Մելանյա Պետրոսյանց․ «Մայրը»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Մելանյա Պետրոսյանց

 

ՄԱՅՐԸ

(պատմվածք)

Միալար եկող անձրևն երրորդ օրը դադարեց։ Սարի հետևից ծիկրակեց աշնան քնաթաթախ, սառը դեմքով արևը։

– Դե, տեղներիցդ վեր կացեք, շուտ արեք, գնանք էդ մնացած կարտոլն էլ քանդենք, կրենք տուն, պրծնենք։ Տրակտորիստ Արմոն տնեցիքով արդեն գնացին տնամերձ, դուք դեռ քնած եք,- աղջիկների սենյակ մտավ ու ձայնեց Արմիկը։

Արմիկն այդ գյուղի աղջիկ էր։ Իրենց գյուղում էլ դպրոցն ավարտել էր՝ բարձր առաջադիմությամբ, բայց ուսումը մայրաքաղաքում շարունակելու հնարավորություն չէր ունեցել, տանը հազիվ էին ծերը ծերին հասցնում։ Հարս էր գնացել, ամուսնացել չոբան Կնոյի տղա Արտոյի հետ։ Երեք աղջիկ ուներ՝ Հասմիկը, Սոնիկը, Լիլիկը։ Ամուսինը՝ Արտոն, շատ էր ուզում տղա երեխա ունենալ, բայց Արմիկը վերջին աղջկա՝ Լիլիկի ծննդաբերության ժամանակ, խնդիր ունեցավ ու այլևս չհղիացավ։ Արտոն էլ, տղա երեխայից հույսը կտրած, հայտարարեց, որ գնում է խոպան, ու արդեն մի քանի տարի է, Ռուսաստանում է։ Նախկինում տարվա մեջ մի անգամ գոնե գալիս, երկու կոպեկ փող էր բերում, մի քանի ծակուծուկ փակում, մյուս գումարն էլ ընկերների հետ ուտել-խմելուն էր տալիս, ու նորից գնում իր խոպանը։ Այս երեք տարին ոչ էլ եկել էր, մեկ-մեկ զանգում էր, իսկ տանեցիների զանգերին էլ հիմնականում չէր պատասխանում։ Եսի՞մ, գյուղում հազար ու մի բան էին Արտոյից խոսում, բայց Արմիկը լսածներն երբեք չէր վերցնում-դնում, գլուխը կախ՝ իր խաչն էր կրում։ 

Թե աղջիկները ոնց մեծացան, վաղը-մյուս օրը դպրոցը կավարտեն, հարսնացու կդառնան, Արտոն չիմացավ, ոչ էլ գլխի էր։ Մի խոսքով, տան ու աղջիկների հոգսը միայն Արմիկի ուսերին էր։ Գոնե լավ էր, մի տարի առաջ կեսուրն էլ հոգին թոռներին բաշխեց, թե չէ, նա էլ ողջ օրը իր դժգոհ փնթփնթոցներով Արմիկի հոգին հանել էր։ Կեսրարն ավելի շուտ էր մահացել, շատ բարի, համեստ մարդ էր, կնոջ հակապատկերն էր։ Արմիկն էլ ի՞նչ, հարս եկած օրից, գլուխը կախ, իր տան գործին՝ կեսուր,  կեսրարին, երեխաներին էր։ Ոչ մեկը չհասկացավ, թե էն խելացի, լավ սովորող, աշխույժ ու ծիծաղերես աղջիկն ինչու՞ այդպես լռակյաց ու ինքնամփոփ դարձավ։  Ընկերուհիներից էլ, հարազատներից էլ հեռացավ, հարևանի տուն անգամ չէր մտնում-դուրս գալիս, լուռ ու համակերպված իր միօրինակ օրերն էր ապրում, ոչ էլ արդեն սպասում էր, թե ամուսին կոչվածը ե՞րբ է խոպաններից գալու։

Էսպես էլ տարիներն անցան, գնացին՝ մի քաղցր հուշ չթողնելով։

Սեղանին երեկվա տապակած կարտոֆիլից դրեց, թեյը լցրեց բաժակները, աղջիկներն էլ եկան, նստեցին։

