Առաջարկություններ ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների մանկապարտեզներում ընդունելության վերաբերյալ
Հայատարարություն
«Կետ 33» կազմակերպության առաջարկությունները ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների մանկապարտեզներում ընդունելության խնդրի վերաբերյալ
Վերջին օրերին մեր կազմակերպությունը ստանում է զանգեր այն մասին, որ Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ծնողները առնչվում են իրենց մանկահասակ երեխաներին նախադպրոցական հաստատություններում չընդունելու խնդրին։
Պետական նախադպրոցական հաստատությունների ղեկավարների կողմից որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ կարող են ընդունել նոր երեխաներ միայն այն դեպքում, երբ կան թափուր տեղեր, մինչդեռ խմբերը հիմնականում ծանրաբեռնված են։ Միևնույն ժամանակ ընդունելությունը կազմակերպվում է ըստ հերթագրման։
Այս իրավիճակում Արցախից տեղահանված ու բազմաթիվ հոգսերի ու տառապանքի միջոցով անցնող ընտանիքների ուսերին մեկ այլ բարդ խնդիր է ավելանում՝ համատեղել երեխայի խնամքն ու աշխատանքը՝ ապրուստի միջոց վաստակելը։
Հաշվի առնելով նկարագրված իրավիճակը, առաջարկում ենք ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին կատարել հետևյալը․
- Մեղմել նախադպրոցական հաստատության ընդունելության կարգը Արցախից բռնի տեղահանված երեխաների համար։
Մասնավորապես, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի 76-Ն հրամանով սահմանված է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը։ Կարգի 10-րդ կետով սահմանվում է, որ ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է․
1) առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի երեխաներին.
2) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին.
3) տվյալ հաստատությունում ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին.
4) տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին:
Առաջարկում ենք այս կարգում կատարել լրացում այն մասին, որ ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն է տրվում նաև Արցախից բռնի տեղահանված երեխաներին։
- Ընդլայնել խմբերի թիվը և/կամ երեխաների թիվը խմբերում։
Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N857 հրամանով սահմանվում է նախադպրոցական կազմակերպությունների N 2.III-1 սանիտարական նորմերն ու կանոնները։ Համաձայն այս փաստաթղթի՝ 1-3 տարեկանների խմբերում կարող են լինել մինչև 20 երեխա, իսկ 3-6 տարեկանների խմբերում՝ մինչև 25 երեխա։
Առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում քննարկել խմբերում երեխաների թիվը մինչև 5 երեխայով ավելացնելու հարցը և կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է դիտարկել խմբերի թիվը կոնկրետ նախադպրոցական հաստատություններում ավելացնելու հարցը՝ հաշվի առնելով այդ հիմնարկների շենքային պայմանները։
- Դիտարկել մասնավոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների ընդունելության համար։
Մասնավորապես, առաջարկում ենք որպես խնդրի լուծման տարբերակ դիտարկել «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրի վերսկսումը, որը 2022 թվականից չի գործում։ Ծրագրի նախնական փուլում կարող են որպես շահառու ներգրավվել միայն Արցախից բռնի տեղահանված ընտանիքները՝ տարամադրելով պետության կողմից համաֆինանսավորում՝ մինչև վեց տարեկան երեխայի նախադպրոցական ուսումնական հաստատություն այցելելու կամ դայակ վարձելու համար։
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պատրաստակամ է ներգրավվել վերոնշյալ հարցերի քննարկմանն ու օրենսդրական լուծումներ գտնելու գործընթացին։