Posts

Վիկտորյա Մարկոսյան․ «10։37»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Վիկտորյա Մարկոսյան

 

10։37

-Հիմա կտեսնես քո բալիկին, դիմացի, մի քանի րոպե մնաց․․․

-Не переживайте, я уже его вижу.

-Մտքում հաշվի, բալես, ձեռքս բռնի, մենք քո հետ ենք, խորը շնչի, հենց հասնես 50-ին, կտեսնես իրան։ Անունն ի՞նչ եք դնելու։

-Ծնվե՜ց․․․

-Վահ, աղջիկ ջան, էս ինչ լավն ա, էս ինչ թմբլիկ ա, հեսա դու էլ կտեսնես․․․

 

Երբ լսվեց տղայիս առաջին ճիչը, ես լաց չեղա, ինչպես ֆիլմերում են հաճախ ցուցադրում, գրքերում նկարագրում, ես վախից քարացել էի՝ տեսնելու համար, թե արդյո՞ք ամեն բան լավ է։ Եվ մտքիս միայն բոլոր հնարավոր ելքերն էին, իրենց բոլոր լուծումներով։ Եթե չլինեին բուժքրոջ պարբերական հիշեցումները շնչելու մասին, անկեղծորեն նույնիսկ դա չէի անի։ Հիմա միայն՝ այս ուշ գիշերով, երբ հսկում եմ արդեն կես տարեկան տղայիս քունը, մտածում եմ ինչուների մասին։ Ինչո՞ւ էի վախենում, երբ հունիսի 3-ի վաղ առավոտյան՝ բալիկիս 38 շաբաթ և 6 օր սպասելուց հետո պառկեցի վիրասեղանին։

Հիմա եմ միայն հասկանում, որ դա նրանից էր, որ ես լսել էի շատ տարբեր պատմություններ, և դրանք ընդունել էի որպես իրողություն, մինչդեռ դրանք ընդամենը փորձ էին։ Ես չէի ապրել դրանք, սակայն արդեն վախենում էի շատ դրվագների համար։ Ես բժիշկ չէի, բայց գիտեի էպիդուրալ անզգայացման ասեղի չափը, նեոնատոլոգ չէի, սակայն գիտեի, թե նորածինն ինչ հետազոտություններ պիտի անցնի ծնունդից հետո, նորմայում որքան քաշ կարող է կորցնել ծննդյան առաջին օրերին։ Ես հոգեբան չէի, բայց գիտեի հետծննդաբերական դեպրեսիայի մասին, թե ինչպես դա կարող է դրսևորվել։

Կյանքում իմ բոլոր վախերը ես հաղթահարել եմ գիտելիքով։ Մայրությունը ևս ինձ տրվեց այդպես։ Ես զինվել էի գիտելիքով և կանգնել անորոշության դեմ, քանի որ առիթ էի ունեցել լսելու շատ կանանց ամենատարբեր փորձի մասին։ Այդ պատմություններն ինձ տալիս էին շատ մեծ ուժ՝ առաջ շարժվելու և չվախենալու համար, սակայն ստեղծում էին նաև վախեր, որոնց մասին հնարավոր է՝ նույնիսկ չիմանայի, եթե լսած չլինեի դրանք։

Տղայիս մասին իմանալու առաջին իսկ օրվանից իմ անբաժան ուղեկիցն էին այդ պատմությունները, որոնք գործում էին իմ վախերին թե՛ ի հակադրություն, թե՛ ի լրումն։

Ես գիտեի պատմությունները, թե ինչպես են ծննդաբերական ցավերի մեջ տանջվող կանանց ժամերով մենակ թողնում սենյակում, ինչպես են ասում, որ ոչ առաջին, ոչ վերջին երեխա ունեցողն է, և որ իզուր է մտահոգվում, լաց լինում կամ գոռում ցավից։ Գիտեի, որ հնարավոր է՝ կանչես, և քեզ հետ նույն սենյակում գտնվող բուժաշխատողը ձևացնի, թե չի լսում քեզ։ Գիտեի, որ հնարավոր է դիտավորյալ ուղղորդում անեն դեպի կեսարյան հատման։ Ես լսել էի պատմություններ բժշկական անձնակազմների մասին, ովքեր չեն լսում քո գանգատները, և բոլորին վերաբերվում են որպես հերթական դեպքի՝ ուղարկելով հետազոտություններին առանց բացատրելու և մեկնաբանելու դրանց անհրաժեշտությունը։ Ես գիտեի հայտնի թափառող պատմությունները էպիդուրալ անզգայացման անհրաժեշտության կամ անհրաժեշտ չլինելու մասին։ Գիտեի նաև այն մասին, թե ինչպես թերի արված հետազոտությունները կարող են հանգեցնել վատագույն հետևանքների և կյանքեր արժենալ։

Ես գիտեի այդ ամենը, սակայն ահռելի վախերի, թուլության և անորոշության հետ մեկտեղ՝ վստահ էի, սա իմ պատմությունն է, ուրիշ է, նույնը չէ։

Հենց այդպես էլ եղավ։

Ունենալով դժվարություններ երեխային սպասելու տարբեր փուլերում՝ ես ունեի հստակ որոշում՝ խոսել բժշկի հետ ցանկացած աննշան անհանգստացնող հարցով և անել ինձանից կախված հնարավոր լավագույնը։ Անչափ ուրախ էի, որ ստանում էի պատասխան բոլոր զանգերիս և բացատրություն բոլոր անհանգստացնող երևույթներին։ Ուրախ էի մեր ընտրության համար, քանի որ սկզբնական շրջանում արդեն իսկ ունեցել էինք մեկ անտարբեր մասնագետի հանդիպելու փորձ։ Նրա՝ օրեր շարունակ անպատասխան թողած զանգերից հետո շատ արագ կողմնորոշվելով՝ պարզապես ընտրել էինք մեր բժշկին, և նրա հետ աշխատում ենք մինչ օրս։ Եթե սխալվեի՞նք։ Չէինք վախենա, և միմյանց աջակցության շնորհիվ կանեինք նաև հաջորդ քայլը։ Մեր կյանքում ամենակարևոր փուլն էր, և ոչնչի վրա չէինք կարող աչք փակել։

Վերջին ստուգումներից մեկի արդյունքն այնքան էլ լավը չէր։ Դա նկատելի էր հենց ստուգման ընթացքում՝ նայելով բժշկի հայացքին։ Պետք չէր լինել պրոֆեսիոնալ՝ լսելու համար երեխայի շարժումների հաճախակիության ձայնը։ Հաջորդ ստուգումն էլ իր հերթին եկավ լրացնելու այս արդյունքը․ «Եթե որոշեք բնական ճանապարհով ունենալ, մեկ է կարծում եմ, 99 %-ով մենք վերջում գնալու ենք վիրահատարան։ Բայց ոչ մի բան՝ ոչ Ձեր, ոչ երեխայի առողջության մասին չեմ կարող երաշխավորել։ Ձեր ընտրությունն է, իմ՝ մասնագիտական կարծիքը»։

Իսկապես, ծնվելու եղանակի մասին որոշումը պարզ էր անգամ ոչ մասնագիտական աչքով։ Մենք ռիսկի չգնացինք։

Այդ օրվանից սկսած՝ ես լսում էի ոչ դիտավորյալ պատմություններ հատկապես կեսարյան հատման մասին։ Ոմանք պատմում էին, որ դա ամենահեշտ տարբերակն է, իսկ ոմանք էլ՝ թե ինչպես չեն կարողացել ամիսներով խնամել իրենց բալիկին, ինչպես են տեսել մահն իրենց աչքերով, ինչպես մինչ այսօր ունեն ողնաշարի խնդիրներ՝ էպիդուրալ անզգայացման հետևանքով։

Ի դեպ, զարմանալիորեն, չնայած այս բոլոր հակասական պատմություններին՝ մայրությունը մեդիայով, շատ ազդեցիկ մարդկանց կողմից որպես օրինակ մեզ միշտ ներկայացվում է ինչպես հեքիաթային երևույթ, որից անհնար է հոգնել, որի նկատմամբ վախերն անբնական են։ Մամաները չեն հոգնում, մամաները չեն տխրում, մամաները ուժեղ են։ Հիշում ես այս խոսքերը, երբ արդեն որերորդ ամիսն է չես քնել, չես ունեցել ոչ մի չընդհատված գիշերային քուն։ Երբ կարծում ես՝ կյանքդ ավարտվել է, չունես քեզ համար ժամանակ, չես խնամում ինքդ քեզ։ Սա նույնպես մեդալի մի կողմն է միայն, և ծնողությունը ոչ միշտ ուժեղ ու առույգ կերպարն է, որը չունի վախեր, ոչ էլ իրավիճակին չտիրապետող, միշտ հոգնած ու տանջված կերպարը։ Իրականում ծնողությունն ընտրություն է և որոշում, և այս բոլորն է՝ միասին վերցրած։ Ծնողությունը հենց այն ուժն է, որը գալիս է՝ ընդդեմ վախի։ Անտեղյակության դեմ այն կիրառական բնազդն է, որն առավել է գիտելիքից, այն սերն է, որ առավել է ամեն ինչից։ Ծնողությունն առաջնահերթություն է, սակայն նաև չվնասելու մեծ վախ։ Ծնողությունը երևի հենց սկսվում է վախից՝ կորցնելու, չկարողանալու, սակայն նաև ի հակադրություն՝ ավարտվում է հաջողությամբ, անվախությամբ ու սիրով։ Ամենակարևորը՝ ծնողությունը փորձառություն է և կյանք։ Սակայն ո՞վ է խոսում սրա մասին։

10։37

Պլանավորված օրն առավոտյան մենք տեղում էինք։

Ես բժիշկիս ուղեկցությամբ անցնում էի վերջին ստուգումները՝ մինչ վիրահատությունը։ Վիրահատարանում հույզերը տեղի տվեցին, և էպիդուրալ անզգայացման նկատմամբ վախը հաղթեց։ Սկսեցի մտածել վատագույնը և լաց լինել։

-Ինչո՞ւ եք վախենում, Դուք ոչինչ չեք զգալու, հանգիստ եղեք։

-Բալես, չեն խաբում, դու մենակ լավ տրամադրվի, հուզմունքից քեզ ավելի վատ կզգաս։

-Ես էստեղ եմ, հիմա ամեն ինչ լավ կլինի-ասում է բժիշկս՝ բռնելով ձեռքս, այս բառերին զուգահեռ ես, ոչինչ իսկապես նախապես չզգալով, արդեն զգում եմ, թե ինչպես են ոտքերս անզգայանում։

-Գիտեք, ես արդեն ավարտեցի,- մի կերպ հայերեն բառերն ընտրելով ասում է ազգությամբ բելառուս անեսթեզիոլոգը։

Սկսվում է վիրահատությունը։ 15 րոպե վիրասեղանի վրա սպասումը մեծ է 38 շաբաթ և 6 օրվանից։

Ամեն վախ և ցավ իսկապես զրոյանում է երեխայի առաջին ճիչի հետ, դա ճշմարտություն է։ Երբ մոտեցնում են քեզ այդ անծանոթ, բայց շատ հարազատ մարդուն, չես հասկանում՝ ինչ է կատարվում քեզ հետ։ Չես հավատում, որ ամեն բան լավ է, ավարտվել է և հետևաբար՝ սկսվել։ Այդ պահը և՛ նրա ծնունդն է, և՛ քոնը։ 2024 թվականի հունիսի 3-ի առավոտյան 10։37 րոպեին ես ծնվեցի որպես մայրիկ։

