Շուշան Գրիգորյան. «Փրկված կյանք»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ:

Նշում․ Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․ Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Շուշան Գրիգորյան

 

 

ՓՐԿՎԱԾ ԿՅԱՆՔ

(պատմվածք-ակնարկ)

2020 թվականի սեպտեմբերի 30-ի երեկոն էր: Ես պատրաստվում էի հաջորդ առավոտյան. պետք է գնայի հիվանդանոց պլանային կեսարյան հատման: Մտքերս խառն էին. մի կողմից պատերազմն էր հուզում, որը ոչ մի լավ բան չէր խոստանում, մյուս կողմից հիշում էի ամուսնությանս նախորդ 7 տարիների երեխա ունենալու պայքարը: Եվ ահա վերջապես պիտի ծնվի իմ առաջնեկը, իմ անդրանիկ որդին, որին այսքան երկար սպասել եմ, և ինչու՞ հենց պատերազմի օրերին: Այդ 7 տարվա ընթացքում հասցրել էի կրծքագեղձի և արգանդի միոմայի վիրահատություններ տանել, բազմաթիվ ինսեմինացիաներ, անարդյունք արհեստական բեղմնավորում և ամենածանրը՝ հղիություն, որն ընդհատվեց 12 շաբաթականում:

Զգացողություններս այնքան տարբեր էին. երեխա ունենալու երջանկության հետ միախառնվում էին վախի զգացողությունները երեխայի առողջության, պատերազմի դաշտում կռվող տղերքի, երկրի ապագայի… Բայց երեխաս չսպասեց մինչ «պլանավորած» ժամը. գիշերն ամուսինս ինձ հասցրեց հիվանդանոց՝ սկսվող ցավերի պատճառով:

Եվ վերջապես այն ճիչը, որին տարիներով սպասել էի: Արցունքներս անկախ իմ կամքից գլորվում էին, չէի կարողանում նույնիսկ շնչել: Երբևէ ունեցե՞լ եք երջանկության այնպիսի պահեր, երբ շնչել ու խոսել չի ստացվում:

Ես սպասում էի երբ ի վերջո երեխայիս կդնեն կրծքիս, բայց կարծես մանկաբույժը նման մտադրություն չուներ, երբ ծնունդ ընդունող իմ շատ սիրելի բժիշկը դիմեց նրան.

– Երեխային դրեք մամայի կրծքին, չե՞ք տեսնում որքան անհանգիստ է, դուք չգիտեք թե այս երեխան ինչքան սպասված է:
Երեխային բերեցին… Տեր Աստվա՜ծ, միթե՞ կա աշխարհում ավելի մեծ գեղեցկություն, քան նոր ծնված երեխան: Այս աննկարագրելի պահը միայն մայրերը կհասկանան:

Բժիշկս դուրս եկավ վիրահատարանից և միանգամից՝ առանց զգուշացնելու երեխային վերցրին գրկիցս (կարծես հենց նրա դուրս գալուն էին սպասում):

– Ու՞ր եք տանում:

– Աղջի՛կ ջան, երեխային պիտի լողացնենք, կշռենք, հազար գործ կա,- կոպիտ պատասխանեց վառ կարմիր ներկված մազերով մանկաբույժը:

– Ե՞րբ նորից կբերեք ինձ մոտ:

– Մի քանի ժամից:

Մի քանի ժամը ամբողջ գիշեր էր. ես չէի կարողանում քնել, ամեն երևացող բուժքրոջը հարցնում էի, թե երբ ինձ կտանեն հիվանդասենյակ, երբ կտեսնեմ փոքրիկիս, երբ կկերակրեմ, բայց բոլորը նույն պատասխանն էին տալիս. «Ազիզ ջան, քնի՛ր, կտեսնես էլի, չեն փախցնի»: Ես նյարդայնանում էի, մտածում էի մի՞թե այս կանայք երեխա չեն ունեցել, մի՞թե չեն հասկանում ինչու չեմ համբերում:

Դաժան գիշերն ավարտվեց, արդեն 8 ժամ էր անցել ծննդաբերությունից ու ես անհանգստանում էի, թե ինչպես է որդիս, ինչով են կերակրել: Մինչ ծննդաբերելը հստակ որոշել էի, որ երեխայիս միայն կրծքով եմ կերակրելու և ինձ համար այլ տարբերակ ընդունելի չէ:

Վերջապես ինձ տարան հիվանդասենյակ, բայց երեխային բերեցին մի քանի ժամ հետո: Նյարդերս տեղի էին տալիս սպասումից: Մայրիկս ինձ հանգստացնում էր, բայց ես միևնույն է զարմանում էի ինչպես կարելի է այդքան անտարբեր լինել: Ես հասկանում եմ, որ երեխայի ծնունդը մանկաբարձների համար սովորական աշխատանք է, բայց մի՞թե կարելի է այդ աստիճան կորցնել վերաբերմունքը նորաթուխ մայրիկի նկատմամբ (չնայած որ նոր ծննդաբերած մայրիկի նկատմամբ բայրացկամ վերաբերմունքը նույնպես մանկաբարձի աշխատանքն է):

Ծննդաբերությունից 10 ժամ հետո միայն ես կրկին տեսա որդուս: Սկսեցի վանել այն նեգատիվը, որ կար մինչ այդ բուժաշխատողների նկատմամբ, որ անցնեմ որդուս խնամքին: Բայց արի ու տես, որ դժվարը դեռ առջևում էր:

Այցի եկավ նույն կարմրահեր մանկաբույժը, ում մազերի գույնը ու չափից ավելի շպարը արդեն նյարդայնացնող էին:

– Ուրեմն այսպես, երեխային կաթնախառնուրդ պիտի տաս, սկզբում 30մլ:

– Ես երեխային կրծքով եմ ուզում կերակրել, – հանգիստ տոնով պատասխանեցի ես:

– Բացի՛ր կուրծքդ տեսնեմ, – հրամայական տոնով ասաց կարմրահերը,- աղջի՛կ ջան, պտուկ չունես, կաթ էլ չունես:

«Կաթ էլ չունե՞մ, լու՞րջ, իսկ նորմալ չի՞ որ չունեմ, նոր եմ ծննդաբերել, երեխային կրծքիս դնում եմ ծննդաբերությունից 10 ժամ հետո, իհարկե կաթ չի լինի դեռ, կաթն արտադրվում է երեխայի ուտելով»: Ափսոս, որ այն ժամանակ այս թեմայով գիտելիքներս այնպիսին չէին, որ այսպես պատասխանեի և ասացի.

– Ես ամեն ինչ կանեմ, որ կրծքով կերակրեմ:

Մանկաբույժը երևի մտածեց, որ ինձ հետ այլևս չարժե խոսել և դիմեց մայրիկիս:

– Ի՞նչ ասեմ, եթե ուզում է կրծքով կերակրել, թող կերակրի, բայց պիտի կրկնապտուկ օգտագործի, իսկ կաթնախառնուրդ միևնույն է պետք է տաք:

Թղթի վրա գրեց կրկնապտուկի, կաթնախառնուրդի և անգամ կերակրման շշի անվանումները ու հեռացավ: «Եթե ուզում է կրծքով կերակրի, թող կերակրի» և վե՞րջ. խորհուրդներ, օգնություն այդ հարցով ո՞վ պիտի տա: Բացի այդ, ինչպե՞ս չկասկածես, որ բժիշկը զուտ կաթնախառնուրդի վաճառք է ապահովում, որից հավանաբար շահ ունի:

Ավաղ մենք գնեցինք կրկնապտուկը, ես մտածեցի միգուցե իրոք ավելի հեշտ կստացվի կերակրելը, բայց ցավոք սխալվեցի: Հիվանդանոցում անցկացրած մնացած օրերին բոլորից նույն բանն էի լսում. «Կաթ չունես, կաթնախառնուրդ տուր, կաթնախառնուրդով երեխա պահելը հեշտ է…»: Ոչ մի հարգանք մայրիկի որոշումների նկատմամբ: Իհարկե որոշ չափով կաթնախառնուրդ ամեն դեպքում տալիս էի, քանի որ իրոք կար վախ, որ կաթ չունեմ:

Երբ մի քանի օրից տուն վերադարձանք, ինձ մոտ բացի հետծննդաբերական դեպրեսիայից նաև այլ երևույթ կար, որը դեռ չէի հասկանում: Ես գրեթե ամբողջ օրն արտասվում էի, ես էլ չէի հասկանում ինչու, բայց զգում էի, որ երեխայիս հետ ինչ որ բան այն չէ: Տանեցիները ասում էին, որ ամեն ինչ լավ է, խելոք երեխա է, լավ քնում է, բայց դա ինձ չէր հանգստացնում: Կաթը սկսել էր նորմալ արտադրվել, նույնիսկ կթելն էր արդեն ստացվում: Կերակրելու համար պետք է արթնացնեի տղայիս, որը դժվարությամբ էր ստացվում: Տեղամասային մանկաբույժը զննեց երեխային 5 օրականում և ասաց որ ամեն բան կարգին է:

– Բայց ինչ որ բան այն չէ, շատ դեղնած է, շատ է քնում,- ես կարծես սպասում էի, որ ի վերջո ինչ որ մեկը կասի, որ ես ճիշտ եմ զգում:

– Հանգիստ եղիր մամա ջան, երեխան առողջ է, դեղնությունը կանցնի քիչ-քիչ, – մանկաբույժն այնպիսի ժպիտով ասաց այս խոսքերը, կարծես՝ «դե նորաթուխ մամա է, իզուր խառնվել է իրար»:

Նույն օրը մայրիկս այցելեց մեզ ու երբ տեսավ երեխային՝ հասկացավ, որ նիհարել է, դեղնությունն ավելին է, քան դուրս գրվելուց, նույնիսկ լողացնելուց չէր ուզում արթնանալ:

– Երեխայի իրերը հավաքիր, գնում ենք հիվանդանոց:

Ի՞նչ, նորից հիվանդանոց… Տեր Աստված, շնորհակալ եմ, որ մայրիկս հենց այդ օրը եկավ, չեմ ուզում մտածել ինչ կլիներ, եթե մանկաբույժի «Ամեն բան կարգին է»-ով շարունակվեր ևս մի քանի օր:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պարզվեց, որ երեխայիս մոտ բիլիռուբինի շատ բարձր մակարդակ է, 500գ քաշ է կորցրել, իսկ դրանք նորածնի կյանքի համար լուրջ վտանգ են ներկայացնում: Երեխան կրկնապտուկի միջոցով շատ քիչ կաթ էր կերել, օրեցօր թուլացել էր, այդ պատճառով չէր լալիս և անընդհատ քնում էր:

Հիվանդասենյակում նստած նայում էի կապույտ լամպի տակ պառկած, փոքրիկ թաթիկին մեծ ասեղով կաթիլային ընդունող նիհարիկ մարմնին և չէի կարողանում ներել ինձ: Մտքերը տանջում էին. «Ինչու՞ ես չէի հասկացել ինչ է կատարվում երեխայիս հետ», «ինչու՞ եմ շարժվում սխալ ուղղություն ցույց տվող մանկաբարձների խորհուրդներով», «ինչու, ինչու…», «ես լավ մամա չեմ… երեխայիս սոված եմ թողել… մի գուցե իրոք կաթնախառնուրդ պիտի տայի…»: Դրան գումարած բժիշկների մեղադրական խոսքերը. «Չեմ հասկանում, աղջի՛կ ջան, դու չե՞ս տեսել, որ երեխադ չի ուտում», «Ուրեմն կաթ չունես, կաթնախառնուրդ պիտի տաս», «Կաթիդ որակը լավը չի» և նմանատիպ անհեթեթություններ: Այս արտահայտությունները, հետծննդաբերական սթրեսը, ֆիզիկական ցավերը, կեսարյան հատման վերքի հետ կապված բարդությունները, երեխայիս առողջությունը, ինձ վատ մամա զգալը, պատերազմը, չափից դուրս շատ էին այդ պահին ինձ համար: Այդ պահին նույնիսկ ուժեղ ֆիզիկական ցավը ավելի նախընտրելի է դառնում, քան այն, որ քեզ զգում ես անկարող մամա: Հետագայում դա մեծ հետք է թողնում հոգեկան աշխարհիդ վրա և շատ դժվար է լինում այդ բարդույթից ազատվելը: Շնորհակալ եմ իմ հարազատներին, հատկապես մայրիկիս ու ամուսնուս, ովքեր իմ կողքին էին և նրանց շնորհիվ կարողանում էի դիմակայել այս ամենին:

Հիմա երբ բավականին տեղեկացված եմ կրծքով կերակրման թեմայից, մտածում եմ, մի՞թե մեր մանկաբուժությունը այսքան ցածր մակարդակի վրա է մնացել, չնայած հանդիպել եմ նաև այնպիսի բժիշկների, ովքեր պահել են և՛ մայրիկին չվիրավորելու ու չճնշելու նորմերը, և՛ ճիշտ խորհուրդներ են տվել (այդ բժիշկները հիմնականում ավելի երիտասարդ սերնդից են):

