Հանդիպում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հետ․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Մայիսի 5-ին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հանդիպել է «Կետ 33» հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը և «Կետ 33» կազմակերպության իրավաբան, փաստաբան Գևորգ Սլոյանը:

Հանդիպման ժամանակ Աստղիկ Կարապետյանը ներկայացրել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի շրջանակում արված՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտությունը, որն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:


Քննարկվել են աշխատավայրում կրծքով կերակրելու իրավունքի իրացմանը խոչընդոտող խնդիրները, օրենսդրական կարգավորումները, «Կետ 33» ՀԿ կողմից առաջարկվող փոփոխությունները։

Փոխանախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ կարևորում են կանանց՝ աշխատաշուկայում ներգրավվածության և կրծքով կերակրելու իրավունքի իրացման հարցերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն դրական ազդեցություն կարող է ունենալ ծնելիության աճի և դեմոգրաֆիայի վրա։

Միևնույն ժամանակ նշեց, որ ներկայումս Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծով նախատեսվում են ավելի ճկուն մոտեցումներ՝ կրծքով կերակրելու համար նախատեսված ընդմիջումներն օգտագործելու համար։ Սա ի տարբերություն գործող կարգավորման՝ դրական փոփոխություն կարող է բերել, սակայն, կրծքով կերակրելու իրավունքը աշխատավայրում իրացնելու համար այլ քայլեր ևս պետք է նախատեսել։

Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ պատրաստակամ են ավելի մանրամասն քննարկել «Կետ 33» ՀԿ-ի կողմից ներկայացվող օրենսդրական փոփոխությունների առաջարկություններն ու դրանց հիմնավորումները, այնուհետև դիտարկել դրանց ներառումը ներկայումս շրջանառության մեջ դրված Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծում կամ նոր՝ առանձին նախագծով դրանց ներկայացումը։ Նախատեսվում է շարունակական համագործակցություն։