Մարինա Գևորգյան. «Արժանապատիվ մայրություն․ պայքար՝ հանուն․․․»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ:
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
Հեղինակ՝ Մարինա Գևորգյան
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՅՐՈւԹՅՈւՆ. ՊԱՅՔԱՐ՝ ՀԱՆՈՒՆ…
(պատմվածք)
Հիվանդասենյակի պատուհանից մի կտոր երկինք էր երեւում։ Մի ճերմակ ամպի քուլա ասես մնացել էր նույն տեղում ու չէր ուզում հեռանալ…
Աստղիկը նոր էր կերակրել նորածնին ու տեղավորել օրորոցում։ Թիկնել էր բարձին ու փորձում էր հանգստանալ անքուն, տանջալից գիշերվանից հետո։
Վերջապես երազանքը կատարվեց, երազանք, որին սպասել էր 15 երկար ու ձիգ տարի… Սակայն չէր կարողանում լիաթոք ուրախանալ, սրտի մի անկյունում չսպիացող վերքի պես արթնացել ու մխում էր ցավը…
Աշնանային այսպիսի օր էր, երբ առաջին հղիության վերջին շաբաթներն էր անցկացնում լեռնային գյուղի իրենց տանը։ Տուն, որ այդպես էլ իրենը չդարձավ, ոչ մի օր չզգաց այդ տան տաքուկ գոյությունը, չեղավ իր ապահով անկյունը, ընտանիքը, որի մասին երազներ էր տեսնում մանկատանն անցկացրած 18 տարիներին… Իսկ այժմ 8 ամիս եւ ավելի ամեն օր լսում էր հարեւան ու բարեկամ կանանց հորդորներն ու հեգնանքը, երբ վատ էր զգում, ծանր տաշտով լի լվացքը մի կերպ քարշ էր տալիս տնից բակ եւ փռում պարաններին, ավլում գոմն ու բակը։
– Մենք որ արել ենք, հո չենք մաշվել, հղի ես , խոմ հիվանդ չես,- սա էր հիմնական թեւավոր միտքը, որ պիտի ականջին օղ աներ ու մոռանար հանգստի, սեփական մարմնի հանդեպ հոգատարության ու խնամքի մասին կենցաղի ամենակուլ հարահոսում։
Միակ փրկօղակը մայրաքաղաքից երբեմն իրեն հյուր եկող ընկերուհին էր, որ տարբեր բժշկական ամսագրեր ու գրքույկներ էր բերում, որպեսզի կարդար եւ հնարավորինս, ինչպես ասում էր, «տեղեկացված ու պատրաստ լիներ մայրության պատասխանատու գործին»։
Տան մեծ մայրն ու սկեսուրը սակայն խեթ հայացքով էին նայում ու ատամների արանքից նետում, որ էդ թղթերից օգուտ չիք, ցավը պիտի քաշի, երեխուն ծնի, « իրենք որ ժուռնալ ու թերթ չեն սերտել, ի՞նչ է, պակա՞ս երեխա են ունեցել»։
Գյուղը հիվանդանոց չուներ, անհրաժեշտության դեպքում տաքսիով պիտի հասնեին մարզկենտրոն։
Հերթական այցին բժշկուհին ասաց, որ ամեն ինչ լավ է, միայն թե ապահովության համար պետք է նաեւ ներզննում անել։
Քանի որ բժշկին վստահում էր, կարծեց՝ այդ ամենն օրինաչափ է, եւ հետեւեց բուժքրոջը։
Բժշկական աթոռին պառկած՝ լսում էր բժշկուհու ճառը առողջ բալիկի, մայր լինելու պատասխանատվության եւ իհարկե ծննդալուծման ցավերին դիմանալու ուժի մասին , սակայն տհաճության զգացումը չէր թողնում կենտրոնանալ։
Երբ ստուգումն ավարտեց, ասաց.