– Հասո ջան, դու կմնաս տանը, խոզերին կեր կտաս, հավ ու ճիվին տեր կկանգնես, ուշադիր կլինես, Վարսոյի անտեր կատուն էլի չգա, ճուտ չփախցնի։

– Չէ, մամ, ես կգամ տնամերձ, թող Սոնիկը մնա տանը,- դժգոհեց Հասմիկը։

– Չէ, Սոնիկը խոզերից վախում  է, չի կարա, թող ինքը գա, կարտոլ հավաքի, դու մնա տանը։

– Հասոն ուզում է գա տնամերձ հողամաս, որ տրակտորիստ Արմոյի տղուն տեսնի,- հանկարծ մորը դիմեց 10 տարեկան Լիլիկն ու վախեցած նայեց մեծ քրոջ կողմը։

– Ո՞նց թե տրակտորիստ Արմոյի տղուն տեսնի,- զարմացած հարցրեց մայրը։

– Հա,- արդեն ավելի անհամարձակ ու շշուկով ասաց Լիլիկը,- տրակտորիստ Արմոյի Արտակն ու Հասմիկն իրար են սիրում։

Մայրը նայեց Հասմիկին, վերջինս արագ բարձրացավ տեղից, ձեռքով թեթև խփեց փոքր քրոջ ուսին ու վազեց, մտավ իրենց սենյակը, դուռն էլ հետևից ամուր ծածկեց։

Արմիկը հարցական նայեց Սոնիկին, սա էլ լուռ գլխով հաստատեց փոքր քրոջ ասածը։ Մայրը թեյի բաժակը հրեց ավելի հեռու, անշտապ ու անխոս վեր կացավ, մտավ աղջիկների ննջասենյակը։ 

Հասմիկը, գլուխը մտցրած բարձի տակ, անկողնու վրա պառկած էր։ Մայրը մոտեցավ, նստեց պառկած աղջկա կողքին, ցածրաձայն ու հուշիկ հարցրեց։

– Ախչի, դու էն տրակտորիստ Արմոյի Արտակին սիրու՞մ ես, էս ի՞նչ են ասում։

Որոշ լռելուց հետո, աղջկանից պատասխան չստանալով, շարունակեց նույն կամաց ու հուշիկ, նույնիսկ խեղճացած ձայնով․

– Ախչի, տրակտորիստ Արմոն քեզ իր տղուն չի ուզի, չէ, չի ուզի։

Հանկարծ Հասմիկը բարձի տակ սկսեց լաց լինել, խուլ հեկեկալ։

Մայրը չգիտեր, որ տրակտորիստ Արմոյի Արտակը, դեռ բանակ գնալուց առաջ, մոտեցել էր 8-րդ դասարանում սովորող իր աղջկան, խնդրել նրան, որ սպասի, ինքը բանակից կվերադառնա ու կամուսնանան։ Հասմիկն էլ հաշվել էր օրերը, կարոտով սպասել, որ Արտակը բանակից գա։ Անցել էր երկու տարին ու  ահա, տղան բանակից եկել էր, մի քանի օր առաջ, դպրոցի ճանապարհին հանդիպել էին, խոսել։ 

– Չէ, աղջիկ ջան, դրանք քեզ իրենց տուն հարս տանող չեն։

Հասմիկը նստեց տեղում, ավելի բարձր հեկեկաց․

– Ինչի՞, մամ ջան, ես ի՞նչ վատ բան եմ արել, որ իրենց տուն հարս չեն տանի, Արտակն ասեց, որ գարունը, հենց դպրոցն ավարտեմ, գալու են նշանեն։

Մայրը տխուր նայեց, ձեռքը մեկնեց, դեն տարավ աղջկա դեմքին ընկած մազափունջն ու էլ ավելի կամաց, միայն աղջկան լսելի, շշնջաց․

