Ն․ Գ. «Մի ծննդյան պատմություն»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
Հեղինակ՝ Ն. Գ.
ՄԻ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
ՀՀ Սահմանադրություն, հոդված 3.1
Ես թողել էի իմ ծնվող երեխային կոնքիս խոռոչում ու լսում էի, թե ինչ է ասում ծնունդն ընդունող բժիշկը իմ մասին: Չգիտեմ՝ դրա համար ինքս ինձ կներե՞մ երբևէ։
Բայց հիմա ամեն բան կպատմեմ սկզբից։
Հիվանդանոց գնացի գիշերը։ Հղիությունս քառասուն շաբաթական էր։ Պտղաջրերս հոսել էին, բայց ծննդաբերական ցավեր չունեի։ Ծննդատան նախնական զննման սենյակում հերթապահ բժշկուհին ինձ ասաց, որ արգանդի պարանոցի բացվածք չունեմ։ Մի քանի ժամ պետք էր սպասել ցավերի, իսկ չառաջանելու դեպքում՝ դիմել ծննդաբերությունը խթանող դեղորայքային միջամտության։
Ինձ ուղեկցեցին վերև` ծնարան։ Ծնարանի միակ ազատ սենյակի երկու մահճակալները զբաղեցրել էին հերթապահ մայրապետները, որոնցից մեկը բավական դժկամությամբ, բայց ի վերջո ինձ զիջեց իր մահճակալը, որտեղ էլ տեղավորվեցի։
Անցավ մի քանի ժամ։ Մի քույր եկավ ու ձեռքիս միացրեց կաթիլայինը, որը հոսում էր անասելի դանդաղությամբ։ Ինձ մոտ էլ ոչ ոք չեկավ։ Հարևան ծնարանում մի կին ծննդաբերեց։ Հետո հերթապահ բժշկուհու կարգադրությամբ ինձ սկսեցին կանչել երեխայի սրտի բաբախը ստուգելու։ Ես արդեն ցավեր ունեի, որոնք աստիճանաբար ուժգնանում էին։ Ես մեծ դժվարությամբ, կաթիլայինի ձողը բռնած` հազիվ ինձ քարշ էի տալիս հարևան սենյակ ու վերադառնում։
Լուսացավ։ Ծնարանի բաժանմունքի լուռ միջանցքներում շարժ սկսվեց. առավոտյան հերթափոխն էր։ Ինձ տեղափոխեցին այն սենյակ, որտեղ լինելու էր ծննդաբերությունը։ Ցավերս արդեն դիմանալու չէին, ես բարձրաձայն լաց էի լինում։ Սպիտակ խալաթով մի քանի հոգի այդ ընթացքում ներս մտան ու դուրս եկան այնպիսի անտարբերությամբ, կարծես չէին նկատում ոչ ինձ, ոչ էլ իմ լացը։ Հուզված ու շփոթված անփորձ ծննդկանիս համար դա բավական ծանր էր։ Ի վերջո մի կին եկավ ու ներկայացավ որպես սպասվող ծննդաբերության մանկաբարձուհին։ Օգտվելով առիթից, որ ինչ-որ մեկը ոչ միայն ինձ նկատեց, այլև խոսեց ինձ հետ՝ արցունքների միջից հազիվ ասացի.
-Էլ չեմ դիմանում, շատ է ցավում։
Մանկաբարձուհին նախ քամահրական ժպիտը դեմքին՝ ոտքից գլուխ ինձ չափեց, ապա ասաց.
