Հովիկ Մխիթարյան․ «Անավարտ պատմություն»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
***
Հեղինակ՝ Հովիկ Մխիթարյան
Անավարտ պատմություն
-Դու քաղցկեղ ունես,-ասաց բժիշկն անտարբեր, կարծես ամենաբնական բանն աշխարհում քաղցկեղ ունենալն է։-Ես հիվանդներին չեմ ստում,-անկիրք շարունակեց նա,-միգուցե, նրանք բուժվելու այլ հնարավորություններ որոնեն։
Բժիշկը երիտասարդ էր, նոր սերնդից, օղու փոխարեն՝ գինի, աղջիկների հետ ազատ են, մեղմ արտաքին ունեն, խնամված մորուք, բարի, խորամանկոտ աչքեր ու ամեն ինչ գիտեն։ Երբ ամեն ինչ գիտես, ենթագիտակցության խնդիր ունես։ Հիվանդությունն էր պատճառը թե մի ուրիշ բան, չսիրեց բժշկին անհոգի անկեղծության համար՝ քաղցկե՜ղ․․․թույլ գլխապտույտ ունեցավ։
Երբ դուրս եկավ բժշկի առանձնասենյակից, աշխարհն ավելի խորթ ու անտարբեր դիմավորեց նրան,-մեկ մարդ ավել, մեկ մարդ պակաս աշխարհում-այսպես իրական ընկալեց ուղերձը։
Երբ դուրս եկավ, չէր զգում մարմինը։ Դանդաղ իջավ աստիճաններով։ Հարազատ քաղաքն իր մեջ առավ ու կլանեց նրան․ մեռյալ արև, տապ օդ։ «Ես քաղցկեղ ունեմ, բայց դա դատավճիռ չէ, մտածեց նա,- հարկավոր է մարդկանց տեղյակ պահել»։ Քանի որ տուն գնալու ցանկություն չուներ, նստեց 1-ին համարի ավտոբուսը և երկու շրջան գործեց՝ երաժշտական ուսումնարանից մինչև վերջին կանգառ, կրկին hետ, բնազդաբար կառչելով մարդկային հայացքներից` կարեկցանք թե ուրիշ բան որոնելով այնտեղ։
Առաջին շրջանի ժամանակ նայում էր աջում բացվող, խաղաղության մեջ ծվարած քաղաքի բնությանը, միգուցե, հարազատ անտառները կյանքի կոչեն իր նիրհած ուժերը, պարուրեն հանդարտ կյանքի անհոգության մեջ։ Փոքրիկ քաղաքի՝ չափի մեջ զրույցներ դեսից-դենից, ծիծաղ-տխրություն, անցյալի հիշողություններ, դրանց արանքներում ամուսնություններ, երեխա։ Ամուսնություններն ու թաղումները քաղաքի ամենամեծ իրադարձություններն էին։ Բոլորն իրար դեմքով էին ճանաչում, ձեռքով բարևում, ամենահայտնին կարող է ժպտալ ամենաաննշանին, որ երկար կպատմեն այդ մասին։ Քաղաքում ամենահրահրողը սիրային պատմություններն էին՝ ով ում հետ ամուսնացավ, ում հրավիրեց, ինչ և ինչքան ուտելիք կար սեղանին, վերջում էլ` նվերների տրամաբանությունը։ Հմայիչ ձանձրույթը մեղմող իրադարձությունների մեջ լիցք կար, ռոմանտիկայից մինչև դանակահարություններ։ Վիճում, կռվում էին, հաշտվում բարեկամ-խնամի կապերի միջոցով, կաշառքով։ Երբեմն սիրեկան-սիրուհի՝ կյանքի փակագծերն էին բացում։ Ինքն էլ դրանց մեջտեղում մի հյուլե է․․․ հիմա՝ քաղցկեղը, ինչո՞ւ հենց ինքը։
Թվաց, մեկը սև չանչերը խոր թաղել է կրծքի մեջ․․․ ցանկացավ մատները կոխել կրծքավանդակն ու հանել, շպրտել նողկալի չանչերը, բղավել ուժգին, իր վրա հրավիրել աշխարհի ուշադրությունը՝ մեռնո՜ւմ եմ։
Նա ձեռքը խրեց ծոցը, հանդիպեց փարթամ կրծքերին ու շոշափեց ափսոսանքով՝ «Ոչ մեկին այլևս բաժին չի՞ հասնելու»։
Երկար քայլելուց հոգնեց, գնաց տուն, բնազդաբար ձեռքն առավ ծխախոտը և բացեց պատուհանները։ Պատուհանը մուտք էր բռի մեջ տեղավորված քաղաքին, որի եռուզեռը առավոտյան ու երեկոյան աշխատանքի գնալ-գալն էր մշտապես լիքը հասարակական տրանսպորտով։ Իրեն թվաց, թե կուրծքը սկսել է ցավել։ Միգուցե, հոգեբանական վա՞խ էր։ «Ջհանդամը, ինչքան ուզում ես ցավի»,-սպառնաց քաղցկեղին․․․գիտեմ, մեռնում են բոլորը՝ նշանավորներից մինչև վերջին ստահակը․ դա մեր աշխարհի քիչ արդարություններից մեկն է»։
