Նունե Ավագյան․ «Ո’չ մանկաբարձական բռնությանը»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
Հեղինակ՝ Նունե Աավագյան
(պատմվածք)
Ամանորը մոտենում էր։
Լիլիթը բոլորից ավելի անհամբեր էր սպասում,քանի որ դեկտեմբերի երեսունմեկի գիշերը կլրանար իր տասնութ ամյակն ու կդառնար չափահաս։Այդ առիթով հավաքվել էին բոլոր հարազատներն ու ընկերները Լիլիթենց մեծ ու գեղեցիկ տանը։Մնացել էր տասը րոպե կեսգիշերին,իսկ Լիլիթը դեռ պատուհանից այն կողմ չէր գնում։Սպասում էր։Հաշված րոպեներ հետո կհնչեին տոնական զանգերն ու զվարթ բացականչությունները,բայց նա չկար։
-Միթե՞ ավելի կարևոր գործեր ուներ,-մտածում էր տխուր աղջիկը։
Վերջապես ժամացույցի սլաքը զարկեց ուղիղ ժամը տասներկուսը,բոլորը ուրախ գոչյուններով շնորհավորեցին միմյանց ,և իհարկե Լիլիթին։Շտապեցին գնալ բակ հրավառությունները նայելու։Մտամոլոր Լիլիթը չէր ուզում,բայց համոզելով նրան ևս տարան բակ։ Ու հանկարծ աղջիկն իր առջև տեսավ այն,ինչին բացարձակ չէր սպասում։ Մի շքեղ ու ճոխ անակնկալ` լույսերով,ծաղիկներով,փուչիկներով ու զարդարանքներով, իրենց տան մեծ բակում կանգնած էր նա` իր կյանքի առաջին ամենաքաղցր սերը։
Լիլիթը շփոթվել էր ու չհասկացավ, թե ինչպես կատարվեց այդ իրական հրաշքը ` նա ընդունեց Լևոնի ամուսնության առաջարկն ու դարձավ նրա կինը։ Հիշում էր հետո միայն,որ Լևոնն ամուր գրկել էր իրեն,համբուրում էր այտերը` չտարբերելով թաց ձյունի փաթիլները երջանկության արցունքներից։
Կյանքն ընթանում էր իր գեղեցիկ հունով։Եվ շատ շուտով երջանիկ զույգն իմացավ իրենց ընտանիքում փոքրիկ հրաշքի սպասման լուրը։ Երկուսն էլ անչափ երջանիկ էին,որոշում ու պլանավորում էին ամեն մանրուք։Եվ ահա Լիլիթի կյանքում սկսվեց մի նոր փուլ,որին նա դեռ պատրաստ չէր։
Նա ազնիվ ու շփվող աղջիկ էր,սիրում էր զրուցել իր բարեկամների,ընկերների հետ։Բայց դեռ այնքան էլ ինքնուրույն չէր,չուներ սեփական համոզմունքներն ու կարծիքը,հեշտ էր հավատում ամեն մեկի խոսքին,լսում էր անթիվ ու անհամար խորհուրդներ։
Սկզբում`
-Իզուր շուտ ամուսնացար,հիմա ամբողջ կյանքում տանը կնստես երեխա կպահես։
-Հաշվիր կյանքդ ավարտվեց։
-Մոռացի’ր հանգիստը,դու շուտով մայր ես դառնալու։
-Մի’ պլանավորիր ոչինչ,միևնույն է չի կատարվելու։
-Երազանքներիդ մասին զուր է մտածելն անգամ….