-Հա ի՞նչ անենք, ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը, բա որ հղիացել ես, պիտի ունենաս, լացդ կտրիր ու շնչիր։ Ու մի անգամ էլ ինձ ոտքից գլուխ չափելով՝ դուրս եկավ սենյակից։
Իհարկե, ամեն մի ծննդաբերող կին էլ գիտի, որ ինքը միակ կինը չէ, որ անցնում է դրա միջով, բայց և ամեն մի ծննդաբերած կին էլ թերևս կփաստի, որ այդ պահին այնպիսի աջակցության կարիք ունի, կարծես միակ ծննդաբերող կինն է աշխարհում։
Մոռացել էի ինձ հետ ջուր վերցնել։ Բուժքրոջից ջուր խնդրեցի։ Դժկամությամբ, բայց տվեց։ Ցավից ես ինձ արդեն կորցրել էի, խուճապի մեջ էի, ձեռքերս դողում էին։ Ցավն այնքան ուժեղ էր, որ ես մի ձեռքով բռնել էի կաթիլայինի ձողը, իսկ մյուս ձեռքով փակել էի բերանս, որ չգոռամ։ Այդ ընթացքում սպիտակ խալաթով մարդիկ ներս էին մտնում ու դուրս գալիս նույն անտարբերությամբ։ Հետո ինձնից երեխայի շորերն ուզեցին, մի քանի այլ իրեր, և ասացին, որ բարձրանամ ծննդաբերական բազկաթոռին։ Ես այնքան շփոթված էի, որ հազիվ կարողացա դա անել։ Ծննդաբերությունը սկսվում էր։
Ես հիվանդանոցի պատին փակցված բժիշների հերթապահության ցուցակում կարդացել էի, որ այդ օրվա հերթապահ բժիշկը մի կին է՝ բժշկուհի Մ.-ն, բայց, չգիտեմ ինչու, բժշկական դիմակ ու ձեռնոցներ հագին՝ ներս մտավ ծննդատան գլխավոր բժիշկը՝ բժիշկ Ա.-ն։ Ուժ տալու առաջին փորձից աղիներս գործեցին։ Բժիշկ Ա.-ն ցասումով լի մի հայացք նետեց ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթաց։ Ես ամոթից գետինը մտա ու ճիգերս թողեցի։ Ճիգ տալու մյուս փորձերս ևս ձախողվեցին։ Որքան էլ որ փորձում էի, միևնույնն է, ծննդաբերական ուժերս ինձ չէին հերիքում երեխային ծննդաբերական ուղիներով դուրս մղելու համար։
-Հիմա՞ր ես, աղջի՛կ, ուժ տո՛ւր։
-Չեմ կարողանում,-արցունքների միջից ասում էի ես։
Բժիշկը հունից դուրս էր գալիս։ Բայց իզուր էր նա փորձում ինձ «սթափեցնել»։ Կոպիտ խոսքը ինձ համար երբեք էլ ուշքի բերող, սթափեցնող չի եղել, այլ հակառակը` ավելի է շփոթեցրել, խուճապի մեջ գցել։
-Էս ի՞նչ տգետների սերունդ է գալիս ծննդաբերության, չեմ հասկանում։ Տգետները ալարում են մի երկու բան կարդան, պատրաստվեն, նոր գան ծննդաբերության,-ինձնից մոտ մեկ մետր հեռու կանգնած, հիստերիկ շարժումներով գոռում էր բժիշկ Ա.-ն։
Ես լաց էի լինում։
-Ուժ տո՛ւր, թե չէ կտանեմ վիրահատարան, կեսարյան կանեմ,-գոռում էր նա։
Ես թողել էի իմ ծնվող երեխային կոնքիս խոռոչում ու լսում էի, թե ինչ է ասում այդ մարդը իմ մասին։
-Բժիշկ Ղ.-ին կանչեք, արհեստական շնչառություն միացրեք, վակում-էքստրակտորը մոտեցրեք։
Հետո հիշում եմ վակում-էքստրակտորի ձայնը, շեքհատման ղրթոցը ու բժշկուհի Ղ.-ի ձայնը, որ սեղմում էր որովայնիս ու հորդորում էր չթուլացնել ճիգերսս։ Եվս երկու ճիգ, և երեխան ծնվեց, մի քանի վարկյան անց՝ ճչաց։
Երեխային իմ կրծքին չդրեցին, նույնիսկ ցույց չտվեցին, ես մի վայրկյան տեսա նրան ու փորձեցի հիշել դեմքը։ Նրան բարուրեցին ու տարան։
