Քրիստինե Վարդանյան․ «Երբ ճանաչեցի սարսափի գույները»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները` առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

***

Հեղինակ՝ Քրիստինե Վարդանյան

 

Երբ ճանաչեցի սարսափի գույները

Երբեք կեսօրի ժամը չորսն այդքան երկար չէր ձգվել․․․

Դրսում ձյուն էր գալիս, վերջին անգամ նման առատ ձյուն երևի մեկ էլ տաս տարի առաջ էի տեսել։ Դրսում ձյուն էր , իսկ ես վառվում էի․․․ ցավերից․ շնչում ենք, խորն ենք շնչում, դիմանում ենք, բան չմնաց ,բալե՛ս․․․ Ես ինձ էի հույս տալիս, սենյակի սպիտակ պատերը՝ ինձ։ Չաչանակս որոշել էր խախտել բոլոր պլանները․ շատ անհամբեր էր, շտապ կեսարյան հատում պիտի անեին։

Ինձ «տեղավորել էին» միջանցքի վերջում գտնվող սենյակներից մեկում։ Սպասում էի՝ վիրահատարան տանեն։

«Վախ, մամա՛ ջան», «էլ չեմ դիմանում, սրսկե՛ք էլի» ․․․ կողքի երկու սենյակներից լսվում էին շնչասպառ հևոցներ, դառնում բղավոց, ուղեկցվում հեկեկոցով ու աղաչանքով։

«Դե սու՛ս, ձայնդ կտրի՛ր, ամոթ է», լսվում էր թվում է ,թե «հանգստացնող» բուժքույրերի ձայնը։

Դռան անցքից ոչինչ չէր երևում։ Մի նկատողություն արդեն ստացել էի՝ միջանցք դուրս գալու համար՝ «ծնարաններ են, ոչ մի հետաքրքիր բան չկա, անցեք պալատ,ձեզ ինչ կա, որ, կեսարյան եք գնալու,  թողեք մարդիկ հանգիստ ցավ քաշեն»․․․

Իսկ ես արդեն երրորդ ժամն է՝ սպասում էի․․․ցավերի մեջ․․․

Կողքի սենյակից լսվեց անասնական ճչոց, հետո՝քար լռություն․․․․

Ծնվեց, մտածեցի, լավ է, մնաց մյուս սենյակի աղջիկը։ Դեռ չէի հասցրել ինքս ինձ ժպտալ՝

-Չտաաաք, էդ հրեշին հանկարծ մոր դոշին չդնեք, ուշքը կանցնի վախից․․․

Սարսափն իր բոլոր հնարավոր գույներով քայլեց աչքերիս առաջ․ ի՞նչ հրեշ, էս ի՞նչ են խոսում։ Ձեռքերով ակամայից ամուր գրկեցի փորս, կուչ եկա։

Դուռն ուժգին շրխկաց ու ոտնաձայները  կորեցին միջանցքի երկարության մեջ․․

Դուռը բացեցի, ոչ ոք չկար, քար լռություն էր, տարօրինակ, սարսափեցնող լռություն, մի պահ թվաց՝ թմբիրի մեջ եմ ցավերից, մտքովս տարօրինակ բաներ են անցնում․․․

Բայց չէ․․․

Հինգ րոպե չանցած երեք հոգի անհամաչափ վազքով մտան ծնարան․․․

-Հեռու՛ տարեք ինձանից, չե՛մ ուզում երեսը տեսնել,-լսվեց ծննդկանի բղավոցը․․․

-Աղջիկ ջան, գոնե մի անգամ թող դնենք կրծքիդ, նոր տանենք, մեղք է երեխան, աչքերդ փակիր, մի նայիր, քո երեխան է, չէ՞, ինը ամիս սպասել ես, որ հիմա գոնե չգրկե՞ս,- համոզում էր կին բժիշկներից մեկը։

-Ես ինչ եմ ասելու դրսում սպասող տատին ու հորը, որ գայլի երախով հրե՞շ եմ ունեցել․․․չեն ընդունի հասկանում եք, կապ չունի, որ տղա է,ես էլ եմ վախենում, ես էդ հրեշի բերանով երեխուն չեմ կերակրի․․․

-Աղջի՛կ ջան, հիմա ո՞ր դարն է, մարդիկ պլաստիկ վիրահատություններ են անում, ամեն ինչ շտկում են, առողջ երեխա է, ընդամենը դեմքին թերություն ունի մի փոքր, կուղղեք, էդպես մի ասա․․․

Ես ճանաչեցի սարսափի գույները՝ մռայլը, սևը․․․

Չհասկաց էլ, թե ինչպես հայտնվեցի միջանցքում՝  այդ ծնարանի դռան դիմաց․․․

-Դու ուժեղ ես, արդեն հաղթել ես, ունեցել ես հրաշքին, ամեն ինչ կարող ես․․․ չմտածես․․․․

Հազիվ հասցրի ասել, երբ բուժքույրերից մեկը, ինձ «թևանցուկ արած», շտապ դուրս բերեց սենյակից ու ուղեկցեց վիրահատարան։

Ողջ վիրահատության ընթացքում ուղեղիս մի հատվածն այդ աղջկա ու իր երեխայի հետ էր՝ տեսնես գրկե՞ց, տեսնես վերցրե՞ց երեխային, տեսնես տուն կտանե՞ն․․․

Ծնվեց իմ հրաշքը, փամփլիկ այտը համբուրեցի ու տարան։ Խնդրում էի մի անգամ էլ համբուրել, բայց տարան․ մանկաբույժը պիտի ստուգեր․․․ Իսկ ես աննորմալ վախերի մեջ էի՝ աչքերս փակ ուզում էի հիշել՝ տղայիս այտը համբուրեցի, կարծես ամեն ինչ նորմալ էր չէ՞ դեմքի հետ, չէ, եթե խնդիր լիներ, բժիշկները հաստատ կասեին․․․․

Երեք օր անդադար տեղացող ձյունը չէր հանձնվում։ Անցորդների ոտքերը ճռճռան ստորակետեր էին շարում մայթերին, նորածնի մասին մտքերը՝ իմ գլխում նույնպես։ Պալատ մտնող ամեն երկրորդ բուժքրոջը հարցնում էի՝ ինչ նորություն կա ծննդկանից։ Բոլորը ծանր լուռ էին, ոչ մի պատասխան։ Միայն դուրս գրվելուս 5-րդ օրն ինձ վիրահատող բժիշկից տեղեկացա՝ աղջիկն իր տղայի հետ էր դուրս գրվել հիվանդանոցից, սկեսուր մայրիկն ու ամուսինը հրաժարվել էին հարսին ու թոռանը տուն տանել․․․

Պատմությունն իրական է։ Իսկ ես՝ ականատեսը։ Դեկտեմբերի 11-ին ՝տղայիս տարեդարձի օրը կլրանա նաև գայլի երախով ծնված տղայի ութ տարեկանը։ Մինչ օրս էլ հուսով եմ, չէ, ուզում եմ հավատալ՝ երկուսի աչքերն էլ փայլում են երջանկությունից, որ ունեն իրար։