– Հերդ ու Արտակի մերը ջահել ժամանակ իրար են սիրել, սաղ գյուղն այդ գիտեր։

– Մամ, էս ի՞նչ ես ասում,- լացը միանգամից կտրեց աղջիկը։

– Տատդ ու պապդ հորդ հետ գնում են ուզելու,- նույն հուշիկ ձայնով շարունակեց Արմիկը,- աղջկա հերը չի չի տալիս, թե՝ ես քրջոտ չոբանի տուն աղջիկ չեմ տա։ Մի քանի օրից աղջկան նշանում է ֆերմայի վարիչի տղա Արմոյի հետ։

Արմիկը ծանր շունչ քաշեց, թևերը խաչեց կրծքին։

– Բա դու պապային ո՞նց առար, ինչի՞ առար, իմանալով, որ նա ուրիշի է սիրել,- նույնպես շշուկով հարցրեց Հասմիկը։

– Օղորմածիկ մերս համոզեց, ասեց՝ նրանց ինադու Արտոն քեզ լավ կպահի, շատ կսիրի, ամուսնացի, գնա, չես մնա, վաղը-մյուս օրը ախպորդ  կնգա առաջին ծառայես։ Համոզեց, ես էլ համաձայնեցի։ Ես համարյա երեխա էի, ամուսնական կյանքից բան չէի հասկանում, ոչ էլ կյանքում մեկին սիրած կայի, բայց հորդ սիրեցի, հա՛, շատ սիրեցի։ 

Արմիկը ծանր հոգոց հանեց․

– Այ, էսպես է եղել իմ ամուսնությունը, բայց հերդ ինձ չսիրեց ու չսիրեց, գիշեր քնած տեղն էլ Արմոյի կնկա անունն էր տալիս,- նորից մի ծանր հոգոց հանեց,- թե դու ո՞նց լուս աշխարհ եկար, ես էլ չհասկացա, ոչ էլ Սոնիկի ու Լիլոյի աշխարհ գալը գլխի ընկա։ Հերդ էլ մահանա բռնեց, որ տղա երեխա չեմ բերում, գլուխն առավ, փախավ, գնաց խոպանները։ Ասում են՝ էնտեղ երկու-երեք տարեկան տղա երեխա ունի, էլ չի էլ գա։

Հասմիկը  տեղից կամաց սահեց, փաթաթվեց մորը։

– Մամ ջան։

– Հա, աղջիկ ջան, ոչ հերդ երջանկացավ, ոչ էլ ես իմ կյանքից բան հասկացա։ Հերդ իր սրտի հովանքը գտավ  խոպաններում, իսկ ես՝ քո, Սոնիկի, Լիլիկի մեջ, ձեր մեջ, ես մայր եմ, ինձ համար առաջին տեղում իմ երեխաներն են, իմ կյանքը սկսվել ու ավարտվելու է ձեզանով,- խոսքը վերջացնելուն պես, ինքն էլ փղձկաց ու փաթաթվեց աղջկան։

– Մամ ջան, հանգստացիր, խնդրում եմ,- Հասմիկը սրբեց մոր արցունքները։

– Մի անգամ, իմ ծննդյան օրն էր,- շարունակեց Արմիկը,- որոշեցի այդ օրն ինքս ինձ երջանկացնել, էդ ժամանակ միայն դու էիր ծնվել։ Առավոտը շուտ, բոլորը գնացին դաշտ, խոտքաղի օրերն էին։ Ես բերեցի, գաթի խմոր արեցի, հավ մորթեցի, մաքրեցի, եփեցի, լավ փլավ գցեցի, պահած բոմբոներկա ունեինք, հանեցի, դրեցի սեղանին, ես էլ գնացի իմ սիրած շորը հագա, սանրվեցի։ Հայելու մեջ ինձ երկար նայեցի, ինքս ինձ դուր եկա, ասում էին, որ ամուսնանալուց հետո, մի քիչ լցվել էի ու գեղեցիկ, երիտասարդ կին էի դարձել, եսի՞մ, ասում էին։ 