Բժշկուհի Ղ.-ն կարեր էր դնում, քույրը գրասեղանի մոտ նստած մատյանում ինչ-որ բան էր լրացնում։ Հետո նրանցից ես անդադար երեխայի մասին էի հարցնում։ Լռում էին։
Ես ծնարանում մնացի երկու ժամ, որոնք շատ արագ անցան։ Մերոնք ինձ համար ուտելիք էին ուղարկել ծնարան։ Մայրապետը սուրճի համար կոնֆետներ խնդրեց։ Տվեցի։ Ինձ տարան պալատ։
***
Ես կնոջս հիվանդանոց տարա գիշերը։ Արդեն պատրաստվում էր քնել, բայց երբ լոգարանից վերադարձավ, ասաց, որ պետք է հիվանդանոց գնալ։ Կինս ներս գնաց, ես մնացի ծննդատան նախասրահում։ Մոտ քսան րոպե անց երևաց դռների արանքում. հայացքով ինձ էր փնտրում և երբ գտավ, ձեռքով արեց, ժպտաց ու գնաց։ Սկզբում զանգում էր հաճախ, հետո զանգերը քչացան, հետո էլ չզանգեց։ Ես էլ չէի զանգում՝ մտածելով որ քնել է։ Գիշերը մնացի մեքենայիս մեջ։ Առավոտյան մերոնք ինձ միացան։
Ժամը 11-ը դեռ չկար։ Մի քույր եկավ ու ասաց, որ ծննդաբերությունը սկսվել է։ Ես և շատ ուրախ էի, և հուզված, և շփոթված ու վախեցած։ Սիրտս թրթռում էր։ Ամեն վայրկայն սպասում էի, որ դռների մեջ կհայտնվի սպիտակ խալաթով ինչ-որ մեկը ու կասի, որ երեխաս ծնվել է։ Բայց այդ լուրը գնալով ուշանում էր, ու այդ ուշացումը տագնապով էր լցնում օդը, որով կարծես վարակվում էին ներկաներն ու սկսում անհանգիստ շարժումներ անել։ Մի քանի րոպե անց հայտնվեց գիշերվա հերթապահ բժշկուհին։
-Ո՞վ է ամուսինը։
-Ես եմ,-ասացի ես ու վախեցած մոտ գնացի,-ի՞նչ է եղել։
-Ծննդաբերությունը բարդ ընթացք է ստացել, երեխային վտանգ է սպառնում, պետք է ստորագրեք, որ Ձեր կնոջը կեսարյան հատում անեն։
-Իսկ ինչու՞ մինչև հիմա չէիք անում,-բարկությամբ ասացի ես ու դողացով ձեռքով հազիվ ստորագրեցի։
Իսկ բժշկուհին, հարցս անպատասպան թողնելով, արագ հեռացավ։
Բոլորս խառնվեցինք իրար։ Հայրս դրսում արագ-արագ ծխում էր, տատս քթի տակ աղոթք էր մրմնջում, մայրս լաց էր լինում։ Անկեղծ ասած ես էլ հազիվ էի զսպում արցունքներս։ Լուռ էր միայն կնոջս մայրը։ Նա փոքրացել, մի անկյունում կուչ էր եկել ու լուռ սպասում էր, բայց այն տագնապն ու անհանգստությունը, որ կար այդ պահին նրա դեմքին, հազարավոր արցունքներից ավելի ծանր էր տեսնելը։
Մոտ 15-20 րոպե անց դռների մեջտեղում հայտնվեց ծնունդը ընդունող բժիշկը, և մինչև կհասցնեի որևէ բան հարցնել, ասաց բառացիորեն հետևյալը՝
-Նույնիսկ անասունը պայքարում է իր երեխայի համար, բայց քո կինը իր երեխայի համար չպայքարեց։ Ես կենդանի երեխա եմ ընդունել, մնացածի համար պատասխանատու չեմ։
Նա դեռ չէր հասցրել վերջին նախադասությունը ավարտել, ես բարկությամբ հարձակվեցի վրան ու երևէ կսպասնեի, եթե չփախչեր։
Կնոջս ու երեխայիս մասին մեզ էլ ոչ ոք ոչինիչ չասաց։ Ընդունարանի քույրը ինձ ծանոթ էր։ Նրա միջոցով գտա ծննդաբերությանը ներկա մանկաբույժի համարը։ Զանգեցի, ներկայացա։