– Ազիզ ջան , որ ինձ լսես, ոչ էլ տուն կգնաս, երկու մատ է արդեն, զանգի, թող շորերդ բերեն։ Որ շատ ուզենանք, էսօր կունենաս։
– Բայց ո՞նց էդպես, ախր… ես պատրաստ չեմ…,- կմկմաց։
– Սրա պատրաստը ո՞րս է, – իբր զարմացավ բժշկուհին, – ցավ է, էլի, կքաշես մի քանի ժամ, ազիզ ջան, բայց երեխուդ կգրկես տուն կեթաս , ես էլ հանգիստ խղճով՝ արձակուրդ, բա։
Աստղիկն իջավ աթոռից, հագուստն ուղղեց ու դուրս եկավ սենյակից, դռան մոտ ընկերուհին էր սպասում։
– Հը՞, տեսքդ էս ինչ է, ոնց որ ազգային ժողովի գաղտնի նիստից դուրս եկած լինես, ի՞նչ մի չլսված բան ես իմացել, Աստղս։
– Մինա, բժշկուհին ասում է, որ մերոնց զանգենք ՝շորերս բերեն, ասում է՝ եթե ուզենք, էսօր կծնվի երեխան։
– Վայ, ոնց, էդ մեր ուզելո՞վ է, այ քեզ բա՜ն։
– Ախր ես կարդացել եմ, որ ծննդաբերության օրը կինը կծկանքներ է ունենում որոշակի հաճախականությամբ, այլ նշաններ էլ, բայց ես ինձ լավ եմ զգում, թեեւ ներզննումից հետո մի տեսակ սիրտս խառնում է , գիտես։
– Ջուր խմիր, վերցրու,- շիշը պարզեց Աստղիկին, – հուզմունքից կլինի։ Վերջ , գնում ենք տուն , ոչ մեկին մի լսիր, երեխան կծնվի, երբ ինքն ուզի, հասկացա՞ր։
Եվ թեւանցուկ դուրս եկան շենքից, քայլեցին դեպի մոտակա կանգառը, բայց դեռ 20 -30 քայլ էլ չէին արել, երբ Աստղիկը կծկվեց ցավից ու սաստիկ ծանրություն զգաց կոնքերի հատվածում, ապա ոտքերը թրջվեցին առատ արտահոսքից…
Վախեցած ընկերուհին այնպես էր բղավում, որ հիվանդանոցից սանիտարները սայլակով դուրս վազեցին, կնոջը արագ նստեցրին եւ կայծակնային արագությամբ հասցրին վերելակին։ Ամեն ինչ շատ արագ ու անսպասելի կատարվեց, արդեն պառկած էր նախածնարանային սենյակում, զգում էր երակի մեջ կաթ- կաթ լցվող հեղուկը, պրկված որովայնը, ժամանակ առ ժամանակ ցավի ալիքից ամուր սեղմում էր շուրթերը, որ չգոռա։ Ամաչում էր, մանավանդ որ րոպեներ առաջ իրեն ուղղված շատ անդուր եզրահանգումներ էր լսել հերթապահ անձնակազմից, այնքան ամաչեց, որ ուզում էր վեր կենալ ու փախչել։
Երբ ասաց,որ շատ է ցավում, երեւի չդիմանա,վախենում է, լսեց հետեւյալը.