Ծնվեց տղաս։ Ես, չկորցնելով իրավիճակի վերահսկողությունը, արցունքների միջից մի անգամ էլ ճշտեցի, թե հստակորեն որ ժամին լսվեց նրա ճիչը։ Բժշկական անձնակազմը երեխայի ծննդյան լուրը հայտնելը թողեց ինձ՝ համարելով լուրն անչափ ընտանեկան և անձնական։ Մայրապետը վերակենդանացման բաժանմունքում անմիջապես փոխանցեց հեռախոսը․ դու զանգիր ու ասա։

Ոչ ինձ հետ, բայց եղել է

Հիվանդանոցում գտնվելու ողջ ընթացքում ես չեմ հանդիպել վերևում պատմած այն վատ բժշկական անձնակազմին։ ՃԻշտ հակառակը․ շրջապատված եմ եղել հոգատարությամբ, որին, անկեղծ ասած, ինքս էլ չէի հավատում։ Երբ արդեն տղայիս հետ նույն հիվանդասենյակում էինք, և դեռ իրար այնքան էլ լավ չէինք ճանաչում, ստիպված էինք լինում գիշերը կանչել բուժքույրերին՝ միասին երեխայի լացը հանգստացնելու համար։ Գուցե տե՞ղ է ցավում։

Հոգատար բժշկական անձնակազմը ոչ մի րոպե թույլ չի տվել զգալ մենակ ու անօգնական։ Ամենատպավորիչը, երբ քեզ բուժող բժիշկը արդեն շատ ավելի ուշ՝ դուրսգրումից օրեր անց ներողություն է խնդրում քեզնից, որ չի հասցնում ավելի հաճախ զանգ տալ քեզ։

Եվ սա ոչ թե ֆիլմային իրականություն է, այլ զուտ պարզ, մասնագիտական հոգատարություն, որն, ի դեպ, նորմալ է և բնական տվյալ ոլորտում։ Սա այն չէ, որի համար կարելի է մարդուն գովել, սակայն այն է, որի համար կարելի է հարգել և վերադառնալ նրա մասնագիտական կարծիքը հարցնելու հաջորդիվ։

Սակայն սա միակ իրականությունը չէ։

Ես գիտեմ, որ այդ ջերմությունը ոչ բոլորին է բաժին հասել, որ գոյություն ունի այլ իրականություն։ Ես ուրախ եմ, որ անձամբ չեմ առերեսվել գոյություն ունեցող սարսափելի փորձին, սակայն իմ պատմությունը միայն մեկն է միլիոնավորներից, և չի բացառում նաև մյուս պատմությունների իրական լինելը։ Գիտեմ, որ եղել են գիշերային լռության մեջ լացող նորածիններ և նրանց հետ միայնակ, անօգնական մայրեր, որոնց կանչն անտեսվել է։ Գիտեմ, որ կան կանայք, ում ողնաշարի ցավերը չեն անցել՝ անգամ տարիներ անց։ Կան կանայք, ովքեր արժանացել են կոպիտ վերաբերմունքի և ֆիզիկական բռնության բժշկական անձնակազմի կողմից՝ այդ պահին չկասկածելով անգամ, որ դա բռնություն էր։ Կան կանայք, որ ամոթ են ապրել բժշկի առաջ և ստացել պատասխան, որ փոքր գանգատներից կարիք չկա բողոքելու, որ մեղավոր են զգացել իրենց՝ ստեղծված իրավիճակի, իրենց կարգավիճակի կամ տեսքի համար։ Գիտեմ, որ կան կանայք, ում անձնական թերթիկներում կան գրություններ՝ «չեմ վստահում գանգատներին»։ Գիտեմ, որ եղել են մասնագիտական բռնության դրվագներ, որոնք կյանքեր են արժեցել՝ ծնված և դեռ չծնված։

Եվ եթե ինձ հետ կատարված այս ողջ պատմության մեջ գոյություն չունեն մանկաբարձական բռնության դրվագներ, դա չի ժխտում այս պատմությունների իսկությունը։ Այո, նման պատմություններ եղել են, ոչ ինձ հետ, բայց եղել են և կան։ Դրանք զուգահեռաբար կատարվել են այլ մարդկանց կյանքում, գուցե կյանքի լավագույն, գուցե վատագույն օրերին՝ անպայմանորեն իրենց անջնջելի հետքը թողնելով։

Սենյակի կիսամութի ու լռության մեջ լսվում է 6 ամսական Ռոբերտի ծիծաղը՝ քնի մեջ։ Գուցե հենց այս տարիքից են սկսում ձևավորվել մարդիկ որպես փրկիչ, բռնարար կամ զոհ։ Միտքս ընդհատվում է և գնում այլ ուղղությամբ։ Կյանքում կան պահեր, որոնք անվերահսկելի են, և կան պահեր, որոնք, ամեն դեպքում, ընտրություն են։

Ս․ Բ. «Մի օր ես կունենամ երեխաներ, բայց այլ մոլորակում կամ հաջորդ կյանքում…»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Ս. Բ.

 

ՄԻ ՕՐ ԵՍ ԿՈՒՆԵՆԱՄ ԵՐԵԽԱՆԵՐ, ԲԱՅՑ ԱՅԼ ՄՈԼՈՐԱԿՈւՄ ԿԱՄ ՀԱՋՈՐԴ ԿՅԱՆՔՈւՄ…

(հիմնված է իրական փաստերի վրա)

Տղաս ծնվեց 2013  թվականին: Օձի տարի էր:

Երբ ցավերս բռնեցին, գիշեր էր: Մի քիչ  համբերեցի մինչև լուսադեմ, հետո ամուսինս տարավ ինձ հիվանդանոց: Այդ թվերին ինտերնետն այսքան տարածված չէր, բլոգերներ չկային, հետաքրքիր տեղեկատվություն արժանապատիվ մայրության և ընդհանրապես ծննդաբերության մասին քիչ էր: Դե, իհարկե, դպրոցում դրա մասին խոսելն ամոթ  է, տանն էլ՝ տաբու: Մայրս երբեք չի խոսել դժվարությունների ու հնարավոր խնդիրների մասին: Տպավորություն էր, որ ամեն ինչ այնքա՜ն պարզ է, որքան բազմապատկման աղյուսյակը, դեռ մի բան էլ աղյուսյակն ավելի դժվար է /արդարության համար նշեմ, որ տղաս այն շատ դժվարությամբ սովորեց, գրեթե 3 տարի/:

Մի խոսքով ես գնում էի հիվանդանոց ընդհանուր ֆիլմային պատկերացումներով:

Ինձ առանձին պալատ տվեցին, ասացին, որ երկար կտևի, առաջնածիններինը միշտ այդպես է լինում, ու գնացին: Բժիշկս լավ կին էր, մեր քաղաքի լավագույն մանկաբարձը, ցավոք, նա օրեր առաջ ոտքը կոտրել էր ու չգիտեի՝ կկարողանար գալ, թե ոչ: Մնացի մեն-մենակ: Դատավճիռը տրված էր՝ երեկոյան 5-ից շուտ չի ծնվի, սակայն դեռ առավոտյան 8-ն էր: Ցավերս ուժեղացան, իսկ քույրերն ուղղակի երբեմն-երբեմն գնում ու գալիս էին՝ ասելով, որ ավելի վատ էլ է լինում: Զգացողություններս խառնվել էին, չէի նկատում շուրջս ոչ ոքի, ուզում էի արագ ավարտվեր այս մահացու ցավը, սակայն…Արդեն ժամը 11-ին ամեն ինչ ահագնացավ: Ի երջանկություն ինձ՝ եկավ բժիշկս: Անվասայլակով էր, բայց դա արդեն հուսադրող էր: Նայեց ու զարմացած ասաց՝ կարծես թե շուտ կծնվի: Ինձ տարան ծննդաբերական պալատ: Քույրը պտտվում էր հետևիցս, ուղղում խալաթս, որն ամեն անգամ անտանելի ցավի նոպայից հետո խառնաշփոթ վիճակում էր հայտվում, կարծես թե ամոթ էր, որ ծննդաբերող կինն իրեն ազատ զգար…Ես քրտնաթաթախ ու գզգզված սկսեցի աղաչել, որ ինձ կեսարյան հատում անեն: Պատասխանը մեկն էր՝ ոչ, քո ուժերով կունենաս: Խնդրեցի գոնե ցավազրկել /այդ ժամաննակ էպիդուրալ ցավազրկում մեր գավառական հիվանդանոցում դեռ չէին անում, վախենում էին…/ սովորական ցավազրկողներ սրսկեցին ու վերջ: Ամեն ինչ մնաց նույնը: Դե չեմ մեղադրում, քույրերն ի՞նչ կարող էին անել: Եկավ ժամը 12:30-ը: Բժիշկս ասաց, որ արդեն երեխայի ծնվելու պահ է մոտենում, գլուխը երևում է: Ինձ պառկեցրին ու խնդրեցին կանոնավոր ուժ գործադրել ու շնչել: Ուղիղ ժամը 13:00-ին ծնվեց նա: 4կգ: Ես չունի ոչ մի խնդիր, ոչ մի պատռվածք, բժիշկներն ուղղակի զարմացած էին:

Խնդրեցի ցույց տալ տղայիս աչքերը: Մտածում էի՝ կանաչ կամ կապույտ կլինեն: Փոքրիկս նայեց ինձ իր զարմացած ու լուռ աչքերով /ֆիլմերում ցուցադրվող լացի ձայն չեմ լսել/, աչքերը դարչնագույն էին… ու այդ հայացքն ընդմիշտ տպավորվեց հիշողությանս մեջ՝ որպես ինձ երջանկություն պարգևած լավագույն պահ…

Ինձ տարան պալատ: Քանի որ աշխատում էին հայտնի հիմնարկությունում ու որոշակի ճանաչում ունեի, ինձ տարան լոգասենյակ, ու քույրն անձամբ ինձ լողացրեց /պալատներում լոգարանի հնարավորություն չկար, դրանք ընդհանուր էին՝ միջանցքի վերջում/: Ես ինձ շատ լավ էի զգում: Հետո իմացա, որ միայն ինձ են լողացրել ու այն էլ ամեն օր, մյուս ծննդաբերողները նույնիսկ չեն էլ իմացել, որ լոգասենյակներ կան, ու կնոջը պետք է լոգանքի հնարավորություն տալ: Կանայք այդպես մնացել են հիվանանոցում մեկ, երկու, երեք, չորս օր…Ինչևէ, շնորհակալ եմ:

Հետո եկավ ամենադաժան պահը: Ես կաթ չունեի, այդպես ասացին: Պետք էր բացել կրծքերս, այդպես ասացին: Օրվա հերթապահ քույրն ասաց, որ պետք է կրծքերս սեղմեն, որ կաթնածորանները բացվեն. շատ են եղել այդպիսի դեպքեր: Մայրս ասաց, որ, միգուցե, պետք է փորձել:  Եկավ հերթապահն ու սկսեց սեղմել կրծքերս: Ցավն անպատմելի էր, զգում էի, որ ամբողջ մարմինս հիմա կպոկի ու կտանի: Կաթը չեկավ…Ինձ պահեցին հիվանդանոցում 8 օր՝ սպասելով, որ կաթը կգա, կամ էլ ես կսովորեմ կերակրել փոքրիկի ճիշտ: Բայց այդպես էլ ոչ ոք չասաց՝ այդ ճիշտը որն է:

Հիվանդանոցից դուրս գրվելու վերջին օրն եկավ նյարդաբանը: Պետք է զններ փոքրիկիս, ով հեմատոմա ուներ գլխին, ինձ ասացին՝ այդպես է ծնվել: Նյարդաբանը՝ մի հարգված ու ճանաչված բազմավաստակ բժիշկ նայեց, նայեց ու ասաց՝ հազիվ մի հատ սիրուն տղա է ծնվել, այն էլ՝ խնդիրներով: Ասաց ու գնաց: Ես մնացի շվարած: Տղաս, իրոք, շատ գեղեցիկ նորածին էր: Բժիշկս ասաց՝ հեմատոման ինքն իրեն կանցնի:

Մենք դուրս գրվեցիք: Ինձ սովորական տուն տարան: Ամուսինս հարկ չհամարեց տոնական դարձնել այդ օրն ինձ համար: Դե բոլորն էլ ունենում են երեխաներ…

Հաջորդ օրն եկավ սկեսուրս ու սկսեց մուննաթ  գալ, թե ինչու ծննդաբերության օրն ինձ նորմալ չեմ պահել, իրեն ծանոթ քույրն ասել է, որ շատ եմ անիմաստ գոռգոռացել, իբր թե ի՞նչ, ի՞նչ կարիք կար այդքան գոռալու, հո առաջինն ու վերջինը չե՞մ: Այ ինքն իր առաջնեկին 3 օր ցավ քաշելուց հետո է ունեցել ու ոչ մի ձայն…

Սկսվեց մի նոր ծանր փուլ…

Տղաս այդպես էլ իմ կաթից չէր կշտանում, բայց ոչ ոք այդ մասին չէր հասկանում ու…20 օր հետո մենք պառկեցինք հիվանադանոց…որդիս քաշ էր գցել…շա՜տ: Այս անգամ Երևանում էինք, ու ինձ անմիջապես արհեստական կաթ նշանակեցին: Տղաս 20 օր մնացել էր սոված, ես էլ զարմանում էի, թե ինչու է անդադար քնում…Փաստորեն կրծքիս կաթը քաշելուց ու չկշտանալուց հոգնել է ու սոված քնել…

Արդեն երևանյան հիվանդանոցում ասացին, որ տղայիս գլխի հեմատոման ծննդաբերության ժամանակ է առաջացել, քաշել են գլուխը: Ու նաև ասացին, որ եթե շուտ չմիջամտեն ու չքաշեն հեմատոմայի ներսում հավաքված հեղուկը, այն կկարծրանա ու կմնա գլուխն այդպես ընդմիշտ…

Դուրս գրվեցինք:

1 տարի անց կրծքերս սկսեցին ցավել: Մի քանի օր դիմանալուց հետո ամենավատի կասկածով դիմեցի հիվանդանոց: Պարզվեց՝ կրծքերս հիվանդանոցում սեղմելու արդյունքում մաստոպատիաներ են առաջացել: Մի բժիշկ ասաց՝ կերակրեիր՝ այսպես չէր լինի: Մեկն ասաց՝ պետք է նորից երեխա ունենաս, մեկն ասաց՝ պետք է վիրահատվես, մյուսը՝ դեղորայքով կբուժվես: Դիմեցի ամուսնուս ծանոթ բժշկին Գերմանիայում: Կտրականապես արգելեց դեղորայք օգտագործելն, ասաց՝ դա նյարդային հիմք էլ ունի: Ինձ 100000 դրամի դեղ էին նշանակել, այդպես էլ չխմեցի:

Այդ ժամանակ ես 25 տարեկան էի: Հիմա՝ 35: Մաստոպատիաներն իրենց տեղում են: Ժամանակ առ ժամանակ մեծանում կամ փոքրանում են՝ կախված՝ որքան նյարդային կլինեմ այդ ամիս: Չվիրահատվեցի, դեղեր չխմեց, իսկ ինձ դեղեր նշանակած բժիշկը մինչ օրս գիտի՝ իր բուժումից հետո են փոքրացել կրծքիս գնդիկները:

Երկրորդ երեխա չունեմ: Երևի չունենամ: Մարդիկ ծիծաղում են, երբ ասում եմ՝ վախենում եմ հղիանալուց ու ծննդաբերելուց:

Բա մեկ երեխան ու՞մ է պետք, կփոշմանես, ջահել ես, երեխեդ մեղքա: Բայց ես իսկապես վախենում եմ, հետծննդաբերական սթրեսը չեմ հաղթահարել անգամ 11 տարի անց: Երբ հղի կին եմ տեսնում, մի տեսակ նյարդային եմ դառնում, չգիտեմ…Բայց գինեկոլոգս որոշել է ինձ անպայման հղիացնել, որովհետև ջահել աղջիկ եմ ու պետք է երեխա ունենամ…հետո ուշ կլինի:

Ես աշխատում եմ, ունեմ պաշտոն: Պայքարում եմ գենդերային անհավասարության դեմ իմ համայնքում: Երբ իմ կին ընկերներն ուզում են ծննդաբերությունից հետո շուտ վերադառնալ աշխատանքի, փորձում եմ ոգևորել նրանց, օգնել: Առաջին նախադասությունը, որ լսում են նրանք վերադասից, այն է՝ մնա տանը երեխուդ մեծացրու, ինչու՞ ես շուտ գալիս: Սրան հաջորդում են՝ ձեր երեխաներն անընդհատ հիվանդանում են, եթե պահող չունեիք՝ չգայիք աշխատանքի: Դե տանն էլ ամեն ինչ նրանց վրա է, պետք է ամեն ինչ հասցնել: Տնեցիներն ասում են՝ ուզում էիր շուտ գնալ գործի՝ չգիտե՞իր գլխիդ գալիքը: Հասցրու՛, հասցրու՛, զարմացրու՛, մի՛ հոգնիր, տանն էլ, աշխատավայրում էլ փայլի՛ր, անընդհատ ապացուցի՛ր, որ կարող ես լավ աշխատել, ձգտի՛ր հավասարության…ու այսպես անվերջ…

Երևի մի օր ես կունենամ երեխաներ, բայց այլ մոլորակում կամ հաջորդ կյանքում:

Լիանա Ասատարյան․ «Արժանապատիվ մայրություն» նկարազարդում

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

***

Հեղինակ՝ Լիանա Ասատրյան

Ֆլորա Գևորգյան․ «Յատրոֆոբիա կամ դարի մեծագույն խնդիր»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Ֆլորա Գևորգյան

 

ՅԱՏՐՈՖՈԲԻԱ ԿԱՄ ԴԱՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

<Մանկաբարձական բռնություն>> տերմինը ցավոք սրտի դեռևս լայն տարածում չի գտել մեր երկրում՝ ՀՀ-ում, այնինչ այս խնդրին բախվում է հայ բնակչության մեծ մասը։ Այս խնդիրը ինքնին բազմաշերտ է և դրսևորվում է մի շարք ձևերով։ Այն լինում է ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և այլն։ Բռնության այս տեսակը հանդիպում է հղիության, ծննդաբերական և հետծննդաբերական շրջանում։ Բոլորիս քաջ հայտնի է, որ հղիությունը շատ բարդ, էմոցիոնալ շրջան է կնոջ կյանքում։

Ես Ֆլորա Գևորգյանն եմ, 19 տարեկան և գտնվում եմ այժմ հղիության 5-րդ ամսում։ Ես նույնպես բացառություն չեմ կազմում և ինձ համար էլ շատ բարդ շրջան է սա։ Ես ինքս բախվել եմ բռնության այս տեսակին, սակայն հոգեբանական տեսանկյունից։ Հղիության սկզբնական շրջանում հաշվառվելով ոչ ճիշտ մասնագիտական գիտելիքներ ունեցող բուժհաստատությունում կանգնեցի այն խնդրի առաջ, որ թեկուզ վճարովի ձևով, բայց պետք է փոփոխեմ հաշվառման վայրը(դա իմ անձնական ցանկությունն էր)։

Ստանալով ոչ պատշաճ ու անհարգալից վերաբերմունք տեղի բժիշկների կողմից, միևնույնն է դուրս եկա հաշվառումից և գրանցվեցի այնտեղ՝ որտեղ կարևորություն են տալիս հղիի առողջական վիճակին։ Ինձ համար շատ տարօրինակ էր և շատ բացասաբար ազդեց նման վերաբերմունքը ու ես դա վերագրեցի որպես հոգեբանական բռնություն։

Հղիության ընթացքում ունեցած իմ սթրեսային վիճակը, բժիշկների կողմից ստացած նման անհարգալից վերաբերմունքը հանգեցրեց նրան, որ մեկուսացվեցի հասարակությունից և դարձա ինքնամփոփ։ Ինձ համար շատ ցավալի է, որ դեռևս 21-րդ դարում մենք հանդիպում ենք նման <<ձեռքբերովի խնդիրների>>։

Չնայած մի շարք աղբյուրներ փաստում են առ այն, որ այս տեսակ բռնությունը գործում է դեռ շատ վաղ ժամանակներից։ Նամանավանդ բռնության ժամանակ հաշվի է առնվել ազգային պատկանելիությունը։ Սա իսկապես ցավալի է, քանզի ես մեկն եմ այն մնացած կանանցից, ովքեր ցանկանում են վերջ դնել բռնության ընթացքին և շարունակական լինելուն։ Ինձ մոտ դրսևորված վախը հղիության ընթացքի, ծննդաբերական և հետծննդաբերական շրջանի նկատմամբ դեռևս արմատավորվում է և հանգեցնում սթրեսային վիճակի։

Ես ցանկանում եմ, որպեսզի վերանայվի բուժհաստատություններում պացիենտների և հատկապես հղիներին հասանելիք մարդկային  վերաբերմունքն ու բուժօգնությունը։ Դա անասելի կարևոր դեր ունի հղիության շրջանում գտնվող կանանց համար։ Բռնությունը լուրջ հետևանքներ կարող է թողնել ոչ միայն հղիի այլ նաև նորածնի վրա։

Ես խոսեցի հոգեբանական բռնությունից, սակայն կան բազմաթիվ այլ տեսակներ։ Դրանցից են ոչ ճիշտ դեղորայքների նշանակումը, ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով բուժօգնություն չստանալը և այլն։

Խնդրի մասին չբարձրաձայնելով մենք միայն խթանում ենք դրա էլ ավելի տարածմանն, ընդլայնմանն ու կատարելագործմանը։

Սևակ Վարդումյան․ «Պատուհանագոգ»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Սևակ Վարդումյան

 

ՊԱՏՈՒՀԱՆԱԳՈԳ

«Հըն, տղա՞ ես, գլո՞ւխ բերիր»,- հարցրեց մարագից դուրս եկած և ուսերը թոթվելով ընդառաջ քայլող զարմիկին, որին տարել էր աչքերը բացելու։ Տարիքային տարբերությունը մեծ չէր՝ տասը տարի։ Քույրն իրեն էր մեծացրել, ինքն էլ, երախտագիտության ու պարտքի զգացումով, ձեռքը դրել նրա որդու գլխին, որ դպրոցական արձակուրդներին ու ազատ օրերին քեռու հետ սարուձոր էր անում։

