Էլեն Հարությունյան. «Մանկաբարձական բռնության ենթարկվելու իմ փորձառությունն ու քաղած դասերը»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
Հեղինակ՝ Էլեն Հարությունյան
Մանկաբարձական բռնության ենթարկվելու իմ փորձառությունն ու քաղած դասերը
(պատմություն)
Հղիության ընթացքում պրենատալ յոգայի դասերի էի գնում։ Յոգաս բիզնես կենտրոնի շենքում էր, որտեղ տարբեր սրահներ կային՝ աշխատասենյակներից սկսած մինչև ռեստորան, սրճարան ու խանութ։ Մի օր մի հետաքրքիր դեպք պատահեց․ յոգայիս դասի ընթացքում կողքի սրահում փոշեկուլ միացրին։ Ձայնն այնքան բարձր էր, որ սկսեց մեզ խանգարել։ «Ախր այսպես չի լինի, չենք կարողանում անջատվել», «Դե լավ էլի, հիմա ոնց կարողանանք կենտրոնանալ մեր շունչ-արտաշունչի վրա»․․․չէինք էլ հասցրել մի կուշտ բողոքել, երբ մեր ուսուցիչը մեզ բերեց իրականություն՝ հայկական իրականություն, հիշեցրեց, թե որտեղ ենք ու ինչ նպատակով։ Ասաց․
-Երբ գնաք ծննդաբերության, հավանաբար գնալու եք ռոմանտիկ մտքերով, կամ այնպիսի տրամադրությամբ, կարծես ծննդատան աշխատակիցները նույն հույզերն ու տրամադրությունը պիտի ունենան, ինչ որ դուք։ Բայց եթե երեխայի ծնունդը Ձեզ համար կյանքում առաջին փորձառությունն է, ծննդատան անձնակազմն այն անցնում է ամեն-ամեն օր, հետևաբար նրանք բացարձակ չեն ռոմանտիզացնում Ձեր ծննդաբերության ընթացքը, հակառակը՝ դա նրանց շատ սովորական առօրյան է․ խոսելու են կանաչիների գնից, երեխաների դասերից, ընտանեկան հոգսերից․․․այնպես որ փոշեկուլի այս «անմեղ» ձայնն ընդամենը թիթեռներ են այն բանի համեմատությամբ, ինչ որ կտեսնեք Ձեր ծննդաբերության ժամանակ։
Ինչ խոսք, սառը ցնցուղ էր, ու ես ինձ համար մի կարևոր եզրահանգում ֆիքսեցի․
Թե՛ հղիության ընթացքում, թե՛ ծննդաբերության ընթացքում և թե՛ դրանից հետո կինը բազմաթիվ սթրեսային գործոններ է ունենում իր կյանքում, բայց այստեղ էական է գիտակցել, որ դրանց առկայությունը իր կյանքում և հնարավոր ազդեցությունը ԿՆՈՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ։
Հաջորդ կարևոր միտքը, որ ֆիքսեցի սա էր․
ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵԼ ՆՎԱԶԵՑՆԵԼ, ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ։
Եկավ ծննդաբերությանս օրը։ Նվազագույնի ձգտող ակնկալիքներով, բոլոր հնարավոր փորձություններին հյուրընկալ սրտով, ես կասեի՝ «գրկաբաց» գնացի ծննդատուն։ Բժշկիս նախօրոք խնդրել էի, որ մինիմալ քիչ միջամտություն լինի ծննդաբերության ընթացքում, որևէ ներարկում չանեն, որովայնս չսեղմեն, կաթիլային չմիացնեն։ Համաձայնել էր։
Մտա ծնարան, դիմավորեց մանկաբարձը, անունը հարցրի, ու հասկացա, որ յոգայիս ուսուցիչն իրեն գովել էր, ասել էր, թե որքան աջակցող է․․․որ ինչպես է օգնում կծկումների ժամանակ, նույնիսկ մերսումներ է անում, հաճելի զրուցում և այլն։ Ուրախացա․ հաճելի ծննդաբերությունն առջևում է։ Սկսեցի հարցեր տալ․
-Շատ ուրախ եմ, որ հենց Դուք եք լինելու իմ ծննդաբերության ժամանակ։ Յոգայիս ուսուցչից շատ եմ լսել Ձեր մասին։ Ափսոս, ինքը չի կարող ներկա գտնվել ծննդաբերությանը, շատ կօգներ։ Բայց գիտեմ, որ Դուք էլ եք շատ օգնում։
Ասաց․