-Պահ, պահ, պահ, գիտե՞ս՝ քեզ նման օրական քանիսն են գալի-գնում, ընկերուհի, բա հաճույքները վայելելուց, օխայ ասելուց դիմանում էիր, հիմա չես դիմանու՞մ, – եւ ծիծաղից փռթկացին, իսկ ինքը կարմրեց ու քիչ մնաց՝ լացեր։
Ուզում էր զանգել ամուսնուն, լսել ձայնը, բայց վերջին 4 ամսում Կարոն 3 անգամ էր զանգել , այն էլ տարբեր համարներից, եւ ասել, որ գործերը վատ են, չի կարողանա ձմռանն ընդառաջ վերադառնալ հայրենիք, եւ ոչ մի անգամ չէր հարցրել հղիության ընթացքից, կնոջ ինքնազգացողությունից ու կարիքներից… ամուսնության 3 տարիների կեսը Աստղիկն անցկացրել էր «խոպանչի» ամուսնուն սպասելով, եւ հիմա, իրենց ընտանիքի համար ամենակարեւոր պահին, դարձյալ մենակ էր… Իհարկե, գյուղում բոլորը պնդում էին նույնը, որ իրենք էլ են այդ ճանապարհն անցել, բայց Աստղիկն այլ կյանք էր երազում, որի համար իր պայքարը փաստորեն անարդյունք էր մնում… Երազեց հոգատար հայացքի ու քնքուշ խոսքերի մասին, որոնք հաստատ կմեղմացնեին իր վիճակը…
Ցավի հերթական ալիքը այնքան կտրուկ էր, որ չկարողացավ զսպել, գոռաց ամբողջ կոկորդով, ձայնը խզվեց, սկսեց հազալ, սրտխառնոցն ավելի ուժեղացավ։ Օգնություն կանչեց, մի քանի անգամ կանչեց, որ մեկնումեկը գա, որ լավ չի զգում, բայց արձագանք չեղավ։
Երեւի 15-20 րոպե անց ինչ- որ բան ծամելով ներս մտավ բուժքույրերից մեկն ու ասաց, որ բժիշկը շտապ դուրս է եկել , շուտով կգա։
– Դու հանգիստ ցավդ քաշի, աղջիկ ջան, բժիշկը իր անելիքը կանի, երբ ժամանակը գա, – ասաց ու մի բաժակ ջուր խմեց՝ բողոքելով, որ օրն անցել է, իսկ ինքը դեռ ազատ չի եղել , որ գոնե սուրճ խմի։
Աստղիկը փակել էր աչքերն ու աղոթում էր, որ այս ամենն արագ ավարտվի, որովհետեւ ուժերն հատում էին եւ շատ էր վախենում։ Սկսեց լացել, չէր կարողանում հանդարտվել, հույս ուներ այդպես թեթեւացնել ծանրացած սիրտն ու անտանելի ցավերը։
– Ի, վայ, մեծ մարդ ես, ինչ ես երեխու պես տզզում,- սկսեց ծիծաղել ձայնի վրա ներս մտած կինը,- ամոթ է, հանգստացի, ազիզ ջան, բա գիտեիր՝ հե՞շտ է լինելու, իհարկե՝ չէ, մարդ է ծնվում ի վերջո։
– Ես ոչինչ էլ չգիտեմ, ես ուղղակի էլ չեմ դիմանում, խնդրում եմ, մի բան արեք, կանչեք բժշկին, – խնդրեց Աստղիկը։
-Քիչ հետո կգա, դու դեռ ժամանակ ունես, ոնց որ թե մի 3-4 ժամ ։
– 4 ժամ, աստվա՜ծ իմ….
– Ընենց կթռնի ո՜ր…,- ծոր տվեց կինն ու, քստքստացնելով հիվանդանոցային կրկնակոշիկները, դուրս գնաց։
Աստղիկն անդադար գոռում էր ու հեւիհեւ մի կերպ շունչը տեղը բերում, հազիվ էր հասցնում շունչ քաշել, ցավը կրկնակի թափով էր հորձանք տալիս։
Րոպեները հավերժություն էին թվում, արդեն չէր հիշում՝ որքան այդպես տառապեց, ապա ցավերը դադարեցին։ Ննջեց, չգիտեր, թե որքան ժամանակ էր անցել, մինչեւ ներս մտավ բժիշկը՝ ձեռնոցներն ուղղելով։ Սարքը մոտեցրեց, որ լսի երեխայի սրտի զարկերը։ Հոնքերը խոժոռեց, մի քանի անգամ շոշափեց քարացած որովայնն ու բուժքրոջն աչքունքով ինչ- որ բան հասկացնելով՝ վազելով դուրս եկավ։
Բուժքույրերը խուճապի մատնված սկսեցին Աստղիկին նախապատրաստել.