Մի քանի ամսից լրանալու էր Նարեկի 18 տարեկանը։ Բանակի անուն լսելուն պես՝ թուլանում էին բժշկուհի մոր և պաշտոնավոր հոր սրտերը։ Տղան լսել անգամ չէր ուզում երկիրը լքելու մասին, այն էլ՝ զարտուղի ճանապարհով։

Գնալո՛ւ եմ, ինձ փախցնել չե՛ք կարողանալու։ Ես պետք ա տղամարդ դառնա՞մ, թե՞ չէ,- արյուն լցված աչքերը կլորացնելով՝ համարյա թե բղավեց մոր վրա։

– Բալես, ես քո լավի համար եմ ասում։

– Իմ լավի համար դու գնա ծնունդներդ ընդունի, որ առողջ էրեխեք ծնվեն, ազգը բազմանա։

– Բա ուզում եմ՝ դու էլ իմ օջախը բազմացնես, տղե՜ս։

– Տղամարդ չդարձած՝ ի՞նչ բազմացնեմ։

– Կդառնաս տղամարդ ու հենց էսօր,- կողքից միջամտեց Արթուրն ու քրոջ որդուն առաջն արած՝ տնից դուրս եկան։

Սահակի Մարոն ամուսնուց բաժանվել էր 22 տարեկանում։ Ավելի շուտ՝ չէր բաժանվել, դուրս էին գցել. չբեր էր։ Մայրը մահացել էր նրան լույս աշխարհ բերելիս։ Հայրը դստերն ամուսնացրել էր անչափահաս տարիքում՝ 17-ում, որ խեղճուկրակն ազատվի-գնա խորթ մոր՝ օրուարև չտվող բնավորությունից, կեղտոտ բերանից…

Ամուսնալուծվելուց մի տարի անց էլ հայրն էր մահացել, ինքը բռնել գյուղի անկնիկ մնացած տղամարդկանց «խաթրը չկոտրելու» ճամփեն։ Անմարդ աղջիկ էր՝ ջահել, գեղեցիկ, նաև՝ ապրել էր պետք։

«Ես ամեն ինչ ասել եմ, ջահե՛լ, մտի, ու էդ խոտերը դես-դեն արեք»,- քրոջ որդուն մարտի մղելով՝ Արթուրը վառեց ծխախոտն ու նստեց մոտակա կիսաքանդ շինության՝ արևից ջերմացած քարին:

Մերկ կնոջ բարեմասնություններին անծանոթ Նարեկը կարմրել էր, չգիտեր ինչ անել, ինչից սկսել, ուր հասնել… Բարևից հետո թուքը կուլ տվեց, հայացքը փախցրեց դեղնադարչնագույն խոտերի մեջ ու մոռացավ՝ ո՞ւր է եկել:

– Մի՛ ամաչի, մոտ արի, կապո՛ւյտ աչքերով հերոս,- ասաց Մարոն։

– Չեմ ամաչում,- հաստատակամ վրա բերեց Նարեկն ու փամփուշտի պես նետվեց 25-ամյա կնոջ գիրկը:

Գիշերը քունը չէր տանում: Նարեկի մտքին միայն «կապույտ աչքերով հերոս» խոսքերն էին: Իր լսածով՝ հերոս դառնում էին միայն պատերազմի ժամանակ:

Լույսը հազիվ էր բացվել, երբ հապշտապ հագավ շորերն ու ուղղություն բռնեց դեպի անառականոց՝ մարագ: Մտածում էր՝ Մարոյին կտեսնի բակում ու կասի՝ հերոսդ եկել է: Արթուրը նկատել էր զարմիկի շտապ դուրս գալը, հետևել նրան, հասկացել եղելությունը: Մարոյին զանգել էր ու ասել՝ քրոջ որդու սիրտը չկոտրի հանկարծ: Այդ օրը խոտերն ավելի շատ էին իրար եկել, մարագի դուռն էլ բացվել առանձնանալուց ավելի ուշ:

***
«Բժշկուհու հետ խոսել չի լինում, աչքունքը չի բացվում»,- քչփչում էին մարզկենտրոնի բժշկական կենտրոնի բուժքույրերը: Առավոտը նրա սեղանին դառը սուրճ էին դնում, բարևում և լուռ հեռանում: Ճերմակ խալաթի տակ էլ ավելի էր ընդգծվում սև հագուստը: Որդուց լուր չուներ, ասում էին՝ անհետ կորած է: Պատերազմից անցել էր 2 ամիս, ում դուռն ասես չէին գնացել, անձնական կապերով հարցուփորձ արել նաև հակառակորդ երկրի բանտերում, Նարեկը չկար նաև ռազմագերիների ցուցակում:

Զգուշավոր թակոցից հետո բուժքույրերից մեկը ներս մտավ. «Ծննդկան ունենք, բժշկուհի՛, ցավերը բռնած՝ եկել է: Ասում է՝ ձեր համագյուղացին է»:

Չշտապելով վեր կացավ տեղից, ուսերին գցեց խալաթն ու «ա՜խ, Աստված» անելով առաջ գնաց:

Ծնարանում Մարոն էր՝ անօգնական ու խեղճ: Հիվանդանոց հասցրել էր համագյուղացի «հերոսներից» մեկը: Հղիության ամբողջ ընթացքում հիվանդանոց չէր գնացել. նախ ուշ էր հասկացել, որ կրծքի տակ բաբախող մեկ այլ սիրտ կա, հետո՝ խուսափում էր ավելորդ հարցերից ու հայացքներից:

Հղիության մասին էլ հարևան Սոնան էր գլխի գցել: Գյուղական ամբուլատորիայի բուժքույրը նաև ասել էր, որ հանկարծ մտքով չանցկացնի պտղին հեռացնել. «Մեծ ա երևում, աղջի՜, հա՛մ քեզ կսպանես, հա՛մ՝ իրան»,- սաստել էր հարևանուհին:

– Բժշկուհի, օգնեք, չեմ դիմանում,- հեկեկաց Մարոն։

– Քեզ զուսպ պահելուն ու քարշ գալուն էլ չէի՞ր դիմանում,- վրա բերեց բժշկուհին:

– Հա բայց էս էրեխեն ձեզ համար…

– Ինձ համար մի էրեխա կա, իմ բալեն ա… Իմ հերոս բալեն գնաց-կորավ, որ քո պեսները բջերով լցնեն երկիրը,- Մարոյի փորն ուժգին սեղմելով՝ նրա դեմքին շպրտեց մանկաբարձը:

– Վա՜խ, ցավում ա, կամա՜ց, բժշկուհի՛, վա՜խ էդպես մի՛ սեղմի, վա՜խ…

– Ձե՛նդ, կամա՛ց, բջբե՛ր։

Աշխարհից չարացած կինն անդրդրվելի էր: Սրտում որդու մրմուռն էր, որի ճակատագրի համար անիծում էր ում պատահեր: Հատկապես տղա ունեցող ծննդկաններին տանել չէր կարողանում: Կարծում էր՝ բոլորն իր որդու փոխարեն են ապրում:

«Նշտարը էս կողմ տուր, սա ինքն իրենով էրեխա բերող չի»: Թեև բժշկուհու սաստող հայացքին ու խոսքին ընդդիմանալն անկարելի էր, բայց ավագ բուժքույրը համարձակվեց. «Ջահել էրեխա ա, ինչի՞ եք ուզում ճղճղատել: Թող երկար ցավ քաշի, ոչինչ, բայց ինքն իրենով ունենա»:
Սաստող հայացքն ավելի սաստկացրեց բուժքրոջ վրա ու ինքն անձամբ ձեռքը տարավ նշտարին:

«Ի՜նչ էլ համով բալիկ ա»,- երեխային ձեռքն առնելով՝ նրա հետ հեռացավ ծնարանից։ Պորտալարը կտրեց, մաքրեց, ինչ-որ բան ցանկացավ խոսել անբառ արարածի հետ, բայց հիշելով իր մինուճարի դարդը՝ շտապով դուրս եկավ վիրակապարանից ու գնաց աշխատասենյակ։

Մինչև դուրս գալը խիղճը նորից արթնացավ, որոշեց տեսակցել կապուտաչյա նորածնին, որ անհասկանալիորեն կանչում էր իրեն։ «Հըն, կաթ տվե՞լ ես, թե՞ որոշել ես էս էրեխու կյանքն էլ քոնինի պես խորտակել»,- նետեց Մարոյի ուղղությամբ։ Աղջիկը մատով ցույց տվեց հիվանդասենյակի մեկ այլ մահճակալին պառկած կնոջը։ Վերջինս արձագանքեց աչքերի տակով հայացքն իրեն ուղղած ճերմակխալաթավորին.

«Կաթ չունի, վիճակն էլ վատանում է ամեն րոպե, արնահոսում է»։

Ասես լսածը չընկալելով կամ չընկալելու տալով՝ մոտեցավ կողովի մեջ հանգիստ քնած մանչուկին, ցանկացավ գրկել, բայց հետ-հետ քայլելով՝ դուրս եկավ հիվանդասենյակից։

Մտքին անդադար փոքրիկն էր, որին գրկելիս անսովոր խտուտ էր զգացել։ Սիրտն ասես մի պահ տեղից դուրս էր թռել, հետո մի ուրիշ՝ մայրական գորովանքով վերադարձել, ընկել տեղը։ Գիշերվա մի ժամի, երբ աչքը հազիվհազ կպել էր, սարսափահար ճիչով՝ «Նարե՜կս, Նարե՛կս» գոռալով՝ արթնացավ։

– Արթնացի՛ր, շո՛ւտ արա։ Քեզ հետ եմ, վե՛ր կաց ։

– Աղջի, հո գիշերվա երա՞զ չես, ի՞նչ ա պատահել։

– Վե՛ր կաց, հագնվիր՝ կիմանաս։ Նարեկս…

– Նարեկը ի՞նչ. նորություն կա՞ մեր էրեխուց, աղջի՞…

– Երազ եկավ, ասաց. «Մա՛մ, եկել եմ, գիրկդ առ ու էլ երբեք չփնտրես ինձ»։

Հիվանդանոցի բակ հասան, երբ շտապօգնության մեքենաներից մեկը, ազդանշանը միացրած, արագ սլանում էր։ Չհասցրեց հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ո՞ւմ և ո՞ւր են տեղափոխում։ Վազելով ու հևիհև հիվանդասենյակ մտավ։

– Մարոն ո՞ւր ա,- ձենը գցեց սենյակով մեկ։

– Հենց նոր մայրաքաղաք տեղափոխեցին, բայց ասացին՝ հույս չկա, թե կապրի։ Շատ էր արնահոսել,- մեղադրական հայացքով ու շրթունքներն ատամներով կծմծելով՝ դեմքին նայեց ծննդկաններից մեկը։

– Բա երեխան որտե՞ղ ա, ո՞ւմ մոտ,- հեծկլտալով սկսեց ման գալ։

– Էնտեղ՝ պատուհանագոգին, զամբյուղի մեջ։ Մինչև շտապօգնության գալը Մարոն ուժ գտավ, վեր կացավ, ամուր գրկեց էրեխուն ու հազիվ լսվող ձայնով ասաց. «Կապույտ աչքերով իմ հերո՛ս, Նարե՜կ»։