Երբ ձեռքը վերցրեց լուցկին, հանկարծ հիշեց բժշկի խոսքերը՝ «Առաջին հերթին վերջ ծխախոտին»։ Նա դժվարությամբ մի կողմ դրեց, ապա կտրուկ շարժումով պատուհանից դուրս նետեց ծխախոտը` ուշադիր հետևելով անցնող հետագծին։ Ընկավ ուղիղ լորենու տակ։
Եվ այսպես․ քաղցկեղ։ Առայժմ չի ասի մորը, ցնցում կապրի։ Հայրը վաղուց թաղված է ռուսաստաններում, ինչ-որ տեղ։ Նուրբ կարոտից ճմլվեց սիրտը․ հայրը ծանր կտաներ լուրը։ Իսկ եղբոր հետ դեռ կհասցնի խոսել։ Մնաց․․․ չէ լացուկոծ չի անի, ինքն ուղղակի պետք է իմանա։
Նա հավաքեց թվերը` լսելով զանգի ծանոթ մեղեդին. Ինչքա՜ն ժամանակ է չէր զանգել։
-Ես եմ։
-Հասկացա, ի՞նչ կա։
-Վաղուց չէի զանգել, խոսելու բան կա։
-Աշխատանքի եմ, ինչու՞ է ձայնդ մի տեսակ։
-Լսի՛ր, ես քաղցկեղ ունեմ․․․-ասաց բժշկի նման անկեղծորեն ու միանգամից` նայելով դուրս․ մանկուց իրեն հարազատ լորենին տեղում էր, խիտ տերևները թեթև դեղնել էին ու օրորվում էին։ Ծառն իրենից հետո էլ կլինի, միշտ կօրորվի քամուց, այնտեղ ծտեր կբնակվեն։ Բնում մոտ սպիտակ փոքրիկ առարկա կար։ Հիշեց՝ ծխախոտն էր, ծխելու ուժեղ ցանկություն զգաց, բայց զսպես իրեն։
-Ճի՞շտ ես ասում, ապուշ հո չե՛ս․ ինչ քաղցկեղ։ Դա քո հղիության ցավերից է։
-Չէ, ապուշ չեմ, ուղղակի անալիզներ եմ տվել, ես էլ չէի պատկերացնում, բայց․․․ բժիշկը չէր խաբի։ Իսկ դու մի անհանգստանա։ Չես գժվում իմ սիրուց, բայց պետք է տեղյակ լինես, չէ՞ որ քեզանից եմ հղի։ Երկու լուր կհայտնեմ բոլորին, որ հղի եմ ու քաղցկեղ ունեմ։ Քաղցկեղի սարսափն էլ կմեղմի հղիության ցնցող լուրը, կգժվե՜ն։ Ծիծաղելի է, չէ՞․․․ երեխա՝ հիվանդ մորից։ Գիտես չէ՞, որ քեզանից է։
Հեռախոսը մահացավ ձեռքերի մեջ․․․ լսվում էր շնչառության ձայնը` ընդհատ–ընդհատ։ Հանկարծ նկատեց, որ լորենու վրայի բնակիչները չկան, երևի այլ ծառ են տեղափոխվել, ինչ հետաքրքիր են, ճիշտ ինչպես մարդիկ՝ գժի նման մի տեղից մյուսն են վազում, շենքից շենք, քաղաքից քաղաք, երկրից երկիր, որ ի՞նչ, գիտե՞ն, որտեղ է ավելի երջանիկ ու ավելի հուսալի, թե՞ չգիտեն, դրա համար են վազվզում։
-Չէ, չի կարող պատահել, չեմ հավատում․․․ լավ, հիմա գալիս եմ, կխոսենք։
Նա կիսապառկեց բազմոցին, մտածեց՝ վիրավորվե՞լ անհոգ աշխարհից․․․ ո՞ւմ պետքն է քո հիվանդությունը կամ ծնվող երեխան, աշխարհում այնքա՜ն երեխաներ կան, ոմանք էլ մահանում են անժամանակ, հետո՞ ինչ, ո՞վ է մտածում նրանց մասին։ Երբ բժիշկն իմացավ, որ հղի եմ, ասաց՝ հեռացրու երեխային, քեզ ապրելու հույս է, թեև չնչին․․․փրկելու իրեն կամ գոնե երկարաձգելու կյանքը։ Իսկ երեխան ոչնչով մեղավոր չէ իր երիտասարդական անզսպության ու այսրոպեական կրքի համար։ Ինքը մանկասպանության չի գնա, թեև դա մի անգամ էլ առիթ կտա փոքրիկ քաղաքի մարդկանց իրեն «անառակ» անվանելու։ Երեխան՝ «անառակի՜ց»․ ինքն ազնվորեն կվերցնի իր խաչը։
Երեխան անհասկանալի խորհուրդ է, իմ մանո՜ւկը, ու նա պիտի ապրի առանց ինձ։ Ես թերևս անհետանամ նրա կյանքից, իսկ միգուցե քաղցկեղը դատավճիռ չէ։ Իմ կյանքը անտաղանդ բեմադրիչի դժգույն սերիա՞լ է։
