ես չեմ կարող նրանց մենակ թողնել։

– Կարող եք։ Դուք դա արդեն մեկ անգամ արել եք։

Սկսեց լաց լինել․ և՛ խղճում էի, և՝ ոչ։ Նա միակն էր, ով անզգայացած վիճակում անգամ արտասվել էր բարձրաձայն, ում հոգին չէր անզգայացել, ով արթնացել էր սեփական լացի ձայնից ու օրեր շարունակ ուշքի չէր եկել։ Երևում էր, որ իսկապես ստիպել էին։ Գուցե․․․ նրա փոխարեն պետք էր ամուսնո՞ւն նստացնել այս աթոռին։ Ինչևէ։ Հետդարձի ճամփա չկար։ Դատը պետք է կայանար։ Իմ ձեռքերով իրականացվող մահապատիժն անխուսափելի էր։ Դանակի պոչով հարվածեցի սեղանին։ Դահլիճում նորից քար լռություն տիրեց։ Նույն լռությունից, ինչը տիրել էր երկրորդ կնոջ իրականացրած սպանության ժամանակ։

– Այսպես նրա համար ավելի ապահով է, քան մանկատանը, – իր ճշմարտացիությանը վստահ՝ արտաբերեց յուղոտ մազերը պոչ կապած, աչքերին սուրմա քսած, շուրթերը վարդագույն ներկած, ձեռքերին արտահայտված երակներով կինը։

– Դուք հիմա որտե՞ղ եք ապրում, փողոցո՞ւմ։

– Ոչ, մեր հին տանը, – անփութորեն շպրտված բառերը կողոպտեցին մասնագիտական հանդուրժողականությունս։

– Քանի՞ երեխա ունեք։

– Մեկ աղջիկ, մեկ տղա։

– Հասցնո՞ւմ եք հոգալ երեխաների կարիրքները։

– Մեծ դժվարությամբ, պարոն դատավոր։ Հազիվ ընտանիքումս խաղաղություն է։

– Նա ձեր անդորրն ինչո՞վ կխանգարեր, – բղավեցի։ – Ո՞ւմ է պետք ձեր տունը, ձեր քունն ու խաղաղությունը։

– Բժշկությունը ստեղծել է նման հնարավորություն, ինչո՞ւ չօգտվել։ Եթե պետք է մենք էլ տառապեինք, նա էլ, սա ավելի լավ լուծում չէ՞ր, պարո՛ն դատավոր։ Ինքներդ ասեք։

– Լռե՛ք, ի սեր Աստծո։

Կինը լռեց․ երևի չգիտեր, որ դատավորներն էլ Աստծո անունը գիտեն։ Նայեց ինձ, հետո պատի նկարներին, հետո՝ մյուս կանանց, շունչ քաշեց, որ ինչ-որ բան ասի, բայց նորից հայացքը կախեց։ Թվաց՝ ամաչեց։

– Ձեր հերթն է, – կտրուկ դիմեցի երրորդ կնոջը։

– Դե նորմալ է, հո առաջինը չէ՞։ Հաստատ վերջինն էլ չի լինելու։

Զարմանքից աչքերս լայն բացվեցին, ապուշ կտրած նայում էի շպարված, զարդարված, կարմրահեր կնոջը և չէի հասկանում՝ որքան սրիկա պետք է լինել մանկան «տունը» պղծելու համար։ Զղջումի, ափսոսանքի կամ ամոթի մասին մտածելն արդեն անխելքություն կլիներ ինձ նման դատավորի կողմից։ Անդառնալի էր նրա խղճի ու բանականության կորուստը, իսկ իմ քննադատություններն՝ ավելորդ։

Չորրորդ կնոջ դեմքն ուշադիր զննեցի․ հոնքերը քթի մոտ կիտված էին, քունքերի մոտ՝ բարձրացած, աչքերը սևեռված էին պատին ամրացված նկարներին, շուրթերը սեղմված էին ու մերթընդմերթ դողում էին, այտերը ձգված էին, մազերը՝ գզգզված։

– Խոսեք, – դիմեցի նրան՝ չհուսալով որևէ պատասխան ստանալ։

Գիտեի, որ նա հրաժարվել էր բռնության հետևանքից։ Բայցևայնպես, նա կին էր, ու բնությունը նրան օժտել էր ուժեղ լինելու, մայր լինելու հատկությամբ։ Իսկ ես պարտավոր էի դատել մեղսագործություններից ամենասարսափելի հանցանքն իրականացնողին․ լքելն ավելի մեղմ է, քան՝ սպանելը։

– Ես ամեն օր տեսնում եմ նրան երազումս, – շշնջաց կինը՝ երկար տևած լռությունից հետո։ – Այսօր նա կլիներ մեկ տարեկան, – նորից լռություն։

– Լսո՞ւմ եք, – կանգնեց, ճչաց, պոկեց մազերը, սեղմեց փորը, խփեց սեղանին, ուզում էր վազել, բայց երբ հայացքը բախվեց սաստող հայացքիս, խաղաղվեց ու նստեց տեղը։ – Լացում է, – շշնջաց։

Նրան հոգեբուժարանից էին բերել դատարան․ այս դատի ընթացքում բոլոր արդարացումներն անընդունելի էին։

– Դատական նիստը հայտարարում եմ փակված։

Դանակով հարվածեցի սեղանին, դանակը ձեռքիս՝ մոտեցա կանանց, նայեցի նրանց աչքերի մեջ․ մեկը զղջում էր, մյուսը՝ տառապում, երրորդը շտապում էր, չորրորդը սառած ու անտարբեր հայացքով նայում էր դիմացի պատին ամրացված չձևավորված երեխաների նկարներին։ Բարձրացրի դանակը, արագությամբ մոտեցրի առաջին կնոջն ու արթնացա։

Քնել էի վիրահատական սեղանի կողքին․ ձեռքումս՝ դանակ, ափս՝ դանակը սեղմելուց կարմրած, աթոռին նստած, բժշկի խալաթ հագած, իմ ձեռքերով իրականացրած չորս մանկասպանությունից հետո, որոնց պատճառների մասին ինձ արգելված էր հարցնել։

Նունե Ավագյան․ «Ո’չ մանկաբարձական բռնությանը»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Նունե Աավագյան

 

 Ո՛Չ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲՌՆՈւԹՅԱՆԸ

(պատմվածք)

Ամանորը մոտենում էր։

Լիլիթը բոլորից ավելի անհամբեր էր սպասում,քանի որ  դեկտեմբերի երեսունմեկի գիշերը կլրանար իր տասնութ ամյակն ու կդառնար չափահաս։Այդ առիթով հավաքվել էին բոլոր հարազատներն ու ընկերները Լիլիթենց մեծ ու գեղեցիկ տանը։Մնացել էր տասը րոպե կեսգիշերին,իսկ Լիլիթը դեռ պատուհանից այն կողմ չէր գնում։Սպասում էր։Հաշված րոպեներ հետո կհնչեին տոնական զանգերն ու զվարթ բացականչությունները,բայց նա չկար։

-Միթե՞ ավելի կարևոր գործեր ուներ,-մտածում էր տխուր աղջիկը։

Վերջապես ժամացույցի սլաքը զարկեց ուղիղ ժամը տասներկուսը,բոլորը ուրախ գոչյուններով շնորհավորեցին միմյանց ,և իհարկե Լիլիթին։Շտապեցին գնալ բակ հրավառությունները նայելու։Մտամոլոր Լիլիթը չէր ուզում,բայց համոզելով նրան ևս տարան բակ։ Ու հանկարծ աղջիկն իր առջև տեսավ այն,ինչին բացարձակ չէր սպասում։ Մի շքեղ ու ճոխ անակնկալ` լույսերով,ծաղիկներով,փուչիկներով ու զարդարանքներով, իրենց տան մեծ բակում կանգնած էր նա` իր կյանքի առաջին ամենաքաղցր սերը։

Լիլիթը շփոթվել էր ու չհասկացավ, թե ինչպես կատարվեց այդ իրական հրաշքը ` նա ընդունեց Լևոնի ամուսնության առաջարկն ու դարձավ նրա կինը։ Հիշում էր հետո միայն,որ Լևոնն ամուր գրկել էր իրեն,համբուրում էր այտերը` չտարբերելով թաց ձյունի փաթիլները երջանկության արցունքներից։

Կյանքն ընթանում էր իր գեղեցիկ հունով։Եվ շատ շուտով երջանիկ զույգն իմացավ իրենց ընտանիքում փոքրիկ  հրաշքի սպասման լուրը։ Երկուսն էլ անչափ երջանիկ էին,որոշում ու պլանավորում էին ամեն  մանրուք։Եվ ահա Լիլիթի կյանքում սկսվեց մի նոր փուլ,որին նա դեռ պատրաստ չէր։

Նա ազնիվ ու շփվող աղջիկ էր,սիրում էր զրուցել իր բարեկամների,ընկերների հետ։Բայց դեռ այնքան էլ ինքնուրույն չէր,չուներ սեփական համոզմունքներն ու կարծիքը,հեշտ էր հավատում ամեն մեկի խոսքին,լսում էր անթիվ ու անհամար խորհուրդներ։
Սկզբում`

-Իզուր շուտ ամուսնացար,հիմա ամբողջ կյանքում տանը կնստես երեխա կպահես։

-Հաշվիր կյանքդ ավարտվեց։

-Մոռացի’ր հանգիստը,դու շուտով մայր ես դառնալու։

-Մի’ պլանավորիր ոչինչ,միևնույն է չի կատարվելու։

-Երազանքներիդ մասին զուր է մտածելն անգամ….

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ ։Կինը դառնում է զգայուն,լարված,ավելի դյուրագրգիռ։Լիլիթը շատ էր նեղսրտում նման խոսքերից,հավատում էր  <<բարեկամների>> խորհուրդներին։ Օր ու գիշեր ընկնում էր մտածմունքների մեջ,փակվել ու դարձել էր ինքնամփոփ,չէր քննարկում ոչինչ Լևոնի հետ։

Հղիության ընթացքում մտածմունքներից առաջացան բարդություններ,բժիշկները պարզեցին, որ պատճառը գերլարվածությունն է,նյարդային անհանգստությունը։ Բարեկամները փոխանակ նրան փարատելու,ավելի էին բարդացնում իրավիճակը` պնդելով իրենց տեսակետները։

-Ինչո՞ւ ես պառկում ամբողջ օրը,ես հղի ժամանակ վազվզում էի առավոտից երեկո։

-Որ հիմա ես այդքան նեղվել,բա հետո՞ ինչ ես անելու։

-Գիտե՞ս դեռ քեզ ինչ անքուն գիշերներ են սպասվում։

-Դու պատրաստ չէիր մայրանալու։

Չնայած հոգատար Լևոնի փորձերին ցրելու Լիլիթի մտատանջությունները, ամեն ինչ գնալով բարդացավ։Լիլիթը երեխային կորցնելու վտանգի առաջ էր կանգնած։Ամենավատն այն էր,որ նա դեռ կարծում էր,որ բարեկամներն անհանգստանում են իր համար ու շարունակում էր լսել նրանց։Բժշկական լուրջ ցուցումներ ու բուժումներ ստանալուց հետո,վերջապես,շատ բարդ հղիությանը հաջորդեց շատ բարդ ծննդաբերությունը։Լիլիթի մոտ սկսվել էր վաղաժամ ծննդաբերություն,ու հանկարծակիի գալով նա գտնվում էր բարդ հուզական վիճակում։Աղջիկն անփորձ էր,չէր դիմանում դեռ նոր սկսվող ցավերին ու հիվանդանոց հասնելուն պես,միանգամից հիասթափվեց միջավայրից։Իրեն գրանցելու ու ծնարան տանելու փոխարեն ընդունարանի աշխատակիցները սրճում էին ու զրուցում,ասելով,որ սպասի միջանցքում։

Տասը րոպե սպասելուց հետո Լևոնի նյարդերը տեղի տվեցին,աղմուկ բարձրացրեց ու սպառնաց բողոք ներկայացնել ։Բոլորը լարված Լիլիթին տարան ներս։ Ստուգումներն անցնելուց հետո տարան ծնարան ու ասացին,որ սպասի այնտեղ,մինչև հերթափոխ բժիշկը կգա,ուշանում էր։Լիլիթը լսեց,թե ինչպես են իրենից բամբասում,թե ինչ անհամբեր աղջիկ էր,ամուսինն էլ`կռվարար։ Լիլիթը միայնակ մնաց այնտեղ,ցավերի ու տանջանքների մեջ,նա ոչինչ չգիտեր,չէր գիտակցում ինչ էր կատարվում իր հետ,արդյոք ինչքա՞ն պետք է տանջվի,ի՞նչ անի, որ շուտ ավարտվի դժոխքը։Անդադար նայում էր դռան կողմ,սպասելով մի հույսի։Ոչ ոք չկար մայրապետից բացի։ Լիլիթի համար միևնույնն էր,թե ով կգա իր մոտ,նա տանջվում էր մենակությունից ու անորոշությունից,լացից զսպած արցունքներն աչքերին ձայն տվեց,կանչեց տարեց կնոջն ու օգնություն խնդրեց։ Իսկ կինը միայն ասաց,որ ինքը տեղյակ չի ոչնչից,պետք է ուղղակի ապասել ու հեռացավ։ Լիլիթը հետագայում էլ երբեք չփորձեց հիշել,թե ինչ դժվար ժամեր անցկացրեց այնտեղ`ճնշվելով ոչ միայն ֆիզիկապես,այլև հոգեպես ։Միայն հիշում էր օրվա միակ երջանիկ պահը` իր երեխայի լացը,որը նոր ուժ ու կյանք տվեց իրեն ապրելու։Հիվանդանոցում անցկացրած օրերի,իր հանդեպ զգացած արհամարանքի պատճառով,որոշեց այլևս երեխա չունենալ,հաջորդ անգամ հաստատ չէր դիմանա։Վերջապես Լիլիթը դուրս գրվեց հիվանդանոցից,բոլորն ուրախ դիմավորեցին նրան,կարոտած գրկեց Լևոնին ու նորից վերադարձավ կյանք։ Կարծում էր, թե դժվարն անցյալում է,այնինչ խեղճ Լիլիթը չէր էլ պատկերացնում ինչ էր սպասվում իրեն։ Ամեն կողմից սնահավատ ու  հակասական խորհուրդների տարափը սկսվեց թափվել Լիլիթի գլխին։

-Երեխային դուրս չհանե’ս,բա որ աչքով տան։

-Երեխայի դու’րս տար,մաքուր օդ է պետք։

-Մայրական կրծքից ճիշտը չկա:

-Արհեստական կաթնախառնուրդով երեխան հեշտ է կշտանում ու լավ քնում։

-Մի’ կեր ոչ մի ավելորդ ուտելիք,կառաջանան գազիկներ,ալերգիաներ:

-Կե’ր ինչ ուզում ես։

-Երեխային մի’ օրորիր,կսովորի,հետո չի քնի առանց օրորել:

-Օրորի’ր երեխային,որ չգրկես,թո’ղ օրորոցում քնի։

-Գրկի’ր,թող զգա քո ջերմությունը ու շուտ քնի։

-Կողքիդ մի’ պառկացրու,կխեղդվի։

-Ծծակ տու’ր,թող չլացի:

-Ծծակ չտա’ս,չի կարելի:

-Քայլակ նստեցրու’,թող շուտ քայլի:

-Չնստեցնե’ս քայլակ,ողնաշարը կծռվի։

-Դի’ր հատակին,թող չոչ անի:

-Հատակը չի կարող կատարյալ մաքուր լինել,մի’ դիր գետնին։

-Թող գետնին չոչի,որ բակտերիաներին սովորի ու շուտ չհիվանդանա։

-Տեսա՞ր,գետնից ինչ աղբ ասես կերավ ու հիվանդացավ։

-Տա’ք հագցրու ,կհիվանդանա:

-Թե’թև հագցրու,թող իմունիտետ ձեռք բերի:

-Մութ է,մի’ լողացրու:

-Շորերը պարանից հավաքի’ր,արևը մայր մտավ։

-Աչքի ուլունքը կախի’ր։

-Չար աչք, չար փուշ… թու թու թու…

Շարքը թվարկել կարելի է անվերջ,բայց անհասկանալին այն է,թե ումի՞ց են պաշտպանում այդ բալիկին,ումի՞ց են ավելի շատ անհանգստանում,երեխայի սեփական մայրիկի՞ց։ Միթե այս աշխարհում կա մարդ,ով ավելի լավ կհասկանա բալիկին,ավելի շատ կսիրի ու հոգ կտանի, քան մայրը։Երբ դառնում են մայր,բոլոր կարողություններն ու իմաստությունը ծնվում է փոքրիկի հետ միասին։Սիրելի’ մայրիկներ, ուղղակի վստահեք Ձեր ներքին ձայնին ու լսեք Ձեր բալիկին,Ձեզնից լավ ոչ ոք չգիտի, թե որն է ճիշտ։ Երբե’ք, երբե’ք մի թույլ տվեք,որ խառնվեն ձեր կյանքին ու փչացնեն ձեր ներաշխարհը։

Լիլիթը մի կերպ դուրս եկավ այդ հոգեվիճակից ևս,իհարկե սիրելի ամուսնու օգնությամբ։ Նա սկսեց մասնակցել ծնողավարման գրագետ դասընթացների,սովորել ու ինքնակրթվել,սկսեց չլսել շրջապատից ոչ մեկի կարծիքը ,ու կյանքը անհամեմատելի դարձավ ավելի հեշտ ու դրական։ Նա շատ ուշ հասկացավ ու գիտակցեց,որ իր անփորձ վիճակում ենթարկվել է մանկաբարձական բռնության,թե’ հարազատների,և թե’ բժիշկների կողմից,որ կարող էր անդառնալի հետևանքներ կատարվել այդ բռնության պատճառով։ Իսկ այժմ,երբ ավելի հասուն ու կայացած է,իր ընտանիքի ոչ մի հարցին չի թողնում խառնվեն օտարները,ապրում է շատ երջանիկ ու անհոգ։ Հասնում է իր առջև դրած բոլոր նպատակներին ու երազանքներին։Հաստատակամ է,ու վստահ քայլերով գնում է ծննդատուն` իր երկրորդ հրաշքին լույս աշխարհ բերելու նպատակով…

ՆՈւՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Աննա Հովհաննիսյան. «Մանկաբարձական բռնության հետքերով»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան

 

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲՌՆՈւԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

(պատմվածք)

Իմ պատմությունը  գլխիվայր շրջեց մեր կյանքը։ Ամուսնացել ենք շատ երիտասարդ հասակում։ Բնակվում ենք  գյուղական ավանում։ Հիմա ես 23 տարեկան եմ։ Ամբողջ կյանքս առջևում է, բայց կրկնակի մայրանալու բերկրանքը` արդեն անհնարին։ Լինելով անփորձ ու անտեղյակ ամեն ինչից, ապրելով  գյուղական ավանում` հղիանալուն պես դիմել ենք քաղաքի հայտնի ծննդատներից մեկին, որտեղ և հաշվառվել ու ողջ 9 ամիսների ընթացքում ստուգվել եմ։ Հղիությունս վարել է շատ տարիների փորձ ունեցող բժիշկ, ում մասին միայն դրականն էինք լսում։ Իր մոտ հաշվառված գրեթե ամեն երկրորդ  հղիությունը ավարտվում էր կեսարյան հատմամբ, ինչը այդ ժամանակ ինձ մոտ ոչ մի կասկած չէր առաջացնում։ Վերջապես, 41-րդ շաբաթում ցավերս սկսեցին։ Անհապաղ գնացինք հիվանդանոց,  միանգամից տեղափոխեցին ծնարան, քանի որ պտղաջրերը թափվել էին, ու  բալիկիս գլուխը արդեն խանգարում էր քայլելուն։ Բժշկուհիս շատ մտահոգ էր ու ծնարան տանելու ողջ ընթացքում նախատում էր, թե ինչու 38-39 շաբաթում չգնացի ու նախապես չպլանավորեցի կեսարյան հատման օր։  Հղիության ողջ ընթացքում անընդմեջ ստիպել  է, բայց մենք հրաժարվել ենք` բնական ճանապարհով ծննդաբերելու ակնկալիքով։

Վերադառնանք ծնարան. շուրջս բոլորը խառնվել էին իրար, բժշկի օգնականը անգամ, հիշում եմ, ասաց` գլխիկը երևում է, մի հատ ուժ տաս, դուրս կգա, բայց բժշկուհու դժգոհ հայացքից մնացածը ևս վախեցան կարծիք արտահայտել։ Բժշկուհին սկսեց արագ֊արագ փորիկս չափել ու անհիմն բացատրել, որ անհապաղ կեսարյան հատում է անհրաժեշտ։ Ես զգում էի, որ ցուցում չկա, ու հաշված րոպեներից  բալիկս կծնվի։ Խնդրում էի մի անգամ թույլ տալ ուժ տամ, որ ինքնուրույն ծննդաբերեմ։ Ի պատասխան` լսում էի նրա վիրավորական բառերը, որ ես անգրագետ, մարզից եկած, դպրոցը հազիվ ավարտած աղջիկ եմ ու իրավունք չունեմ իրեն չլսելու։ Անգամ մի պահ դուրս եկավ ու ամուսնուս այնպես նկարագրեց իրավիճակը, որ իմ կյանքը վտանգված է ու մեծ գումար է անհրաժեշտ, քանի որ բարդ կեսարյան է սպասվում։ Ծնարանից չհասցնելով տեղափոխել  վիրահատարան` շատ արագ, լիովին առողջ ու առանց  հետևանքների լույս աշխարհ եկավ աղջնակս։  Մինչ մանկաբույժը տարավ նրան` վրդովված բժշկուհին  տեղափոխեց ինձ վիրահատարան, որտեղ, դեռևս ուշքի չեկած կատարվածից, ծննդկան կնոջը առանց որևէ պատճառի ենթարկեց վիրահատության` հեռացնելով արգանդս։  Այս ճանապարհով կոմպենսացրեց մեր կողմից չվճարված, չկայացած կեսարյան հատման այդքան սպասելի գումարը։ Արարքը բացատրեց նրանով, որ ես ունեցել եմ խնդիրներ, և հեռացնելը անհրաժեշտ էր։ Ողջ հղիությունս անցել է անթերի ու անգամ ՈՒՁՀ հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև բուն մասնագետը հաստատեցին, որ երբևէ չեմ ունեցել արգանդի հետ կապված խնդիրներ։ Գումարը վճարել ենք, դուրս եմ գրվել բավարար վիճակում ։ Փառք Տիրոջը, աղջիկս ու ես չունենք առողջական որևէ խնդիր։ Ես սիրված կին եմ ու հրաշք աղջնակի մայր, ում համար հասարակ ծննդօգնությունը դարձավ ճակատագրական դատավճիռ։

Դեպքից անցել է 4 տարի։ Բժշկուհին սովորականի պես շարունակում է աշխատել նույն ծննդատանը։ Իսկ ես  համացանցի հնարավոր բոլոր հարթակներում փորձում եմ հասանելի դարձնել գյուղաբնակ ու անտեղյակ կնոջ պատմությունը, ով հորդորում է մայրանալու շեմին գտնվող բոլոր կանանց` չենթարկվել մանկաբարձական բռնության ու կարողանալ պաշտպանել կնոջ իրավունքները` անկախ բնակավայրից։

ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ն․ Գ. «Մի ծննդյան պատմություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Ն. Գ.

 

ՄԻ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

ՀՀ Սահմանադրություն, հոդված 3.1

Ես թողել էի իմ ծնվող երեխային կոնքիս խոռոչում ու լսում էի, թե ինչ է ասում ծնունդն ընդունող բժիշկը իմ մասին: Չգիտեմ՝ դրա համար ինքս ինձ կներե՞մ երբևէ։ 

Բայց հիմա ամեն բան կպատմեմ սկզբից։

Հիվանդանոց գնացի գիշերը։ Հղիությունս քառասուն շաբաթական էր։ Պտղաջրերս հոսել էին, բայց ծննդաբերական ցավեր չունեի։ Ծննդատան նախնական զննման սենյակում հերթապահ բժշկուհին ինձ ասաց, որ արգանդի պարանոցի բացվածք չունեմ։ Մի քանի ժամ պետք էր սպասել ցավերի, իսկ չառաջանելու դեպքում՝ դիմել ծննդաբերությունը խթանող դեղորայքային միջամտության։ 

Ինձ ուղեկցեցին վերև` ծնարան։ Ծնարանի միակ ազատ սենյակի երկու մահճակալները զբաղեցրել էին հերթապահ մայրապետները, որոնցից մեկը բավական դժկամությամբ, բայց ի վերջո ինձ զիջեց իր մահճակալը, որտեղ էլ տեղավորվեցի։

Անցավ մի քանի ժամ։ Մի քույր եկավ ու ձեռքիս միացրեց կաթիլայինը, որը հոսում էր անասելի դանդաղությամբ։ Ինձ մոտ էլ ոչ ոք չեկավ։ Հարևան ծնարանում մի կին ծննդաբերեց։ Հետո հերթապահ բժշկուհու կարգադրությամբ ինձ սկսեցին կանչել երեխայի սրտի բաբախը ստուգելու։ Ես արդեն ցավեր ունեի, որոնք աստիճանաբար ուժգնանում էին։ Ես մեծ դժվարությամբ, կաթիլայինի ձողը բռնած` հազիվ ինձ քարշ էի տալիս հարևան սենյակ ու վերադառնում։

Լուսացավ։ Ծնարանի բաժանմունքի լուռ միջանցքներում շարժ սկսվեց. առավոտյան հերթափոխն էր։ Ինձ տեղափոխեցին այն սենյակ, որտեղ լինելու էր ծննդաբերությունը։ Ցավերս արդեն դիմանալու չէին, ես բարձրաձայն լաց էի լինում։ Սպիտակ խալաթով մի քանի հոգի այդ ընթացքում ներս մտան ու դուրս եկան այնպիսի անտարբերությամբ, կարծես չէին նկատում ոչ ինձ, ոչ էլ իմ լացը։ Հուզված ու շփոթված անփորձ ծննդկանիս համար դա բավական ծանր էր։ Ի վերջո մի կին եկավ ու ներկայացավ որպես սպասվող ծննդաբերության մանկաբարձուհին։ Օգտվելով առիթից, որ ինչ-որ մեկը ոչ միայն ինձ նկատեց, այլև խոսեց ինձ հետ՝ արցունքների միջից հազիվ ասացի.

-Էլ չեմ դիմանում, շատ է ցավում։

Մանկաբարձուհին նախ քամահրական ժպիտը դեմքին՝ ոտքից գլուխ ինձ չափեց, ապա ասաց.

-Հա ի՞նչ անենք, ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը, բա որ հղիացել ես, պիտի ունենաս, լացդ կտրիր ու շնչիր։ Ու մի անգամ էլ ինձ ոտքից գլուխ չափելով՝ դուրս եկավ սենյակից։

Իհարկե, ամեն մի ծննդաբերող կին էլ գիտի, որ ինքը միակ կինը չէ, որ անցնում է դրա միջով, բայց և ամեն մի ծննդաբերած կին էլ թերևս կփաստի, որ այդ պահին այնպիսի աջակցության կարիք ունի, կարծես միակ ծննդաբերող կինն է աշխարհում։

Մոռացել էի ինձ հետ ջուր վերցնել։ Բուժքրոջից ջուր խնդրեցի։ Դժկամությամբ, բայց տվեց։ Ցավից ես ինձ արդեն կորցրել էի, խուճապի մեջ էի, ձեռքերս դողում էին։ Ցավն այնքան ուժեղ էր, որ ես մի ձեռքով բռնել էի կաթիլայինի ձողը, իսկ մյուս ձեռքով փակել էի բերանս, որ չգոռամ։ Այդ ընթացքում սպիտակ խալաթով մարդիկ ներս էին մտնում ու դուրս գալիս նույն անտարբերությամբ։ Հետո ինձնից երեխայի շորերն ուզեցին, մի քանի այլ իրեր, և ասացին, որ բարձրանամ ծննդաբերական բազկաթոռին։ Ես այնքան շփոթված էի, որ հազիվ կարողացա դա անել։ Ծննդաբերությունը սկսվում էր։

Ես հիվանդանոցի պատին փակցված բժիշների հերթապահության ցուցակում կարդացել էի, որ այդ օրվա հերթապահ բժիշկը մի կին է՝ բժշկուհի Մ.-ն, բայց, չգիտեմ ինչու, բժշկական դիմակ ու ձեռնոցներ հագին՝ ներս մտավ ծննդատան գլխավոր բժիշկը՝ բժիշկ Ա.-ն։ Ուժ տալու առաջին փորձից աղիներս գործեցին։ Բժիշկ Ա.-ն ցասումով լի մի հայացք նետեց ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթաց։ Ես ամոթից գետինը մտա ու ճիգերս թողեցի։ Ճիգ տալու մյուս փորձերս ևս ձախողվեցին։ Որքան էլ որ փորձում էի, միևնույնն է, ծննդաբերական ուժերս ինձ չէին հերիքում երեխային ծննդաբերական ուղիներով դուրս մղելու համար։

-Հիմա՞ր ես, աղջի՛կ, ուժ տո՛ւր։

-Չեմ կարողանում,-արցունքների միջից ասում էի ես։

Բժիշկը հունից դուրս էր գալիս։ Բայց իզուր էր նա փորձում ինձ «սթափեցնել»։ Կոպիտ խոսքը ինձ համար երբեք էլ ուշքի բերող, սթափեցնող չի եղել, այլ հակառակը` ավելի է շփոթեցրել, խուճապի մեջ գցել։