– Ջանիկս, գնում ենք վիրահատարան, էլ սպասելու ժամանակ չկա։
– Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ վիրահատարան, ես չեմ ուզում, ես կարող եմ դիմանալ։
– Այստեղ վիճակն ավելի լուրջ է, սուս պառկիր, ամեն ինչ լավ կլինի , բժիշկն ավելի լավ գիտի իր անելիքը,- ասացին ու պատգարակը հրեցին դեպի դուռը։
Վերելակով բարձրացրին վիրահատարան, խուճապի ու տագնապի զգացողություններին ավելացան վախն ու անորոշությունը, եւ վայրկյաններ անց անզգայացման ազդեցությամբ քուն մտավ …
Երբ աչքերը բացեց, շուրջը լռություն էր, մարմինն ասես ծանր ժայռաբեկոր լիներ, չէր կարողանում շարժվել։ Բուժքույրր մոտեցավ, ժպտաց.
– Բարի վերադարձ, այ հիմա գնում ենք հիվանդասենյակ։
– Որտե՞ղ եմ, ո՞ւր է երեխաս։
– Մի լարվիր, ամեն ինչ լավ կլինի , գնանք, ամեն ինչ կիմանաս։
Անհամբեր սպասում էր, որ գրկի երեխային, բայց երբ տեղավորեցին հիվանդասենյակի մահճակալին, ընկերուհին փղձկալով մոտ վազեց ու սկսեց լաց լինել, գրկել էր իրեն ու հեկեկում էր։
– Մին, ինչ է եղել , Մին , ուր է պստոն, Մին,- խզված կոկորդը մրմռում էր, որովայնի ներքեւում սաստիկ ցավ ու ծակոցներ էին, փորձեց հասկանալ իր հետ տեղի ունեցածը։
Մինան իրեն հավաքեց ու պատմեց, որ բժիշկը գնացել էր մեկ այլ կնոջ ծնունդ ընդունելու, նոր գործի ընդունված անփորձ բուժքույրը երեխայի սրտի զարկը ժամանակին չէր լսել, իսկ հետո արդեն ուշ էր, պտուղը մահացել էր։ Պտղապարկը, ըստ երեւույթին, վնասել էր ներզննում կատարած բժիշկը, հավանաբար, որ պտղաջրերը արտահոսեն եւ ծննդաբերություն սկսվի։ Բայց ջրերը գնացել էին, կծկանքները ահագնացել, իսկ անհրաժեշտ բացվածք չկար, կաթիլայինով փորձել էին խթանել, բայց ցանկալի արդյունք չէր եղել, երեխան խեղդվել էր ժամեր տեւած չարչարանքից հետո… Դե, իսկ հետո արդեն տարել էին վիրահատարան, կեսարյան հատման ճանապարհով փորձել էին փրկել իր կյանքը, եւ, փառք աստծո, հաջողել էին։ Մի քանի ժամ մնացել էր վերակենդանացման բաժանմունքում, եւ վերջ, վերադարձել էր մղձավանջային իրականություն, ուր չկար իր մանկիկը, ինքը միայնակ ՝ որովայնի կարերի ցավի ու սրտի անբուժելի վերքերի հետ … Եվ անարդարության խեղդող դառնահամ, որ դառնալու էր բոլոր օրերի ուղեկիցը…
Երեխան թնկթնկաց, Աստղիկը սթափվեց հուշերի թմբիրից, սրբեց այտն ակոսող արցունքն ու օրորեց փոքրիկին։
Ինչպես կարողացավ ապրել այն օրերին, երբ դուրս եկավ հիվանդանոցից՝ չիմանալով՝ ուր գնալ…
Մնացել էր մեն- մենակ,միայն Մինան էր կողքին, մի քանի ամիս ապրեց ընկերուհու տանը՝ Երեւանում, մինչեւ կարողացավ ոտքի կանգնել։
Որոշեց իր կյանքի նպատակը դարձնել հղի եւ մայրանալ պատրաստվող կանանց կրթելն ու հնարավորինս զինելը այնպիսի գիտելիքով, որ իր նման չընկնեին ինչ-որ մի վայ բժշկի ծուղակը… Իրազեկված, ուրեմն ուժեղ ու պաշտպանված. սա դարձավ նրա նշանաբանը։
Աստղիկն ընկերուհու հետ ստեղծեց կանանց կենտրոն, որը զբաղվում էր մայրանալ պատրաստվող, հղի կանանց իրազեկմամբ եւ կարեւոր հարցերում խորհրդատվության տրամադրմամբ, կազմակերպում էին սեմինարներ, քննարկումներ, միամյանց լսելով՝ օգնում էին հաղթահարել վախերը, կարդում, իմանում էին ծննդօգնության, ծննդաբերության հետ կապված կարեւոր հարցեր, մանկաբարձական բռնության տեսակներն ու դրանց դիմագրավելու տարբեր ձեւերը նրանց արշավների առանցքային մասն էին։ Շատերն անգամ գլխի չէին ընկնում, որ իրենց հասցեին իբր կատակով հնչող խոսքերն իրականում բռնության տարրեր էին պարունակում, այդպես էլ ծննդաբերության արհեստական արագացումը, բժշկի քմահաճույքով պտղապարկի վնասումը, կոպիտ վերաբերմունքն ու շատ այլ խնդիրներ բացահայտելով՝ կանայք ավելի ինքնավստահ ու պատրաստված էին գնում ծննդաբերելու ։ Ժամանակի հետ փոխվեց ամեն ինչ, այդ թվում՝ մարդկանց գիտակցությունն ու ընկալումը շատ նուրբ հարցերի շուրջ։ Սկզբում շատ դժվար էր, կարծրատիպեր կոտրելն ու ինչ-որ կերպ իրավիճակ փոխելն ամենեւին էլ հեշտ չեղավ։
Շրջում էին տարբեր հեռու եւ մոտիկ գյուղական համայնքներում, տեղի բուժկենտրոններում կազմակերպում իրազեկման արշավներ եւ հանդիպումներ, տեսնում վախվորած նստած եւ հանդիպման ավարտին առավել ինքնավստահ կեցվածքով հեռացող հղի կանանց։
Ամենադժվարը 7 տարի անց ամուսնու գյուղ վերադառնալն էր։
Ինքն արդեն ընտրյալ ուներ, ծանոթացել էին սեմինարներից մեկի ժամանակ , երբ տղամարդն իր հղի քրոջը բերել էր իրենց գրասենյակ՝ «Ինչպես կանխել բռնությունը ծննդաբերության ընթացքում» թեմայով սեմինարին մասնակցելու։
Տղամարդը խնդրել էր մնալ, իհարկե ոչ մի խնդիր չէին տեսել, համբերատար լսել էր ներկայացվող նյութը, արել իր դիտարկումները։ Այսպես մի քանի ամսում հասցրել էին մտերմանալ, եւ քրոջ երեխայի ծնվելու հաջորդ օրը ստացել էր ամուսնության առաջարկությունը, որն ընդունել էր սրտանց։
Գյուղում իրեն միանգամից հիշեցին, հարեւանները հարցուփորձ արին որպիսությունից, ասին, որ նախկին սկեսուրը միայնակ մահացել էր, լսել էին նաեւ, որ Կարոն ռուսաստանների բերդերում էր եղել, ոչ էլ վերադարձել էր…
Գյուղի ակումբի դահլիճում բոլորը պլշած աչքերով նայում էին գեղեցկուհի Աստղիկին, որ շատ խելացի բաներ էր ասում, կանանց բոլոր հարցերին պատասխանում համբերատար ու սիրալիր։