Գարուն էր, միայնակ զբոսնում էր այգում, հասմիկի թփերից փունջ սարքում, ուրախ նայում զբոսնողներին։ Բոլորի հանդեպ անհասկանալի ջերմություն ու մտերմության պահանջ էր զգում։ Հենց հիմա խոսեր մեկի հետ, հենց այնպես, մարդկային ներկայություն ու ջերմություն զգար։
Հանկարծ ուղիղ հետևում լսեց՝ «աննորմալ քած է»։ Չշրջվեց ու ոչինչ չասաց։ Նման դեպքերում ոչինչ չեն ասում ու ոչինչ չեն ապացուցում․․․ ոմանք այդպես են մտածում։ Իրեն մտածելու նյութ տվեցին՝ «քածը» ո՞վ է մեր աշխարհում, ինչպիսի՞ն են նրանք։ Այդ արտահայտությունը մեխվեց ուղեղում, «քա՞ծ», ընդ որում՝ աննորմալ։ Ո՞րն է բնականոն աղջկա և քածի միջև եղած տարբերությունը, երկար մտածեց, հարկավոր էր լուծել այդ թնջուկը, որ, միգուցե ոչ մի լուծում էլ չունի։
Փոքրիկ քաղաքն ունի իր կարծրացրած օրենքներն ու կանոնները և դրանցից դուրս գալն արդեն «քածային» պատմություն է։ Իսկ ձայնը շատ ծանոթ էր, այն տղաներից մեկն էր, մինչև հիմա հիշում է քրտնած դեմքն ու կրքից խռպոտած նրա կենդանական ոռնոցը։
-Չեմ հավատում,-ասաց տղան շեմից, մտնելով տուն,-բա՞ն ես հորինել, խղճահարությո՞ւն ես արթնացնում։
Նա ոչինչ չպատասխանեց։ Ինչ-որ տեղից լսվում էր ճանճի միալար բզզոցը։
-Քեզ հետ եմ, ինչո՞ւ կանչեցիր։
Նա ուշադիր նայեց տղայի գեղեցիկ կիսադեմին։ Սովորականի ավելի գեղեցիկ դեմք է, տղամարդկային կոպիտ, սակայն զգայուն շրթունքներով, հարցական իրեն է նայում։
-Հո հիմար չեմ, քեզ խաբեմ։
Տղան նրան էր նայում։ Լռության մեջ լսվում էր հին, պապական, փայտե ժամացույցի թխթխկոցը․ ծանոթ էր անգամ այս լռությունը, նույն սենյակն էր, որտեղ հանդիպում էին, որտեղ տրվեց նրան։ Ինքը մտածում էր, որ միշտ նրա հետ է լինելու, իսկ նա՝ ինչպես փախչի, թողնելով իրեն իր հղիության հետ։
Նա սպասողական տղային էր նայում։
-Բայց լավ, ինչի՞ց կարող էր լինել,-պայթեց տղան անորոշ, անելիքը չիմացող մարդու ձայնով։
-Ծխելուց, դե գիտես, կարգին հաց էլ չեմ ուտում, ուրիշ տարբերակ չկա։ Դա կարևոր չի արդեն։ Միգուցե, ես մեռնելո՞ւ եմ։ Ծխելու ցանկությունը նորից գլուխ բարձրացրեց, ափսոսաց դուրս նետած ծխախոտի համար։ Միգուցե տղայից խնդրի՞, սակայն ինքնասիրությունը թույլ չտվեց։
Տղան նստեց աղջկա կողքին ու բռնեց ձեռքը։ Աղջիկն առաջին անգամ ցնցվեց, ջերմ թրթիռներ, ալիքներ անցան մարմնով մեկ. անկեղծ հպում էր։ Թվաց, կյանքի անհետացող ստվերները մի մի պահի ետ վերադարձան ու դարձան իրական պատկերներ։
Տխրություն զգաց ու հեկեկալու անզուսպ ցանկություն։
-Տաք է,-միայն արտաբերեց տղան`շոյելով ձեռքը։
-Հուզվում եմ,-ասաց աղջիկը` սրբելով արցունքները,-շատ կարճ ստացվեց այս ամենը, գիտեմ, որ չես սիրում ինձ։ Կսիրե՞ս հիմա ինձ, կբարձրացնե՞ս ամպերի գագաթներից էլ վեր, քո թևերի մեջ։ Թե՞ կմտածես, որ հիմա օգտվում եմ առիթից։
-Չեմ հավատում,-ասաց տղան, իր հերթին հուզված,-ո՞նց կարող էր այսպես լինել։
Վերջապես հայտնաբերեց ճանճին։ Նա հաղթահարում էր պատուհանի բարձրությունը, վարագույրի ծալքերի ու անհարթությունների դիմադրությունը։ Ո՞րն է տեսնես այս ճանճի դերը կյանքում,-մտածեց աղջիկը,-այսքան փոքրի ու միանգամայն անօգուտ, բայց համառությամբ առաջ է ընթանում։ Ի՞նչ տարբերություն կա իմ ու այս ճանճի միջև։ Մի՞թե հավասարապես փոշիանալու ենք։
-Գրկիր ինձ,-անսպասելի ասաց նա,-անսովոր կարոտ եմ զգում, ոչ թե մարդու, այլ մի բանի, որ իմ ներսում է, բայց չեմ հասկանում ինչ է դա։