-Ծննդաբերության ընթացքում վակում-էքստրակտոր է կիրառվել, ինչը կարող է երեխայի առողջության համար վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այս պահին երեխայի վիճակը կայուն է, հստակ պատասխան առավոտյան կարող եմ տալ, երբ ամբողջովին հետազոտենք նրան,-ասաց բժշկուհին, ու մինչ կհասցնեի որևէ հարց տալ, անջատեց հեռախոսը։
Տուն գնացինք։ Ճանապարհին մեքենայիս մեջ աչքս ընկավ նստարանին դրված քաղցրեղենը, որ մայրս էր վերցրել՝ երեխայի ծննդյան լուրը հիվանդանոցում նշելու համար։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ նստարանին դրված կանֆետների տուփը կարող է մարդուն այդպես տխրեցնել։
Տարօրինակ էր, բայց կինս չէր զանգում։ Ես էլ չէի զանգում. վախենում էի նրա հարցերից։ Ես ինձ շատ վատ էի զգում, չէի կարողանում քնել։ Որքան շատ էի ուզում, որ գիշերը արագ անցնի, այնքան ավելի ծանր էր անցնում ամեն րոպեն։ Սենյակում աչքովս ընկավ կնոջս համակարգիչը։ Որոշեցի ֆիլմ նայել՝ մտքերս ցրելու համար։ Միացրի համակարգիչը։ Կնոջս google-ի հաշվի որոնումների դաշտում ամբողջը վակում-էքստրակտորի հետևանքների մասին հարցումներ էին։ Ինքն էր փնտրել հեռախոսով։ Նեղսրտությամբ փակեցի համակարգիչը։ Քնել այդպես էլ չհաջողվեց, մինչև որ լուսացավ։
***
Պալատում ինձնից բացի ևս երկու կին կար՝ իրենց երեխաների հետ, որ նախորդ օրն էին ծնվել։ Քովիդի ժամանակներն էին, տեսակցությունները արգելված էին։ Երեխայիս մասին ինձ հիվանդանոցում ոչ ոք ոչինչ չասաց։ Մահճակալի վրա կուչ եկած, առանց երեխա, սարսափելի տխուր ու ուժասպառ՝ ես մտածում էի, թե ինչու ամեն ինչ այդպես եղավ։ Բարեբախտաբար ես ինձ հետ ծնարանում եղած մարդկանց իմ կյանքում առաջին անգամ էի տեսնում, այլապես գուցե մտածեի, որ որևէ թշնամանք ունեին ինձ հետ։ Իսկ եթե իսկապես պատճառը իմ տգիտությո՞ւնն էր, ինչպես բժիշկ Ա.-ն էր ասում։
-Եթե համարենք, որ ես իսկապես տգետ եմ և կարող էի նույնիսկ մտավոր հետամնացությամբ տառապող մեկը լինել, միթե՞ նրանք պարտավոր չէին ինձ պատշաճ ձևով ինձ օգնել,-ասում էի ես ինձ հետ պալատը կիսող կանանց եղելությունը պատմելիս, բայց ավելի շատ կարծես ինքս ինձ էի ասում։
Գիշերը անցավ մղձավանջի մեջ՝ կես քուն-կես արթուն։ Երբ փակում էի աչքերս, նույն պատկերներն էի տեսնում, նույն ձայներն էի լսում, երեխայիս ճիչն էի լսում ու ցավից կուչ էի գալիս անկողնուս մեջ։ Միայն լուսադեմին հաջողվեց քուն մտնել։ Առավոտյան, երբ բացեցի աչքերս, պալատում ու միջանցքներում իրարանցում էր. առավոտյան հերթափոխն էր։
-Այս մեկը երկու ներարկում ունի, այս մեկի երեխային պիտի պատվաստենք,-ասում էին իրար հերթափոխը հանձնող ու ստացող բուժքույրները։
Ես այդ ձայներից նոր էի արթնացել, երբ ներս մտավ մի բուժքույր՝ բարուրը ձեռքին, որի ծածկոցը ինձ շատ ծանոթ էր։ Դա իմ երեխան էր։
Ես նրան դրել էի իմ անկողնում ու վախենում էի ձեռք տալ։ Երեխայի գլխին այտուց կար՝ վակում-էքստրակտորի հետևանքն էր։ Բարեբախտաբար անցավ դեռ հիվանդանոցում գտնվելու օրերին։
Այդ օրերին իմ երեխան մեր պալատ եկող-գնացող բուժաշխատողների բերանում անուն-պիտակ ստացավ՝ վակում արած երեխա, իսկ ավելի կարճ՝ վակում։