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ ։Կինը դառնում է զգայուն,լարված,ավելի դյուրագրգիռ։Լիլիթը շատ էր նեղսրտում նման խոսքերից,հավատում էր <<բարեկամների>> խորհուրդներին։ Օր ու գիշեր ընկնում էր մտածմունքների մեջ,փակվել ու դարձել էր ինքնամփոփ,չէր քննարկում ոչինչ Լևոնի հետ։
Հղիության ընթացքում մտածմունքներից առաջացան բարդություններ,բժիշկները պարզեցին, որ պատճառը գերլարվածությունն է,նյարդային անհանգստությունը։ Բարեկամները փոխանակ նրան փարատելու,ավելի էին բարդացնում իրավիճակը` պնդելով իրենց տեսակետները։
-Ինչո՞ւ ես պառկում ամբողջ օրը,ես հղի ժամանակ վազվզում էի առավոտից երեկո։
-Որ հիմա ես այդքան նեղվել,բա հետո՞ ինչ ես անելու։
-Գիտե՞ս դեռ քեզ ինչ անքուն գիշերներ են սպասվում։
-Դու պատրաստ չէիր մայրանալու։
Չնայած հոգատար Լևոնի փորձերին ցրելու Լիլիթի մտատանջությունները, ամեն ինչ գնալով բարդացավ։Լիլիթը երեխային կորցնելու վտանգի առաջ էր կանգնած։Ամենավատն այն էր,որ նա դեռ կարծում էր,որ բարեկամներն անհանգստանում են իր համար ու շարունակում էր լսել նրանց։Բժշկական լուրջ ցուցումներ ու բուժումներ ստանալուց հետո,վերջապես,շատ բարդ հղիությանը հաջորդեց շատ բարդ ծննդաբերությունը։Լիլիթի մոտ սկսվել էր վաղաժամ ծննդաբերություն,ու հանկարծակիի գալով նա գտնվում էր բարդ հուզական վիճակում։Աղջիկն անփորձ էր,չէր դիմանում դեռ նոր սկսվող ցավերին ու հիվանդանոց հասնելուն պես,միանգամից հիասթափվեց միջավայրից։Իրեն գրանցելու ու ծնարան տանելու փոխարեն ընդունարանի աշխատակիցները սրճում էին ու զրուցում,ասելով,որ սպասի միջանցքում։
Տասը րոպե սպասելուց հետո Լևոնի նյարդերը տեղի տվեցին,աղմուկ բարձրացրեց ու սպառնաց բողոք ներկայացնել ։Բոլորը լարված Լիլիթին տարան ներս։ Ստուգումներն անցնելուց հետո տարան ծնարան ու ասացին,որ սպասի այնտեղ,մինչև հերթափոխ բժիշկը կգա,ուշանում էր։Լիլիթը լսեց,թե ինչպես են իրենից բամբասում,թե ինչ անհամբեր աղջիկ էր,ամուսինն էլ`կռվարար։ Լիլիթը միայնակ մնաց այնտեղ,ցավերի ու տանջանքների մեջ,նա ոչինչ չգիտեր,չէր գիտակցում ինչ էր կատարվում իր հետ,արդյոք ինչքա՞ն պետք է տանջվի,ի՞նչ անի, որ շուտ ավարտվի դժոխքը։Անդադար նայում էր դռան կողմ,սպասելով մի հույսի։Ոչ ոք չկար մայրապետից բացի։ Լիլիթի համար միևնույնն էր,թե ով կգա իր մոտ,նա տանջվում էր մենակությունից ու անորոշությունից,լացից զսպած արցունքներն աչքերին ձայն տվեց,կանչեց տարեց կնոջն ու օգնություն խնդրեց։ Իսկ կինը միայն ասաց,որ ինքը տեղյակ չի ոչնչից,պետք է ուղղակի ապասել ու հեռացավ։ Լիլիթը հետագայում էլ երբեք չփորձեց հիշել,թե ինչ դժվար ժամեր անցկացրեց այնտեղ`ճնշվելով ոչ միայն ֆիզիկապես,այլև հոգեպես ։Միայն հիշում էր օրվա միակ երջանիկ պահը` իր երեխայի լացը,որը նոր ուժ ու կյանք տվեց իրեն ապրելու։Հիվանդանոցում անցկացրած օրերի,իր հանդեպ զգացած արհամարանքի պատճառով,որոշեց այլևս երեխա չունենալ,հաջորդ անգամ հաստատ չէր դիմանա։Վերջապես Լիլիթը դուրս գրվեց հիվանդանոցից,բոլորն ուրախ դիմավորեցին նրան,կարոտած գրկեց Լևոնին ու նորից վերադարձավ կյանք։ Կարծում էր, թե դժվարն անցյալում է,այնինչ խեղճ Լիլիթը չէր էլ պատկերացնում ինչ էր սպասվում իրեն։ Ամեն կողմից սնահավատ ու հակասական խորհուրդների տարափը սկսվեց թափվել Լիլիթի գլխին։