Տղան գրկեց։
-Այսպես ուրեմն, ինչպես գրված է բոլոր վատ գրքերի վերջաբանում, պետք է մահանամ, կպատկերացնե՞ս, դու ինձ ոչ մի անգամ այսպես սիրով չես գրկել։ Մենք շա՞տ բան ենք կորցրել, միգուցե, ինձ հրաժե՞շտ ես տալիս, ասաց նա ծիծաղելով։
-Մենք միշտ ենք կորցնում, երբ չունենք մեղավորության զգացում։
-Ավելի ուժեղ,-ասաց աղջիկը,-ավելի․․․ մեր կյանքերից, մեր անպատասխանատվությունից մի փոքրիկ ողբերգություն ստացվեց, լսիր, ի՞նչ անենք, որ ավելի ճիշտ լինի։ Ես քեզ ներել եմ արդեն այն ժամանակ, երբ տրվեցի քեզ։ Երեխա էի ցանկանում, ուղեղով չէի հասկանում, բայց տենչերով ու փափագով․․․ինձ ոչ մեկը լուրջ չսիրեց։ Ես բարկացած էի ու որոշեցի վրեժ լուծել, ինքս էլ չգիտեմ ումից, ու ապրել երեխայի համար։
-Չգիտեմ, մենք այնքան էլ շատ հասկացող էակներ չենք, զգայություններին ենք տրվում։
-Տղաներն այդքան ծանր չեն տանում, ինձ նման շատ աղջիկներ կան, կվերցնես նրանցից մեկին, կդառնա քոնը ու կմահանաս նրա գրկում։ Բոլորն էլ ոչ մեկի համար չեն և բոլորն էլ բոլորի համար են։ Ի՞նչ կասես։ Մի մոռացիր՝ ես քեզ երեխա եմ պարգևելու․․․
-Դու կարող ես հրաժարվել երեխայից․․․դա քեզ կօգնի՞։
-Բժիշկն էլ նույնն ասաց, երբ իմացավ, որ հղի եմ, ասաց, որ երեխային պետք է հեռացնել, փրկելու ինձ կամ գոնե երկարաձգելու իմ կյանքը։
-Դա ճիշտ է, չէ՞․․․
-Ես այդպես չեմ մտածում, երեխային սպանե՞լ։
Լռեցին, այն լռությամբ, որ պատմում էր մի անսովոր, բոլոր պատմությունների նման եզակի պատմություն, չգրված ոչ մի գրքում, այլ միայն հոգու չարտաբերված, անսահման խորքերում․․․ հայացքն ակամա ընկավ ճանճի վրա՝ հաղթահարել էր պատուհանի բարձրությունը և անշարժացել. Ապրելու, կյանքի ինչիպիսի՜ ծարավ, իսկ ես նվնվում եմ։
Տղան նայում էր, ինչպես են արցունքները գլորվում աղջկա աչքերից․ դա գեղեցիկ էր ու անչափ հուզիչ։ Նա նորից գրկեց աղջկան։
-Դու չես մահանա, երիտասարդ ես։ Ես չեմ ասի կներես, որպեսզի ձևական չստացվի, բայց անկեղծ եմ ու գիտեմ, որ դու իսկապես սիրում ես ինձ։
-Ես ձյունե թագուհի եմ թվում, բայց ներսից տաք հողմեր են մոլեգնում։
-Իսկ եթե, այնուամենայնիվ․․․
-Չփորձես համոզել, ես ոչ մեկին չեմ լսելու։ Ես շատ սխալներ եմ գործել, բայց վերջինը չեմ գործի։ Եթե ապրելու, կյանքի հնարավորությունը մեկին է տրված, ապա դա երեխայի՛ն է պատկանելու։ Դեռ չտեսած, ես սիրում եմ նրան։ Նրա անուշիկ դեմքն ու անկապ շարժումները թաթիկների։ Աչուկները, որ անկյանք ապակուց վերածվում են կյանքով լեցուն աչքերի։ Նա պետք է ծնվի ու ապրի, իսկ ե՞ս-ժամանակը ցույց կտա։ Ես մի քիչ հնարավորություն ունեմ, իսկ նա այլևս չի ունենա, եթե ես հրաժարվեմ և անհոգի ձևով մահվան դատապարտեմ նրան։ Կարո՞ղ եմ արդյոք քնել ես խռովքի գիշերներին, արդյոք նա երազ չի գա ին ձ և հաշիվ չի պահանջի։ Իսկ միգուցե լուռ կնայի աչքերիս մեջ և ոչինչ էլ չի՞ ասի, որ ավելի սարսափելի է։ Նա կնայի ինձ բազում հարցականների, իր չապրած տարիների լուռ աղերսանքով, իմ խղճի ու հանդիմանության ծանր բեռով։
-Բայց քո հնարավորություններն են նվազում։ Դու դեռ կարող ես նորերն ունենալ։
-Պատկերացնու՞մ ես, թե ինչ խղճով եմ ապրելու դրանից հետո։ Ես մանկասպան եմ կոչվելու։
-Ես չեմ հասկացել քեզ, դու խորհրդավոր, այն աշխարհից եկած էակ ես, բնական ու անհասկանալիորեն պարզ։