Երեկոյան հերդ ու կեսուր-կեսրարս եկան, նայեցին իմ գցած սեղանին, նայեցին իմ ժպտացող տեսքին, ուզեցին հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, ասացի, որ իմ ծննդյան օրն է։ Հերդ թարս նայեց, ինձ մի կողմ հրեց, լուռ անցավ գնաց, տելեվիզորը միացրեց, նստեց դեմը։ Կեսուրս բացեց գազի վրայի ճաշի ամանի բերանն ու գոռաց, թե՝ յա՜, ախչի էդ տանտիկին ես դառել, քո գլխու հավ ես մորթե՞լ։ Խեղճ կեսրարս վախեցած մեկ կնկան նայեց, մեկ տղուն, չգիտեր, ի՞նչ ասեր, բայց մոտեցավ, շատ կամաց ասեց՝ ծնունդդ շնորհավոր, դուրս եկավ, նստեց ծառի տակ։ Ես էդպես կանգնած մնացի, չգիտեի, ի՞նչ անեի, ստիպված լուռ քաշվեցի, մտա իմ սենյակը, դու օրորոցի մեջ քնած էիր։ Էլ դուրս չեկա, իրենք կերան, ինչ արեցին, ոչ էլ իմացա։ Ես հենց էդ օրը պիտի քո բարուրը վերցնեի ու հորս տուն գնայի, բայց վախեցա, հա վախեցա, հերդ քեզ շատ էր սիրում, մնացի ու մնացի, հասա էս օրվան։

Մայր ու աղջիկ իրար փաթաթված դառը լաց եղան։

– Ասում են՝ մոր բախտ, աղջկա թախտ, չէ, սուտ բան է, իմ մերը երջանիկ էր հորս հետ, մի օր իրար անգամ վարդով չոռ չասեցին, հաշտ-համերաշխ մինչև իրենց կյանքի վերջը ապրեցին, բա իմ բախտն ինչու՞ էսպես դառը եղավ։ Չէ, բալես, դու գեղեցկուհի ես, դու երջանիկ կլինես, դեռ կգտնես քո իսկական սիրուն, վռազել պետք չի, հիմա ժամանակներն ուրիշ են։

– Մամ, կարտոլ հավաքելու չենք գնալու՞։

Արմիկը նայեց դռան մեջ կանգնած Սոնիկին ու Լիլիկին։

– Գնում ենք, բալես, բա ո՞նց, հագնվեք, գնում ենք,- երեսն արցունքներից մաքրեց Արմիկը։

– Դուք գնացեք, ես տանը կմնամ, խոզերին էլ կկերակրեմ,- անկողնուց իջավ Հասմիկը։

***

ԴԵկտեմբերի կեսերն էր։ 

Արմիկը առանձնացրեց ձմեռվա ուտելու կարտոֆիլը, սերմացուն, մնացածն էլ կողքի գյուղի կարտոֆիլի առևտուր անող Վալոդն եկավ, տարավ, գումարն էլ հենց տեղում տվեց։ Ճիշտ է, շուկայական գնի համարյա կեսով են տանում, բայց շատ գյուղացիների համար ապրանքի դռնից տանելը ձեռնտու է, քանի որ իրենք ի վիճակի չեն քաղաք հասնելու, օրերով շուկայում կանգնելու։

Նոր տարուց մի քանի օր առաջ էլ մսի գործ անող երկու տղամարդ եկան, երեք խոզերն ու մոզին մորթեցին, միսը տարան։ Գյուղի պատշար Սամոն էլ եկավ, ամառվանից կիսատ թողած բաղնիք-զուգարանի գործն արեց, վերջացրեց, իր վարձն առավ, գնաց։

Մյուս օրը Արմիկը աղջիկների հետ գնացին մարզկենտրոն՝ առևտրի։ Աղջիկներին շորից, կոշիկից, գրենական պիտույքներից, ինչ պակաս-պռատ կար, առավ։ Նույնիսկ Լիլիկի երազանքը կատարեց, մի ձեռի հեռախոս էլ նրան առավ։ Երբ թվում էր, թե վերջացրին, կարող են գնալ՝ նոր տարվա սեղանի համար գնումներ կատարելու, Հասմիկը դիմեց մորը․

