Մարինե Քոչարյան. «Մի ոտքով գերեզմանում»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ:

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Մարինե Քոչարյան

ՄԻ ՈՏՔՈՎ ԳԵՐԵԶՄԱՆՈւՄ

(հոգեբանական դրամա)

«Ծննդկանի մի ոտքը գերեզմանում է…» — Աշխենի գլխում տատի այս խոսքերն էին պտտվում, երբ արդեն մի քանի ժամ է ծնարանում ցավ էր քաշում։ Չգիտեր՝ որտեղից էր լսել կամ ինչու էր հիմա հիշում, բայց որքան էլ փորձում էր ցրել այդ մռայլ միտքը, այն միևնույն է հնչում էր նրա գլխում:

Տատը չորս հսկա երեխա էր աշխարհ բերել տանը՝ առանց բժիշկների օգնության։ Մայրը պատմում էր՝ կապել են փորը տարբեր փալասներով, քաշքշել, տաք իրեր դրել փորին…Հեշտ ժամանակներ չէին, շատերը մահանում էին ծննդաբերելիս կամ կորցնում երեխային։

«Անցել են այդ դաժան ժամանակները, մտածում էր Աշխենը: Հիմա կանայք այլևս տանը երեխա չեն ծննդաբերում, և տատի խոսքերը հեչ էլ ակտուալ չեն»: Նա գտնվում էր քաղաքի լավագույն հիվանդանոցներից մեկում՝ ստերիլ պայմաններում, հեղինակավոր բժշկի հսկողության ներքո։ Բայց թունավոր կանաչ պատերը ճնշում էին: Սպիրտի սուր հոտը խեղդում էր, իսկ քիմքին հասնող դառը համը գլխապտույտ էր առաջացնում:

Վեց ժամ էր անցել։ Ցավը գնալով անտանելի էր դառնում։ Ասում են՝ դեղորայքների ազդեցությունն էլ ավելի է սրում ծննդաբերական ցավը։ Աշխենը չգիտեր՝ ինչն է ճիշտ ու ինչը սխալ, նա կաղկանձում էր ցավից։

Լրացել էր հղիության 41-րդ շաբաթը և բժիշկն այլևս սպասել չէր ցանկանում, վիժման դեղ էր նշանակել և ծննդաբերությանը խթանող այլ դեղորայքներ։ «Ոչ առաջինն ես, ոչ վերջինը, կծննդաբերես ու կվերջանա»,-ասել էր նա։

Ծնարանի կողքի սենյակից ուրախության ձայներ էին լսվում: Բուժքրոջ ծնունդն էին նշում: Շամպայնի ու վարդերի խառը հոտը ներխուժել էր սենյակ, խառնվել սպիրտի սուր հոտին, ու Աշխենը, արդեն անդիմադրելի գլխապտույտից, շշմել էր: Սթափ էին պահում միայն մյուս սենյակներից եկող այլ ծննդաբերող կանանց ցավի անասնական ձայները։ Դրանք իսկապես խորը տագնապ էին առաջացնում:

Բժիշկը, հերթական այցելության ընթացքում, առաջարկեց ցավազրկում, և մի քանի ժամ ընդարմացած պառկած Աշխենը սկսեց մոր մասին մտածել։

Մայրը երեք երեխա էր ունեցել։ Փոքր տարիքում Աշխենը պատահաբար լսել էր մոր պատմությունները։ Խորհրդային տարիներին բռի ու անտաշ կերպով են վերբերվել ծննդաբերող կանանց այն ժամանակ։ Մայրը տարիներով նույն երազն էր տեսնում,  թե ինչպես է նորից հայտնվում ծնարանում՝ նույն սպիտակ սալիկները, նույն սառը մթնոլորտը, նույն ցավն ու տառապանքը։ Հետագայում միայն Աշխենը կհասկանա, որ մոր մոտ սուր պոստտրավմատիկ սինդրոմ է եղել։
Դժվար տարիներ էին կանանց համար։ «Հիմա ամեն ինչ փոխվել է»,- նորից համոզում էր ինքն իրեն Աշխենը։

Բժիշկը ժամը մեկ էր հայտնվում սենյակում։ Խրոխտ հայացքով անտանելի ցավոտ ներզննում իրականացնում ու հուսահատ դեմքով լքում սենյակը՝ չտալով որևէ բացատրություն ու չասելով ոչ մի բառ։ Երբ հերթական այցի ժամանակ բժշկի սառը գործիքը պատռեց պտղապարկը, Աշխենը չգիտեր՝ որքան վտանգավոր է դա թե՛ իր, թե՛ երեխայի համար:

Եվս մի քանի ժամ անց, երբ արդեն ցավազրկողն իր ուժը կորցրել էր, սկսվեց ճիգերի փուլը։ Աշխենը չնկատեց, թե ինչպես սենյակում իր առջև «հանդիսատես» հավաքվեց։ Բուժանձնակազմը բաղկացած էր կանանցից։ Նրանց առօրյա խոսակցությունները մեկումեջ ընդհատվում էին ինչ-որ քչփչոցներով.