-Ես սիրվել եմ ցանկանում, չեմ թաքցնում, ես միշտ դրան եմ ձգտել, թեպետ սխալներով ու անկումներով։ Զղջո՞ւմ, միգուցե, բայց արդեն եղածը չես կարող ջնջել, դրա հետ ապրում ես և նա քո կյանքի մի մասն է։ Սերը մեղմում է մահվան վախը։ Ես հիմա անսովոր զգացողություններ ունեմ։ Չհրաժարվելով երեխայից, ես հերոսություն չեմ անում։ Հերոս բառից մեռելային գարշահոտ է փչում․․․ես մա՛յր եմ։ Մայրերը գիտե՛ն ինչպես վարվել։ Իսկ դու ոչ մի պարտավորություն չունես իմ հանդեպ, բարոյապես՝ հատկապես։
-Դու կին ես, իսկ ես հասկացել եմ կանացի գեղեցկության հմայքն ու դիվային ուժը, որի առաջ անզոր են կամքն ու ամենաբարձր սկզբունքները․․․ ես տեսել եմ ու զգացել կանացի մարմնի կորությունների թովչությունն ու ուժը, կանացի կանչվածության խորհուրդը, նրանց սերն ու նվիրվածությունը, որի առաջ պարտվում են տղամարդիկ։ Դու հենց այդպես ես ներկայացել ինձ, առաջին իսկ պահից, որ տեսա քեզ․․․
-Ես ոչինչ չեմ կարող ասել, պարտադրել կամ խնդրել․․․իսկ դու հիշո՞ւմ ես մեր ծանոթությունը, ինչ զարմանալի էր, պատահական ու այնքան բնական, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ։
-Դա բոլորովին էլ պատահական չէր, կյանքում տեղի ունեցած ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ․․․
-Ես ե՞մ այս ամենի մեղավորը, ես անառա՞կ եմ, որ տրվեցի քեզ, թէ՞ անավարտ մի պատմություն։ Այնքան եմ ցանկանում հասկանալ այս ամենը, երբ քաղցկեղ ունեմ։
-Մեր պատմությունը անավարտ պատմություն է։
-Ես վա՞ղ տրվեցի քեզ․․․
Տղան երկար լռեց, կարծես մտածում էր, ասե՞լ, թե՞ չասել։ Վերջապես խոսեց․
-Ես շատ ավելի վաղ էի տեսել քեզ, բայց չէի համարձակվում մոտենալ, միայն հեռվից նայում էի, երբ դասից տուն էիր վերադառնում, երբ երբեմն դուրս էիր գալիս։ Դա ինձ անկեղծ ուրախություն էր պատճառում։ Դու շատ գեղեցիկ էիր ու ինձ անմատչելի էիր թվում։ Մի օր հարցրի ձեր շենքում ապրող ընկերոջս քո մասին․․․տղան լռեց, նայեց աղջկան, որ անթարթ իրեն էր նայում, ապա շարունակեց։
Նա քմծիծաղեց, ապա ասաց, որ մի օր շենքից մի քանի տղա կանգնել են շքամուտքում ու սպասում են իրենց հերթին․․․ ձեր տուն մտնելու, քեզ հետ սեռական հարաբերություն ունենալու համար։
Ես խնդրեցի նորից պատմել և երդվել, որ դա ճիշտ է։ Նա ասաց, որ դա ճիշտ է։
Դա ինձ համար ցնցում էր, որից հազիվհազ ուշքի եկա։ Դու այնքա՜ն լավն էիր։ Բայց որոշեցի վրեժ լուծել քեզնից, յուրատեսակ վրեժ։ Դու պետք է ինձնից հղիանայիր, իսկ դրանից հետո ես պետք է լքեի քեզ, թողնելով այդ վիճակում։ Երկար ժամանակ եմ մտածել այդ մասին և ավելի վատ բան չէի կարող հորինել։ Ես չէի հասկանում թե ինչու, բայց այն ժամանակ այդպես էի մտածում։ Հիմա՜․․․
Աղջիկը ցնցվեց ու ապշահար նայեց տղային։ Այլայլված դեմքով նա ասաց․
-Դու իմացե՜լ ես դա, ուրեմն դու գիտեիր այդ մասին։ Բայց ես ապո՜ւշ էի այդ ժամանակ, ես 18 տարեկան է․․․ու ի՞նչ, դու լուծեցի՞ր քո վրեժը։ Հանգի՞ստ ես հիմա։
-Հիմա այդպես չեմ մտածում, շատ եմ մտածել այդ մասին։ Հիմա կարեկցում եմ քեզ։ Այն ժամանակ ես չէի համարձակվում մոտենալ քեզ, այնքան լավն էիր դու, ես ինձ անարժան էի համարում։ Հպարտ, ինքնավստահ, քո արժեքն իմացող։ Բայց այդ դեպքից հետո համարձակվեցի մոտենալ քեզ։ Ես մտածում էի, որ դու ջախջախվել ես։