-Էս ի՞նչ տգետների սերունդ է գալիս ծննդաբերության, չեմ հասկանում։ Տգետները ալարում են մի երկու բան կարդան, պատրաստվեն, նոր գան ծննդաբերության,-ինձնից մոտ մեկ մետր հեռու կանգնած, հիստերիկ շարժումներով գոռում էր բժիշկ Ա.-ն։

Ես լաց էի լինում։

-Ուժ տո՛ւր, թե չէ կտանեմ վիրահատարան, կեսարյան կանեմ,-գոռում էր նա։ 

 Ես թողել էի իմ ծնվող երեխային կոնքիս խոռոչում ու լսում էի, թե ինչ է ասում այդ մարդը իմ մասին։ 

-Բժիշկ Ղ.-ին կանչեք, արհեստական շնչառություն միացրեք, վակում-էքստրակտորը մոտեցրեք։

Հետո հիշում եմ վակում-էքստրակտորի ձայնը, շեքհատման ղրթոցը ու բժշկուհի Ղ.-ի ձայնը, որ սեղմում էր որովայնիս ու հորդորում էր չթուլացնել ճիգերսս։ Եվս երկու ճիգ, և երեխան ծնվեց, մի քանի վարկյան անց՝ ճչաց։

Երեխային իմ կրծքին չդրեցին, նույնիսկ ցույց չտվեցին, ես մի վայրկյան տեսա նրան ու փորձեցի հիշել դեմքը։ Նրան բարուրեցին ու տարան։

Բժշկուհի Ղ.-ն կարեր էր դնում, քույրը գրասեղանի մոտ նստած մատյանում ինչ-որ բան էր լրացնում։ Հետո նրանցից ես անդադար երեխայի մասին էի հարցնում։ Լռում էին։ 

Ես ծնարանում մնացի երկու ժամ, որոնք շատ արագ անցան։ Մերոնք ինձ համար ուտելիք էին ուղարկել ծնարան։ Մայրապետը սուրճի համար կոնֆետներ խնդրեց։ Տվեցի։ Ինձ տարան պալատ։

***

Ես կնոջս հիվանդանոց տարա գիշերը։ Արդեն պատրաստվում էր քնել, բայց երբ լոգարանից վերադարձավ, ասաց, որ պետք է հիվանդանոց գնալ։ Կինս ներս գնաց, ես մնացի ծննդատան նախասրահում։ Մոտ քսան րոպե անց երևաց դռների արանքում. հայացքով ինձ էր փնտրում և երբ գտավ, ձեռքով արեց, ժպտաց ու գնաց։ Սկզբում զանգում էր հաճախ, հետո զանգերը քչացան, հետո էլ չզանգեց։ Ես էլ չէի զանգում՝ մտածելով որ քնել է։ Գիշերը մնացի մեքենայիս մեջ։ Առավոտյան մերոնք ինձ միացան։

Ժամը 11-ը դեռ չկար։ Մի քույր եկավ ու ասաց, որ ծննդաբերությունը սկսվել է։ Ես և շատ ուրախ էի, և հուզված, և շփոթված ու վախեցած։ Սիրտս թրթռում էր։ Ամեն վայրկայն սպասում էի, որ դռների մեջ կհայտնվի սպիտակ խալաթով ինչ-որ մեկը ու կասի, որ երեխաս ծնվել է։ Բայց այդ լուրը գնալով ուշանում էր, ու այդ ուշացումը տագնապով էր լցնում օդը, որով կարծես վարակվում էին ներկաներն ու սկսում անհանգիստ շարժումներ անել։ Մի քանի րոպե անց հայտնվեց գիշերվա հերթապահ բժշկուհին։

-Ո՞վ է ամուսինը։

-Ես եմ,-ասացի ես ու վախեցած մոտ գնացի,-ի՞նչ է եղել։

-Ծննդաբերությունը բարդ ընթացք է ստացել, երեխային վտանգ է սպառնում, պետք է ստորագրեք, որ Ձեր կնոջը կեսարյան հատում անեն։

-Իսկ ինչու՞ մինչև հիմա չէիք անում,-բարկությամբ ասացի ես ու դողացով ձեռքով հազիվ ստորագրեցի։ 

Իսկ բժշկուհին, հարցս անպատասպան թողնելով, արագ հեռացավ։ 

Բոլորս խառնվեցինք իրար։ Հայրս դրսում արագ-արագ ծխում էր, տատս քթի տակ աղոթք էր մրմնջում, մայրս լաց էր լինում։ Անկեղծ ասած ես էլ հազիվ էի զսպում արցունքներս։ Լուռ էր միայն կնոջս մայրը։ Նա փոքրացել, մի անկյունում կուչ էր եկել ու լուռ սպասում էր, բայց այն տագնապն ու անհանգստությունը, որ կար այդ պահին նրա դեմքին, հազարավոր արցունքներից ավելի ծանր էր տեսնելը։ 

Մոտ 15-20 րոպե անց դռների մեջտեղում հայտնվեց ծնունդը ընդունող բժիշկը, և մինչև կհասցնեի որևէ բան հարցնել, ասաց բառացիորեն հետևյալը՝

-Նույնիսկ անասունը պայքարում է իր երեխայի համար, բայց քո կինը իր երեխայի համար չպայքարեց։ Ես կենդանի երեխա եմ ընդունել, մնացածի համար պատասխանատու չեմ։

Նա դեռ չէր հասցրել վերջին նախադասությունը ավարտել, ես բարկությամբ հարձակվեցի վրան ու երևէ կսպասնեի, եթե չփախչեր։

Կնոջս ու երեխայիս մասին մեզ  էլ ոչ ոք ոչինիչ չասաց։ Ընդունարանի քույրը ինձ ծանոթ էր։ Նրա միջոցով գտա ծննդաբերությանը ներկա մանկաբույժի համարը։ Զանգեցի, ներկայացա։ 

-Ծննդաբերության ընթացքում վակում-էքստրակտոր է կիրառվել, ինչը կարող է երեխայի առողջության համար վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այս պահին երեխայի  վիճակը կայուն է, հստակ պատասխան առավոտյան կարող եմ տալ, երբ ամբողջովին հետազոտենք նրան,-ասաց բժշկուհին, ու մինչ կհասցնեի որևէ հարց տալ, անջատեց հեռախոսը։

Տուն գնացինք։ Ճանապարհին մեքենայիս մեջ աչքս ընկավ նստարանին դրված քաղցրեղենը, որ մայրս էր վերցրել՝ երեխայի ծննդյան լուրը հիվանդանոցում նշելու համար։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ նստարանին դրված կանֆետների տուփը կարող է մարդուն այդպես տխրեցնել։

Տարօրինակ էր, բայց կինս չէր զանգում։ Ես էլ չէի զանգում. վախենում էի նրա հարցերից։ Ես ինձ շատ վատ էի զգում, չէի կարողանում քնել։ Որքան շատ էի ուզում, որ գիշերը արագ անցնի, այնքան ավելի ծանր էր անցնում ամեն րոպեն։ Սենյակում աչքովս ընկավ կնոջս համակարգիչը։ Որոշեցի ֆիլմ նայել՝ մտքերս ցրելու համար։ Միացրի համակարգիչը։ Կնոջս google-ի հաշվի որոնումների դաշտում ամբողջը վակում-էքստրակտորի հետևանքների մասին հարցումներ էին։ Ինքն էր փնտրել հեռախոսով։ Նեղսրտությամբ փակեցի համակարգիչը։ Քնել այդպես էլ չհաջողվեց, մինչև որ լուսացավ։

***

Պալատում ինձնից բացի ևս երկու կին կար՝ իրենց երեխաների հետ, որ նախորդ օրն էին ծնվել։ Քովիդի ժամանակներն էին, տեսակցությունները արգելված էին։ Երեխայիս մասին ինձ հիվանդանոցում ոչ ոք ոչինչ չասաց։ Մահճակալի վրա կուչ եկած, առանց երեխա, սարսափելի տխուր ու ուժասպառ՝ ես մտածում էի, թե ինչու ամեն ինչ այդպես եղավ։ Բարեբախտաբար ես ինձ հետ ծնարանում եղած մարդկանց իմ կյանքում առաջին անգամ էի տեսնում, այլապես գուցե մտածեի, որ որևէ թշնամանք ունեին ինձ հետ։ Իսկ եթե իսկապես պատճառը իմ տգիտությո՞ւնն էր, ինչպես բժիշկ Ա.-ն էր ասում։ 

-Եթե համարենք, որ ես իսկապես տգետ եմ և կարող էի նույնիսկ մտավոր հետամնացությամբ տառապող մեկը լինել, միթե՞ նրանք պարտավոր չէին ինձ պատշաճ ձևով ինձ օգնել,-ասում էի ես ինձ հետ պալատը կիսող կանանց եղելությունը պատմելիս, բայց ավելի շատ կարծես ինքս ինձ էի ասում։

Գիշերը անցավ մղձավանջի մեջ՝ կես քուն-կես արթուն։ Երբ փակում էի աչքերս, նույն պատկերներն էի տեսնում, նույն ձայներն էի լսում, երեխայիս ճիչն էի լսում ու ցավից կուչ էի գալիս անկողնուս մեջ։ Միայն լուսադեմին հաջողվեց քուն մտնել։ Առավոտյան, երբ բացեցի աչքերս, պալատում ու միջանցքներում իրարանցում էր. առավոտյան հերթափոխն էր։ 

-Այս մեկը երկու ներարկում ունի, այս մեկի երեխային պիտի պատվաստենք,-ասում էին իրար հերթափոխը հանձնող ու ստացող բուժքույրները։

Ես այդ ձայներից նոր էի արթնացել, երբ ներս մտավ մի բուժքույր՝ բարուրը ձեռքին, որի ծածկոցը ինձ շատ ծանոթ էր։ Դա իմ երեխան էր։ 

Ես նրան դրել էի իմ անկողնում ու վախենում էի ձեռք տալ։ Երեխայի գլխին այտուց կար՝ վակում-էքստրակտորի հետևանքն էր։ Բարեբախտաբար անցավ դեռ հիվանդանոցում գտնվելու  օրերին։ 

Այդ օրերին իմ երեխան մեր պալատ եկող-գնացող բուժաշխատողների բերանում անուն-պիտակ ստացավ՝ վակում արած երեխա, իսկ ավելի կարճ՝ վակում։ 

-Սա վակումն է։ Վակումին բերեք։ Վակումին ստուգեք,-ասում էին նրանք իրար։ Ես դա լսոում էի մեծ տհաճությամբ ու բարկությունից սեղմում էի ատամներս, բայց, չգիտես ինչու, լռում էի։ 

Ես շատ անփորձ էի երեխային խնամելու, տակդիրն ու հագուստը փոխելու հարցում։ Դրա համար ևս հաճախ հանդիպում էի բուժքույրերի բարկությանը, որը հեշտությամբ մեղմվում էր շոկոլադե սալիկների քաղցրությունից։ 

Հիվանդացում գտնվելու օրերին ես օրվա մեջ երկու անգամ վախից պահում էի շունչս։ Առաջինը, երբ գալիս էր մանկաբույժը ու զննում երեխային։ Ես անթարթ հայացքով հետևում էի նրան, և միայն երբ գլխով դրական շարժում էր անում, շարունակում էի շնչել։ Երկրորդը, երբ բժիշկ Ա.-ն մյուս բժի.շկների ուղեկցությամբ գալիս էր առավոտյան շրջայցի։ Ես ամեն կերպ փախցնում էի նրանից հայացքս ու շնչում էի միայն այն ժամանակ, երբ դուրս էր գալիս սենյակից։

Ինչ վերաբերում է երեխային կրծքով կերակրելուն, այդ պատմությունը ինձ համար մի հաճելի հուշ է մի կնոջ մասին ու միակ լուսավոր բանը՝ այդ օրերի հիշողություններում։ 

Ես իմ փոքր մարմնին անհամապատասխան մեծ կրծքեր ունեմ։ Երբ այդ օրվա հերթապահ բուժքույրը եկավ իբր թե օգնելու, ես այդպես էլ չկարողացա այնպես անել, որ երեխան բռնի կուրծքս։

-Ծը՛,-գլխով բացասական շարժում արեց բուժքույրը,-կուրծքդ ծանր է, չի կարողանում բռնել, ձերոնց ասա, որ կրկնապտուկ բերեն,-ասաց նա ու երեխայի բերանը ներարկիչով մի քանի մլ կաթնախառնուրդ լցրեց։

Երբ մանկաբույժը եկավ, ես նրան պատմեցի եղելությունը։

-Կրկնապտուկի կարիք չկա, կթիչ ձեռք բեր ու փորձիր մի քիչ կթել, մինչև կաթնածորաններդ բացվեն։

Ես վերցրեցի կթիչն ու կթեցի մոտ 30 մլ կաթ։ Երբ բժշկուհին մեզ մոտ եկավ, ես նրան ցույց տվեցի շիշը ու մեղավոր հայացքով ասացի.

-Այսքանն եմ կարողացել կթել։

-Իսկապե՞ս,-զարմանքով ասաց բժկուհին։

-Հա, քիչ է չէ՞,-նորից մեղավոր հայացքով ասացի ես։

-Ո՜չ, սկզբի համար հրաշալի է աղջիկս, շարունակիր կթել ու տալ երեխային, ու երբ կաթը շատանա, փորձիր նրան կրծիդ մոտեցնել։

Այդ ու հաջորդ օրը ես հավաքեցի խեժի թանկագին կաթիլները շշի մեջ ու տվեցի երեխայիս։ Ուշ գիշերին, երբ ինձ թվում էր, որ պալատում գտնվող երկու կանայք քնել են, ես նստեցի մահճակալին ու փորձեցի երեխային կրծքիս մոտեցել։ Բայց իմ փորձերը անհաջող անցան։ Կանանցից մեկը` Ռոզան, արթուն էր եղել ու տեսել ամբողջ եղելությունը։

-Աթոռն ու երեխային վերցրու ու ինձ մոտ արի,-ասաց նա։

-Նստիր, երեխային դիր ծալված ձեռքիդ վրա, ապրես, գլուխը մի փոքր մարմնից բարձր պահիր, շատ լավ է, մատների մկրատաձև շարժումով պահիր կուրծքդ, այնպես արա, որ երեխայի քիթը բաց մնա, որ կարողանա շնչել։

Ես հերթով կատարեցի նրա բոլոր հրահանգները, ու երեխան սկսեց ուտել։

-Շնորհակալ եմ, Ռոզա,- ջերմորեն ասացի ես։ Ռոզան լուռ ժպտաց։ 

Երբ հիվանդանոցից դուրս էի գրվում, Ռոզային հրաժեշտ տալիս ես ջերմորեն գրկեցի նրան.