– Նարե՞կ,- մի աչքին ժպիտ, մյուսին լաց՝ մոտեցավ պատուհանին, նորածնին առավ գիրկն ու շշուկով և հազիվհազ գծագրվող ժպիտով շարունակեց մրմնջալ,- Նարե՜կ, իմ Նա՜ր… Իմ կապուտաչյա՛ հերոս։

Մարինա Գևորգյան. «Արժանապատիվ մայրություն․ պայքար՝ հանուն․․․»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ:

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Մարինա Գևորգյան

 

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՅՐՈւԹՅՈւՆ. ՊԱՅՔԱՐ՝ ՀԱՆՈՒՆ…

(պատմվածք)

Հիվանդասենյակի պատուհանից մի կտոր երկինք էր երեւում։ Մի ճերմակ ամպի քուլա ասես մնացել էր նույն տեղում ու չէր ուզում հեռանալ…
Աստղիկը նոր էր կերակրել նորածնին ու տեղավորել օրորոցում։ Թիկնել էր բարձին ու փորձում էր հանգստանալ անքուն, տանջալից գիշերվանից հետո։

Վերջապես երազանքը կատարվեց, երազանք, որին սպասել էր 15 երկար ու ձիգ տարի… Սակայն չէր կարողանում լիաթոք ուրախանալ, սրտի մի անկյունում չսպիացող վերքի պես արթնացել ու մխում էր ցավը…

Աշնանային այսպիսի օր էր, երբ առաջին հղիության վերջին շաբաթներն էր անցկացնում լեռնային գյուղի իրենց տանը։ Տուն, որ այդպես էլ իրենը չդարձավ, ոչ մի օր չզգաց այդ տան տաքուկ գոյությունը, չեղավ իր ապահով անկյունը, ընտանիքը, որի մասին երազներ էր տեսնում մանկատանն անցկացրած 18 տարիներին… Իսկ այժմ 8 ամիս եւ ավելի ամեն օր լսում էր հարեւան ու բարեկամ կանանց հորդորներն ու հեգնանքը, երբ վատ էր զգում, ծանր տաշտով լի լվացքը մի կերպ քարշ էր տալիս տնից բակ եւ փռում պարաններին, ավլում գոմն ու բակը։

– Մենք որ արել ենք, հո չենք մաշվել, հղի ես , խոմ հիվանդ չես,- սա էր հիմնական թեւավոր միտքը, որ պիտի ականջին օղ աներ ու մոռանար հանգստի, սեփական մարմնի հանդեպ հոգատարության ու խնամքի մասին կենցաղի ամենակուլ հարահոսում։

Միակ փրկօղակը մայրաքաղաքից երբեմն իրեն հյուր եկող ընկերուհին էր, որ տարբեր բժշկական ամսագրեր ու գրքույկներ էր բերում, որպեսզի կարդար եւ հնարավորինս, ինչպես ասում էր, «տեղեկացված ու պատրաստ լիներ մայրության պատասխանատու գործին»։

Տան մեծ մայրն ու սկեսուրը սակայն խեթ հայացքով էին նայում ու ատամների արանքից նետում, որ էդ թղթերից օգուտ չիք, ցավը պիտի քաշի, երեխուն ծնի, « իրենք որ ժուռնալ ու թերթ չեն սերտել, ի՞նչ է, պակա՞ս երեխա են ունեցել»։

Գյուղը հիվանդանոց չուներ, անհրաժեշտության դեպքում տաքսիով պիտի հասնեին մարզկենտրոն։

Հերթական այցին բժշկուհին ասաց, որ ամեն ինչ լավ է, միայն թե ապահովության համար պետք է նաեւ ներզննում անել։

Քանի որ բժշկին վստահում էր, կարծեց՝ այդ ամենն օրինաչափ է, եւ հետեւեց բուժքրոջը։

Բժշկական աթոռին պառկած՝ լսում էր բժշկուհու ճառը առողջ բալիկի, մայր լինելու պատասխանատվության եւ իհարկե ծննդալուծման ցավերին դիմանալու ուժի մասին , սակայն տհաճության զգացումը չէր թողնում կենտրոնանալ։

Երբ ստուգումն ավարտեց, ասաց.

– Ազիզ ջան , որ ինձ լսես, ոչ էլ տուն կգնաս, երկու մատ է արդեն, զանգի, թող շորերդ բերեն։ Որ շատ ուզենանք, էսօր կունենաս։

– Բայց ո՞նց էդպես, ախր… ես պատրաստ չեմ…,- կմկմաց։

– Սրա պատրաստը ո՞րս է, – իբր զարմացավ բժշկուհին, – ցավ է, էլի, կքաշես մի քանի ժամ, ազիզ ջան, բայց երեխուդ կգրկես տուն կեթաս , ես էլ հանգիստ խղճով՝ արձակուրդ, բա։

Աստղիկն իջավ աթոռից, հագուստն ուղղեց ու դուրս եկավ սենյակից, դռան մոտ ընկերուհին էր սպասում։

– Հը՞, տեսքդ էս ինչ է, ոնց որ ազգային ժողովի գաղտնի նիստից դուրս եկած լինես, ի՞նչ մի չլսված բան ես իմացել, Աստղս։

– Մինա, բժշկուհին ասում է, որ մերոնց զանգենք ՝շորերս բերեն, ասում է՝ եթե ուզենք, էսօր կծնվի երեխան։

– Վայ, ոնց, էդ մեր ուզելո՞վ է, այ քեզ բա՜ն։

– Ախր ես կարդացել եմ, որ ծննդաբերության օրը կինը կծկանքներ է ունենում որոշակի հաճախականությամբ, այլ նշաններ էլ, բայց ես ինձ լավ եմ զգում, թեեւ ներզննումից հետո մի տեսակ սիրտս խառնում է , գիտես։

– Ջուր խմիր, վերցրու,- շիշը պարզեց Աստղիկին, – հուզմունքից կլինի։ Վերջ , գնում ենք տուն , ոչ մեկին մի լսիր, երեխան կծնվի, երբ ինքն ուզի, հասկացա՞ր։

Եվ թեւանցուկ դուրս եկան շենքից, քայլեցին դեպի մոտակա կանգառը, բայց դեռ 20 -30 քայլ էլ չէին արել, երբ Աստղիկը կծկվեց ցավից ու սաստիկ ծանրություն զգաց կոնքերի հատվածում, ապա ոտքերը թրջվեցին առատ արտահոսքից…

Վախեցած ընկերուհին այնպես էր բղավում, որ հիվանդանոցից սանիտարները սայլակով դուրս վազեցին, կնոջը արագ նստեցրին եւ կայծակնային արագությամբ հասցրին վերելակին։ Ամեն ինչ շատ արագ ու անսպասելի կատարվեց, արդեն պառկած էր նախածնարանային սենյակում, զգում էր երակի մեջ կաթ- կաթ լցվող հեղուկը, պրկված որովայնը, ժամանակ առ ժամանակ ցավի ալիքից ամուր սեղմում էր շուրթերը, որ չգոռա։ Ամաչում էր, մանավանդ որ րոպեներ առաջ իրեն ուղղված շատ անդուր եզրահանգումներ էր լսել հերթապահ անձնակազմից, այնքան ամաչեց, որ ուզում էր վեր կենալ ու փախչել։

Երբ ասաց,որ շատ է ցավում, երեւի չդիմանա,վախենում է, լսեց հետեւյալը.

-Պահ, պահ, պահ, գիտե՞ս՝ քեզ նման օրական քանիսն են գալի-գնում, ընկերուհի, բա հաճույքները վայելելուց, օխայ ասելուց դիմանում էիր, հիմա չես դիմանու՞մ, – եւ ծիծաղից փռթկացին, իսկ ինքը կարմրեց ու քիչ մնաց՝ լացեր։

Ուզում էր զանգել ամուսնուն, լսել ձայնը, բայց վերջին 4 ամսում Կարոն 3 անգամ էր զանգել , այն էլ տարբեր համարներից, եւ ասել, որ գործերը վատ են, չի կարողանա ձմռանն ընդառաջ վերադառնալ հայրենիք, եւ ոչ մի անգամ չէր հարցրել հղիության ընթացքից, կնոջ ինքնազգացողությունից ու կարիքներից… ամուսնության 3 տարիների կեսը Աստղիկն անցկացրել էր «խոպանչի» ամուսնուն սպասելով, եւ հիմա, իրենց ընտանիքի համար ամենակարեւոր պահին, դարձյալ մենակ էր… Իհարկե, գյուղում բոլորը պնդում էին նույնը, որ իրենք էլ են այդ ճանապարհն անցել, բայց Աստղիկն այլ կյանք էր երազում, որի համար իր պայքարը փաստորեն անարդյունք էր մնում… Երազեց հոգատար հայացքի ու քնքուշ խոսքերի մասին, որոնք հաստատ կմեղմացնեին իր վիճակը…

Ցավի հերթական ալիքը այնքան կտրուկ էր, որ չկարողացավ զսպել, գոռաց ամբողջ կոկորդով, ձայնը խզվեց, սկսեց հազալ, սրտխառնոցն ավելի ուժեղացավ։ Օգնություն կանչեց, մի քանի անգամ կանչեց, որ մեկնումեկը գա, որ լավ չի զգում, բայց արձագանք չեղավ։
Երեւի 15-20 րոպե անց ինչ- որ բան ծամելով ներս մտավ բուժքույրերից մեկն ու ասաց, որ բժիշկը շտապ դուրս է եկել , շուտով կգա։

– Դու հանգիստ ցավդ քաշի, աղջիկ ջան, բժիշկը իր անելիքը կանի, երբ ժամանակը գա, – ասաց ու մի բաժակ ջուր խմեց՝ բողոքելով, որ օրն անցել է, իսկ ինքը դեռ ազատ չի եղել , որ գոնե սուրճ խմի։

Աստղիկը փակել էր աչքերն ու աղոթում էր, որ այս ամենն արագ ավարտվի, որովհետեւ ուժերն հատում էին եւ շատ էր վախենում։ Սկսեց լացել, չէր կարողանում հանդարտվել, հույս ուներ այդպես թեթեւացնել ծանրացած սիրտն ու անտանելի ցավերը։

– Ի, վայ, մեծ մարդ ես, ինչ ես երեխու պես տզզում,- սկսեց ծիծաղել ձայնի վրա ներս մտած կինը,- ամոթ է, հանգստացի, ազիզ ջան, բա գիտեիր՝ հե՞շտ է լինելու, իհարկե՝ չէ, մարդ է ծնվում ի վերջո։

– Ես ոչինչ էլ չգիտեմ, ես ուղղակի էլ չեմ դիմանում, խնդրում եմ, մի բան արեք, կանչեք բժշկին, – խնդրեց Աստղիկը։

-Քիչ հետո կգա, դու դեռ ժամանակ ունես, ոնց որ թե մի 3-4 ժամ ։

– 4 ժամ, աստվա՜ծ իմ….