– Մա ջան, դե, հիմա էլ մի քանի բան քեզ համար արի, առնենք, նախ քեզ նոր սապոգ է պետք, էդ հագիներդ ծակվել, մաշվել, մարդ ամաչում է, թե նայի, մի լավ յուբկա, բլուզկա, ժակետ էլ կառնենք, վերջապես դու էլ մարդամեջ կարողանաս նորմալ դուրս գաս։

Մայր ու աղջիկներ, առևտրի տոպրակներով բեռնավորված, հոգնած, բայց ուրախ, հազիվ հասցրեցին գյուղ գնացող վերջին ավտոբուսին։

Քնելուց առաջ Արմիկը հարցրեց․

– Հասո ջան, հերդ չի զանգե՞լ, խաբար չկա։

– Չէ, մամ, ես եմ զանգել, չի պատասխանել։

Մյուս օրն էլ տոնածառը զարդարեցին, մսով ու պասուց տոլմեքը փաթաթեցին, գիշերվա 12-ից մի ժամ առաջ Նոր տարվա սեղանը գցեցին։

***

Նոր տարվա առավոտն էր։ Արմիկը մութուլուսին տեղից ելավ, անասուններին, հավ ու ճիվին կերակրեց, տակները մաքրեց, մտավ տուն, շորերը փոխեց, նոր առած շորերն հագավ, հայելու դեմ ինքն իրենով մի քիչ հիացավ, հետո Արտոյին հիշեց, մի ա՜խ քաշեց, գնաց, աղջիկներին արթնացրեց։

Աղջիկներն էլ իրենց անելիքը վերջացրին, մի քանի անգամ տոնածառի շուրջը պտտվեցին, հագնվեցին, սեղան նստեցին։

Դարպասի փոքր դռան ճռռոցը լսվեց․

– Մարդ եկավ,- ուրախ բացականչեց Լիլիկը,- հաստատ քեռիենք կլինեն։

Քիչ անց սենյակի դուռը բացվեց, սկզբում ներս եկավ երկու-երեք տարեկան, մորթե գլխարկով մի շեկ, անծանոթ երեխա, հետո, ծանր ու մեծ անվավոր ճամպրուկը հետևից քաշելով, ներս եկավ Արտոն։

– Վա՜յ, պապան է,- բացականչեց Լիլիկն ու երկու ափերով փակեց բերան։

Արտոն կանգնեց դռան մոտ, մի հայացք գցեց նոր տարվա հարուստ սեղանին, մեկառմեկ նայեց աղջիկներին, հետո հայացքը կանգնեցրեց կնոջ վրա։ Իսկույն նկատեց, որ կինը մի քիչ լցվել, գեղեցկացել է, խնամված տեսք ունի, նույնիսկ մազերն է կտրել ու ներկել։ Աղջիկներն ու Արմիկն էլ իրենց հերթին էին ուսումնասիրում Արտոյին, հատկապես նրա հետ եկած երեխային։ Արմիկն իսկույն նկատեց, որ երեխան Արտոյի քթից թռած է, ուղղակի մի քիչ շեկ է։ 

Շարունակվող լռության մեջ հանկարծ երեխան մի քայլ հետ գնաց, փաթաթվեց Արտոյի ոտքին, հետո թևից քաշեց ներքև։ Արտոն կռացավ, երեխան ականջին ինչ-որ բան ասաց։ Արտոն քաշվելով համարյա շշնջաց․

– Արմենս չիշիկ ունի։

Արմիկը ուշքի եկավ, տեղից վեր թռավ, մոտեցավ երեխային, գլխարկը հանեց գլխից, խոթեց Արտոյի ձեռքը, երեխայի ձեռքից բռնած սենյակից դուրս տարավ։ Երբ երեխան վերջացրեց, ուշադիր նայեց իր շորերն ուղղող կնոջը, ձեռքը դրեց նրա ուսին, ռուսերենով ասաց․

– Դու իմ նոր մամա՞ն ես։

Արմիկը գլխով արեց, հազիվ զսպելով լացի փղձկոցը։

Երբ երեխայի ձեռքից բռնած նորից սենյակ մտավ, հոր հետ ողջագուրվող աղջիկները մի կողմ քաշվեցին, Արտոն ու Արմիկը մնացին դեմ դիմաց։