Տարիների ընթացքում կյանքը փոխվեց, համացանցը ներխուժեց մարդկանց կյանք ու դարձավ անբաժան մասնիկը, կանանց իրազեկման հարցերն այս գործիքն առավել մատչելի ու հասանելի դարձրեց, ստեղծվեցին այլ նախաձեռնություններ եւս։ Նույն նպատակի շուրջ համագործակցված պայքարը բռնության տեսակների, մասնավորապես մանկաբարձական բռնության դեմ օր օրի ավելի լայն հնչեղություն էր ստանում, ընդգրկում ավելի մեծ լսարան։ Ամեն անգամ հղի կանանց ժպիտին ու հավատով լի աչքերին նայելիս շնորհակալ էր լինում երկնքին՝ իրեն տրված ուժի համար, որով կարողացավ առաջ նայել, ապրել…
Այսպես ապրեց տարիներ, տարիներ, որոնք անցան բժշկական հաստատություններում հնարավոր ու անհնար բուժումների մեջ՝ մայրանալու երազանքն իրականացնելու հույով։ Ամուսինը՝ Արգամը, ոչ մի օր չէր թողել, որ հուսահատվի, կոտրվի, միշտ նեցուկ էր եղել ու իր սիրով , հոգատարությամբ շրջապատել կնոջը։ Եվ ձմռան մի օր իմացան, որ Աստված վերջապես լսել է իրենց աղոթքները…
Մայրանալ պատրաստվող կանանց հետ զրույցներից ինքն էլ էր ուժեղանում, ինքնավատահությունն ամրապնդվում էր, վախեր այլեւս չուներ։
Հպարտությամբ էր նայում այն կանանց, ովքեր ամենօրյա ինքնաճանաչմամբ հաղթահարում էին կասկածները, վախերը, օր օրի ավելի ինքնավստահ դառնում՝ պատրաստ դիմագրավելու կյանք կոչված հողմապտույտից իրենց բաժին ընկնող մարտահրավերներին։ Այդպես ամիսներ անց հասան հիվանդանոց, չնայած բժշկի պնդմանը, հրաժարվեց կեսարյան հատումից եւ իր ուժերով լույս աշխարհ բերեց աղջնակին…
– Աստղի՜կ,- հիացական ճիչը հազիվ զսպելով՝ ներս մտավ ընկերուհին՝ իր կյանքի ուրախ ու դառը օրերի անբաժան ուղեկից Մինան,-,աստվա՜ծ, ուտեմ քե՜զ։ Աստ, հպարտանում եմ քեզնով, ապրես։ Հրաշք է, հրա՜շք։ Դե ասա, ոնց ես։
– Լավ եմ, մի քիչ հոգնած…
– Արգամին վերեւ չթողին, քեզ համար սա է ուղարկել,- ասաց ու մի փոքրիկ փաթեթ տվեց Աստղիկին։
Բացեց, արծաթյա կախազարդ էր՝ մայրը, հայրը, դուստրը, գրությունը՝ Ընտանիք…« Երազանքներն իրականանալու հատկություն ունեն,-հիշեց մանկատան դայակի խոսքերը,- ուղղակի չդադարես հավատալ»…
– Ինչ սիրու՜ն է, – հիացավ Մինան,- էս պստոյին արժանի սիրուն ընտանիք եք, Աստ։ Չգիտեմ՝ ինչ կլիներ քեզ հետ, եթե էն ժամանակ մնայիր այնտեղ…
– Մի հիշեցրու, Մին, բայց գիտես , չէ, ոչ ոքի չեմ մեղադրում, երբեք էլ չեմ մեղադրել… կրթության ու իրազեկ լինելու պակասը միայն մենք ինքներս կարող ենք լրացնել, ոչ ոք չի աշխատելու մեզ վրա մեր փոխարեն։ Մեղավոր ու անմեղ փնտրելու վրա ժամանակ վատնելն անօգուտ գործ է։ Մենք ենք փոխում մեր կյանքի ընթացքն ու ինքներս մեզ։ Դժվար է , անասելի ցավոտ է, հա, երբեք չեմ կարողանա մոռանալ եղածը։ Երբ հետ եմ նայում, զարմանում եմ նույնիսկ, բայց մի բան հաստատ է. հիմա ավելի ուժեղ եմ, քան առաջ, եւ վաղն ավելին կարող եմ անել, քան մինչ այս… Շնորհակալ եմ, որ կողքիս ես…