– Ընենց կթռնի ո՜ր…,- ծոր տվեց կինն ու, քստքստացնելով հիվանդանոցային կրկնակոշիկները, դուրս գնաց։

Աստղիկն անդադար գոռում էր ու հեւիհեւ մի կերպ շունչը տեղը բերում, հազիվ էր հասցնում շունչ քաշել, ցավը կրկնակի թափով էր հորձանք տալիս։

Րոպեները հավերժություն էին թվում, արդեն չէր հիշում՝ որքան այդպես տառապեց, ապա ցավերը դադարեցին։ Ննջեց, չգիտեր, թե որքան ժամանակ էր անցել, մինչեւ ներս մտավ բժիշկը՝ ձեռնոցներն ուղղելով։ Սարքը մոտեցրեց, որ լսի երեխայի սրտի զարկերը։ Հոնքերը խոժոռեց, մի քանի անգամ շոշափեց քարացած որովայնն ու բուժքրոջն աչքունքով ինչ- որ բան հասկացնելով՝ վազելով դուրս եկավ։

Բուժքույրերը խուճապի մատնված սկսեցին Աստղիկին նախապատրաստել.

– Ջանիկս, գնում ենք վիրահատարան, էլ սպասելու ժամանակ չկա։

– Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ վիրահատարան, ես չեմ ուզում, ես կարող եմ դիմանալ։

– Այստեղ վիճակն ավելի լուրջ է, սուս պառկիր, ամեն ինչ լավ կլինի , բժիշկն ավելի լավ գիտի իր անելիքը,- ասացին ու պատգարակը հրեցին դեպի դուռը։

Վերելակով բարձրացրին վիրահատարան, խուճապի ու տագնապի զգացողություններին ավելացան վախն ու անորոշությունը, եւ վայրկյաններ անց անզգայացման ազդեցությամբ քուն մտավ …

Երբ աչքերը բացեց, շուրջը լռություն էր, մարմինն ասես ծանր ժայռաբեկոր լիներ, չէր կարողանում շարժվել։ Բուժքույրր մոտեցավ, ժպտաց.

– Բարի վերադարձ, այ հիմա գնում ենք հիվանդասենյակ։

– Որտե՞ղ եմ, ո՞ւր է երեխաս։

– Մի լարվիր, ամեն ինչ լավ կլինի , գնանք, ամեն ինչ կիմանաս։

Անհամբեր սպասում էր, որ գրկի երեխային, բայց երբ տեղավորեցին հիվանդասենյակի մահճակալին, ընկերուհին փղձկալով մոտ վազեց ու սկսեց լաց լինել, գրկել էր իրեն ու հեկեկում էր։

– Մին, ինչ է եղել , Մին , ուր է պստոն, Մին,- խզված կոկորդը մրմռում էր, որովայնի ներքեւում սաստիկ ցավ ու ծակոցներ էին, փորձեց հասկանալ իր հետ տեղի ունեցածը։

Մինան իրեն հավաքեց ու պատմեց, որ բժիշկը գնացել էր մեկ այլ կնոջ ծնունդ ընդունելու, նոր գործի ընդունված անփորձ բուժքույրը երեխայի սրտի զարկը ժամանակին չէր լսել, իսկ հետո արդեն ուշ էր, պտուղը մահացել էր։ Պտղապարկը, ըստ երեւույթին, վնասել էր ներզննում կատարած բժիշկը, հավանաբար, որ պտղաջրերը արտահոսեն եւ ծննդաբերություն սկսվի։ Բայց ջրերը գնացել էին, կծկանքները ահագնացել, իսկ անհրաժեշտ բացվածք չկար, կաթիլայինով փորձել էին խթանել, բայց ցանկալի արդյունք չէր եղել, երեխան խեղդվել էր ժամեր տեւած չարչարանքից հետո… Դե, իսկ հետո արդեն տարել էին վիրահատարան, կեսարյան հատման ճանապարհով փորձել էին փրկել իր կյանքը, եւ, փառք աստծո, հաջողել էին։ Մի քանի ժամ մնացել էր վերակենդանացման բաժանմունքում, եւ վերջ, վերադարձել էր մղձավանջային իրականություն, ուր չկար իր մանկիկը, ինքը միայնակ ՝ որովայնի կարերի ցավի ու սրտի անբուժելի վերքերի հետ … Եվ անարդարության խեղդող դառնահամ, որ դառնալու էր բոլոր օրերի ուղեկիցը…

Երեխան թնկթնկաց, Աստղիկը սթափվեց հուշերի թմբիրից, սրբեց այտն ակոսող արցունքն ու օրորեց փոքրիկին։

Ինչպես կարողացավ ապրել այն օրերին, երբ դուրս եկավ հիվանդանոցից՝ չիմանալով՝ ուր գնալ…

Մնացել էր մեն- մենակ,միայն Մինան էր կողքին, մի քանի ամիս ապրեց ընկերուհու տանը՝ Երեւանում, մինչեւ կարողացավ ոտքի կանգնել։

Որոշեց իր կյանքի նպատակը դարձնել հղի եւ մայրանալ պատրաստվող կանանց կրթելն ու հնարավորինս զինելը այնպիսի գիտելիքով, որ իր նման չընկնեին ինչ-որ մի վայ բժշկի ծուղակը… Իրազեկված, ուրեմն ուժեղ ու պաշտպանված. սա դարձավ նրա նշանաբանը։

Աստղիկն ընկերուհու հետ ստեղծեց կանանց կենտրոն, որը զբաղվում էր մայրանալ պատրաստվող, հղի կանանց իրազեկմամբ եւ կարեւոր հարցերում խորհրդատվության տրամադրմամբ, կազմակերպում էին սեմինարներ, քննարկումներ, միամյանց լսելով՝ օգնում էին հաղթահարել վախերը, կարդում, իմանում էին ծննդօգնության, ծննդաբերության հետ կապված կարեւոր հարցեր, մանկաբարձական բռնության տեսակներն ու դրանց դիմագրավելու տարբեր ձեւերը նրանց արշավների առանցքային մասն էին։ Շատերն անգամ գլխի չէին ընկնում, որ իրենց հասցեին իբր կատակով հնչող խոսքերն իրականում բռնության տարրեր էին պարունակում, այդպես էլ ծննդաբերության արհեստական արագացումը, բժշկի քմահաճույքով պտղապարկի վնասումը, կոպիտ վերաբերմունքն ու շատ այլ խնդիրներ բացահայտելով՝ կանայք ավելի ինքնավստահ ու պատրաստված էին գնում ծննդաբերելու ։ Ժամանակի հետ փոխվեց ամեն ինչ, այդ թվում՝ մարդկանց գիտակցությունն ու ընկալումը շատ նուրբ հարցերի շուրջ։ Սկզբում շատ դժվար էր, կարծրատիպեր կոտրելն ու ինչ-որ կերպ իրավիճակ փոխելն ամենեւին էլ հեշտ չեղավ։

Շրջում էին տարբեր հեռու եւ մոտիկ գյուղական համայնքներում, տեղի բուժկենտրոններում կազմակերպում իրազեկման արշավներ եւ հանդիպումներ, տեսնում վախվորած նստած եւ հանդիպման ավարտին առավել ինքնավստահ կեցվածքով հեռացող հղի կանանց։

Ամենադժվարը 7 տարի անց ամուսնու գյուղ վերադառնալն էր։
Ինքն արդեն ընտրյալ ուներ, ծանոթացել էին սեմինարներից մեկի ժամանակ , երբ տղամարդն իր հղի քրոջը բերել էր իրենց գրասենյակ՝ «Ինչպես կանխել բռնությունը ծննդաբերության ընթացքում» թեմայով սեմինարին մասնակցելու։

Տղամարդը խնդրել էր մնալ, իհարկե ոչ մի խնդիր չէին տեսել, համբերատար լսել էր ներկայացվող նյութը, արել իր դիտարկումները։ Այսպես մի քանի ամսում հասցրել էին մտերմանալ, եւ քրոջ երեխայի ծնվելու հաջորդ օրը ստացել էր ամուսնության առաջարկությունը, որն ընդունել էր սրտանց։

Գյուղում իրեն միանգամից հիշեցին, հարեւանները հարցուփորձ արին որպիսությունից, ասին, որ նախկին սկեսուրը միայնակ մահացել էր, լսել էին նաեւ, որ Կարոն ռուսաստանների բերդերում էր եղել, ոչ էլ վերադարձել էր…

Գյուղի ակումբի դահլիճում բոլորը պլշած աչքերով նայում էին գեղեցկուհի Աստղիկին, որ շատ խելացի բաներ էր ասում, կանանց բոլոր հարցերին պատասխանում համբերատար ու սիրալիր։

Տարիների ընթացքում կյանքը փոխվեց, համացանցը ներխուժեց մարդկանց կյանք ու դարձավ անբաժան մասնիկը, կանանց իրազեկման հարցերն այս գործիքն առավել մատչելի ու հասանելի դարձրեց, ստեղծվեցին այլ նախաձեռնություններ եւս։ Նույն նպատակի շուրջ համագործակցված պայքարը բռնության տեսակների, մասնավորապես մանկաբարձական բռնության դեմ օր օրի ավելի լայն հնչեղություն էր ստանում, ընդգրկում ավելի մեծ լսարան։ Ամեն անգամ հղի կանանց ժպիտին ու հավատով լի աչքերին նայելիս շնորհակալ էր լինում երկնքին՝ իրեն տրված ուժի համար, որով կարողացավ առաջ նայել, ապրել…

Այսպես ապրեց տարիներ, տարիներ, որոնք անցան բժշկական հաստատություններում հնարավոր ու անհնար բուժումների մեջ՝ մայրանալու երազանքն իրականացնելու հույով։ Ամուսինը՝ Արգամը, ոչ մի օր չէր թողել, որ հուսահատվի, կոտրվի, միշտ նեցուկ էր եղել ու իր սիրով , հոգատարությամբ շրջապատել կնոջը։ Եվ ձմռան մի օր իմացան, որ Աստված վերջապես լսել է իրենց աղոթքները…

Մայրանալ պատրաստվող կանանց հետ զրույցներից ինքն էլ էր ուժեղանում, ինքնավատահությունն ամրապնդվում էր, վախեր այլեւս չուներ։

Հպարտությամբ էր նայում այն կանանց, ովքեր ամենօրյա ինքնաճանաչմամբ հաղթահարում էին կասկածները, վախերը, օր օրի ավելի ինքնավստահ դառնում՝ պատրաստ դիմագրավելու կյանք կոչված հողմապտույտից իրենց բաժին ընկնող մարտահրավերներին։ Այդպես ամիսներ անց հասան հիվանդանոց, չնայած բժշկի պնդմանը, հրաժարվեց կեսարյան հատումից եւ իր ուժերով լույս աշխարհ բերեց աղջնակին…

– Աստղի՜կ,- հիացական ճիչը հազիվ զսպելով՝ ներս մտավ ընկերուհին՝ իր կյանքի ուրախ ու դառը օրերի անբաժան ուղեկից Մինան,-,աստվա՜ծ, ուտեմ քե՜զ։ Աստ, հպարտանում եմ քեզնով, ապրես։ Հրաշք է, հրա՜շք։ Դե ասա, ոնց ես։

– Լավ եմ, մի քիչ հոգնած…

– Արգամին վերեւ չթողին, քեզ համար սա է ուղարկել,- ասաց ու մի փոքրիկ փաթեթ տվեց Աստղիկին։