– Արմիկ,- կերկերուն ձայնով կնոջը դիմեց Արտոն։

Արմիկը զգաց, որ աչքերի առջև մթնում է, գլուխն սկսեց պտտվել, սրտի աշխատանքն արագացավ, անկախ իրենից սեղմեց երեխայի թաթիկը։

Հանկարծ Արտոն չոքեց, գլուխը խոնարհեց, ուսերը սկսեցին ցնցվել։ Արտոն լաց էր լինում, ինչն Արմիկի համար անսպասելի էր։ Չիմացավ, ինչպես ձեռքը դրեց ամուսնու ցնցվող ուսին։

– Արմիկ,- հեկեկանքի միջից խոսեց Արտոն,- Արմիկ, ներիր, աղաչում եմ, ներիր ինձ։ Ներիր քո չստացված, երջանկություն չտեսած կյանքի համար, ներիր, թե կարող ես։ Պատահական ոչ մի բան չի լինում, ես մի էնպիսի կյանքով ապրեցի, Աստված ինձ էնպիսի օրեր տվեց, որ հասկանամ, թե ինչ եմ կորցրել, ում եմ կորցրել, ինչից եմ զրկվել։

Արտոյի լացին խառնվեց աղջիկների լացի ձայնն, ու հանկարծ փոքրիկ Արմենը պոկվեց տեղից, փաթաթվեց չոքած հորը․

– Պապա, պապա, պապա․․․․

Արմիկն ուշքի եկավ, սրբեց դեմքն արցունքներից․

– Արտո, պետք չի, վեր կաց, պետք չի, երեխաները մեղք են,- հետո դարձավ Սոնիկին,- Սոն ջան, օգնիր, թող հերդ վերարկուն հանի, տար բաղնիք, թող լվացվի։

Երբ Արտոն սենյակ վերադարձավ, Արմիկը տեսավ, որ ամուսինը նիհարած, կծկված էր, ուսերը կախ էին ընկել, դեմքը սրվել, երկարել էր, աչքերը խամրել, փոս էին ընկել։ Չէ, նախկին Արտոյից բան չէր մնացել, ծերացել էր իր Արտոն։

Սեղան նստեցին։ Լարված լռության մեջ բոլորը հանկարծակի եկան Հասմիկի հարցից, ինչը բոլորին էր հետաքրքրում․