-Ինչո՞ւ ավելի վաղ չմոտեցար ինձ։ Ամեն ինչ այլ կերպ կլիներ, չէ որ ես սեր էի փնտրում, ու քեզ չէի ճանաչում․․․ եթե մոտենայիր․․․բոլոր մարդիկ ու նրանց պատմություններն անավարտ են, այն չեն, ինչ տեսնում ենք աչքերով։ Կյանքը անհասկանալի շրջապտույտ է, որ շարունակություն ունի, որը երբեք չենք կարողանում գուշակել։
-Ես այսպես չէի ցանկանում, հիմա եմ հասկանում, որ սիրում եմ քեզ, եթե չսիրեի, այսպես չէր լինի, կամ մենք սխալ ենք հասկանում սերը։ Միգուցե դրա համա՞ր են շատերը նախընտրում գահավիժել ու հայտնվել որևէ կամրջի տակ։ Նրանք ճիշտ չեն անում, բայց գիտեն ինչ է սերը։ Սիրո մեջ սկսվում է և ավարտվում ամեն ինչ։
-Դու ինձ ոչ թե սիրել ես, այլ վրեժ ես լուծել, կարող ես հանգիստ հեռանալ ու վերջ, իսկ մայրերը մայր են մնում մի՛շտ։
-Մենք միշտ մի հնարավորություն էլ ունենք, մեկ հնարավորություն։
-Պատուհանի վրա մագլցող ճանճը ինձ ապրելու դաս տվեց, իսկ դու խաբել ես ինձ։ Շատ բան կարելի է ներել, բայց գիտակցված խաբե՜լ։
Տղան փորձեց գրկեց աղջկան, սակայն աղջիկը նրան մեղմ մի կողմ հրեց։
Մարմինս կորել է քրտինքի մեջ։ Բուժքույրը չի հասցնում սրբել։
-Ցավո՜ւմ է,-բղավում եմ ես` տապլտկվելով գինեկոլոգիական մահճակալի վրա։ ։
-Ցավո՜ւմ է,-արձագանքում է բժշկուհին հեգնական ձայնով,-քիչ գոռա, իսկ ի՞նչ էիր մտածում, երբ մտնում էիր տղամարդու տակ։
Ի՞նչ էի մտածում, իսկապես, սկսում է գլխումս պտտվել ակնոցավոր, բարկացկոտ դեմքով բժշկուհու ձայնը,-իսկապես ի՞նչ ես մտածում, երբ սիրում ես, դե, ոչինչ էլ չես մտածում, եթե սիրում ես։ Տեսնես ինքը չի՞ սիրել երբևէ։
Բժշկի կերպարանքն ինձ առասպելական հրեշ է թվում, միաչքանի կիկլոպ, որ անխղճաբար մարդ է խժռում։ Հա՜, հիշեցի, մանկան թոթովախոս բլբլոցն էի տեսնում, ինձ գրկող նրա թմբլիկ թաթիկները, կյանքն արարող հրաշքն էի տեսնում։
Հանկարծակի սկսվող ցավերից սրտխառնոց եմ զգում։ Գիտակցությունս մի պահ անհետանում է։
-Գալի՛ս է, ուժ տուր, չվնասես երեխային։
Ես ջանքեր եմ գործադրում, ուժերս սպառվում են։ Քրտինքն առվակներով է հոսում։ Կավարտվի՞ այս ամենը երբևէ․․․
Թույլ ճիչ եմ լսում մանո՜ւկն է։ Լսում եմ բուժաշխատողների ձայնը․
-Ինչ ծանր տարավ, միայնակ մայր է, սպասող էլ համարյա չունի․․․
Մի պահի թեթևություն եմ զգում։
-Առողջ երեխա է, ահա տե՛ս։
Հայացքս հազիվ կարողանում եմ թեքել, սակայն ոչ մի ցանկություն չունեմ, միայն պառկեմ ու ոչինչ չզգամ։ Նորից սուր, շամփրող ցավ եմ զգում։ Ճչում եմ։
-Կարում ենք, պատռվածքներ ունես, հանգիստ պառկի,-բժշկուհին է։
«Դոկտոր, միգուցե անզգայացնե՞նք»,-լսում եմ մանկաբարձի հազիվ լսելի շշուկը։
-Կդիմանա, ոչինչ, սուս։
-Բժշկուհի՜, թույլ ասում եմ, շատ է ցավում,․․․ես քաղցկեղ ունեմ։
-Ինչ-որ բան տվե՞լ է, շշուկով հարցնում է կանգնածներից մեկը։
-Չէ, ով ունի, որ տան, միայնակ է եկել։
-Հա, մարդ չունի, միայն մի տղա էր եկել էրեկ, իր մասին էր հարցնում, ու արագ գնաց։
Տեսնես ո՞վ էր, մտածում եմ, իհարկե եղբայրս չի լինի, նա Ռուսաստանում է։ Պարզ է, ուրիշ ո՞վ կարող է լինել, նա՜ է։
Սուր ցավը շամփրում է, ես միալար ճչում եմ, չեմ հանգստանում։
-Հանգիստ, աղջիկ ջան,-մի քիչ մեղմացած ասում է բժշկուհին,-մենք հենց դրա համար էլ այստեղ ենք, քեզ նման հազարների ենք տեսել ու երեխա պարգևել։