-Երեխային դուրս չհանե’ս,բա որ աչքով տան։
-Երեխայի դու’րս տար,մաքուր օդ է պետք։
-Մայրական կրծքից ճիշտը չկա:
-Արհեստական կաթնախառնուրդով երեխան հեշտ է կշտանում ու լավ քնում։
-Մի’ կեր ոչ մի ավելորդ ուտելիք,կառաջանան գազիկներ,ալերգիաներ:
-Կե’ր ինչ ուզում ես։
-Երեխային մի’ օրորիր,կսովորի,հետո չի քնի առանց օրորել:
-Օրորի’ր երեխային,որ չգրկես,թո’ղ օրորոցում քնի։
-Գրկի’ր,թող զգա քո ջերմությունը ու շուտ քնի։
-Կողքիդ մի’ պառկացրու,կխեղդվի։
-Ծծակ տու’ր,թող չլացի:
-Ծծակ չտա’ս,չի կարելի:
-Քայլակ նստեցրու’,թող շուտ քայլի:
-Չնստեցնե’ս քայլակ,ողնաշարը կծռվի։
-Դի’ր հատակին,թող չոչ անի:
-Հատակը չի կարող կատարյալ մաքուր լինել,մի’ դիր գետնին։
-Թող գետնին չոչի,որ բակտերիաներին սովորի ու շուտ չհիվանդանա։
-Տեսա՞ր,գետնից ինչ աղբ ասես կերավ ու հիվանդացավ։
-Տա’ք հագցրու ,կհիվանդանա:
-Թե’թև հագցրու,թող իմունիտետ ձեռք բերի:
-Մութ է,մի’ լողացրու:
-Շորերը պարանից հավաքի’ր,արևը մայր մտավ։
-Աչքի ուլունքը կախի’ր։
-Չար աչք, չար փուշ… թու թու թու…
Շարքը թվարկել կարելի է անվերջ,բայց անհասկանալին այն է,թե ումի՞ց են պաշտպանում այդ բալիկին,ումի՞ց են ավելի շատ անհանգստանում,երեխայի սեփական մայրիկի՞ց։ Միթե այս աշխարհում կա մարդ,ով ավելի լավ կհասկանա բալիկին,ավելի շատ կսիրի ու հոգ կտանի, քան մայրը։Երբ դառնում են մայր,բոլոր կարողություններն ու իմաստությունը ծնվում է փոքրիկի հետ միասին։Սիրելի’ մայրիկներ, ուղղակի վստահեք Ձեր ներքին ձայնին ու լսեք Ձեր բալիկին,Ձեզնից լավ ոչ ոք չգիտի, թե որն է ճիշտ։ Երբե’ք, երբե’ք մի թույլ տվեք,որ խառնվեն ձեր կյանքին ու փչացնեն ձեր ներաշխարհը։
Լիլիթը մի կերպ դուրս եկավ այդ հոգեվիճակից ևս,իհարկե սիրելի ամուսնու օգնությամբ։ Նա սկսեց մասնակցել ծնողավարման գրագետ դասընթացների,սովորել ու ինքնակրթվել,սկսեց չլսել շրջապատից ոչ մեկի կարծիքը ,ու կյանքը անհամեմատելի դարձավ ավելի հեշտ ու դրական։ Նա շատ ուշ հասկացավ ու գիտակցեց,որ իր անփորձ վիճակում ենթարկվել է մանկաբարձական բռնության,թե’ հարազատների,և թե’ բժիշկների կողմից,որ կարող էր անդառնալի հետևանքներ կատարվել այդ բռնության պատճառով։ Իսկ այժմ,երբ ավելի հասուն ու կայացած է,իր ընտանիքի ոչ մի հարցին չի թողնում խառնվեն օտարները,ապրում է շատ երջանիկ ու անհոգ։ Հասնում է իր առջև դրած բոլոր նպատակներին ու երազանքներին։Հաստատակամ է,ու վստահ քայլերով գնում է ծննդատուն` իր երկրորդ հրաշքին լույս աշխարհ բերելու նպատակով…
ՆՈւՆԵ ԱՎԱԳՅԱՆ