-Հաաա, մեր ծննդատունը որոշեց այլևս չթույլատրել կողմնակի անձանց մասնակցել ծննդաբերություններին։ Հա, ճիշտ ա, օգնում էին համ ծննդկաններին, համ էլ մեզ՝ բժշկական անձնակազմին, բայց երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվում էր, ծննդկանը ոչ թե շնորհակալություն էր հայտնում անձնակազմին, այլ իր յոգայի մասնագետին։ Իսկ տենց արդար չի, չէ՞։ Բժիշկը հղիին օգնել է 9 ամիս, իսկ յոգայի մասնագետը՝ ընդամենը էդ մի քանի ժամը։ Դրա համար որոշեցինք, որ իրենք այլևս չեն մասնակցի ծննդաբերություններին։
Հասկացա, իհարկե, թե ինչ է ասում, բայց չհասկացա տրամաբանությունը․ երևի էս դեպքերում են ասել «երկաթյա տրամաբանություն» արտահայտությունը։ Ինչևէ։ Մատիցս արյուն վերցրեց, անհրաժեշտ թղթերը վերցրեց, իրերս վերցրեց, որ հանձնի ամուսնուս ու ուղեկցեց մի սենյակ, որտեղ պիտի սպասեի մինչև ծննդաբերությունը կսկսվեր։ Շուրջ 3-4 ժամ մենակ էի, կծկումներս ժամանակ առ ժամանակ ահագնանում-թողնում էր, գիտեի, թե ինչպես շնչեմ-արտաշնչեմ։ Մի պահ, այնքան ուժգնացավ, որ կյանքում առաջին անգամ ծննդաբերողիս համար դժվար էր հասկանալ, դա նշանակում է՝ ծնվու՞մ է երեխան, թե ոչ։ Ակնկալում էի, որ գոնե մեկը ծնարան կմտնի, բայց՝ ոչ)) Լսվում էր մաքրուհու բողոքը․
-Դե լավ էլի, այ փնթիներ։ Ջահել աղջիկներ եք, ամեն անգամ ասում եմ՝ էս ներարկիչները գետնին մի թափեք, աղբաման գոյություն ունի։ Էս տարիքիս էդքան կռանում, վեր եմ կենում։
-Վարդանովնա, ինձ էլի այդ դեղից քիչ են տվել, իսկ Արթուրովնային՝ շատ։ Հաա, լավ, չեմ հասկանում՝ ինչքան կարելի ա։
-Սաքո, ջերմիջեցնողը սառնարանում ա, 9 մլ տուր էրեխուն, 3 ժամ մնաց, հերթապահությունս վերջացնեմ, գամ։ Ուֆֆֆ։
-Լիլիթ Հովհաննիսյանի էս վերջին երգը լսե՞լ եք, աղջիկներ։ Հլը նայեք՝ մեռածը ինչ լավն ա։ Լա- լա –լա։
Կծկումներս ահագնանում են, էլ չեմ դիմանում, գոռում եմ, գալիս է այն մանկաբարձուհին, որի մասին շատ լավ բաներ էի լսել։ Գալիս նայում է և ասում, որ նախածննդաբերական ցավեր են, որ դեռ ծննդաբերության փուլը չէ։ Հարցնում եմ, գալի՞ս է բժիշկս։ Ասում է, որ զանգել է, բայց բժիշկս չի պատասխանում։ Որևէ օգնություն ակնկալելու մտքով հարցնում եմ՝ հիմա ես ի՞նչ պիտի անեմ, շատ ուժեղ է ցավում։ Մտքում պատկերացնում եմ, որ եթե մերսեր կամ ցանկացած այլ ժեստ ստանայի իրենից, ահագին լավ կզգայի, բայց անտաբեր նստել էր կողքիս ու թերթում էր Ինստագրամի ռիլերը։ Ցավերս ահագնանում են, չեմ դիմանում մի տեսակ, ինձ մենակ եմ զգում։ «Աստվաած իմ, փաստորեն, էսքան սովորական ա իրենց համար էս ամենը, իմ ձագուկը հեսա-հեսա կծնվի, ես ամենասովորական մի մարդու կարիք ունեմ, այդ մարդը կողքիս է, մասնագետ է, կարող է օգնել, գիտեմ, թե ինչերի է ընդունակ, բայց անտարբեր նստել է կողքիս ու ոչինչ չի անում։ Իսկ մենք յոգայի դասին փոշեկուլի աղմուկից էինք նեղվում, ինչքան ճիշտ էր ուսուցիչս․․․․»,-մտածում եմ ես։
Հետո որոշում եմ զոհի կարգավիճակից դուրս գալ, ապա հիշում եմ, որ ինքս ինձ համար եզրահանգում էի արել, որ ամեն ինչ չի, որ կարող եմ վերահսկել, և ապա հիշում եմ, որ ակնկալիքներս պետք է նվազեցնել ու հույսս դնել ինքս ինձ վրա։
Քիչ անց մտնում է հերթապահ բժիշկը․
-Ազիզ ջան, Ձեր բժշկի հետ չենք կարողանում կապվել, ուզում եք Դուք էլ փորձեք զանգ տալ։ Ախր եթե համաձայնեիք գոնե կաթիլային միացնեինք, 1 ժամում կծնվեր Ձեր երեխան։
Անցնում է մի որոշ ժամանակ, մտնում է մեկ այլ հերթապահ բժիշկ, առանց էսկողմ-էնկողմ՝ ինչքան ուժ ունի, ընկնում է որովայնիս վրա ու սեղմրտում։ Ձեռքը պինդ բռնում եմ ու ասում, որ մենք այդպես չենք պայմանավորվել, ես չեմ ուզում, որ անբնական արագացնեն բուն ծննդաբերության ժամանակահատվածը։ Զարմանում եմ, բժշկությունն այսքան զարգանում է, բժիշկներն այսքան մասնագիտական կոնֆերանսների են մասնակցում, տեղեկանում են, թե ինչպես է սեղմումը, ճնշումը խնդիրներ առաջացնում թե՛ երեխայի, թե՛ մայրիկի մոտ։ Բայց միևնույնն է, անում են այն, ինչ ուզում են։ Հայաստանում ծննդաբերությունների ժամանակ կինը կարծես որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկված լինի։
Այստեղ հաջորդ կարևոր միտքը ֆիքսեցի ինձ մոտ․
Ծննդաբերության ընթացքում կինը պետք է լինի ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ՝ ԻՐ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ։
Հետևաբար էլ ավելի ուժեղ զգալով այդ մտքից, արդեն ոչ թե նվազագույնի հասցնելով ակնալիքներս, այլ լրիվ զրոյացնելով՝ սպասեցի, որ գոնե բժիշկս գա։ Բժիշկս այդպես էլ չհասցրեց գալ․․․ավելի շուտ՝ եկավ, բայց այն ժամանակ, երբ երեխաս ծնվեց: Հասցրեց մասնակցել պլացենտայի ծննդաբերությանը և տեղեկացեց, որ բարեհաջող է անցել ամեն ինչ։
Անցավ մի քանի ժամ, ես լրիվ մոռացել էի էս ամենի մասին, ոչ մի բացասական հույզ չէր մնացել, որովհետև ամուր գրկել էի իմ մասնիկին, իմ հրաշքին։ Ամուսինս, ընտանիքի անդամները կողքիս էին, ամեն ինչ հրաշալի էր․․․
Անցավ մի քանի ժամ ու վրա հասավ մեկ այլ մարտահրավեր՝ կրծքով կերակրման փորձությունը։ Կարդացել էի հնարավոր ու անհնար ամեն գրականություն, մասնակցել ԿԿ մասնագետների տարաբնույթ սեմինարների, գիտեի, որ սկզբնական շրջանում դժվար կարող է լինել կերակրումը, բայց չգիտեի, որ էլ ավելի դժվար կարող էր լինել ծննդատան «ԿԿ մասնագետի» միջամտությունը։ Հատուկ չակերտների մեջ եմ վերցնում, որովհետև դժվար էր նրան մասնագետ անվանել (ուրախ եմ, որ գոնե հիմա չի աշխատում համակարգում)։ Մի քանի անգամ մտավ սենյակ, բոլոր հարազատներիս ներկայությամբ հայտարարեց, որ ես կրծքով կերակրման հույս չունենամ, որովհետև կաթ չունեմ, մաքսիմալ խորը ու պատկերավոր մեղքի զգացում առաջացրեց թե՛ իմ, թե՛ հարազատներիս մոտ, ապա նշանակեց կաթնախառնուրդ՝ նշելով նույնիսկ բրենդը։ Հիմա երբ պատմում եմ, չեմ հավատում, որ ես էլ բոլորի ներկայությամբ հայտարարեցի, որ իմ երեխան կկերակրվի միայն ԿԿ-ով, ու որ նրան շատ խիստ տոնով ուղղակի սենյակից դուրս եմ հրավիրել։
Դուրս հրավիրելուց հետո զանգել եմ իմ կողմից վստահելի ԿԿ մասնագետի և հրավիրել ծննդատուն։ Մասնագետը նախօրոք ինձ զգուշացնում է, որ այդ հիվանդանոցի ԿԿ մասնագետի հետ կոնֆլիկտ են ունեցել, և կարող է իմ սենյակ գալ միայն այնպես, որ հանկարծ իրեն չտեսնեն։ Այնպես է ստացվում, որ իր սենյակ գալու պահին, բժշկական աշխատակազմից սենյակումս մարդ է լինում, հրավիրված մասնագետը ստիպված արագ մտնում է իմ սենյակի զուգարան և սպասում այնքան, մինչև «տեղացիները» դուրս կգան սենյակից։ ))) Ես բնավ չէի կասկածում, որ կկարողանամ երեխայիս կրծքով կերակրել, և այդպես էլ եղավ, երեխայիս կերակրել եմ 2 տարուց ավելի, և այդ ամբողջ ընթացքում չեմ իմացել, թե ինչ է նշանակում կաթնախառնուրդը։
Ինձ մնացին մանկաբարձական բռնության այս հիշողությունները՝ համեմված դառը էմոցիաներով, որոնք եթե ես կարողացա հաղթահարել նախապես զինված իմ գիտելիքով, հմտությամբ և իհարկե սառը դատողությամբ ու համառությամբ, ապա վախենամ թե 21 տարեկան մի վախվորած աղջնակ չկարողանար հաղթահարել և ամբողջ կյանքի վրա մեծ սպի թողներ։