– Պապ, իսկ Արմենի մայրն ու՞ր է, մահացե՞լ է։

Արտոն ցած դրեց ձեռքի պատառաքաղն ու հացի կտորը․

– Չէ, չի մահացել,- քիչ ուղղվեց ու նստածներն հասկացան, որ նա հենց այդ հարցին էր սպասում, որ կարողանա խոսել,- ձեզ ասեմ, որ Արմենի մոր հետ ես լուրջ կապ չեմ ունեցել։ Մեր բրիգադի մի քանի հայերով սենյակ էինք վարձել նրանց տան հարևանությամբ։ Լյուբան խմող կին էր, ապրում էր ծեր մոր հետ։ Մեկ-մեկ կանչում էինք, մի շիշ խմելու բան կամ որոշ գումար տալիս՝ սենյակը մաքրելու համար։ Մի օր էլ ուշ երեկոյան գնացի իրեն կանչելու, թևիցս քաշեց, մտցրեց իր սենյակը։ Էդ գիշեր ես մնացի նրա հետ, դա առաջին ու վերջին անգամն էր, ինչը ճակատագրական դարձավ ինձ համար։ Դրանից հետո, ահագին ժամանակ չտեսա Լյուբային։ Մի օր էլ եկավ, թե՝ քեզանից հղի եմ։ Ես վատ խոսքերով նրան դուրս արեցի։ Մի քանի ամիս անց, մի օր էլ պառավ մայրն եկավ, թե՝ Լյուբան քեզանից երեխա է ունեցել, ուզում էր նորածին երեխային բարձով խեղդեր, բայց ես չթողեցի, երեխային մի կերպ փրկեցի, բայց ես չթողեցի, որ պառավը շարունակեր, նրան էլ տանից դուրս հանեցի։ Այդ ընթացքում, աշխատանքի բերումով,  տեղափոխվեցինք ուրիշ տուն, ու ընդհանրապես մոռացա Լյուբային։ Մի օր էլ, մեր սենյակի տղաներից մեկը խանութում հանդիպում է Լյուբային՝ երեխայի հետ։ Լյուբան ասել է, որ մայրը մահացել է, ինքն էլ ուզում է երեխային մանկատուն տանել։ Բայց ամենակարևորը, ասաց ընկերս, որ էդ երեխան Արտոյի քթից թռած է, ուղղակի մի քիչ շեկոտ էր։ Հետաքրքրությունս շարժվեց, սիրտս մի տեսակ անհանգիստ խփեց։ Վեր կացա, ուղիղ գնացի Լյուբայենց տուն։ Տան դուռն ինչպես միշտ, բաց էր։ Լյուբան հարբած, դիվանու վրա պառկած էր, մոտ երկու տարեկան Արմենս էլ, գետնին նստած, գազար էր կրծում՝ քիթ ու մռութը կեղտոտ, փսլինքը կախված,  հին քրջերով, լացած դեմքով։ Քարացած նայում էի երեխային ու աչքիս առաջ եկավ Հասիկոս, հա, Հասիկոս էր էնտեղ նստած։ Աչքերիս դեմը սևացավ, սիրտս ճմլվեց, քրքրվեց։ Երեխան էլ ուշադիր ինձ էր նայում, հանկարծ սկսեց սընքըրտալ ու հազիվ ասաց, թե՝ դու իմ պապա՞ն ես ու երկու ձեռքերը պարզեց ինձ։ Էլ ի՞նչ։ Գրկեցի էրեխուն, Լյուբային հազիվ արթնացրի, ասացի, որ էրեխուն տանում եմ, ու՞ր է ծննդականը։ Հարբած կինը միայն ձեռքով արեց, թե՝ տար, ծննդական կամ որևէ փաստաթուղթ չունի, քանի որ ինքը տանն է ծննդաբերել, հույս ունենալով, որ երեխան մեռած կծնվի, բայց չի մեռել, էլ կարիք չի ունեցել գնալու, ծննդական հանելու։ Եկա տուն։ Պարզվեց էրեխեն տաքության մեջ վառվում է։ Ուշ ժամ էր արդեն, բայց տղաները արագ դրեցին մեքենան, հասցրեցինք հիվանդանոց։ Էրեխու մոտ ուժեղ թոքաբորբ էր։ Արագ բժիշկները բերեցին, սիստեմա միացրեցին, ինձ էլ ամոթանք տվեցին էրեխու էդ հակասանիտարական, կեղտակոլոլ վիճակի համար, սպառնացին, որ ոստիկանություն կտան, ինձ ծնողական իրավունքից կզրկեն։ Բայց Հրաչը, որ անթերի ռուսերեն էր խոսում, համալսարան ավարտ տղա էր, հետները լեզու գտավ։ Մի շաբաթ երեխայի հետ մնացի հիվանդանոցում։ Արմենս լավացավ, դուրս եկանք։ Ուզում էի անմիջապես տուն գայի։ Տղաներին ասացի որոշմանս մասին, բոլորն էլ միաբերան համաձայն էին։ Որոշեցի, բայց հաջորդ պահին էլ հիշեցի, որ ձեռս գումար չկա, ինչ կար, ծախսել էի հիվանդանոցում դեղերի ու բժիշկների վրա, դատարկ ձեռով ու՞ր եմ գնում։ Հա, անկեղծ ասեմ, ես լավ էլ գիտեի, որ էստեղ իմ բերած փողին չեն սպասում, բայց, դե․․․