Ես ցավից կտրուկ շարժումներ եմ անում, թափահարում ոտքերս․․․
-Այ լիրբ, ոտքերդ գրպանս մտցրիր,-գոռում է բժշկուհին։
Կիսաթմրած լռում եմ ու նորից անշարժանում, միայն թե արագ ավարտվի այս ամենը։
-Վե՛րջ, այ հիստերիչկա, ասում է բժիշկը, վերջին կարը դրեցինք։
-Երեխա՜ս, ցույց տվեք խնդրում եմ։
Ինձ պալատ են տանում։ Ծարավից ամբողջ ներսս այրվում է։ Շրթունքներս չորացել են։ Ես ջուր եմ խնդրում։ Ահա և վերջ, մտածում եմ, ինչ դժվարությամբ են ծնվում երեխաները։
Պալատում ինձ հետ մի քանի հիվանդներ էլ կան, նրանց այցելում են, ծաղիկներ են բերում, ուտելիք, բակում շամպայն են պայթեցնում, ուրախ աղմուկ է։ Ծննդաբերած աղջիկները կարեկցանքով ինձ են նայում։ Ուրախության հետ միախառնված վիրավորանքի ու լքվածության զգացումներ ունեմ։ Աղջիկներից մեկն ինձ լիմոն է առաջարկում․
-Օգնում է ծարավին,-ասում է նա։
Շնորհակալություն եմ հայտնում։ Եթե չամաչեի, կեղևով կուտեի։
Մի պահի, երբ ներս է մտնում սանիտարը, որպեսզի մաքրի սենյակը, ես ձեռքումս սեղմում եմ մեկ ռուբլիանոց թղթադրամը․ այդպես է կարգը, հարկավոր է տալ սանիտարին, որպեսզի քեզ լավ լավ նայի։ Նա մոտենում է ինձ, ես նրան եմ մեկնում թղթադրամը։
Նա այլայլված մի կողմ է հրում ձեռքս և ինձ մեկնում ձեռքի փաթեթը։
-Վերցրո՛ւ, աղջի՛կս, այստեղ հինգ նարինջ և երկու շիշ ազնվամորու հյութ է։ Ես տեսա, որ քեզ այցելող չունես․․․
-Անգին մորաքո՜ւյր,-խզված ձայնով ասում եմ ես,-ախր ինչի՞ համար։
Ծարավից պապակած շրթունքներով ուղղակի կլանում եմ միանգամից երկու նարինջ։ Ուրեմն աշխարհն ամբողջովին չի փչացել, դեռ կարելի է ապրել և չնահանջել քաղցկեղի առաջ։ Իսկ կիկլոպ-բժշկուհուց իմ վրեժը կլուծեմ, նրան վճարելով։
Նարինջներն անմահական համ ունեն, ուժերս կարծես կախարդական փայտիկով վերականգնվում են։ Մնում եմ ևս երկու օր, կարծես դուրս գրելու ցանկություն չունեն։ Դեմ չեմ մնալու նրանց հսկողության տակ, սակայն միայն մեկ անգամ մայրս է ուտելիք բերում և վերջ։ Սանիտար Անգին մորաքույրն էլ մեկ-երկու անգամ ուտելիք է բերում, իր խղճուկ աշխատավարձից խնայած գումարներով։
-Վերցրու, ջանիկս,-ասում է նա,-ես լավ գիտեմ ինչ է նշանակում միայնակ մայր։
Ինձ հասկացնում են, թե ինչու չեն դուրս գրում հիվանդանոցից։ Իսկ ես միամտաբար կարծում էի, թե դեռ չեմ կազդուրվել։ Սակայն ինքս որոշել էի վճարել բժշկուհուն, որպես թեթև վրեժխնդրություն, որպեսզի պարտք չմնամ ոչ մեկին։
-Ձեր աշխատանքի դիմաց,-ասում եմ ես, նրան մեկնելով 10 ռուբլիանոց թղթադրամը։
Նա ակնոցների տակից կասկածանքով ինձ է նայում և վերցնում թղթադրամը։
-Հուսով եմ սա մեր մեջ կմնա,-ասում է նա։
-Ես էլ եմ հուսով,-պատասխանում եմ, և վրեժս ավարտված համարելով դուրս եմ գալիս նրա առանձնասենյակից։ Իհարկե բարի անձնավորություն չէ, սակայն դեմ չէի լինի հրաժեշտի ժամանակ գրկել նրան։
Բարուրը ձեռքիս դուրս եմ գալիս․․․Ինձ ոչ-ոք չի դիմավորում ծաղիկներով։ Չկա շամպայնն ու շոկոլադը։ Կոկորդս սեղմվում է, լուռ անցնում եմ առաջ։
Սպասողները զարմանքով ու կարեկցանքով ինձ են նայում։ Ատամներս սեղմած ամրապնդում եմ իմ որոշումը՝ ապրել հանուն այս երեխայի, ի հեճուկս բոլոր չարակամների և պարզապես անտարբեր աշխարհի։
Չեմ հասցնում շուրջբոլորս նայել, երբ հանկարծ ինձ է մոտենում մի տղամարդ և ասում․