-Շնորհակալ եմ, Ռոզա, ես քեզ երբեք չեմ մոռանա,-ասացի ես։

Ռոզան նորից լուռ ժպտաց։

***

Կինս հիվանդանոցում մնաց հինգ օր։ Դուրս գրվելու օրը, երբ երեխան գիրկը տեսա նրան, հոգնած ու տանջահար տեսք ուներ։ Կարծես մի քանի տարով մեծացած լիներ։ Ներկաները տարվել էին երեխայով. հերթով գրկում ու հիանում էին նրանով, ես գրկեցի կնոջս։ Երբ գլուխը կրծքիս դրեց, սկսեց լաց լինել։ Արցունքները թրջում էին հագուստս, իսկ ես չէի ուզում խանգարել նրան։ 

Արդեն տանն էինք։ Կինս զրուցում էր հյուրերի հետ։ Հանկարծ սենյակից երեխայի լացը լսվեց։ Ես կնոջս ձայն չտվեցի։ Ներս մտա, նստեցի օրորոցի կողքին ու օրորում էի։ Օրորրում էի ու լաց լինում։ Ես իմ կանքում երբեք այդպես լաց չէի եղել՝ այն էլ երջանկությունից։

Չնայած հիվանդանոցում անցկացրած ծանր օրերին, կինս երեխային խնամում էր մեծ ջանասիրությամբ։ Երբեք քնած չէր մնում, երբեք չէր թերանում խնամքի հարցում ու կյանքը՝ իր նոր իրականությամբ, մտնում էր կարծես իր հունի մեջ։

***

Ես լավ գիտեի հետծննդաբերական դեպրեսիայի մասին ու հաստատ որոշել էի դրա մեջ չընկնել։ Ես ձգտում էի երեխայի հարցում ամեն ինչ կատարյալ անել։ Երբ ինչ որ մի բան իմ ուզածով չէր ընթանում, ես ծայրահեղ տխրում էի։ Հաճախ մերժում էի ընտանիքիս անդամների օգնությունը, երբեմն դրա պատճառով հարաբերություններ էի ստիպված լինում փչացնել։ Ես այն ժամանակ չէի հասկանում, որ ամեն կերպ ձգտելով դերեսիայի մեջ չընկնել՝ ես մեկ այլ ծայրահեղության մեջ եմ հայտնվել։

Երեխայի խնամքը լի էր քաղցրիկ պահերով՝ առաջին ձայներ, առաջին ժպիտ, շարժվող փամփլիկ թաթիկներ։ Բայց կասկածի ստվերը, որ կարող է ինչ-որ բան այն չլինել, ինձ դեռ երկար հետապնդում էր ու խժռում իմ երջանկության քաղցր վայրկյանները, ինչպես որդն է խժռում ծառի քաղցր պտուղները։

 Ժամանակն անցնում էր ու իմ երեխան մեծանում էր բնականոն՝ փարատելով վախերս ու հերքելով կասկածներս։

Ես երկար ժամանակ անուն չունեի այն ամենի համար, ինչ ինձ հետ եղել էր։ Վերջերս էր, երբ բոլորովին պատահակնորեն կարդացի մանկաբարձական բռնության մասին, ու այն, ինչ եղել էր ինձ հետ, տեղավորվեց այդ արտահայտության մեջ այնպես, ինչպես նկարը՝ շրջանակի մեջ։

Ծննդաբերական դժվարություններից խոսք գնալիս ինձ հաճախ են ասել, որ երբ գրկում ես երեխայիդ, դրանք մոռացվում են։

-Անցուկ-մոռցուկ ցավեր են դրանք, բալես,-իր կյանքի իննսուն տարիների հեռվից հիշելով իր ծննդաբերությունները՝ ասում է տատս։ Իսկ ես միշտ ժպտում եմ ու հազիվ կուլ տալիս կոկորդիս մեջ հավաքված դառնությունը, որովհետև ես ոչ մի բան չեմ մոռացել, ու չգիտեմ՝ կմոռանա՞մ երբևէ, ու չգիտեմ՝ ինքս ինձ կներե՞մ երբևէ…

Հ. Գ.  Սա իմ երեխայի ծննդյան իրական պատմությունն է՝ ներկայացված իմ ու ամուսնուս զուգահեռ հայացքներով։ Պատվածքում ներկայացված ոչ մի դրված հորինված չէ։

Ն. Գ.

Էլեն Հարությունյան. «Մանկաբարձական բռնության ենթարկվելու իմ փորձառությունն ու քաղած դասերը»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Էլեն Հարությունյան

 

Մանկաբարձական բռնության ենթարկվելու իմ փորձառությունն ու քաղած դասերը

(պատմություն)

Հղիության ընթացքում պրենատալ յոգայի դասերի էի գնում։ Յոգաս բիզնես կենտրոնի շենքում էր, որտեղ տարբեր սրահներ կային՝ աշխատասենյակներից սկսած մինչև ռեստորան, սրճարան ու խանութ։ Մի օր մի հետաքրքիր դեպք պատահեց․ յոգայիս դասի ընթացքում կողքի սրահում փոշեկուլ միացրին։ Ձայնն այնքան բարձր էր, որ սկսեց մեզ խանգարել։ «Ախր այսպես չի լինի, չենք կարողանում անջատվել», «Դե լավ էլի, հիմա ոնց կարողանանք կենտրոնանալ մեր շունչ-արտաշունչի վրա»․․․չէինք էլ հասցրել մի կուշտ բողոքել, երբ մեր ուսուցիչը մեզ բերեց իրականություն՝ հայկական իրականություն, հիշեցրեց, թե որտեղ ենք ու ինչ նպատակով։ Ասաց․

-Երբ գնաք ծննդաբերության, հավանաբար գնալու եք ռոմանտիկ մտքերով, կամ այնպիսի տրամադրությամբ, կարծես ծննդատան աշխատակիցները նույն հույզերն ու տրամադրությունը պիտի ունենան, ինչ որ դուք։ Բայց եթե երեխայի ծնունդը Ձեզ համար կյանքում առաջին փորձառությունն է, ծննդատան անձնակազմն այն անցնում է ամեն-ամեն օր, հետևաբար նրանք բացարձակ չեն ռոմանտիզացնում Ձեր ծննդաբերության ընթացքը, հակառակը՝ դա նրանց շատ սովորական առօրյան է․ խոսելու են կանաչիների գնից, երեխաների դասերից, ընտանեկան հոգսերից․․․այնպես որ փոշեկուլի այս «անմեղ» ձայնն ընդամենը թիթեռներ են այն բանի համեմատությամբ, ինչ որ կտեսնեք Ձեր ծննդաբերության ժամանակ։

Ինչ խոսք, սառը ցնցուղ էր, ու ես ինձ համար մի կարևոր եզրահանգում ֆիքսեցի․

Թե՛ հղիության ընթացքում, թե՛ ծննդաբերության ընթացքում և թե՛ դրանից հետո կինը բազմաթիվ սթրեսային գործոններ է ունենում իր կյանքում, բայց այստեղ էական է գիտակցել, որ դրանց առկայությունը իր կյանքում և հնարավոր ազդեցությունը ԿՆՈՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ։

Հաջորդ կարևոր միտքը, որ ֆիքսեցի սա էր․

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵԼ ՆՎԱԶԵՑՆԵԼ, ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ։

Եկավ ծննդաբերությանս օրը։ Նվազագույնի ձգտող ակնկալիքներով, բոլոր հնարավոր փորձություններին հյուրընկալ սրտով, ես կասեի՝ «գրկաբաց» գնացի ծննդատուն։ Բժշկիս նախօրոք խնդրել էի, որ մինիմալ քիչ միջամտություն լինի ծննդաբերության ընթացքում, որևէ ներարկում չանեն, որովայնս չսեղմեն, կաթիլային չմիացնեն։ Համաձայնել էր։

Մտա ծնարան, դիմավորեց մանկաբարձը, անունը հարցրի, ու հասկացա, որ յոգայիս ուսուցիչն իրեն գովել էր, ասել էր, թե որքան աջակցող է․․․որ ինչպես է օգնում կծկումների ժամանակ, նույնիսկ մերսումներ է անում, հաճելի զրուցում և այլն։ Ուրախացա․ հաճելի ծննդաբերությունն առջևում է։ Սկսեցի հարցեր տալ․

-Շատ ուրախ եմ, որ հենց Դուք եք լինելու իմ ծննդաբերության ժամանակ։ Յոգայիս ուսուցչից շատ եմ լսել Ձեր մասին։ Ափսոս, ինքը չի կարող ներկա գտնվել ծննդաբերությանը, շատ կօգներ։ Բայց գիտեմ, որ Դուք էլ եք շատ օգնում։

Ասաց․

-Հաաա, մեր ծննդատունը որոշեց այլևս չթույլատրել կողմնակի անձանց մասնակցել ծննդաբերություններին։ Հա, ճիշտ ա, օգնում էին համ ծննդկաններին, համ էլ մեզ՝ բժշկական անձնակազմին, բայց երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվում էր, ծննդկանը ոչ թե շնորհակալություն էր հայտնում անձնակազմին, այլ իր յոգայի մասնագետին։ Իսկ տենց արդար չի, չէ՞։ Բժիշկը հղիին օգնել է 9 ամիս, իսկ յոգայի մասնագետը՝ ընդամենը էդ մի քանի ժամը։ Դրա համար որոշեցինք, որ իրենք այլևս չեն մասնակցի ծննդաբերություններին։

Հասկացա, իհարկե, թե ինչ է ասում, բայց չհասկացա տրամաբանությունը․ երևի էս դեպքերում են ասել «երկաթյա տրամաբանություն» արտահայտությունը։ Ինչևէ։ Մատիցս արյուն վերցրեց, անհրաժեշտ թղթերը վերցրեց, իրերս վերցրեց, որ հանձնի ամուսնուս ու ուղեկցեց մի սենյակ, որտեղ պիտի սպասեի մինչև ծննդաբերությունը կսկսվեր։ Շուրջ 3-4 ժամ մենակ էի, կծկումներս ժամանակ առ ժամանակ ահագնանում-թողնում էր, գիտեի, թե ինչպես շնչեմ-արտաշնչեմ։ Մի պահ, այնքան ուժգնացավ, որ կյանքում առաջին անգամ ծննդաբերողիս համար դժվար էր հասկանալ, դա նշանակում է՝ ծնվու՞մ է երեխան, թե ոչ։ Ակնկալում էի, որ գոնե մեկը ծնարան կմտնի, բայց՝ ոչ)) Լսվում էր մաքրուհու բողոքը․

-Դե լավ էլի, այ փնթիներ։ Ջահել աղջիկներ եք, ամեն անգամ ասում եմ՝ էս ներարկիչները գետնին մի թափեք, աղբաման գոյություն ունի։ Էս տարիքիս էդքան կռանում, վեր եմ կենում։

-Վարդանովնա, ինձ էլի այդ դեղից քիչ են տվել, իսկ Արթուրովնային՝ շատ։ Հաա, լավ, չեմ հասկանում՝ ինչքան կարելի ա։

-Սաքո, ջերմիջեցնողը սառնարանում ա, 9 մլ տուր էրեխուն, 3 ժամ մնաց, հերթապահությունս վերջացնեմ, գամ։ Ուֆֆֆ։

-Լիլիթ Հովհաննիսյանի էս վերջին երգը լսե՞լ եք, աղջիկներ։ Հլը նայեք՝ մեռածը ինչ լավն ա։ Լա- լա –լա։

Կծկումներս ահագնանում են, էլ չեմ դիմանում, գոռում եմ, գալիս է այն մանկաբարձուհին, որի մասին շատ լավ բաներ էի լսել։ Գալիս նայում է և ասում, որ նախածննդաբերական ցավեր են, որ դեռ ծննդաբերության փուլը չէ։ Հարցնում եմ, գալի՞ս է բժիշկս։ Ասում է, որ զանգել է, բայց բժիշկս չի պատասխանում։ Որևէ օգնություն ակնկալելու մտքով հարցնում եմ՝ հիմա ես ի՞նչ պիտի անեմ, շատ ուժեղ է ցավում։ Մտքում պատկերացնում եմ, որ եթե մերսեր կամ ցանկացած այլ ժեստ ստանայի իրենից, ահագին լավ կզգայի, բայց անտաբեր նստել էր կողքիս ու թերթում էր Ինստագրամի ռիլերը։ Ցավերս ահագնանում են, չեմ դիմանում մի տեսակ, ինձ մենակ եմ զգում։ «Աստվաած իմ, փաստորեն, էսքան սովորական ա իրենց համար էս ամենը, իմ ձագուկը հեսա-հեսա կծնվի, ես ամենասովորական մի մարդու կարիք ունեմ, այդ մարդը կողքիս է, մասնագետ է, կարող է օգնել, գիտեմ, թե ինչերի է ընդունակ, բայց անտարբեր նստել է կողքիս ու ոչինչ չի անում։ Իսկ մենք յոգայի դասին փոշեկուլի աղմուկից էինք նեղվում, ինչքան ճիշտ էր ուսուցիչս․․․․»,-մտածում եմ ես։

Հետո որոշում եմ զոհի կարգավիճակից դուրս գալ, ապա հիշում եմ, որ ինքս ինձ համար եզրահանգում էի արել, որ ամեն ինչ չի, որ կարող եմ վերահսկել, և ապա հիշում եմ, որ ակնկալիքներս պետք է նվազեցնել ու հույսս դնել ինքս ինձ վրա։

Քիչ անց մտնում է հերթապահ բժիշկը․

-Ազիզ ջան, Ձեր բժշկի հետ չենք կարողանում կապվել, ուզում եք Դուք էլ փորձեք զանգ տալ։ Ախր եթե համաձայնեիք գոնե կաթիլային միացնեինք, 1 ժամում կծնվեր Ձեր երեխան։

Անցնում է մի որոշ ժամանակ, մտնում է մեկ այլ հերթապահ բժիշկ, առանց էսկողմ-էնկողմ՝ ինչքան ուժ ունի, ընկնում է որովայնիս վրա ու սեղմրտում։ Ձեռքը պինդ բռնում եմ ու ասում, որ մենք այդպես չենք պայմանավորվել, ես չեմ ուզում, որ անբնական արագացնեն բուն ծննդաբերության ժամանակահատվածը։ Զարմանում եմ, բժշկությունն այսքան զարգանում է, բժիշկներն այսքան մասնագիտական կոնֆերանսների են մասնակցում, տեղեկանում են, թե ինչպես է սեղմումը, ճնշումը խնդիրներ առաջացնում թե՛ երեխայի, թե՛ մայրիկի մոտ։ Բայց միևնույնն է, անում են այն, ինչ ուզում են։ Հայաստանում ծննդաբերությունների ժամանակ կինը կարծես որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկված լինի։