Փառք Աստծո ամեն բան սկսեց գնալ դեպի լավը. դիմեցինք կրծքով կերակրման մասնագետի (Անուշ Սաքանյանին), ով միանգամից ասաց, որ կրկնապտուկը նետեմ աղբամանը, ցույց տվեց կերակրման ճիշտ ձևեր, կթելու ձևեր ու ռեժիմներ և այլն: Փոքրիկիս քիչ ուտելու հետևանքով կրծքիս կաթը սկսել էր քիչ արտադրվել, բայց կաթնախառնուրդի փոխարեն անհրաժեշտության դեպքում երեխային կերակրում էի դոնորական կաթով, որը քույրս էր տրամադրում (նա նույնպես փոքրիկ ուներ): Չնայած բժիշկներն արգելում էին երեխային դոնորական կաթ տալ, ես այնուամենայնիվ սկսեցի լսել իմ ներքին ձայնին և մնալ իմ համոզմունքներին: Որդիս քիչ-քիչ ակտիվացավ, սկսեց ավելի երկար արթուն մնալ, խաղալ: Մեկ շաբաթ հիվանդանոցում մնալուց հետո վերադարձանք տուն: Այս ամենին գումարվեց նաև կովիդ վիրուսով վարակվելը, բայց ես տանն ավելի հանգիստ էի. ճնշող արտահայտություններով բուժաշխատողներն ինձ այլևս չէին շրջապատում: Չնայած տանեցիներից թաքուն, ժամը մեկ կշռում էի երեխային՝ ամեն ավելացած գրամը վերահսկելու համար: Տղաս սկսեց նորմալ քաշ հավաքել՝ կերակրվելով միայն կրծքի կաթով: 5 ամսականում արդեն թմբլիկ երեխա էր, ու մինչև 2 տարեկան վայելեցինք այս պրոցեսը: Իսկ այսօր արդեն 4 տարեկան խելացի գերակտիվ երեխա է:

2 տարի անց ծնվեց աղջիկս նույն ծննդատանը (քանի որ անչափ վստահում էի իմ գինեկոլոգին՝ Արա Դրամփյանին, ով նաև մի քանի անգամ վիրահատել էր ինձ) և ի «ուրախություն» ինձ նույն կարմրահեր մանկաբույժն էր հերթապահը: Բայց ես հստակ որոշել էի, որ այս անգամ այլ է լինելու. հենց սկզբից սենյակ մտնող մանկաբարձներին զգուշացրեցի, որ կաթնախառնուրդով կերակրելու խորհուրդներ ու ընդհանրապես երեխային կերակրելու խորհուրդներ ինձ չտան: Միգուցե իմ կողմից դա շատ կոպիտ էր, բայց այլ տարբերակ չգտա՝ հաշվի առնելով նախորդ փորձս: Ես ավելի վստահ էի դարձել, հատկապես ամիսներ շարունակ ԿԿ դասընթացներին մասնակցելը ինձ շատ գիտելիքներ էին տվել: Գիտեի ինչ և ինչպես պետք է անեմ աղջկաս կրծքով կերակրելու համար, և ամեն բան ավելի հանգիստ անցավ, քիչ սթրեսներով, երեխայի հետ կապված որևէ խնդիր չունեցանք:

Մեր հասարակությունում նորաթուխ մայրիկներին խորհուրդներ և հանդիմանություններ տալիս են հարևան տատիկներից սկսած մինչև մասնագիտացված բուժաշխատողները, և երբ դրանք անցնում են իրականության սահմանը, երբ խորացնում են մայրիկի սթրեսները և ճնշում, կարող են վատ հետևանքների բերել՝ ինչպես իմ դեպքում: Խորհուրդներ և օգնություն իհարկե պետք են, բայց այդ խորհուրդներով չպետք է խանգարել, որ մայրը կարողանա շարժվել իր մայրական բնազդներով: Աստված մեզ օժտել է զարմանահրաշ հատկությամբ. այն է հասկանալ երեխայի լեզուն առանց խոսքերի:

Ստացվում է, որ պետք է ինքնակրթվել և հույսը դնել քո բնազդների, գիտելիքների և Աստծո վրա: Բայց ու՞ր մնաց ԱՆ անելիքը, այն է՝ դասընթացներ հղիների հետ հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաև լուրջ աշխատել մանկաբարձների և մանկաբույժների հետ՝ նվազեցնելով «մանկաբարձական բռնության» դեպքերը: