Վիկտորյա Մարկոսյան․ «10։37»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Վիկտորյա Մարկոսյան

 

10։37

-Հիմա կտեսնես քո բալիկին, դիմացի, մի քանի րոպե մնաց․․․

-Не переживайте, я уже его вижу.

-Մտքում հաշվի, բալես, ձեռքս բռնի, մենք քո հետ ենք, խորը շնչի, հենց հասնես 50-ին, կտեսնես իրան։ Անունն ի՞նչ եք դնելու։

-Ծնվե՜ց․․․

-Վահ, աղջիկ ջան, էս ինչ լավն ա, էս ինչ թմբլիկ ա, հեսա դու էլ կտեսնես․․․

 

Երբ լսվեց տղայիս առաջին ճիչը, ես լաց չեղա, ինչպես ֆիլմերում են հաճախ ցուցադրում, գրքերում նկարագրում, ես վախից քարացել էի՝ տեսնելու համար, թե արդյո՞ք ամեն բան լավ է։ Եվ մտքիս միայն բոլոր հնարավոր ելքերն էին, իրենց բոլոր լուծումներով։ Եթե չլինեին բուժքրոջ պարբերական հիշեցումները շնչելու մասին, անկեղծորեն նույնիսկ դա չէի անի։ Հիմա միայն՝ այս ուշ գիշերով, երբ հսկում եմ արդեն կես տարեկան տղայիս քունը, մտածում եմ ինչուների մասին։ Ինչո՞ւ էի վախենում, երբ հունիսի 3-ի վաղ առավոտյան՝ բալիկիս 38 շաբաթ և 6 օր սպասելուց հետո պառկեցի վիրասեղանին։

Հիմա եմ միայն հասկանում, որ դա նրանից էր, որ ես լսել էի շատ տարբեր պատմություններ, և դրանք ընդունել էի որպես իրողություն, մինչդեռ դրանք ընդամենը փորձ էին։ Ես չէի ապրել դրանք, սակայն արդեն վախենում էի շատ դրվագների համար։ Ես բժիշկ չէի, բայց գիտեի էպիդուրալ անզգայացման ասեղի չափը, նեոնատոլոգ չէի, սակայն գիտեի, թե նորածինն ինչ հետազոտություններ պիտի անցնի ծնունդից հետո, նորմայում որքան քաշ կարող է կորցնել ծննդյան առաջին օրերին։ Ես հոգեբան չէի, բայց գիտեի հետծննդաբերական դեպրեսիայի մասին, թե ինչպես դա կարող է դրսևորվել։

Կյանքում իմ բոլոր վախերը ես հաղթահարել եմ գիտելիքով։ Մայրությունը ևս ինձ տրվեց այդպես։ Ես զինվել էի գիտելիքով և կանգնել անորոշության դեմ, քանի որ առիթ էի ունեցել լսելու շատ կանանց ամենատարբեր փորձի մասին։ Այդ պատմություններն ինձ տալիս էին շատ մեծ ուժ՝ առաջ շարժվելու և չվախենալու համար, սակայն ստեղծում էին նաև վախեր, որոնց մասին հնարավոր է՝ նույնիսկ չիմանայի, եթե լսած չլինեի դրանք։

Տղայիս մասին իմանալու առաջին իսկ օրվանից իմ անբաժան ուղեկիցն էին այդ պատմությունները, որոնք գործում էին իմ վախերին թե՛ ի հակադրություն, թե՛ ի լրումն։

Ես գիտեի պատմությունները, թե ինչպես են ծննդաբերական ցավերի մեջ տանջվող կանանց ժամերով մենակ թողնում սենյակում, ինչպես են ասում, որ ոչ առաջին, ոչ վերջին երեխա ունեցողն է, և որ իզուր է մտահոգվում, լաց լինում կամ գոռում ցավից։ Գիտեի, որ հնարավոր է՝ կանչես, և քեզ հետ նույն սենյակում գտնվող բուժաշխատողը ձևացնի, թե չի լսում քեզ։ Գիտեի, որ հնարավոր է դիտավորյալ ուղղորդում անեն դեպի կեսարյան հատման։ Ես լսել էի պատմություններ բժշկական անձնակազմների մասին, ովքեր չեն լսում քո գանգատները, և բոլորին վերաբերվում են որպես հերթական դեպքի՝ ուղարկելով հետազոտություններին առանց բացատրելու և մեկնաբանելու դրանց անհրաժեշտությունը։ Ես գիտեի հայտնի թափառող պատմությունները էպիդուրալ անզգայացման անհրաժեշտության կամ անհրաժեշտ չլինելու մասին։ Գիտեի նաև այն մասին, թե ինչպես թերի արված հետազոտությունները կարող են հանգեցնել վատագույն հետևանքների և կյանքեր արժենալ։

Ես գիտեի այդ ամենը, սակայն ահռելի վախերի, թուլության և անորոշության հետ մեկտեղ՝ վստահ էի, սա իմ պատմությունն է, ուրիշ է, նույնը չէ։

Հենց այդպես էլ եղավ։

Ունենալով դժվարություններ երեխային սպասելու տարբեր փուլերում՝ ես ունեի հստակ որոշում՝ խոսել բժշկի հետ ցանկացած աննշան անհանգստացնող հարցով և անել ինձանից կախված հնարավոր լավագույնը։ Անչափ ուրախ էի, որ ստանում էի պատասխան բոլոր զանգերիս և բացատրություն բոլոր անհանգստացնող երևույթներին։ Ուրախ էի մեր ընտրության համար, քանի որ սկզբնական շրջանում արդեն իսկ ունեցել էինք մեկ անտարբեր մասնագետի հանդիպելու փորձ։ Նրա՝ օրեր շարունակ անպատասխան թողած զանգերից հետո շատ արագ կողմնորոշվելով՝ պարզապես ընտրել էինք մեր բժշկին, և նրա հետ աշխատում ենք մինչ օրս։ Եթե սխալվեի՞նք։ Չէինք վախենա, և միմյանց աջակցության շնորհիվ կանեինք նաև հաջորդ քայլը։ Մեր կյանքում ամենակարևոր փուլն էր, և ոչնչի վրա չէինք կարող աչք փակել։

Վերջին ստուգումներից մեկի արդյունքն այնքան էլ լավը չէր։ Դա նկատելի էր հենց ստուգման ընթացքում՝ նայելով բժշկի հայացքին։ Պետք չէր լինել պրոֆեսիոնալ՝ լսելու համար երեխայի շարժումների հաճախակիության ձայնը։ Հաջորդ ստուգումն էլ իր հերթին եկավ լրացնելու այս արդյունքը․ «Եթե որոշեք բնական ճանապարհով ունենալ, մեկ է կարծում եմ, 99 %-ով մենք վերջում գնալու ենք վիրահատարան։ Բայց ոչ մի բան՝ ոչ Ձեր, ոչ երեխայի առողջության մասին չեմ կարող երաշխավորել։ Ձեր ընտրությունն է, իմ՝ մասնագիտական կարծիքը»։

Իսկապես, ծնվելու եղանակի մասին որոշումը պարզ էր անգամ ոչ մասնագիտական աչքով։ Մենք ռիսկի չգնացինք։

Այդ օրվանից սկսած՝ ես լսում էի ոչ դիտավորյալ պատմություններ հատկապես կեսարյան հատման մասին։ Ոմանք պատմում էին, որ դա ամենահեշտ տարբերակն է, իսկ ոմանք էլ՝ թե ինչպես չեն կարողացել ամիսներով խնամել իրենց բալիկին, ինչպես են տեսել մահն իրենց աչքերով, ինչպես մինչ այսօր ունեն ողնաշարի խնդիրներ՝ էպիդուրալ անզգայացման հետևանքով։

Ի դեպ, զարմանալիորեն, չնայած այս բոլոր հակասական պատմություններին՝ մայրությունը մեդիայով, շատ ազդեցիկ մարդկանց կողմից որպես օրինակ մեզ միշտ ներկայացվում է ինչպես հեքիաթային երևույթ, որից անհնար է հոգնել, որի նկատմամբ վախերն անբնական են։ Մամաները չեն հոգնում, մամաները չեն տխրում, մամաները ուժեղ են։ Հիշում ես այս խոսքերը, երբ արդեն որերորդ ամիսն է չես քնել, չես ունեցել ոչ մի չընդհատված գիշերային քուն։ Երբ կարծում ես՝ կյանքդ ավարտվել է, չունես քեզ համար ժամանակ, չես խնամում ինքդ քեզ։ Սա նույնպես մեդալի մի կողմն է միայն, և ծնողությունը ոչ միշտ ուժեղ ու առույգ կերպարն է, որը չունի վախեր, ոչ էլ իրավիճակին չտիրապետող, միշտ հոգնած ու տանջված կերպարը։ Իրականում ծնողությունն ընտրություն է և որոշում, և այս բոլորն է՝ միասին վերցրած։ Ծնողությունը հենց այն ուժն է, որը գալիս է՝ ընդդեմ վախի։ Անտեղյակության դեմ այն կիրառական բնազդն է, որն առավել է գիտելիքից, այն սերն է, որ առավել է ամեն ինչից։ Ծնողությունն առաջնահերթություն է, սակայն նաև չվնասելու մեծ վախ։ Ծնողությունը երևի հենց սկսվում է վախից՝ կորցնելու, չկարողանալու, սակայն նաև ի հակադրություն՝ ավարտվում է հաջողությամբ, անվախությամբ ու սիրով։ Ամենակարևորը՝ ծնողությունը փորձառություն է և կյանք։ Սակայն ո՞վ է խոսում սրա մասին։

10։37

Պլանավորված օրն առավոտյան մենք տեղում էինք։

Ես բժիշկիս ուղեկցությամբ անցնում էի վերջին ստուգումները՝ մինչ վիրահատությունը։ Վիրահատարանում հույզերը տեղի տվեցին, և էպիդուրալ անզգայացման նկատմամբ վախը հաղթեց։ Սկսեցի մտածել վատագույնը և լաց լինել։

-Ինչո՞ւ եք վախենում, Դուք ոչինչ չեք զգալու, հանգիստ եղեք։

-Բալես, չեն խաբում, դու մենակ լավ տրամադրվի, հուզմունքից քեզ ավելի վատ կզգաս։

-Ես էստեղ եմ, հիմա ամեն ինչ լավ կլինի-ասում է բժիշկս՝ բռնելով ձեռքս, այս բառերին զուգահեռ ես, ոչինչ իսկապես նախապես չզգալով, արդեն զգում եմ, թե ինչպես են ոտքերս անզգայանում։

-Գիտեք, ես արդեն ավարտեցի,- մի կերպ հայերեն բառերն ընտրելով ասում է ազգությամբ բելառուս անեսթեզիոլոգը։

Սկսվում է վիրահատությունը։ 15 րոպե վիրասեղանի վրա սպասումը մեծ է 38 շաբաթ և 6 օրվանից։

Ամեն վախ և ցավ իսկապես զրոյանում է երեխայի առաջին ճիչի հետ, դա ճշմարտություն է։ Երբ մոտեցնում են քեզ այդ անծանոթ, բայց շատ հարազատ մարդուն, չես հասկանում՝ ինչ է կատարվում քեզ հետ։ Չես հավատում, որ ամեն բան լավ է, ավարտվել է և հետևաբար՝ սկսվել։ Այդ պահը և՛ նրա ծնունդն է, և՛ քոնը։ 2024 թվականի հունիսի 3-ի առավոտյան 10։37 րոպեին ես ծնվեցի որպես մայրիկ։

Ծնվեց տղաս։ Ես, չկորցնելով իրավիճակի վերահսկողությունը, արցունքների միջից մի անգամ էլ ճշտեցի, թե հստակորեն որ ժամին լսվեց նրա ճիչը։ Բժշկական անձնակազմը երեխայի ծննդյան լուրը հայտնելը թողեց ինձ՝ համարելով լուրն անչափ ընտանեկան և անձնական։ Մայրապետը վերակենդանացման բաժանմունքում անմիջապես փոխանցեց հեռախոսը․ դու զանգիր ու ասա։

Ոչ ինձ հետ, բայց եղել է

Հիվանդանոցում գտնվելու ողջ ընթացքում ես չեմ հանդիպել վերևում պատմած այն վատ բժշկական անձնակազմին։ ՃԻշտ հակառակը․ շրջապատված եմ եղել հոգատարությամբ, որին, անկեղծ ասած, ինքս էլ չէի հավատում։ Երբ արդեն տղայիս հետ նույն հիվանդասենյակում էինք, և դեռ իրար այնքան էլ լավ չէինք ճանաչում, ստիպված էինք լինում գիշերը կանչել բուժքույրերին՝ միասին երեխայի լացը հանգստացնելու համար։ Գուցե տե՞ղ է ցավում։

Հոգատար բժշկական անձնակազմը ոչ մի րոպե թույլ չի տվել զգալ մենակ ու անօգնական։ Ամենատպավորիչը, երբ քեզ բուժող բժիշկը արդեն շատ ավելի ուշ՝ դուրսգրումից օրեր անց ներողություն է խնդրում քեզնից, որ չի հասցնում ավելի հաճախ զանգ տալ քեզ։

Եվ սա ոչ թե ֆիլմային իրականություն է, այլ զուտ պարզ, մասնագիտական հոգատարություն, որն, ի դեպ, նորմալ է և բնական տվյալ ոլորտում։ Սա այն չէ, որի համար կարելի է մարդուն գովել, սակայն այն է, որի համար կարելի է հարգել և վերադառնալ նրա մասնագիտական կարծիքը հարցնելու հաջորդիվ։

Սակայն սա միակ իրականությունը չէ։

Ես գիտեմ, որ այդ ջերմությունը ոչ բոլորին է բաժին հասել, որ գոյություն ունի այլ իրականություն։ Ես ուրախ եմ, որ անձամբ չեմ առերեսվել գոյություն ունեցող սարսափելի փորձին, սակայն իմ պատմությունը միայն մեկն է միլիոնավորներից, և չի բացառում նաև մյուս պատմությունների իրական լինելը։ Գիտեմ, որ եղել են գիշերային լռության մեջ լացող նորածիններ և նրանց հետ միայնակ, անօգնական մայրեր, որոնց կանչն անտեսվել է։ Գիտեմ, որ կան կանայք, ում ողնաշարի ցավերը չեն անցել՝ անգամ տարիներ անց։ Կան կանայք, ովքեր արժանացել են կոպիտ վերաբերմունքի և ֆիզիկական բռնության բժշկական անձնակազմի կողմից՝ այդ պահին չկասկածելով անգամ, որ դա բռնություն էր։ Կան կանայք, որ ամոթ են ապրել բժշկի առաջ և ստացել պատասխան, որ փոքր գանգատներից կարիք չկա բողոքելու, որ մեղավոր են զգացել իրենց՝ ստեղծված իրավիճակի, իրենց կարգավիճակի կամ տեսքի համար։ Գիտեմ, որ կան կանայք, ում անձնական թերթիկներում կան գրություններ՝ «չեմ վստահում գանգատներին»։ Գիտեմ, որ եղել են մասնագիտական բռնության դրվագներ, որոնք կյանքեր են արժեցել՝ ծնված և դեռ չծնված։

Եվ եթե ինձ հետ կատարված այս ողջ պատմության մեջ գոյություն չունեն մանկաբարձական բռնության դրվագներ, դա չի ժխտում այս պատմությունների իսկությունը։ Այո, նման պատմություններ եղել են, ոչ ինձ հետ, բայց եղել են և կան։ Դրանք զուգահեռաբար կատարվել են այլ մարդկանց կյանքում, գուցե կյանքի լավագույն, գուցե վատագույն օրերին՝ անպայմանորեն իրենց անջնջելի հետքը թողնելով։

Սենյակի կիսամութի ու լռության մեջ լսվում է 6 ամսական Ռոբերտի ծիծաղը՝ քնի մեջ։ Գուցե հենց այս տարիքից են սկսում ձևավորվել մարդիկ որպես փրկիչ, բռնարար կամ զոհ։ Միտքս ընդհատվում է և գնում այլ ուղղությամբ։ Կյանքում կան պահեր, որոնք անվերահսկելի են, և կան պահեր, որոնք, ամեն դեպքում, ընտրություն են։