Այստեղ հաջորդ կարևոր միտքը ֆիքսեցի ինձ մոտ․

Ծննդաբերության ընթացքում կինը պետք է լինի ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ՝ ԻՐ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ։

Հետևաբար էլ ավելի ուժեղ զգալով այդ մտքից, արդեն ոչ թե նվազագույնի հասցնելով ակնալիքներս, այլ լրիվ զրոյացնելով՝ սպասեցի, որ գոնե բժիշկս գա։ Բժիշկս այդպես էլ չհասցրեց գալ․․․ավելի շուտ՝ եկավ, բայց այն ժամանակ, երբ երեխաս ծնվեց: Հասցրեց մասնակցել պլացենտայի ծննդաբերությանը և տեղեկացեց, որ բարեհաջող է անցել ամեն ինչ։

Անցավ մի քանի ժամ, ես լրիվ մոռացել էի էս ամենի մասին, ոչ մի բացասական հույզ չէր մնացել, որովհետև ամուր գրկել էի իմ մասնիկին, իմ հրաշքին։ Ամուսինս, ընտանիքի անդամները կողքիս էին, ամեն ինչ հրաշալի էր․․․

Անցավ մի քանի ժամ ու վրա հասավ մեկ այլ մարտահրավեր՝ կրծքով կերակրման փորձությունը։ Կարդացել էի հնարավոր ու անհնար ամեն գրականություն, մասնակցել ԿԿ մասնագետների տարաբնույթ սեմինարների, գիտեի, որ սկզբնական շրջանում դժվար կարող է լինել կերակրումը, բայց չգիտեի, որ էլ ավելի դժվար կարող էր լինել ծննդատան «ԿԿ մասնագետի» միջամտությունը։ Հատուկ չակերտների մեջ եմ վերցնում, որովհետև դժվար էր նրան մասնագետ անվանել (ուրախ եմ, որ գոնե հիմա չի աշխատում համակարգում)։ Մի քանի անգամ մտավ սենյակ, բոլոր հարազատներիս ներկայությամբ հայտարարեց, որ ես կրծքով կերակրման հույս չունենամ, որովհետև կաթ չունեմ, մաքսիմալ խորը ու պատկերավոր մեղքի զգացում առաջացրեց թե՛ իմ, թե՛ հարազատներիս մոտ, ապա նշանակեց կաթնախառնուրդ՝ նշելով նույնիսկ բրենդը։ Հիմա երբ պատմում եմ, չեմ հավատում, որ ես էլ բոլորի ներկայությամբ հայտարարեցի, որ իմ երեխան կկերակրվի միայն ԿԿ-ով, ու որ նրան շատ խիստ տոնով ուղղակի սենյակից դուրս եմ հրավիրել։

Դուրս հրավիրելուց հետո զանգել եմ իմ կողմից վստահելի ԿԿ մասնագետի և հրավիրել ծննդատուն։ Մասնագետը նախօրոք ինձ զգուշացնում է, որ այդ հիվանդանոցի ԿԿ մասնագետի հետ կոնֆլիկտ են ունեցել, և կարող է իմ սենյակ գալ միայն այնպես, որ հանկարծ իրեն չտեսնեն։ Այնպես է ստացվում, որ իր սենյակ գալու պահին, բժշկական աշխատակազմից սենյակումս մարդ է լինում, հրավիրված մասնագետը ստիպված արագ մտնում է իմ սենյակի զուգարան և սպասում այնքան, մինչև «տեղացիները» դուրս կգան սենյակից։ ))) Ես բնավ չէի կասկածում, որ կկարողանամ երեխայիս կրծքով կերակրել, և այդպես էլ եղավ, երեխայիս կերակրել եմ 2 տարուց ավելի, և այդ ամբողջ ընթացքում չեմ իմացել, թե ինչ է նշանակում կաթնախառնուրդը։

Ինձ մնացին մանկաբարձական բռնության այս հիշողությունները՝ համեմված դառը էմոցիաներով, որոնք եթե ես կարողացա հաղթահարել նախապես զինված իմ գիտելիքով, հմտությամբ և իհարկե սառը դատողությամբ ու համառությամբ, ապա վախենամ թե 21 տարեկան մի վախվորած աղջնակ չկարողանար հաղթահարել և ամբողջ կյանքի վրա մեծ սպի թողներ։

 

Հովիկ Մխիթարյան․ «Անավարտ պատմություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

***

Հեղինակ՝ Հովիկ Մխիթարյան

 

Անավարտ պատմություն

-Դու քաղցկեղ ունես,-ասաց բժիշկն անտարբեր, կարծես ամենաբնական բանն աշխարհում քաղցկեղ ունենալն է։-Ես հիվանդներին չեմ ստում,-անկիրք շարունակեց նա,-միգուցե, նրանք բուժվելու այլ հնարավորություններ որոնեն։

Բժիշկը երիտասարդ էր, նոր սերնդից, օղու փոխարեն՝ գինի, աղջիկների հետ ազատ են, մեղմ արտաքին ունեն, խնամված մորուք, բարի, խորամանկոտ աչքեր ու ամեն ինչ գիտեն։ Երբ ամեն ինչ գիտես, ենթագիտակցության խնդիր ունես։ Հիվանդությունն էր պատճառը թե մի ուրիշ բան, չսիրեց  բժշկին անհոգի անկեղծության համար՝ քաղցկե՜ղ․․․թույլ գլխապտույտ ունեցավ։

Երբ դուրս եկավ բժշկի առանձնասենյակից, աշխարհն ավելի խորթ ու անտարբեր դիմավորեց նրան,-մեկ մարդ ավել, մեկ մարդ պակաս աշխարհում-այսպես իրական ընկալեց ուղերձը։

Երբ դուրս եկավ, չէր զգում մարմինը։ Դանդաղ իջավ աստիճաններով։ Հարազատ քաղաքն իր մեջ առավ ու կլանեց նրան․ մեռյալ արև, տապ օդ։ «Ես քաղցկեղ ունեմ, բայց դա դատավճիռ չէ, մտածեց նա,- հարկավոր է մարդկանց տեղյակ պահել»։ Քանի որ տուն գնալու ցանկություն չուներ, նստեց 1-ին համարի ավտոբուսը և երկու շրջան գործեց՝ երաժշտական ուսումնարանից մինչև վերջին կանգառ, կրկին hետ, բնազդաբար կառչելով մարդկային հայացքներից` կարեկցանք թե ուրիշ բան որոնելով այնտեղ։

Առաջին շրջանի ժամանակ նայում էր աջում բացվող, խաղաղության մեջ ծվարած քաղաքի բնությանը, միգուցե, հարազատ անտառները կյանքի կոչեն իր նիրհած ուժերը, պարուրեն հանդարտ կյանքի անհոգության մեջ։  Փոքրիկ քաղաքի՝ չափի մեջ զրույցներ դեսից-դենից, ծիծաղ-տխրություն, անցյալի հիշողություններ, դրանց արանքներում ամուսնություններ, երեխա։ Ամուսնություններն ու թաղումները քաղաքի ամենամեծ իրադարձություններն էին։ Բոլորն իրար դեմքով էին ճանաչում, ձեռքով բարևում, ամենահայտնին կարող է ժպտալ ամենաաննշանին, որ երկար կպատմեն այդ մասին։ Քաղաքում ամենահրահրողը սիրային պատմություններն էին՝ ով ում հետ ամուսնացավ, ում հրավիրեց, ինչ և ինչքան ուտելիք կար սեղանին, վերջում էլ` նվերների տրամաբանությունը։ Հմայիչ ձանձրույթը մեղմող իրադարձությունների մեջ լիցք կար, ռոմանտիկայից մինչև դանակահարություններ։ Վիճում, կռվում էին, հաշտվում բարեկամ-խնամի կապերի միջոցով, կաշառքով։ Երբեմն սիրեկան-սիրուհի՝ կյանքի փակագծերն էին բացում։ Ինքն էլ դրանց մեջտեղում մի հյուլե է․․․ հիմա՝ քաղցկեղը, ինչո՞ւ հենց ինքը։

Թվաց, մեկը սև չանչերը խոր թաղել է կրծքի մեջ․․․ ցանկացավ մատները կոխել կրծքավանդակն ու հանել, շպրտել նողկալի չանչերը, բղավել ուժգին, իր վրա հրավիրել աշխարհի ուշադրությունը՝ մեռնո՜ւմ եմ։

Նա ձեռքը խրեց ծոցը, հանդիպեց փարթամ կրծքերին ու շոշափեց ափսոսանքով՝ «Ոչ մեկին այլևս բաժին չի՞ հասնելու»։

Երկար քայլելուց հոգնեց, գնաց տուն, բնազդաբար ձեռքն առավ ծխախոտը և բացեց պատուհանները։ Պատուհանը մուտք էր բռի մեջ տեղավորված քաղաքին, որի եռուզեռը առավոտյան ու երեկոյան աշխատանքի գնալ-գալն էր մշտապես լիքը հասարակական տրանսպորտով։ Իրեն թվաց, թե կուրծքը սկսել է ցավել։ Միգուցե, հոգեբանական վա՞խ էր։ «Ջհանդամը, ինչքան ուզում ես ցավի»,-սպառնաց քաղցկեղին․․․գիտեմ, մեռնում են բոլորը՝ նշանավորներից մինչև վերջին ստահակը․ դա մեր աշխարհի քիչ արդարություններից մեկն է»։

Երբ ձեռքը վերցրեց լուցկին, հանկարծ հիշեց բժշկի խոսքերը՝ «Առաջին հերթին վերջ ծխախոտին»։ Նա դժվարությամբ մի կողմ դրեց, ապա կտրուկ շարժումով պատուհանից դուրս նետեց ծխախոտը` ուշադիր հետևելով անցնող հետագծին։ Ընկավ ուղիղ լորենու տակ։

Եվ այսպես․ քաղցկեղ։ Առայժմ չի ասի մորը, ցնցում կապրի։ Հայրը վաղուց թաղված է ռուսաստաններում, ինչ-որ տեղ։ Նուրբ կարոտից ճմլվեց սիրտը․ հայրը ծանր կտաներ լուրը։ Իսկ եղբոր հետ դեռ կհասցնի խոսել։ Մնաց․․․ չէ լացուկոծ չի անի, ինքն ուղղակի պետք է իմանա։

Նա հավաքեց թվերը` լսելով զանգի ծանոթ մեղեդին. Ինչքա՜ն ժամանակ է չէր զանգել։

-Ես եմ։

-Հասկացա, ի՞նչ կա։

-Վաղուց չէի զանգել, խոսելու բան կա։

-Աշխատանքի եմ, ինչու՞ է ձայնդ մի տեսակ։

-Լսի՛ր, ես քաղցկեղ ունեմ․․․-ասաց բժշկի նման անկեղծորեն ու միանգամից` նայելով դուրս․ մանկուց իրեն հարազատ լորենին տեղում էր, խիտ տերևները թեթև դեղնել էին ու օրորվում էին։ Ծառն իրենից հետո էլ կլինի, միշտ կօրորվի քամուց, այնտեղ ծտեր կբնակվեն։ Բնում մոտ սպիտակ փոքրիկ առարկա կար։ Հիշեց՝ ծխախոտն էր, ծխելու ուժեղ ցանկություն զգաց, բայց զսպես իրեն։

-Ճի՞շտ ես ասում, ապուշ հո չե՛ս․ ինչ քաղցկեղ։ Դա քո հղիության ցավերից է։

-Չէ, ապուշ չեմ, ուղղակի անալիզներ եմ տվել, ես էլ չէի պատկերացնում, բայց․․․ բժիշկը չէր խաբի։ Իսկ դու մի անհանգստանա։ Չես գժվում իմ սիրուց, բայց պետք է տեղյակ լինես, չէ՞ որ քեզանից եմ հղի։ Երկու լուր կհայտնեմ բոլորին, որ հղի եմ ու քաղցկեղ ունեմ։ Քաղցկեղի սարսափն էլ կմեղմի հղիության ցնցող լուրը, կգժվե՜ն։ Ծիծաղելի է, չէ՞․․․ երեխա՝ հիվանդ մորից։ Գիտես չէ՞, որ քեզանից է։

Հեռախոսը մահացավ ձեռքերի մեջ․․․ լսվում էր շնչառության ձայնը` ընդհատ–ընդհատ։ Հանկարծ նկատեց, որ լորենու վրայի բնակիչները չկան, երևի այլ ծառ են տեղափոխվել, ինչ հետաքրքիր են, ճիշտ ինչպես մարդիկ՝ գժի նման մի տեղից մյուսն են վազում, շենքից շենք, քաղաքից քաղաք, երկրից երկիր, որ ի՞նչ, գիտե՞ն, որտեղ է ավելի երջանիկ ու ավելի հուսալի, թե՞ չգիտեն, դրա համար են վազվզում։

-Չէ, չի կարող պատահել, չեմ հավատում․․․  լավ,  հիմա գալիս եմ, կխոսենք։

Նա կիսապառկեց բազմոցին, մտածեց՝ վիրավորվե՞լ անհոգ աշխարհից․․․ ո՞ւմ պետքն է քո հիվանդությունը կամ ծնվող երեխան, աշխարհում այնքա՜ն երեխաներ կան, ոմանք էլ մահանում են անժամանակ, հետո՞ ինչ, ո՞վ է մտածում նրանց մասին։ Երբ բժիշկն իմացավ, որ հղի եմ, ասաց՝ հեռացրու երեխային, քեզ ապրելու հույս է, թեև չնչին․․․փրկելու իրեն կամ գոնե երկարաձգելու կյանքը։ Իսկ երեխան ոչնչով մեղավոր չէ իր երիտասարդական անզսպության ու այսրոպեական կրքի համար։ Ինքը մանկասպանության չի գնա, թեև դա մի անգամ էլ առիթ կտա փոքրիկ քաղաքի մարդկանց իրեն «անառակ» անվանելու։ Երեխան՝ «անառակի՜ց»․ ինքն ազնվորեն կվերցնի իր խաչը։

Երեխան անհասկանալի խորհուրդ է, իմ մանո՜ւկը, ու նա պիտի ապրի առանց ինձ։ Ես թերևս անհետանամ նրա կյանքից, իսկ միգուցե  քաղցկեղը դատավճիռ չէ։ Իմ կյանքը անտաղանդ բեմադրիչի դժգույն սերիա՞լ է։

Գարուն էր, միայնակ զբոսնում էր այգում, հասմիկի թփերից փունջ սարքում, ուրախ նայում զբոսնողներին։ Բոլորի հանդեպ անհասկանալի ջերմություն ու մտերմության պահանջ էր զգում։ Հենց հիմա խոսեր մեկի հետ, հենց այնպես, մարդկային ներկայություն ու ջերմություն զգար։