Արտոն դողացող ձեռքերով ծխախոտ կպցրեց, շարունակեց։

– Որոշվեց, որ երեխային մի քանի ամիս առավոտները կտամ մեր հարևան Տոսյա բաբուշկի մոտ՝ գումարի դիմաց, իրիկունը գործից կգամ, կվերցնեմ։ Տոսյա բաբուշկեն էլ համաձայնեց։ Էդպես աշխատեցի մինչև դեկտեմբերի վերջ, տոմսն առա ու ահա, էստեղ ենք։ Հիմա, թե դուք կներեք ինձ, տուն կառնեք, հնարավորություն կտաք, որ ես նորից ինձ Մարդ զգամ, կյանքով պարտական կլինեմ, թե չներեք, դա էլ կհասկանամ, կգնանք, Արմենիս հետ հացատանը կապրենք։ Հա, մի բան մոռացա ասեմ։ Էդ ամիսների ընթացքում, մի օր Հրաչն ասաց, թե՝ Արտո, որ խիղճդ լրիվ հանգիստ լինի, ոչ մի կասկած չմնա, արի, քո ու էրեխու անալիզները տանք, թող ԴՆԹ անեն։ Համաձայնեցի։ ԴՆԹ-ի պատասխանով Արմենը իմ արյունն է, իմ հալալ-զուլալ էրեխեն, ձեր ախպերը։

Արտոն լռեց, ձեռի ծխախոտը հանգցրեց, գլուխը դրեց սեղանին ու խուլ նորից սկսեց լաց լինել։ Արտոյի լացին միացան աղջիկները, Արմիկը։ Արմենը սկզբում մեկ հորն էր նայում, մեկ քույրերին, մեկ նոր մամային, հետո արդեն ինքն էլ իր լացի հնչեղ ձայնը գցեց սենյակով մեկ։

***

Գարուն է, մայիս։ Գյուղում ծառերը ծաղկել էին, ամենուր մեղուների բզզոցն էր ականջ շոյում։ Արտոն տան դեմի փոքրիկ հողակտորը փորել, ակոսներ ու մարգեր էր արել, պատրաստվում էր լոլիկի, բիբարի ու բադրիջանի սածիլները դնել։ Աղջիկները պայուսակները վերցրին ու տանից դուրս եկան, իրենց հետ մանկապարտեզ տանելով նաև փոքրիկ Արմենին։ 

– Թող էրեխեն գնա մանկապարտեզ, շփվի իր հասակակիցների հետ, էնտեղ ավելի շուտ կսովորի հայերեն խոսել, քան տանը,- որոշել էր Արմիկը։

Արտոն դեռ նոր էր բահը վերցրել, Արմիկն էլ՝ սածիլները, որ մտնեին բոստան, երբ տեսան դպրոցի ճանապարհից համարյա վազելով, փոքրիկ Արմենին էլ հետևներից քաշ տալով, հետ եկող աղջիկներին։

– Էն տղեն Հասիկոյին փախցրեց,- իր թլոշ հայերենով, դեռ դարպասից ներս չմտած, գոչեց Արմենը։

Արտոն ու Արմիկը շփոթված կանգնեցին․

– Ի՞նչ տղա։

– Մամ,- շնչակտուր սկսեց Սոնիկը,- էն տրակտորիստ Արմոյի Արտակը մեքենայով եկավ, մեր դեմը կտրեց, իջավ, Հասիկոյի ձեռից պայուսակը վերցրեց, տվեց ինձ, ասեց, ձերոնց ասա, որ ես ու Հասմիկն իրար սիրում ենք, ես Հասմիկին փախցնում եմ, հիմա կտանեմ քաղաք՝ քեռուս տուն, հերս ասեց, որ մի շաբաթից մեզ տուն կբերի, կգանք ձերոնց հետ էլ կբարիշենք։ Հետո դուռը բացեց, Հասմիկը նստեց մեքենան, բայց նստելուց առաջ ասեց, որ՝ մամային կասեք, չլացի, ես ու Արտակը երջանիկ ենք լինելու։

Արմիկն աչքերը բարձրացրեց երկինք ու մրմնջաց․

– Տեր Աստված, իմ բալին բախտավորություն, երջանկություն տուր։

ՄԵԼԱՆՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