Ամերիկյան գրադարանը հետաքրքիր լուծում է գտել աշխատող ծնողների համար

Աշխարհում գնալով ավելանում է այն կազմակերպությունների թիվը, որոնք ստեղծում են ընտանիքամետ (family-friendly) միջավայր իրենց աշխատակիցների կամ հաճախորդներիի համար:

Վերջերս սոցցանցերում լայն տարածում գտավ ԱՄՆ Վիրջինիա նահանգի գրադարանում արված լուսանկարը, որը ցույց է տալիս գրադարանի հետաքրքիր լուծումը՝ աշխատող ծնողների համար:

Նրանք ստեղծել են աշխատանքային սեղան, որին հարմարեցված է երեխայի համար առանձին մինի-խաղատարածք, ինչը թույլ է տալիս ծնողին աշխատել՝ միաժամանակ հնարավորություն ունենալով խնամել փոքրիկին:

Գրադարանի տնօրեն Բարբարա Ուիդմանը նկատել է, թե ինչ անհարմարությունների միջով են ստիպված անցնել ծնողները երեխայի հետ գրադարանում աշխատելիս:

«Նա տեսել է, թե, օրինակ, ինչպես է երիտասարդ մայրիկը փորձում մի ձեռքով ծնկների վրա տեղավորել երեխային, իսկ մյուսով՝ մեյլ ուղարկել կամ հայտադիմում լրացնել»,- պատմել է գրադարանի խոսնակը:

Հետևելով Վիրջինիայի օրինակին, ԱՄՆ մի քանի այլ նահանգների գրադարաններ նույնպես գնել են նման սեղաններ:

Աղբյուրը՝ usnews.com

Լուսանկարները՝ THE ASSOCIATED PRESS, Chris Cunningham