Հանկարծ ուղիղ հետևում լսեց՝ «աննորմալ քած է»։ Չշրջվեց ու ոչինչ չասաց։ Նման դեպքերում ոչինչ չեն ասում ու ոչինչ չեն ապացուցում․․․ ոմանք այդպես են մտածում։ Իրեն մտածելու նյութ տվեցին՝ «քածը» ո՞վ է մեր աշխարհում, ինչպիսի՞ն են նրանք։ Այդ արտահայտությունը մեխվեց ուղեղում, «քա՞ծ», ընդ որում՝ աննորմալ։ Ո՞րն է բնականոն աղջկա և քածի միջև եղած տարբերությունը, երկար մտածեց, հարկավոր էր լուծել այդ թնջուկը, որ, միգուցե ոչ մի լուծում էլ չունի։

Փոքրիկ քաղաքն ունի իր կարծրացրած օրենքներն ու կանոնները և դրանցից դուրս գալն արդեն «քածային» պատմություն է։ Իսկ ձայնը շատ ծանոթ էր, այն տղաներից մեկն էր, մինչև հիմա հիշում է քրտնած դեմքն ու կրքից խռպոտած նրա կենդանական ոռնոցը։

-Չեմ հավատում,-ասաց տղան շեմից, մտնելով տուն,-բա՞ն ես հորինել, խղճահարությո՞ւն ես արթնացնում։

Նա ոչինչ չպատասխանեց։ Ինչ-որ տեղից լսվում էր ճանճի միալար բզզոցը։

-Քեզ հետ եմ, ինչո՞ւ կանչեցիր։

Նա ուշադիր նայեց տղայի գեղեցիկ կիսադեմին։ Սովորականի ավելի գեղեցիկ դեմք է, տղամարդկային կոպիտ, սակայն զգայուն շրթունքներով, հարցական իրեն է նայում։

-Հո հիմար չեմ, քեզ խաբեմ։

Տղան նրան էր նայում։ Լռության մեջ լսվում էր հին, պապական, փայտե ժամացույցի թխթխկոցը․ ծանոթ էր անգամ այս լռությունը, նույն սենյակն էր, որտեղ հանդիպում էին, որտեղ տրվեց նրան։ Ինքը մտածում էր, որ միշտ նրա հետ է լինելու, իսկ նա՝ ինչպես փախչի, թողնելով իրեն իր հղիության հետ։

Նա սպասողական տղային էր նայում։

-Բայց լավ, ինչի՞ց կարող էր լինել,-պայթեց տղան անորոշ, անելիքը չիմացող մարդու ձայնով։

-Ծխելուց, դե գիտես, կարգին հաց էլ չեմ ուտում, ուրիշ տարբերակ չկա։ Դա կարևոր չի արդեն։ Միգուցե, ես մեռնելո՞ւ եմ։ Ծխելու ցանկությունը նորից գլուխ բարձրացրեց, ափսոսաց դուրս նետած ծխախոտի համար։ Միգուցե տղայից խնդրի՞, սակայն ինքնասիրությունը թույլ չտվեց։

Տղան նստեց աղջկա կողքին ու բռնեց ձեռքը։ Աղջիկն առաջին անգամ ցնցվեց, ջերմ թրթիռներ, ալիքներ անցան մարմնով մեկ. անկեղծ հպում էր։ Թվաց, կյանքի անհետացող ստվերները մի մի պահի ետ վերադարձան ու դարձան իրական պատկերներ։

Տխրություն զգաց ու հեկեկալու անզուսպ ցանկություն։

-Տաք է,-միայն արտաբերեց տղան`շոյելով ձեռքը։

-Հուզվում եմ,-ասաց աղջիկը` սրբելով արցունքները,-շատ կարճ ստացվեց այս ամենը, գիտեմ, որ չես սիրում ինձ։ Կսիրե՞ս հիմա ինձ, կբարձրացնե՞ս ամպերի գագաթներից էլ վեր, քո թևերի մեջ։ Թե՞ կմտածես, որ հիմա օգտվում եմ առիթից։

-Չեմ հավատում,-ասաց տղան, իր հերթին հուզված,-ո՞նց կարող էր այսպես լինել։

Վերջապես հայտնաբերեց ճանճին։ Նա հաղթահարում էր պատուհանի բարձրությունը, վարագույրի ծալքերի ու անհարթությունների դիմադրությունը։ Ո՞րն է տեսնես այս ճանճի դերը կյանքում,-մտածեց աղջիկը,-այսքան փոքրի ու միանգամայն անօգուտ, բայց համառությամբ առաջ է ընթանում։ Ի՞նչ տարբերություն կա իմ ու այս ճանճի միջև։ Մի՞թե հավասարապես փոշիանալու ենք։

-Գրկիր ինձ,-անսպասելի ասաց նա,-անսովոր կարոտ եմ զգում, ոչ թե մարդու, այլ մի բանի, որ իմ ներսում է, բայց չեմ հասկանում ինչ է դա։

Տղան գրկեց։

-Այսպես ուրեմն, ինչպես գրված է բոլոր վատ գրքերի վերջաբանում, պետք է մահանամ, կպատկերացնե՞ս, դու ինձ ոչ մի անգամ այսպես սիրով չես գրկել։ Մենք շա՞տ բան ենք կորցրել, միգուցե, ինձ հրաժե՞շտ ես տալիս, ասաց նա ծիծաղելով։

-Մենք միշտ ենք կորցնում, երբ չունենք մեղավորության զգացում։

-Ավելի ուժեղ,-ասաց աղջիկը,-ավելի․․․ մեր կյանքերից, մեր անպատասխանատվությունից մի փոքրիկ ողբերգություն ստացվեց, լսիր, ի՞նչ անենք, որ ավելի ճիշտ լինի։ Ես քեզ ներել եմ արդեն այն ժամանակ, երբ տրվեցի քեզ։ Երեխա էի ցանկանում, ուղեղով չէի հասկանում, բայց տենչերով ու փափագով․․․ինձ ոչ մեկը լուրջ չսիրեց։ Ես բարկացած էի ու որոշեցի վրեժ լուծել,  ինքս էլ չգիտեմ ումից, ու ապրել երեխայի համար։

-Չգիտեմ, մենք այնքան էլ շատ հասկացող էակներ չենք, զգայություններին ենք տրվում։

-Տղաներն այդքան ծանր չեն տանում, ինձ նման շատ աղջիկներ կան, կվերցնես նրանցից մեկին, կդառնա քոնը ու կմահանաս նրա գրկում։ Բոլորն էլ ոչ մեկի համար չեն և բոլորն էլ բոլորի համար են։ Ի՞նչ կասես։ Մի մոռացիր՝ ես քեզ երեխա եմ պարգևելու․․․

-Դու կարող ես հրաժարվել երեխայից․․․դա քեզ կօգնի՞։

-Բժիշկն էլ նույնն ասաց, երբ իմացավ, որ հղի եմ, ասաց, որ երեխային պետք է հեռացնել, փրկելու ինձ կամ գոնե երկարաձգելու իմ կյանքը։

-Դա ճիշտ է, չէ՞․․․

-Ես այդպես չեմ մտածում, երեխային սպանե՞լ։

Լռեցին, այն լռությամբ, որ պատմում էր մի անսովոր, բոլոր պատմությունների նման եզակի պատմություն, չգրված ոչ մի գրքում, այլ միայն հոգու չարտաբերված, անսահման խորքերում․․․ հայացքն ակամա ընկավ ճանճի վրա՝ հաղթահարել էր պատուհանի բարձրությունը և անշարժացել. Ապրելու, կյանքի ինչիպիսի՜ ծարավ, իսկ ես նվնվում եմ։

Տղան նայում էր, ինչպես են արցունքները գլորվում աղջկա աչքերից․ դա գեղեցիկ էր ու անչափ հուզիչ։ Նա նորից գրկեց աղջկան։

-Դու չես մահանա, երիտասարդ ես։ Ես չեմ ասի կներես, որպեսզի ձևական չստացվի, բայց անկեղծ եմ ու գիտեմ, որ դու իսկապես սիրում ես ինձ։

-Ես ձյունե  թագուհի եմ թվում, բայց ներսից տաք հողմեր են մոլեգնում։

-Իսկ եթե, այնուամենայնիվ․․․

-Չփորձես համոզել, ես ոչ մեկին չեմ լսելու։ Ես շատ սխալներ եմ գործել, բայց վերջինը չեմ գործի։ Եթե ապրելու, կյանքի հնարավորությունը մեկին է տրված, ապա դա երեխայի՛ն է պատկանելու։ Դեռ չտեսած, ես սիրում եմ նրան։ Նրա անուշիկ դեմքն ու անկապ շարժումները թաթիկների։ Աչուկները, որ անկյանք ապակուց վերածվում են կյանքով լեցուն աչքերի։ Նա պետք է ծնվի ու ապրի, իսկ ե՞ս-ժամանակը ցույց կտա։ Ես մի քիչ հնարավորություն ունեմ, իսկ նա այլևս չի ունենա, եթե ես հրաժարվեմ և անհոգի ձևով մահվան դատապարտեմ նրան։ Կարո՞ղ եմ արդյոք քնել ես խռովքի գիշերներին, արդյոք նա երազ չի գա ին ձ և հաշիվ չի պահանջի։ Իսկ միգուցե լուռ կնայի աչքերիս մեջ և ոչինչ էլ չի՞ ասի, որ ավելի սարսափելի է։ Նա կնայի ինձ բազում հարցականների, իր չապրած տարիների լուռ աղերսանքով, իմ խղճի ու հանդիմանության ծանր բեռով։

-Բայց քո հնարավորություններն են նվազում։ Դու դեռ կարող ես նորերն ունենալ։

-Պատկերացնու՞մ ես, թե ինչ խղճով եմ ապրելու դրանից հետո։ Ես մանկասպան եմ կոչվելու։

-Ես չեմ հասկացել քեզ, դու խորհրդավոր, այն աշխարհից եկած էակ ես, բնական ու անհասկանալիորեն պարզ։

-Ես սիրվել եմ ցանկանում, չեմ թաքցնում, ես միշտ դրան եմ ձգտել, թեպետ սխալներով ու անկումներով։ Զղջո՞ւմ, միգուցե, բայց արդեն եղածը չես կարող ջնջել, դրա հետ ապրում ես և նա քո կյանքի մի մասն է։ Սերը մեղմում է մահվան վախը։ Ես հիմա անսովոր զգացողություններ ունեմ։ Չհրաժարվելով երեխայից, ես հերոսություն չեմ անում։ Հերոս բառից մեռելային գարշահոտ է փչում․․․ես մա՛յր եմ։ Մայրերը գիտե՛ն ինչպես վարվել։ Իսկ դու ոչ մի պարտավորություն չունես իմ հանդեպ, բարոյապես՝ հատկապես։

-Դու կին ես, իսկ ես հասկացել եմ կանացի գեղեցկության հմայքն ու դիվային ուժը, որի առաջ անզոր են կամքն ու ամենաբարձր սկզբունքները․․․ ես տեսել եմ ու զգացել կանացի մարմնի կորությունների թովչությունն ու ուժը, կանացի կանչվածության խորհուրդը, նրանց սերն ու նվիրվածությունը, որի առաջ պարտվում են տղամարդիկ։ Դու հենց այդպես ես ներկայացել ինձ, առաջին իսկ պահից, որ տեսա քեզ․․․

-Ես ոչինչ չեմ կարող ասել, պարտադրել կամ խնդրել․․․իսկ դու հիշո՞ւմ ես մեր ծանոթությունը, ինչ զարմանալի էր, պատահական ու այնքան բնական, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ։

-Դա բոլորովին էլ պատահական չէր, կյանքում տեղի ունեցած ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ․․․

-Ես ե՞մ այս ամենի մեղավորը, ես անառա՞կ եմ, որ տրվեցի քեզ, թէ՞ անավարտ մի պատմություն։ Այնքան եմ ցանկանում հասկանալ այս ամենը, երբ քաղցկեղ ունեմ։

-Մեր պատմությունը անավարտ պատմություն է։

-Ես վա՞ղ տրվեցի քեզ․․․

Տղան երկար լռեց, կարծես մտածում էր, ասե՞լ, թե՞ չասել։ Վերջապես խոսեց․

-Ես շատ ավելի վաղ էի տեսել քեզ, բայց չէի համարձակվում մոտենալ, միայն հեռվից նայում էի, երբ դասից տուն էիր վերադառնում, երբ երբեմն դուրս էիր գալիս։ Դա ինձ անկեղծ ուրախություն էր պատճառում։ Դու շատ գեղեցիկ էիր ու ինձ անմատչելի էիր թվում։ Մի օր հարցրի ձեր շենքում ապրող ընկերոջս քո մասին․․․տղան լռեց, նայեց աղջկան, որ անթարթ իրեն էր նայում, ապա շարունակեց։

Նա քմծիծաղեց, ապա ասաց, որ մի օր շենքից մի քանի տղա կանգնել են շքամուտքում ու սպասում են իրենց հերթին․․․ ձեր տուն մտնելու, քեզ հետ սեռական հարաբերություն ունենալու համար։

Ես խնդրեցի նորից պատմել և երդվել, որ դա ճիշտ է։ Նա ասաց, որ դա ճիշտ է։

Դա ինձ համար ցնցում էր, որից հազիվհազ ուշքի եկա։ Դու այնքա՜ն լավն էիր։ Բայց որոշեցի վրեժ լուծել քեզնից, յուրատեսակ վրեժ։ Դու պետք է ինձնից հղիանայիր, իսկ դրանից հետո ես պետք է լքեի քեզ, թողնելով այդ վիճակում։ Երկար ժամանակ եմ մտածել այդ մասին և ավելի վատ բան չէի կարող հորինել։ Ես չէի հասկանում թե ինչու, բայց այն ժամանակ այդպես էի մտածում։ Հիմա՜․․․

Աղջիկը ցնցվեց ու ապշահար նայեց տղային։ Այլայլված դեմքով նա ասաց․

-Դու իմացե՜լ ես դա, ուրեմն դու գիտեիր այդ մասին։ Բայց ես ապո՜ւշ էի այդ ժամանակ, ես 18 տարեկան է․․․ու ի՞նչ, դու լուծեցի՞ր քո վրեժը։ Հանգի՞ստ ես հիմա։

-Հիմա այդպես չեմ մտածում, շատ եմ մտածել այդ մասին։ Հիմա կարեկցում եմ քեզ։ Այն ժամանակ ես չէի համարձակվում մոտենալ քեզ, այնքան լավն էիր դու, ես ինձ անարժան էի համարում։ Հպարտ, ինքնավստահ, քո արժեքն իմացող։ Բայց այդ դեպքից հետո համարձակվեցի մոտենալ քեզ։ Ես մտածում էի, որ դու ջախջախվել ես։