Բացեց, արծաթյա կախազարդ էր՝ մայրը, հայրը, դուստրը, գրությունը՝ Ընտանիք…« Երազանքներն իրականանալու հատկություն ունեն,-հիշեց մանկատան դայակի խոսքերը,- ուղղակի չդադարես հավատալ»…

– Ինչ սիրու՜ն է, – հիացավ Մինան,- էս պստոյին արժանի սիրուն ընտանիք եք, Աստ։ Չգիտեմ՝ ինչ կլիներ քեզ հետ, եթե էն ժամանակ մնայիր այնտեղ…

– Մի հիշեցրու, Մին, բայց գիտես , չէ, ոչ ոքի չեմ մեղադրում, երբեք էլ չեմ մեղադրել… կրթության ու իրազեկ լինելու պակասը միայն մենք ինքներս կարող ենք լրացնել, ոչ ոք չի աշխատելու մեզ վրա մեր փոխարեն։ Մեղավոր ու անմեղ փնտրելու վրա ժամանակ վատնելն անօգուտ գործ է։ Մենք ենք փոխում մեր կյանքի ընթացքն ու ինքներս մեզ։ Դժվար է , անասելի ցավոտ է, հա, երբեք չեմ կարողանա մոռանալ եղածը։ Երբ հետ եմ նայում, զարմանում եմ նույնիսկ, բայց մի բան հաստատ է. հիմա ավելի ուժեղ եմ, քան առաջ, եւ վաղն ավելին կարող եմ անել, քան մինչ այս… Շնորհակալ եմ, որ կողքիս ես…

– Ճիշտ ես, Աստղս, բայց ընտանիքն էլ կարեւոր դեր ունի այս ամենի մեջ։

– Հա, բայց ամեն մեկի բախտը չի բերում այդ հարցում,- մի պահ մտքերի մեջ ընկավ՝ հայացքը պատուհանին,- բայց դա չի նշանակում, որ պետք է թեւաթափ լինել։ Հա, ի դեպ, գրքերում սիրուն-սիրուն տեքստեր ենք կարդում, որ Կինը կրում է տիեզերական ուժ ու լույս, նա մայրանալու հրաշքն է ապահովում երկրի վրա… այո, այդպես է, բայց մենք՝ կնոջը շրջապատողներս, ինչ ենք անում, որ մայրանալու այդ ճանապարհը նա արժանապատիվ անցնի, շրջապատված լինի սիրով ու հոգատարությամբ… ոչ մի բացասական երեւույթ, ոչ մի աննշան թեկուզ բան չպիտի խաթարի հղի կնոջ սրտի, մտքի ու հոգու ներդաշնակությունը, էլ ուր մնաց թե բռնության ենթարկվի… Համենայն դեպս, մենք մեր հնարավորության ամբողջ ծավալով պիտի աշխատենք այդ ուղղությամբ, Մին։ Ես տեսել եմ ամենաահավորը, չեմ ուզում՝ որեւէ կին անցնի նույնի միջով…

– Անպայման, ուժեղս, անպայման։ Չգիտեմ՝ կա՞ նման մրցանակ թե չէ, բայց եթե չկա, պետք է մտածել այդ մասին։

-Էլի ինչ ես մոգոնել,,-ծիծաղեց Աստղիկը։

– Դե, ասում եմ՝ մանկաբարձական բռնությունների դեմ պայքարի առաջամարտիկ շքանշան պետք է ստեղծել եւ առաջինը քեզ պարգեւատրել , ուժեղս։

-Էլ մի չափազանցրու, եթե ուզում ես իմանալ, այդ կոչումին արժանի են բոլոր կանայք, ովքեր չեն ընկճվում, գիտեն իրենց իրավունքներն ու կարողանում են կանխել իրենց հանդեպ ցանկացած բռնության փորձ։ Արդեն ասել եմ՝ արժանապատիվ մայրություն եւ հնարավորինս անվտանգ միջավայր հղի կանանց համար ապահովելը յուրաքանչյուրիս պարտքն է։ Կինն ապահովում է կյանքի շարունակականությունը, արարչագործության հրաշքը…

– Դե… քանի դեռ արհեստական բանականությունը չի սովորել այդ գործը․․․ իսկ դու, Աստղս, էսպես որ շարունակվի, գիրք էլ կգրես քո էդ սիրուն մտքերով,- ծիծաղեց Մինան, եւ քանի որ տեսակցության թույլատրելի ժամանակն արդեն սպառվել էր, դուրս եկավ ՝ օդային համբույրներ տեղալով մանկիկի ուղղությամբ։

Աստղիկը թիկնեց բարձին ու էլի հայացքը չէր կտրում պատուհանից…այստեղ՝ իր ներսում վերջապես խաղաղվել էր փոթորիկը… Դարակից հանեց նոթատետրն ու գրիչը, նայեց մաքուր էջին օրեր առաջ գրած վերնագրին՝ «Արժանապատիվ մայրություն, պայքար՝ հանուն․․․», եւ նոր տողից գրեց. «Հիվանդասենյակի պատուհանից մի կտոր երկինք է երեւում…. շրջանակից ներս հոսող կապույտ անսահմանություն, եւ ոչ մի ամպի ծվեն…»…

Տաթև Գասպարյան. «Արժանապատիվ մայրություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Հեղինակ՝ Տաթև Գասպարյան

 

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՅՐՈւԹՅՈւՆ

 

 

Սիրանուշ Գրիգորյան. «Ճշմարտության ճիչը»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Սիրանուշ Գրիգորյան

 

 

ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ ՃԻՉԸ

(լիրիկա)

Մայրության բերքրանք ցանկալի,

Որ կնոջն է հասանելի։

Առաքելություն ի վերուստ,

Ու կինն է դրանով հարուստ։

 

Ջերմն ու հոգատարությունը,

Զարդարում են մայրությունը։

Կյանքը ապրում է կնոջ մեջ,

Ու երջանիկ է կինն անվերջ։

 

Ճշմարտությունը միակն է,

Ծնունդը ամենաթանկն է։

Ու ձեռքերն են մանկաբարձի,

Գրկող՝ փայողը ծնվածի։

 

Խախտվեց երդումն Հիպոկրատի,

Ցավն անանց է մայր հիվանդի։

Մանկաբարձի ձեռքը կոպիտ,

Կոտրելու է քնքուշ մի սիրտ։

 

Բռնություն է, բռիություն,

Վիրավոր է մի մայրություն,

Ով իր ներսում կրում է կյանք,

Իր ապագան ամենաթանկ։

 

Տարիների անցնող մուժում,

Սրտի վերքը չի էլ բուժվում։

Լոկ այդ վերքի սպեղանին,

Ծնված հրաշքն է մոր սրտին։

 

Սրբությունը սրբագործե՛ք,

Քնքուշ լինել պիտի փորձեք,

Ձեր ձեռքում է ծնվող նոր կյանք,

Հոգածությամբ սերունդ կտանք։

25.11.2024թ.22։20

 

Լուսինե Վարդանյան. «Հազարդրամանոց ստորացում»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Լուսինե Վարդանյան

 

ՀԱԶԱՐԴՐԱՄԱՆՈՑ ՍՏՈՐԱՑՈՒՄ

Աղջի՛, կոշիկներս տո՛ւր,ա՛յ սրտամեռ, սումկաս բեր,տատիդ գործի է գնում,փող աշխատի,փող,որ մերդ լափի ու ինձ մի մամա էլ չասի։Բախտի տերը թաղեմ։ Աղջի փող,հազար դրամ,էս ով ա քցել մեր դռան առաջ,վատ չի,վատ չի։Օրս փողով սկսեց,դե քեզ տեսնեմ Գյուլո։Առաջ,շեփորն է կանչում․․

Դրամը վերցրեց,դրեց իր կրծկալի մեջ ու իրենից շատ գոհ շպացրեց մուտքի դուռը ու հայդա,դեպի հիվանդանոց։Ու էդպես տարիներ․․․․

Տասնութ տարի առաջ։Հազար ինը հարյուր իննսունյոթ թիվ։Չկալ տարիներ,ոչինչ չկար,ծնունդ էլ չկար,ամիսը մի անգամ հազիվ մի ծնունդ էր լինում։Բայց Գյուլոն էլի հիվանդանոց էր գնում,էլի աշխատում էր,էլի պայքարում։Այդ օրն էլ սովորականի պես գնաց ծննդատուն։

Հասավ,հագավ սպիտակ խալաթը ու գոռաց․

-Բերեք էրեխեքին լողացնեմ,շուտ արեք,շուտ,ոչ ծնունդ կա,ոչ գյառ հիվանդ։

Իսկ քամին վզալով անցնում էր կողքի սենյակի պատուհանից,նենգաբար շոյում նորածնին,որ իր շոյանքով նվեր տա,ինչին նորին մեծություն թոքաբորբ են ասում։

-Բըխկ,բըխկ,-հազում էր երեխան։

-Ջան,-լսվեց ծննդկանի խղճուկ ձայնը։Ձեռքերը դողում էին,ուժ չուներ գրկել․ոչինչ չէր կերել,ցավերը դաշտում բռնել էր,ոտքով եկել էր հիվանդանոց,օրվա փողն էլ չտվին։Մարդ մեռնում,կոտորվում է մի էրեխու համար,ես էլ․․․

Տանը փող չկա,լույս չկա,հաց չկա,շոր չկա,չկա,չկա․․․

-Աղջի,քեզ հետ չեմ,էրկու ժամա կանչըմ եմ,չես լըսըմ,աղջի,էրեխուդ բեր,ժամանակ չկա,դելեգացիա չեմ ուղարկելու հետևիցդ,իրան նայի,ասա ,որ էտ ես,ինչ ես տարին մեկը ցնգնում։

-Այ,կնիկ,էդ ինչ ես ասում,ինչ ես ինձ վիրավորում։

-Այ,յոխսուլ,դու էլ ես վիրավորվում՛կեսուրդ իրեք տարի առաջ քյալամի սածիլ տարավ,մինչև հիմա փողը չի տվել,էդ էրեխուդ փողը ստանաս սածիլի փողը կտաս,ինձ չի հետաքրքրըմ,աչքերս չի ուռել ծեզ համար։

-Մի քիչ զգույշ,էրեխու հետ։

-ԻՆձ չպիտի ասես,ոնց անեմ,էնենց ես հրամայըմ ,կասես ջեբերս լցրել ես։Բախտի տերը թաղեմ։Առ,աղջի,տար էրեխուդ,էն հիվանդների թողած պլյոնկեքով փաթաթեցի,տեսնըմ ես ինչ բարի կնիկ եմ։Սածիլի փողը չմոռանաս,նաղդը թողած նիսիայի հետևից չեմ ընգնի,սածիլի փողը չմոռանաս․․․

-Հա,անպայման,տուր էրեխուս։

-Ինձ Գյուլի կասեն,սաղ աշխարհին ես եմ խաբըմ,տուք ինձ պիտի խաբեք։

-Տուր էրեխուս։

-Մի լողացնելը հազար դրամ ա,չունես՛սածիլի փողի հետ կտաս։Էսօր արդեն Էրկու հազար,սածիլի փողի հետ։

-Լավ,լավ,տուր էրեխուս

-Առ,-համարյա շպրտելով սեղանին տվեց երեխային;