– Ճիշտ ես, Աստղս, բայց ընտանիքն էլ կարեւոր դեր ունի այս ամենի մեջ։
– Հա, բայց ամեն մեկի բախտը չի բերում այդ հարցում,- մի պահ մտքերի մեջ ընկավ՝ հայացքը պատուհանին,- բայց դա չի նշանակում, որ պետք է թեւաթափ լինել։ Հա, ի դեպ, գրքերում սիրուն-սիրուն տեքստեր ենք կարդում, որ Կինը կրում է տիեզերական ուժ ու լույս, նա մայրանալու հրաշքն է ապահովում երկրի վրա… այո, այդպես է, բայց մենք՝ կնոջը շրջապատողներս, ինչ ենք անում, որ մայրանալու այդ ճանապարհը նա արժանապատիվ անցնի, շրջապատված լինի սիրով ու հոգատարությամբ… ոչ մի բացասական երեւույթ, ոչ մի աննշան թեկուզ բան չպիտի խաթարի հղի կնոջ սրտի, մտքի ու հոգու ներդաշնակությունը, էլ ուր մնաց թե բռնության ենթարկվի… Համենայն դեպս, մենք մեր հնարավորության ամբողջ ծավալով պիտի աշխատենք այդ ուղղությամբ, Մին։ Ես տեսել եմ ամենաահավորը, չեմ ուզում՝ որեւէ կին անցնի նույնի միջով…
– Անպայման, ուժեղս, անպայման։ Չգիտեմ՝ կա՞ նման մրցանակ թե չէ, բայց եթե չկա, պետք է մտածել այդ մասին։
-Էլի ինչ ես մոգոնել,,-ծիծաղեց Աստղիկը։
– Դե, ասում եմ՝ մանկաբարձական բռնությունների դեմ պայքարի առաջամարտիկ շքանշան պետք է ստեղծել եւ առաջինը քեզ պարգեւատրել , ուժեղս։
-Էլ մի չափազանցրու, եթե ուզում ես իմանալ, այդ կոչումին արժանի են բոլոր կանայք, ովքեր չեն ընկճվում, գիտեն իրենց իրավունքներն ու կարողանում են կանխել իրենց հանդեպ ցանկացած բռնության փորձ։ Արդեն ասել եմ՝ արժանապատիվ մայրություն եւ հնարավորինս անվտանգ միջավայր հղի կանանց համար ապահովելը յուրաքանչյուրիս պարտքն է։ Կինն ապահովում է կյանքի շարունակականությունը, արարչագործության հրաշքը…
– Դե… քանի դեռ արհեստական բանականությունը չի սովորել այդ գործը․․․ իսկ դու, Աստղս, էսպես որ շարունակվի, գիրք էլ կգրես քո էդ սիրուն մտքերով,- ծիծաղեց Մինան, եւ քանի որ տեսակցության թույլատրելի ժամանակն արդեն սպառվել էր, դուրս եկավ ՝ օդային համբույրներ տեղալով մանկիկի ուղղությամբ։
Աստղիկը թիկնեց բարձին ու էլի հայացքը չէր կտրում պատուհանից…այստեղ՝ իր ներսում վերջապես խաղաղվել էր փոթորիկը… Դարակից հանեց նոթատետրն ու գրիչը, նայեց մաքուր էջին օրեր առաջ գրած վերնագրին՝ «Արժանապատիվ մայրություն, պայքար՝ հանուն․․․», եւ նոր տողից գրեց. «Հիվանդասենյակի պատուհանից մի կտոր երկինք է երեւում…. շրջանակից ներս հոսող կապույտ անսահմանություն, եւ ոչ մի ամպի ծվեն…»…