-Ինչո՞ւ ավելի վաղ չմոտեցար ինձ։ Ամեն ինչ այլ կերպ կլիներ, չէ որ ես սեր էի փնտրում, ու քեզ չէի ճանաչում․․․ եթե մոտենայիր․․․բոլոր մարդիկ ու նրանց պատմություններն անավարտ են, այն չեն, ինչ տեսնում ենք աչքերով։ Կյանքը անհասկանալի շրջապտույտ է, որ շարունակություն ունի, որը երբեք չենք կարողանում գուշակել։

-Ես այսպես չէի ցանկանում, հիմա եմ հասկանում, որ սիրում եմ քեզ, եթե չսիրեի, այսպես չէր լինի, կամ մենք սխալ ենք հասկանում սերը։ Միգուցե դրա համա՞ր  են շատերը նախընտրում գահավիժել ու հայտնվել որևէ կամրջի տակ։ Նրանք ճիշտ չեն անում, բայց գիտեն ինչ է սերը։ Սիրո մեջ սկսվում է և ավարտվում ամեն ինչ։

-Դու ինձ ոչ թե սիրել ես, այլ վրեժ ես լուծել, կարող ես հանգիստ հեռանալ ու վերջ, իսկ մայրերը մայր են մնում մի՛շտ։

-Մենք միշտ մի հնարավորություն էլ ունենք, մեկ հնարավորություն։

-Պատուհանի վրա մագլցող ճանճը ինձ ապրելու դաս տվեց, իսկ դու խաբել ես ինձ։  Շատ բան կարելի է ներել, բայց գիտակցված խաբե՜լ։

Տղան փորձեց գրկեց աղջկան, սակայն աղջիկը նրան մեղմ մի կողմ հրեց։

Մարմինս կորել է քրտինքի մեջ։ Բուժքույրը չի հասցնում սրբել։

-Ցավո՜ւմ է,-բղավում եմ ես` տապլտկվելով գինեկոլոգիական մահճակալի վրա։ ։

-Ցավո՜ւմ է,-արձագանքում է բժշկուհին հեգնական ձայնով,-քիչ գոռա, իսկ ի՞նչ էիր մտածում, երբ մտնում էիր տղամարդու տակ։

Ի՞նչ էի մտածում, իսկապես, սկսում է գլխումս պտտվել ակնոցավոր, բարկացկոտ դեմքով բժշկուհու ձայնը,-իսկապես ի՞նչ ես մտածում, երբ սիրում ես, դե, ոչինչ էլ չես մտածում, եթե սիրում ես։ Տեսնես ինքը չի՞ սիրել երբևէ։

Բժշկի կերպարանքն ինձ առասպելական հրեշ է թվում, միաչքանի կիկլոպ, որ անխղճաբար մարդ է խժռում։ Հա՜, հիշեցի, մանկան թոթովախոս բլբլոցն էի տեսնում, ինձ գրկող նրա թմբլիկ թաթիկները, կյանքն արարող հրաշքն էի տեսնում։

Հանկարծակի սկսվող ցավերից սրտխառնոց եմ զգում։ Գիտակցությունս մի պահ անհետանում է։

-Գալի՛ս է, ուժ տուր, չվնասես երեխային։

Ես ջանքեր եմ գործադրում, ուժերս սպառվում են։ Քրտինքն առվակներով է հոսում։ Կավարտվի՞ այս ամենը երբևէ․․․

Թույլ ճիչ եմ լսում մանո՜ւկն է։ Լսում եմ բուժաշխատողների ձայնը․

-Ինչ ծանր տարավ, միայնակ մայր է, սպասող էլ համարյա չունի․․․

Մի պահի թեթևություն եմ զգում։

-Առողջ երեխա է, ահա տե՛ս։

Հայացքս հազիվ կարողանում եմ թեքել, սակայն ոչ մի ցանկություն չունեմ, միայն պառկեմ ու ոչինչ չզգամ։ Նորից սուր, շամփրող ցավ եմ զգում։ Ճչում եմ։

-Կարում ենք, պատռվածքներ ունես, հանգիստ պառկի,-բժշկուհին է։

«Դոկտոր, միգուցե անզգայացնե՞նք»,-լսում եմ մանկաբարձի հազիվ լսելի շշուկը։

-Կդիմանա, ոչինչ, սուս։

-Բժշկուհի՜, թույլ ասում եմ, շատ է ցավում,․․․ես քաղցկեղ ունեմ։

-Ինչ-որ բան տվե՞լ է, շշուկով հարցնում է կանգնածներից մեկը։

-Չէ, ով ունի, որ տան, միայնակ է եկել։

-Հա, մարդ չունի, միայն մի տղա էր եկել էրեկ, իր մասին էր հարցնում, ու արագ գնաց։

Տեսնես ո՞վ էր, մտածում եմ, իհարկե եղբայրս չի լինի, նա Ռուսաստանում է։ Պարզ է, ուրիշ ո՞վ կարող է լինել, նա՜ է։

Սուր ցավը շամփրում է, ես միալար ճչում եմ, չեմ հանգստանում։

-Հանգիստ, աղջիկ ջան,-մի քիչ մեղմացած ասում է բժշկուհին,-մենք հենց դրա համար էլ այստեղ ենք, քեզ նման հազարների ենք տեսել ու երեխա պարգևել։

Ես ցավից կտրուկ շարժումներ եմ անում, թափահարում ոտքերս․․․

-Այ լիրբ, ոտքերդ գրպանս մտցրիր,-գոռում է բժշկուհին։

Կիսաթմրած լռում եմ ու նորից անշարժանում, միայն թե արագ ավարտվի այս ամենը։

-Վե՛րջ, այ հիստերիչկա, ասում է բժիշկը, վերջին կարը դրեցինք։

-Երեխա՜ս, ցույց տվեք խնդրում եմ։

Ինձ պալատ են տանում։ Ծարավից ամբողջ ներսս այրվում է։ Շրթունքներս չորացել են։ Ես ջուր եմ խնդրում։ Ահա և վերջ, մտածում եմ, ինչ դժվարությամբ են ծնվում երեխաները։

Պալատում ինձ հետ մի քանի հիվանդներ էլ կան, նրանց այցելում են, ծաղիկներ են բերում, ուտելիք, բակում շամպայն են պայթեցնում, ուրախ աղմուկ է։ Ծննդաբերած աղջիկները կարեկցանքով ինձ են նայում։ Ուրախության հետ միախառնված վիրավորանքի ու լքվածության զգացումներ ունեմ։ Աղջիկներից մեկն ինձ լիմոն է առաջարկում․

-Օգնում է ծարավին,-ասում է նա։

Շնորհակալություն եմ հայտնում։ Եթե չամաչեի, կեղևով կուտեի։

Մի պահի, երբ ներս է մտնում սանիտարը, որպեսզի մաքրի սենյակը, ես ձեռքումս սեղմում եմ մեկ ռուբլիանոց թղթադրամը․ այդպես է կարգը, հարկավոր է տալ սանիտարին, որպեսզի քեզ լավ լավ նայի։ Նա մոտենում է ինձ, ես նրան եմ մեկնում թղթադրամը։

Նա այլայլված մի կողմ է հրում ձեռքս և ինձ մեկնում ձեռքի փաթեթը։

-Վերցրո՛ւ, աղջի՛կս, այստեղ հինգ նարինջ և երկու շիշ ազնվամորու հյութ է։ Ես տեսա, որ քեզ այցելող չունես․․․

-Անգին մորաքո՜ւյր,-խզված ձայնով ասում եմ ես,-ախր ինչի՞ համար։

Ծարավից պապակած շրթունքներով ուղղակի կլանում եմ միանգամից երկու նարինջ։ Ուրեմն աշխարհն ամբողջովին չի փչացել, դեռ կարելի է ապրել և չնահանջել քաղցկեղի առաջ։ Իսկ կիկլոպ-բժշկուհուց իմ վրեժը կլուծեմ, նրան վճարելով։

Նարինջներն անմահական համ ունեն, ուժերս կարծես կախարդական փայտիկով վերականգնվում են։ Մնում եմ ևս երկու օր, կարծես դուրս գրելու ցանկություն չունեն։ Դեմ չեմ մնալու նրանց հսկողության տակ, սակայն միայն մեկ անգամ մայրս է ուտելիք բերում և վերջ։ Սանիտար Անգին մորաքույրն էլ մեկ-երկու անգամ ուտելիք է բերում, իր խղճուկ աշխատավարձից խնայած գումարներով։

-Վերցրու, ջանիկս,-ասում է նա,-ես լավ գիտեմ ինչ է նշանակում միայնակ մայր։

Ինձ հասկացնում են, թե ինչու չեն դուրս գրում հիվանդանոցից։ Իսկ ես միամտաբար կարծում էի, թե դեռ չեմ կազդուրվել։ Սակայն ինքս որոշել էի վճարել բժշկուհուն, որպես թեթև վրեժխնդրություն, որպեսզի պարտք չմնամ ոչ մեկին։

-Ձեր աշխատանքի դիմաց,-ասում եմ ես, նրան մեկնելով 10 ռուբլիանոց թղթադրամը։

Նա ակնոցների տակից կասկածանքով ինձ է նայում և վերցնում թղթադրամը։

-Հուսով եմ սա մեր մեջ կմնա,-ասում է նա։

-Ես էլ եմ հուսով,-պատասխանում եմ, և վրեժս ավարտված համարելով դուրս եմ գալիս նրա առանձնասենյակից։ Իհարկե բարի անձնավորություն չէ, սակայն դեմ չէի լինի հրաժեշտի ժամանակ գրկել նրան։

Բարուրը ձեռքիս դուրս եմ գալիս․․․Ինձ ոչ-ոք չի դիմավորում ծաղիկներով։ Չկա շամպայնն ու շոկոլադը։ Կոկորդս սեղմվում է, լուռ անցնում եմ առաջ։

Սպասողները զարմանքով ու կարեկցանքով ինձ են նայում։ Ատամներս սեղմած ամրապնդում եմ իմ որոշումը՝ ապրել հանուն այս երեխայի, ի հեճուկս բոլոր չարակամների և պարզապես անտարբեր աշխարհի։

Չեմ հասցնում շուրջբոլորս նայել, երբ հանկարծ ինձ է մոտենում մի տղամարդ և ասում․

-Ինձ խնդրել են, որ քեզ տուն տանեմ։

Այդ պահին միայն նկատում եմ մուտքի մոտ կանգնած սանիտար Անգին մորաքրոջը։ Մոտենում եմ և գրկախառնվելով հրաժեշտ ենք տալիս։

-Աստված քեզ պահապան, հարազատս,-մաղթում է նա։

Ապրել և ապրե՜լ։

Վառվել էին փողոցի գիշերային լույսերը։ Բաց պատուհանից ներս  էր թափանցում վերջին մեքենաների աղմուկը, մարդկային խուլ ձայները։ Խորհրդավոր, աստղազարդ երկինքը լուռ հրաժեշտ էր տալիս մարդկային հոգնությանը։

-Տղաս, ուշ է, քնիր,-ասաց հայրը, մտնելով ներս։

-Մտածում եմ, հայրիկ, կքնեմ, մի անհանգստացիր։

Հայրը մոտեցավ տղային և գրկելով բարի գիշեր մաղթեց։

Հայրական գրկախառնությունից նա մի պահ ցնցվեց։ Հա՜յր․․․ Չնայած իր հասուն տարիքին, ինչքան պաշտպանված է զգում իրեն․․․

Տղան մեկը մյուսի հետևից հանգցնում էր ծխախոտը և հիշում իրենց հանդիպումներն ամբողջ մանրամասներով։ Սիրո՞ւմ էր ինքը, թե՞ մտածում էր ինչպես վրեժ լուծի։ Երեխա՞ն էր, անմեղ էակի ու միայնակ կնոջ միայնությունն ու լքվածությո՞ւնն էր վրեժխնդրության գինը, այն գինը, որ պետք է վճարեին իր վիրավորված ինքնասիրության համար․․․

Ափսոսանքի ու կարեկցանքի՝ կոկորդը սեղմող սուր զգացում, մտքեր անցած-գնացած պահերի, շքամուտքում հերթին սպասող տղաների, վրեժխնդրության մասին։ Այնքան ցանկանում էր կանգնեցնել ժամանակը, ակնթարթը, հետ շրջել պատմության անիվը, մի նոր պատմություն արարել․․․

Նախկինն այժմ այլ լույսի ներքո է ներկայանում նրան։ Ջնջվում էին անցյալի ու ներկայի, իրականության ու անուրջների միջև աննկատ ձուլվող սահմանները։

Իսկ եթե հետ գար անցյալը, արդյո՞ք ես նույն կերպ կմտածեի, թե՞ ոչ։ Սակայն այդպես մտածելն իր հիմքում լուրջ սխալ ունի՝ որովհետև մենք չենք կարող շաղկապես արդեն եղածը անիրականի հետ։ Եվ այն, ինչ արդեն եղել է, դա ամենաճիշտն է։

Մենք փորձում եմ հարմարվել իրականությանը, որովհետև իրականությունը ճշմարտությունն է, լավագույնը մեր աղավաղված մտածողության ու ճշմարտությունը մեզ հարմարեցնելու անհույս ձախողումներից ազատագրելու համար։

Խավարն աստիճանաբար զիջում էր դիրքերը, արթնանում էր քաղաքը։ Ահա և հայտնվեցին առաջին անցորդներն ու մեքենաները, աղմուկով անցավ կաթի մեքենան, մի տեղ ճչաց շտապ օգնության մեքենան․․․ Կյանքը հորդում է, մինչ մենք շրջանցում ենք նրան, չգնահատելով մեզ պարգևած նրա գեղեցկություններն ու երջանկությունը, դառնալով մեր ծիծաղաշարժ պատկերացումների գերիները։

Նա հանգցրեց վերջին ծխախոտը, թափեց ամբողջովին լցված մոխրամանը, դեռևս մխացող վերջին ծխախոտով։

Տղան դանդաղ անցավ մայթի եզրով․ ահա  այնքան ծանոթ բակն ու ծառերը, շենքը․․․ Նրա հուզմունքն ուժեղանում էր, նայեց շուրջբոլորը․․․

«Սա կյանքն է,–մտածեց նա` լսելով բարձր երաժշտության ձայնը, որ հոսում էր բացված պատուհանից, կյանքը շարունակվում է, իմ երեխան այստեղ է, այս շենքի բնակարաններից մեկում և միգուցե հենց ինձ է սպասում, իր հորը։ Նա լսում է միայնակ մոր սիրով լի, միգուցե արցունքախառն ձայնը, և նա իմ երեխա՜ն է»․․․

Տղան շրջանցեց ծեր, տերևաթափ լորենին, պատկերացնելով, թե ինչպես է բռնում երեխայի անզոր, ճերմակ-փոքրիկ ձեռքը, գրկում նրան և երեխան իրեն պաշտպանված է զգում հոր գրկում։