-Սա վակումն է։ Վակումին բերեք։ Վակումին ստուգեք,-ասում էին նրանք իրար։ Ես դա լսոում էի մեծ տհաճությամբ ու բարկությունից սեղմում էի ատամներս, բայց, չգիտես ինչու, լռում էի։
Ես շատ անփորձ էի երեխային խնամելու, տակդիրն ու հագուստը փոխելու հարցում։ Դրա համար ևս հաճախ հանդիպում էի բուժքույրերի բարկությանը, որը հեշտությամբ մեղմվում էր շոկոլադե սալիկների քաղցրությունից։
Հիվանդացում գտնվելու օրերին ես օրվա մեջ երկու անգամ վախից պահում էի շունչս։ Առաջինը, երբ գալիս էր մանկաբույժը ու զննում երեխային։ Ես անթարթ հայացքով հետևում էի նրան, և միայն երբ գլխով դրական շարժում էր անում, շարունակում էի շնչել։ Երկրորդը, երբ բժիշկ Ա.-ն մյուս բժի.շկների ուղեկցությամբ գալիս էր առավոտյան շրջայցի։ Ես ամեն կերպ փախցնում էի նրանից հայացքս ու շնչում էի միայն այն ժամանակ, երբ դուրս էր գալիս սենյակից։
Ինչ վերաբերում է երեխային կրծքով կերակրելուն, այդ պատմությունը ինձ համար մի հաճելի հուշ է մի կնոջ մասին ու միակ լուսավոր բանը՝ այդ օրերի հիշողություններում։
Ես իմ փոքր մարմնին անհամապատասխան մեծ կրծքեր ունեմ։ Երբ այդ օրվա հերթապահ բուժքույրը եկավ իբր թե օգնելու, ես այդպես էլ չկարողացա այնպես անել, որ երեխան բռնի կուրծքս։
-Ծը՛,-գլխով բացասական շարժում արեց բուժքույրը,-կուրծքդ ծանր է, չի կարողանում բռնել, ձերոնց ասա, որ կրկնապտուկ բերեն,-ասաց նա ու երեխայի բերանը ներարկիչով մի քանի մլ կաթնախառնուրդ լցրեց։
Երբ մանկաբույժը եկավ, ես նրան պատմեցի եղելությունը։
-Կրկնապտուկի կարիք չկա, կթիչ ձեռք բեր ու փորձիր մի քիչ կթել, մինչև կաթնածորաններդ բացվեն։
Ես վերցրեցի կթիչն ու կթեցի մոտ 30 մլ կաթ։ Երբ բժշկուհին մեզ մոտ եկավ, ես նրան ցույց տվեցի շիշը ու մեղավոր հայացքով ասացի.
-Այսքանն եմ կարողացել կթել։
-Իսկապե՞ս,-զարմանքով ասաց բժկուհին։
-Հա, քիչ է չէ՞,-նորից մեղավոր հայացքով ասացի ես։
-Ո՜չ, սկզբի համար հրաշալի է աղջիկս, շարունակիր կթել ու տալ երեխային, ու երբ կաթը շատանա, փորձիր նրան կրծիդ մոտեցնել։
Այդ ու հաջորդ օրը ես հավաքեցի խեժի թանկագին կաթիլները շշի մեջ ու տվեցի երեխայիս։ Ուշ գիշերին, երբ ինձ թվում էր, որ պալատում գտնվող երկու կանայք քնել են, ես նստեցի մահճակալին ու փորձեցի երեխային կրծքիս մոտեցել։ Բայց իմ փորձերը անհաջող անցան։ Կանանցից մեկը` Ռոզան, արթուն էր եղել ու տեսել ամբողջ եղելությունը։
-Աթոռն ու երեխային վերցրու ու ինձ մոտ արի,-ասաց նա։
-Նստիր, երեխային դիր ծալված ձեռքիդ վրա, ապրես, գլուխը մի փոքր մարմնից բարձր պահիր, շատ լավ է, մատների մկրատաձև շարժումով պահիր կուրծքդ, այնպես արա, որ երեխայի քիթը բաց մնա, որ կարողանա շնչել։
Ես հերթով կատարեցի նրա բոլոր հրահանգները, ու երեխան սկսեց ուտել։
-Շնորհակալ եմ, Ռոզա,- ջերմորեն ասացի ես։ Ռոզան լուռ ժպտաց։
Երբ հիվանդանոցից դուրս էի գրվում, Ռոզային հրաժեշտ տալիս ես ջերմորեն գրկեցի նրան.