-Ինձ խնդրել են, որ քեզ տուն տանեմ։
Այդ պահին միայն նկատում եմ մուտքի մոտ կանգնած սանիտար Անգին մորաքրոջը։ Մոտենում եմ և գրկախառնվելով հրաժեշտ ենք տալիս։
-Աստված քեզ պահապան, հարազատս,-մաղթում է նա։
Ապրել և ապրե՜լ։
Վառվել էին փողոցի գիշերային լույսերը։ Բաց պատուհանից ներս էր թափանցում վերջին մեքենաների աղմուկը, մարդկային խուլ ձայները։ Խորհրդավոր, աստղազարդ երկինքը լուռ հրաժեշտ էր տալիս մարդկային հոգնությանը։
-Տղաս, ուշ է, քնիր,-ասաց հայրը, մտնելով ներս։
-Մտածում եմ, հայրիկ, կքնեմ, մի անհանգստացիր։
Հայրը մոտեցավ տղային և գրկելով բարի գիշեր մաղթեց։
Հայրական գրկախառնությունից նա մի պահ ցնցվեց։ Հա՜յր․․․ Չնայած իր հասուն տարիքին, ինչքան պաշտպանված է զգում իրեն․․․
Տղան մեկը մյուսի հետևից հանգցնում էր ծխախոտը և հիշում իրենց հանդիպումներն ամբողջ մանրամասներով։ Սիրո՞ւմ էր ինքը, թե՞ մտածում էր ինչպես վրեժ լուծի։ Երեխա՞ն էր, անմեղ էակի ու միայնակ կնոջ միայնությունն ու լքվածությո՞ւնն էր վրեժխնդրության գինը, այն գինը, որ պետք է վճարեին իր վիրավորված ինքնասիրության համար․․․
Ափսոսանքի ու կարեկցանքի՝ կոկորդը սեղմող սուր զգացում, մտքեր անցած-գնացած պահերի, շքամուտքում հերթին սպասող տղաների, վրեժխնդրության մասին։ Այնքան ցանկանում էր կանգնեցնել ժամանակը, ակնթարթը, հետ շրջել պատմության անիվը, մի նոր պատմություն արարել․․․
Նախկինն այժմ այլ լույսի ներքո է ներկայանում նրան։ Ջնջվում էին անցյալի ու ներկայի, իրականության ու անուրջների միջև աննկատ ձուլվող սահմանները։
Իսկ եթե հետ գար անցյալը, արդյո՞ք ես նույն կերպ կմտածեի, թե՞ ոչ։ Սակայն այդպես մտածելն իր հիմքում լուրջ սխալ ունի՝ որովհետև մենք չենք կարող շաղկապես արդեն եղածը անիրականի հետ։ Եվ այն, ինչ արդեն եղել է, դա ամենաճիշտն է։
Մենք փորձում եմ հարմարվել իրականությանը, որովհետև իրականությունը ճշմարտությունն է, լավագույնը մեր աղավաղված մտածողության ու ճշմարտությունը մեզ հարմարեցնելու անհույս ձախողումներից ազատագրելու համար։
Խավարն աստիճանաբար զիջում էր դիրքերը, արթնանում էր քաղաքը։ Ահա և հայտնվեցին առաջին անցորդներն ու մեքենաները, աղմուկով անցավ կաթի մեքենան, մի տեղ ճչաց շտապ օգնության մեքենան․․․ Կյանքը հորդում է, մինչ մենք շրջանցում ենք նրան, չգնահատելով մեզ պարգևած նրա գեղեցկություններն ու երջանկությունը, դառնալով մեր ծիծաղաշարժ պատկերացումների գերիները։
Նա հանգցրեց վերջին ծխախոտը, թափեց ամբողջովին լցված մոխրամանը, դեռևս մխացող վերջին ծխախոտով։
Տղան դանդաղ անցավ մայթի եզրով․ ահա այնքան ծանոթ բակն ու ծառերը, շենքը․․․ Նրա հուզմունքն ուժեղանում էր, նայեց շուրջբոլորը․․․
«Սա կյանքն է,–մտածեց նա` լսելով բարձր երաժշտության ձայնը, որ հոսում էր բացված պատուհանից, կյանքը շարունակվում է, իմ երեխան այստեղ է, այս շենքի բնակարաններից մեկում և միգուցե հենց ինձ է սպասում, իր հորը։ Նա լսում է միայնակ մոր սիրով լի, միգուցե արցունքախառն ձայնը, և նա իմ երեխա՜ն է»․․․
Տղան շրջանցեց ծեր, տերևաթափ լորենին, պատկերացնելով, թե ինչպես է բռնում երեխայի անզոր, ճերմակ-փոքրիկ ձեռքը, գրկում նրան և երեխան իրեն պաշտպանված է զգում հոր գրկում։
Այդ մտքից նա ջերմություն ու խանդաղատանք զգաց։