Այդ մտքից նա ջերմություն ու խանդաղատանք զգաց։

Քրիստինե Վարդանյան․ «Երբ ճանաչեցի սարսափի գույները»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները` առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

***

Հեղինակ՝ Քրիստինե Վարդանյան

 

Երբ ճանաչեցի սարսափի գույները

Երբեք կեսօրի ժամը չորսն այդքան երկար չէր ձգվել․․․

Դրսում ձյուն էր գալիս, վերջին անգամ նման առատ ձյուն երևի մեկ էլ տաս տարի առաջ էի տեսել։ Դրսում ձյուն էր , իսկ ես վառվում էի․․․ ցավերից․ շնչում ենք, խորն ենք շնչում, դիմանում ենք, բան չմնաց ,բալե՛ս․․․ Ես ինձ էի հույս տալիս, սենյակի սպիտակ պատերը՝ ինձ։ Չաչանակս որոշել էր խախտել բոլոր պլանները․ շատ անհամբեր էր, շտապ կեսարյան հատում պիտի անեին։

Ինձ «տեղավորել էին» միջանցքի վերջում գտնվող սենյակներից մեկում։ Սպասում էի՝ վիրահատարան տանեն։

«Վախ, մամա՛ ջան», «էլ չեմ դիմանում, սրսկե՛ք էլի» ․․․ կողքի երկու սենյակներից լսվում էին շնչասպառ հևոցներ, դառնում բղավոց, ուղեկցվում հեկեկոցով ու աղաչանքով։

«Դե սու՛ս, ձայնդ կտրի՛ր, ամոթ է», լսվում էր թվում է ,թե «հանգստացնող» բուժքույրերի ձայնը։

Դռան անցքից ոչինչ չէր երևում։ Մի նկատողություն արդեն ստացել էի՝ միջանցք դուրս գալու համար՝ «ծնարաններ են, ոչ մի հետաքրքիր բան չկա, անցեք պալատ,ձեզ ինչ կա, որ, կեսարյան եք գնալու,  թողեք մարդիկ հանգիստ ցավ քաշեն»․․․

Իսկ ես արդեն երրորդ ժամն է՝ սպասում էի․․․ցավերի մեջ․․․

Կողքի սենյակից լսվեց անասնական ճչոց, հետո՝քար լռություն․․․․

Ծնվեց, մտածեցի, լավ է, մնաց մյուս սենյակի աղջիկը։ Դեռ չէի հասցրել ինքս ինձ ժպտալ՝

-Չտաաաք, էդ հրեշին հանկարծ մոր դոշին չդնեք, ուշքը կանցնի վախից․․․

Սարսափն իր բոլոր հնարավոր գույներով քայլեց աչքերիս առաջ․ ի՞նչ հրեշ, էս ի՞նչ են խոսում։ Ձեռքերով ակամայից ամուր գրկեցի փորս, կուչ եկա։

Դուռն ուժգին շրխկաց ու ոտնաձայները  կորեցին միջանցքի երկարության մեջ․․

Դուռը բացեցի, ոչ ոք չկար, քար լռություն էր, տարօրինակ, սարսափեցնող լռություն, մի պահ թվաց՝ թմբիրի մեջ եմ ցավերից, մտքովս տարօրինակ բաներ են անցնում․․․

Բայց չէ․․․

Հինգ րոպե չանցած երեք հոգի անհամաչափ վազքով մտան ծնարան․․․

-Հեռու՛ տարեք ինձանից, չե՛մ ուզում երեսը տեսնել,-լսվեց ծննդկանի բղավոցը․․․

-Աղջիկ ջան, գոնե մի անգամ թող դնենք կրծքիդ, նոր տանենք, մեղք է երեխան, աչքերդ փակիր, մի նայիր, քո երեխան է, չէ՞, ինը ամիս սպասել ես, որ հիմա գոնե չգրկե՞ս,- համոզում էր կին բժիշկներից մեկը։

-Ես ինչ եմ ասելու դրսում սպասող տատին ու հորը, որ գայլի երախով հրե՞շ եմ ունեցել․․․չեն ընդունի հասկանում եք, կապ չունի, որ տղա է,ես էլ եմ վախենում, ես էդ հրեշի բերանով երեխուն չեմ կերակրի․․․

-Աղջի՛կ ջան, հիմա ո՞ր դարն է, մարդիկ պլաստիկ վիրահատություններ են անում, ամեն ինչ շտկում են, առողջ երեխա է, ընդամենը դեմքին թերություն ունի մի փոքր, կուղղեք, էդպես մի ասա․․․

Ես ճանաչեցի սարսափի գույները՝ մռայլը, սևը․․․

Չհասկաց էլ, թե ինչպես հայտնվեցի միջանցքում՝  այդ ծնարանի դռան դիմաց․․․

-Դու ուժեղ ես, արդեն հաղթել ես, ունեցել ես հրաշքին, ամեն ինչ կարող ես․․․ չմտածես․․․․

Հազիվ հասցրի ասել, երբ բուժքույրերից մեկը, ինձ «թևանցուկ արած», շտապ դուրս բերեց սենյակից ու ուղեկցեց վիրահատարան։

Ողջ վիրահատության ընթացքում ուղեղիս մի հատվածն այդ աղջկա ու իր երեխայի հետ էր՝ տեսնես գրկե՞ց, տեսնես վերցրե՞ց երեխային, տեսնես տուն կտանե՞ն․․․

Ծնվեց իմ հրաշքը, փամփլիկ այտը համբուրեցի ու տարան։ Խնդրում էի մի անգամ էլ համբուրել, բայց տարան․ մանկաբույժը պիտի ստուգեր․․․ Իսկ ես աննորմալ վախերի մեջ էի՝ աչքերս փակ ուզում էի հիշել՝ տղայիս այտը համբուրեցի, կարծես ամեն ինչ նորմալ էր չէ՞ դեմքի հետ, չէ, եթե խնդիր լիներ, բժիշկները հաստատ կասեին․․․․

Երեք օր անդադար տեղացող ձյունը չէր հանձնվում։ Անցորդների ոտքերը ճռճռան ստորակետեր էին շարում մայթերին, նորածնի մասին մտքերը՝ իմ գլխում նույնպես։ Պալատ մտնող ամեն երկրորդ բուժքրոջը հարցնում էի՝ ինչ նորություն կա ծննդկանից։ Բոլորը ծանր լուռ էին, ոչ մի պատասխան։ Միայն դուրս գրվելուս 5-րդ օրն ինձ վիրահատող բժիշկից տեղեկացա՝ աղջիկն իր տղայի հետ էր դուրս գրվել հիվանդանոցից, սկեսուր մայրիկն ու ամուսինը հրաժարվել էին հարսին ու թոռանը տուն տանել․․․

Պատմությունն իրական է։ Իսկ ես՝ ականատեսը։ Դեկտեմբերի 11-ին ՝տղայիս տարեդարձի օրը կլրանա նաև գայլի երախով ծնված տղայի ութ տարեկանը։ Մինչ օրս էլ հուսով եմ, չէ, ուզում եմ հավատալ՝ երկուսի աչքերն էլ փայլում են երջանկությունից, որ ունեն իրար։

Ռուզաննա Մովսեսյան․ «Վիրավոր ծիրանենին»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները` առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

***

Հեղինակ՝ Ռուզաննա Մովսեսյան

 

Վիրավոր ծիրանենին

Ամենաշատ կիրառվող բառերից է հրեշտակ որոշիչը, երբ ուզում են փոքրիկ բալիկին հաճոյախոսել։ Սակայն այդ բառը ամենացավոտ բնորոշումն է այն պարագայում, երբ իրապես հրեշտակ ունես երկնքում։ 39 սպասված շաբաթներ, հերթական արդեն ամենշաբաթյա այցը բժշկին, այլևս չփարատվող սպասում գրկելու առաջնեկին և … խուճապ, անհանգստություն, չկա…, սրտիկի զարկի ձայնը չի լսվում… խեղդող ցավ, ապրելու ցանկությունը կորցնելու զգացողություն… Մատներս հրաժարվում են գրել, բայց այդպես է հրեշտակ ծնվում՝ անշունչ, անկյանք… ու դեռ չծնված առաքվում երկինք։ Սա նման է նրան, որ ամռանը մրգով բեռնված ծիրանենին հաստ բնից կտրեն։ Չի հասունացել պտուղն այնքան, որ քաղցրահամ հեղուկը ողողի բերանդ այն կծելիս, բայց պտուղների գույնը արդեն կարմրում է, ուղիղ մեկ շաբաթից կհասունանա ու կարելի կլինի վայելել։ Չնայած կան մարդիկ, որ այդպես էլ են սիրում ծիրանը վայելել։

39 շաբաթում հազարավոր բալիկներ են ծնվում, բայց չէ, հատեցին իմ կյանքի ծառը հենց 39 շաբաթում։ Կտրած վերքոտ կոճղը արցուքակալեց, գույնը սևացավ, դարձավ անհույս, անկյանք, անկենդան մի կոճղ, որ թվում է՝ այլևս ծառայելու է միայն նստարան հոգնաբեկ հողագործի համար։ Այդ հողագործը, որ բազում տնկիներ էր աճեցրել, ամեն անգամ վիրավոր կոճղին նստելիս ակամայից արտասանում էր Շիրազի «Բիբլիական»-ի հայտնի տողերը. —Ցավը տվեց սարերին, սարերը չտարան, Ցավը տվեց մարդուն, մարդը տարավ։ Այդ խոսքերը կարծես սպեղանի եղան։

Ահա բացվեց հերթական գարունը, և հողագործը մի օր տեսավ, որ կոճղը շիվ է տվել։ Հրեշտակ փայփայող մայրական սիրտը նորից իր կրծքի տակ նոր կյանք է սնում հավատով , որ մի պայծառ օր գրկելու է իր ձագուկին։ Այս ձագուկը, զգալով իր մայրիկի անհանգստությունն ու անհամբերությունը, 37 շաբաթականում նշան տվեց, որ գալիս է։

Անձրևային մայիսյան օր էր, շտապում ենք ծննդատուն։ Նախազննումը հաստատում է ձագուկի գալը։ Նորեն շիվ տված ծիրանենին պտուղ է տալիս։ Պատկերացնու՞մ եք չէ՝ ինչքան զգույշ, նուրբ պետք է վարվել այդ փխրուն ճյուղի հետ, որ հավաքելով մարած ուժերը, որոշել է նորից կյանք տալ։

Փաստորեն ամեն օր բազում ծնունդեր ընդունող աշխատակազմի համար դու հերթական ծննդկանն ես՝ անկախ նրանից դու հրեշտակ ես փայփայում երկնքում, հատած վերքոտ ծիրանենի ես, թե այլ մեկը։ Հենց մտնում եմ ծնարան, հերթապահող քույրը սլանում է հետևիցս՝ հարցնելով՝ —Իսկ ու՞ր է թաց անձեռոցիկդ։Չգիտե՞ս, որ պիտի ունենաս։ Ձայն չեմ հանում, քանի որ ֆիզիկական ցավից զատ ուղեղումս միայն մի միտք է պտտվում, որ լսեմ ձագուկիս ճիչը ծնվելիս, աղոթում եմ, որ էլ հրեշտակ չփայփայեմ երկնքում։ Այդ ընթացքում բերում են իրերս, որոնց մեջ բաղձալի թաց անձեռոցիկն էր ու անջրանցիկ տակաշորերը։ Վերջիններս նույնպես պարտադիր պահանջ էին և նեղսրտելու առիթ, թե ինչու եմ քիչ բերել։ Այնքա՜ն հետաքրքիր է՝ իսկ ինչու ես պիտի ծնարանին ապահովեմ թաց անձեռոցիկով ու տակաշորերով։ Ախ, հա՜, աշխատակազմը հավանաբար անձնական վաճառք է կազմակերպում հղիների հաշվին։ Այլ կերպ անհնար է բացատրել։

Պահանջված թաց անձեռոցիկը փաստորեն կաթիլայինը միացնող բուժքրոջ համար էր միայն, ուրիշ ոչ ոքի պետք չեկավ։ Այս դժգոհ բուժքույրը, անտարբեր իր շուրջի կատարվող ամեն ինչին, միացրեց կաթիլայինը, որ ինձ պիտի օգներ ծննդաբերելիս։ Միացրած տեղում ցավ եմ զգում, բայց հիմնական ցավն արդեն այնքան ուգին է ,որ թևիս ցավին ուշադրություն չեմ դարձնում։ Կծկումներ կան, ձագուկը շատ մոտ է, զգում եմ, բայց ուժեր չունեմ։ Մի քանի փորձից հետո բժշկուհիս խառնվեց իրար արդեն, իսկ իմ գլխում նույն միտքն է՝ միայն գրկեմ բալիկիս։

Հետևում եմ բժշկուհուս ցուցումներին ,բայց արդյունք չկա։ Ու հանկարծ ինձ սթափեցրեց մի քանի բառ։ Կարծես սղոցը մոտեցնում էին այդ մատղաշ ճյուղին…

—Ուժ տուր , քեզ ասում եմ, հիմա կխեղդես երեխայիդ, ուժ տուր,_ բղավում է բժշկուհին։

Թուլանում եմ այդ խոսքերից, այլևս չեմ կարողանում հետևել հրահանգներին։ Կարծես ծիրանենու ճյուղը հանձվում է, զենքերը վայր դնում ու պատրատվում սղոցի բերանն ընկնել։ Ու հանկարծ նյարդայնացած բժշկուհին մոտենում է կաթիլայինին, խալաթս բարձրացնում և ինչ տեսնի. Ասեղը սխալ է տեղադրել մեր դժգոհ բուժքույրը, դեղը մաշկիս տակ էր լցվում, այդ պատճառով համապարասխան ուժեր չէի ունենում։

Ինչևէ , Աստծո կամոք բալիկս ծնվում է, ես դառնում եմ հրեշտակածին ու կենդանածին մայրիկ, սակայն դուրս եմ գրվում կապտած թևով ու այդպես էլ չմարսած այդ նախադասությամբ՝ « Կխեղդես երեխայիդ»։ Ահա թե ինչպես է լինում, երբ բերքահավաքի ժամանակ վնասում ենք ծառի ճյուղը, այդ ծառը չի համարձակվում, չի կարողանում պտղել երկար ժամանակ, հաճախ տարիներ , մինչև չի հաղթահարում պտուղը կորցնելու վախը։ Այգեպանն իր այգին պիտի խնամքով մշակի, բժիշկն էլ նույնպիսի խնամքով նոր կյանքեր ընդունի լույս աշխարհ։ Ամեն գարուն այգեգործը էտում է ծիրանենին, խնամում, բայց վերքի սպին դեռ չի ապաքինվում, նորեն կծաղկի այն ժամանակ , երբ սպիի հետքն անգամ չի երևա։