-Շնորհակալ եմ, Ռոզա, ես քեզ երբեք չեմ մոռանա,-ասացի ես։
Ռոզան նորից լուռ ժպտաց։
***
Կինս հիվանդանոցում մնաց հինգ օր։ Դուրս գրվելու օրը, երբ երեխան գիրկը տեսա նրան, հոգնած ու տանջահար տեսք ուներ։ Կարծես մի քանի տարով մեծացած լիներ։ Ներկաները տարվել էին երեխայով. հերթով գրկում ու հիանում էին նրանով, ես գրկեցի կնոջս։ Երբ գլուխը կրծքիս դրեց, սկսեց լաց լինել։ Արցունքները թրջում էին հագուստս, իսկ ես չէի ուզում խանգարել նրան։
Արդեն տանն էինք։ Կինս զրուցում էր հյուրերի հետ։ Հանկարծ սենյակից երեխայի լացը լսվեց։ Ես կնոջս ձայն չտվեցի։ Ներս մտա, նստեցի օրորոցի կողքին ու օրորում էի։ Օրորրում էի ու լաց լինում։ Ես իմ կանքում երբեք այդպես լաց չէի եղել՝ այն էլ երջանկությունից։
Չնայած հիվանդանոցում անցկացրած ծանր օրերին, կինս երեխային խնամում էր մեծ ջանասիրությամբ։ Երբեք քնած չէր մնում, երբեք չէր թերանում խնամքի հարցում ու կյանքը՝ իր նոր իրականությամբ, մտնում էր կարծես իր հունի մեջ։
***
Ես լավ գիտեի հետծննդաբերական դեպրեսիայի մասին ու հաստատ որոշել էի դրա մեջ չընկնել։ Ես ձգտում էի երեխայի հարցում ամեն ինչ կատարյալ անել։ Երբ ինչ որ մի բան իմ ուզածով չէր ընթանում, ես ծայրահեղ տխրում էի։ Հաճախ մերժում էի ընտանիքիս անդամների օգնությունը, երբեմն դրա պատճառով հարաբերություններ էի ստիպված լինում փչացնել։ Ես այն ժամանակ չէի հասկանում, որ ամեն կերպ ձգտելով դերեսիայի մեջ չընկնել՝ ես մեկ այլ ծայրահեղության մեջ եմ հայտնվել։
Երեխայի խնամքը լի էր քաղցրիկ պահերով՝ առաջին ձայներ, առաջին ժպիտ, շարժվող փամփլիկ թաթիկներ։ Բայց կասկածի ստվերը, որ կարող է ինչ-որ բան այն չլինել, ինձ դեռ երկար հետապնդում էր ու խժռում իմ երջանկության քաղցր վայրկյանները, ինչպես որդն է խժռում ծառի քաղցր պտուղները։
Ժամանակն անցնում էր ու իմ երեխան մեծանում էր բնականոն՝ փարատելով վախերս ու հերքելով կասկածներս։
Ես երկար ժամանակ անուն չունեի այն ամենի համար, ինչ ինձ հետ եղել էր։ Վերջերս էր, երբ բոլորովին պատահակնորեն կարդացի մանկաբարձական բռնության մասին, ու այն, ինչ եղել էր ինձ հետ, տեղավորվեց այդ արտահայտության մեջ այնպես, ինչպես նկարը՝ շրջանակի մեջ։
Ծննդաբերական դժվարություններից խոսք գնալիս ինձ հաճախ են ասել, որ երբ գրկում ես երեխայիդ, դրանք մոռացվում են։
-Անցուկ-մոռցուկ ցավեր են դրանք, բալես,-իր կյանքի իննսուն տարիների հեռվից հիշելով իր ծննդաբերությունները՝ ասում է տատս։ Իսկ ես միշտ ժպտում եմ ու հազիվ կուլ տալիս կոկորդիս մեջ հավաքված դառնությունը, որովհետև ես ոչ մի բան չեմ մոռացել, ու չգիտեմ՝ կմոռանա՞մ երբևէ, ու չգիտեմ՝ ինքս ինձ կներե՞մ երբևէ…
Հ. Գ. Սա իմ երեխայի ծննդյան իրական պատմությունն է՝ ներկայացված իմ ու ամուսնուս զուգահեռ հայացքներով։ Պատվածքում ներկայացված ոչ մի դրված հորինված չէ։
Ն. Գ.