«Չի դիմանում… խոշոր ա երեխեն… կարա չծնվի…»
Աշխենը կքանստած՝ լսում էր նրանց ձայները, որոնց մեջ ոչ կարեկցանք կար, ոչ աջակցություն:
Արյան հետ միասին նրա եռման քրտինքն էր ծորում դեպի հատակը։

«Դու ես մեղավոր, որ հիմա տառապում ես, եթե նորմալ ուժ տաս, շուտ կվերջանա այս ամենը». բառերը, որոնք թվում է, թե պետք է հնչեին որպես խրախուսանք, Աշխենի վրա ծանրացան մեղադրանքի պես։ Աշխենը չէր հասկանում՝ ո՞վ էր մեղավոր այս անտանելի տառապանքի համար, բայց հստակ գիտեր՝ այլևս դիմանալու ուժ չունի։

«Ծննդկանի մի ոտքը գերեզմանում է…». տատի խոսքերը պտտվում էին Աշխենի գլխում դարձյալ ու դարձյալ։ Հիմա նա այլևս չէր պայքարում այդ մտքի դեմ․ մահը ազատություն էր թվում։ Ցավն ու վախը խեղդել էին նրա զգացմունքները, երբ լույսի շող հայտնվեց։ Լուսաբաց էր։ Բուժանձնակազմի հորանջոցները հաստատում էին այդ փաստը։

Նրան բարձրացրին ութգլխանի հրեշի տեսք ունեցող գինեկոլոգիական բազկաթոռին, ու սկսվեցին ավելի ինտենսիվ միջամտությունները։

«Բերե՛ք մկրատը». այս արտահայտությունը այլևս երբեք դուրս չի գա Աշխենի գլխից ու երկար տարիների հոգեբանական ու ֆիզիկական վերականգնումից հետո, նա միևնույն է կզգա մկրատի ցավոտ ղռթոցն ու բութ ձայնը։

Վերջին հարվածը փորի ուժեղ սղմումն էր։ Սա անվանում են Կրիստելերի մեթոդ ու դրա վտանգների մասին Աշխենը միայն հետագայում պիտի կարդա ու սարսափի։

Թե ինչպես նրա փորին հայտնվեց արնաշաղախ կապտականաչավուն երեխան, նա այդպես էլ չզգաց ու չհասկացավ։ Շատ էր լսել, որ որքան էլ ծանր լինի ծննդաբերությունը, երեխային տեսնելու բերկրանքը գերազանցում է ամեն տանջանք։ Բայց այդ պահին ոչ մի բերկրանք չկար։ Նա ոչինչ էլ չէր զգում։ Զգում էր միայն, որ խոշտանգված է լիովին։

3 կգ, 450 գ. կշռում էին որդուն։
16 ժամ, 15 րոպե. մտածում էր նա։
49 սմ. չափում էին երեխայի բոյը:
Փետրվարի 18. մտածում էր Աշխենը՝ վատագույն օրը իմ կյանքի։

Հետո հիշում էր, որ վերջում անդադար լացում ու կրկնում էր. «Շնորհակալ եմ… կներեք»: Գուցե միայն նրա համար, որ երկու ոտքով դեռ աշխարհում էր:

Սենյակը դատարկվեց: Երեկոյան հերթափոխը մոտենում էր, և բոլորը շտապ հեռացան: Նա նորածին որդու հետ միայնակ մնաց կանաչ պատերով սենյակում: Հետո հավաքվեցին հարազատները, շնորհավորեցին ու սկսեցին քննարկել՝ ում է նման փոքրիկը։ Այդ երջանկությունն ու շնորհավորանքներն բոլորովին անհասկանալի էին Աշխենին։

Կանցնի որոշ ժամանակ և Աշխենը կիմանա, թե ինչ է ծննդաբերական տրավման, կփորձի վերականգնվել դրանից,կանցնի ինքնամեղադրման և ինքնասփոփման դժվար ուղի ու թեև անսահման կսիրի որդուն, փետրվարի 18-ի սպիերը մինչև վերջ չեն վերանա։ Վառ կանաչը ատելի գույն կդառնա, իսկ տատի խոսքերը նոր իմաստ կստանան։