Սուսանը արցունքն աչքերին վերցրեց մանկանր ու դուրս եկավ; Դռների հետևում սանիտարը ձայնեց․

-Դրա բերանը չլցրար,սաղ բաժանմունքը ծենը լսվըմ էր;

Սուսանը ոչ մի պատասխան չտվեց հերթական մուրացկանին․գիտեր սենյակ մաքրելն էլ հազար դրամ արժեր։Մտավ սենյակ,միջանցքից լսվում էր սանիտարի մենախոսությունը,Գյուլոյից ոչ պակաս ղզղնած ու գռեհիկ,միայն թե սրա խոսքը համեմված էր կանանցի գռեհիկ հիշոցներով;

-Բախտի տերը թաղեմ,ինչքան յոխսուլ կա,մեր հերթին ա։

-էդ Գյուլոն ինչի ա կատաղած՛-հարցրեց նրա սանիտար ընկերուհին։

-Էդ քոսը փող չի տվել։

-Էդ է,սրտովս ա,շատ ա հաբռգել,բժիշկներից շատ ա փող աշխատըմ։

-Ինչա յուպկան փոխվելվա։

-Չէ,հարսը պատիվը մեծ ա անելու։

-Էսօր փող ես աշխատել։

-Չէ,ուզում եմ էդ ինտիլիգենտի պալատը գնամ։

-Ինչ ես ասելու;

-Վախում ես քուրոդ բան չասի։էդքան էկող գնացող ունի,նաքազ շունը մեկին մի բան չի տալիս։

-Բայց Գյուլոն լավ օրում չի։

Այսքանը այնքան բարձր էին խոսում,որ դատարկ միջանցքում նրանց ձենը հասնում էր Սուսանի ականջին։

-Կծիծաղեն բա ինչ կանեն,գինեկոլոգիականի տերերն են,ալիքներ են փոխում,փող են աշխատում,բժիշկներից դուխով են,-մտածում էր Սուսանը։

-Հը,   տասնմեկ պալատի կնգա մարդը էկավ,էն փնթի շան,մի տես ոնց են մեծարում,ինչ պերեդաչի են բերում։Հեսա գնամ տես դրա գլխին ինչ եմ

բերելու։

-Ինչ ես ասելու;

-Վախում ես քուրոդ բան չասի,հարյուր տարվա գել եմ։ Ասում է ու թափով մտնում պալատ։

-Այ,ընկերուհի,գնացել ես զուգարան ու ջուրը չես քաշել։

-Ո՞վ,ես

-Բա էլ էս պալատում ուրիշ մեկը կա՞։

-Այ,մորքուր,էդ ինչ ես խոսում։

-Աչքդ,փնթի շուն։

-Այ,կնիկ,էդ ում ես ասում։

-Քեզ նման շանը։

-Լսիր,մորքուր ջան,ինձ ափերից մի հանիր,ես այսօր զուգարան չեմ գնացել,գլուխս պտտվում է,մի հարցրու, ոնց ես։

-Ու՞մ,էլ պանը գործ չկա,քեզնից պիտի հարցնեմ։

Սա երևի տուլիկ է ուզում,-մտածեց հավասարակշռված ծննդկանը;

-Մորքու՛ր,դարակումս կոնֆետ կա,վերցրու,բերանդ քաղցրացրու;

-ՈՒր է,ջիգյար,հազար աստիճանով փոխելով ձայնի տոնը,դարակը բացեց ու մեծ տոպրակով վերցնելով՝դուրս եկավ։

-Այ,քեզ դերասան,նոր ինձ ինչ ասես չասաց։

-Տգետ կին է,հաշվի մի առ,խորհուրդ տվեց հիվանդին այցի եկած ամուսինը։

-Աղջի ,արի,կանֆետ եմ կպցրել,գնանք կոֆե խմենք,աղջիկը ինձ նման կըլի է,չէ քեզ պես բլնգած։

Ընկերուհին նայեց ընկերուհուն ու լռեց,ինչ ասեր,որ ինքն էլ բավական լավ գարուր էր բաշարել ու թաքցրել․հո շաշ չէր,որ տար նրան։Կգնա կոֆեն կխմի,հետո էլ գարուրը կտանի տուն։էս թվին պիտի ճարպիկ լինել։

-Դեբիլ,ինչ ես էրեխուդ գրկած կանգնել,անցի սենյակդ,քոս ես քցելու,տարին մեկը ցնգնում ա․․․

Էլի լսվեց Գյուլոյի տհաճ ձայնը։

-Երբ եմ դուրս գալու էս դժոխքից,երբ,-գոռաց Սուսանը ու իրեն նետեց պալատը։

ՈՒ էլի լսվում է սանիտարների զրույցը։

-Լսի; էն մի հոգին էղածը թաքցրել ա աստիճանների տակ,իմանըմա չենք իմանըմ։Աղվեսը իմանըմ ես ինչնա։

Էս քույրերը ու սանիտարները բժիշկներից ավելի դուխ ունեն ,կյանքս կերան։ Ու մի լաց,մի լաց,որ մարդու սիրտ կճաքեր։

ՈՒ էդ լացը հիմա էլ է լացում,այս անգամ հերոս տղայի գերեզմանին։ԻՆչ օրով,ինչ զրկանքներով պահես,ինչ օրեր քաշես,վերջը էս գերեզմանը լինի։

Ծննդատնից դուրս եկա,մատանիս զալոգ տվի,դրամը տարա Գյուլոյին տվի,էն աղվես սանիտարի բերանը փակեցի ,հետո էլ զրկանքներ,ցավ,տառապանք ու վերջը էրեխուս գերեզմանը։

Պատերազմը տարավ ամեն ինչ,բայց տղաս հերոս է,հերոս,տարավ ամեն ինչ,բայց վիրավորանքս ու ստորացումս մնաց ինձ հետ։

Էս անգամ թոշակիցս մի հազար դրամ տանելու եմ կախեմ Գյուլոյի տան դռնից,թող կշտանա,թող կշտանա․․․

Ես քոս չեմ,ես հերոսի մայր եմ,ես տղայիս հայրենիքիս համար եմ երկնել․․․

Սուսաննա Էլբակյան․ «Մանկաբարձական բռնություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Սուսաննա Էլբակյան

 

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲՌՆՈւԹՅՈւՆ

Կյանքի ամենագեղեցիկ ու կարևոր պահերից մեկն է ծնունդ տալը՝ նոր կյանքի բեկումն, մայրը, որն իր ձեռքով տալիս է ամենաբնորոշ ու ամենագեղեցիկ նվերը։ Բայց երբ այդ պահը անցնում է ցավի, խորը հուզմունքի և ուժի սահմանները անցնելու, երբ այդ ամենը մթագնում է բռնությամբ, կարծես թե, մոռացված արժեքներից մեկի՝ կնոջ իրավունքների մասին, մի նոր իրականություն է առաջանում։ Ամեն մարդ, անկախ իր տարիքից կամ սեռից, ունի իր կյանքի պատմությունը։ Բայց երբ խոսքը վերաբերում է ծննդաբերությանը, այդ պատմությունը դուրս է գալիս միայն անհատական կյանքի շրջանակից։ Դա նաև սոցիալական և մշակութային հարց է, որն առնչվում է ողջ հասարակությանը։ Մանկաբարձական բռնությունը մի երևույթ է, որը, կարծես, թաքնված է բացահայտությունից։ Այն իրենից ներկայացնում է բռնարարք՝ ֆիզիկական, էմոցիոնալ կամ հոգեբանական, որն իրականացվում է այնպիսի մասնագետների կողմից, ովքեր պետք է ապահովեն կնոջ ու նրա երեխայի անվտանգությունն ու բարեկեցությունը։ Այն հաճախ մնում է անտեսված կամ անբարձրաձայն, լուռ ու խոր ցավ է պատճառում մի կնոջ, ով միայն ցանկանում է իր երեխային ողջ ու առողջ աշխարհ բերել։ Որոշ դեպքերում այն ոչ միայն խաթարում է ծննդաբերության գործընթացը, այլև երբեք չմաքրվող հետքեր թողնում կնոջ հոգում։ Մանկաբարձական բռնությունը իր մեջ ներառում է մի շարք ձևեր՝ սկսած վիրավորանքներից, որոնք վերաբերում են կնոջ արտաքին տեսքին կամ նրա ուժերին, մինչև ֆիզիկական բռնություն: Երիտասարդ մայրիկներն երբեմն պատմում են, որ նրանց ծննդաբերելու ընթացքում բժշկական անձնակազմի վարքագիծը դարձել է ոչ միայն անարդար, այլև արհամարհական։ Պատահում է, որ ծննդաբերող կնոջն ասում են՝ «դու ուժ չունես», կամ նույնիսկ երբ նա փորձ է անում հայտնել ցավերը՝ նա լսում է «դա սովորական է» կամ «դու միայն փոքրիկ ցավեր ունես»։ Այս հարցը լուծելու համար, առաջին հերթին, հասարակությունը պետք է պատրաստ լինի լսել և ընդունել այնպիսի պատմությունները, որոնք մինչ այժմ չկան բարձրաձայն։

Երբ մենք խոսում ենք կնոջ իրավունքների մասին՝ պետք է նաև հիշենք, որ ծննդաբերելիս մայրը գտնվում է ամենավստահելի իրավիճակում, երբ նա լիովին պետք է վստահի մասնագետներին։ Նման վստահությունը պետք է հիմնված լինի ոչ միայն գիտելիքների, այլև մարդկային վերաբերմունքի վրա։

Այս հարցը պետք է դառնա քննարկման թեմա թե բժշկի, թե մասնագետների և թե հասարակության համար։ Քննարկման սեղանի շուրջ պետք է նստեն բոլոր այն մասնագետները՝ բժիշկներ, իրավաբաններ, սոցիալական աշխատողներ, ովքեր կարող են պարբերաբար վերապատրաստել բժշկական անձնակազմերին այնպիսի հարցերում, որոնք վերաբերում են ռեսպեկտին, ընտանեկան արժեքներին և կանանց իրավունքներին։ Հաջորդ լուծումն այն է, որ պետք է ստեղծվեն այնպիսի կենտրոններ ու ծրագրեր, որոնք կսովորեցնեն բժշկուհիներին և մանկաբարձներին՝ հատկապես թե ինչպես ճիշտ հաղորդակցվել ծննդաբերող կանանց հետ։ Կրթական ծրագրերը, որոնք առնչվում են կանանց իրավունքներին ծննդաբերության ժամանակ, պետք է հստակ ներթափանցեն բժշկական համալսարաններ, ծննդատների և հիվանդանոցների վերապատրաստման գործընթացներ։ Բացի այդ, կարևոր է՝ հասարակությունը ոչ միայն ճանաչի մանկաբարձական բռնությունը, այլ նաև ակտիվորեն պայքարի դրա դեմ։  Մանկաբարձական բռնությունը լուրջ, բայց անտեսված խնդիր է, որը մեծ ազդեցություն է ունենում կնոջ կյանքում՝ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես։ Այն լռության մեջ կորած աղմուկ է, որը պետք է լսվի։ Մշտական կրթությունը, հասարակական իրազեկումը և պաշտպանական մեխանիզմների ներդրումը կարող են օգնել այդ խնդրի լուծմանը և պաշտպանել կանանց;