Ս․ Բ. «Մի օր ես կունենամ երեխաներ, բայց այլ մոլորակում կամ հաջորդ կյանքում…»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Ս. Բ.

 

ՄԻ ՕՐ ԵՍ ԿՈՒՆԵՆԱՄ ԵՐԵԽԱՆԵՐ, ԲԱՅՑ ԱՅԼ ՄՈԼՈՐԱԿՈւՄ ԿԱՄ ՀԱՋՈՐԴ ԿՅԱՆՔՈւՄ…

(հիմնված է իրական փաստերի վրա)

Տղաս ծնվեց 2013  թվականին: Օձի տարի էր:

Երբ ցավերս բռնեցին, գիշեր էր: Մի քիչ  համբերեցի մինչև լուսադեմ, հետո ամուսինս տարավ ինձ հիվանդանոց: Այդ թվերին ինտերնետն այսքան տարածված չէր, բլոգերներ չկային, հետաքրքիր տեղեկատվություն արժանապատիվ մայրության և ընդհանրապես ծննդաբերության մասին քիչ էր: Դե, իհարկե, դպրոցում դրա մասին խոսելն ամոթ  է, տանն էլ՝ տաբու: Մայրս երբեք չի խոսել դժվարությունների ու հնարավոր խնդիրների մասին: Տպավորություն էր, որ ամեն ինչ այնքա՜ն պարզ է, որքան բազմապատկման աղյուսյակը, դեռ մի բան էլ աղյուսյակն ավելի դժվար է /արդարության համար նշեմ, որ տղաս այն շատ դժվարությամբ սովորեց, գրեթե 3 տարի/:

Մի խոսքով ես գնում էի հիվանդանոց ընդհանուր ֆիլմային պատկերացումներով:

Ինձ առանձին պալատ տվեցին, ասացին, որ երկար կտևի, առաջնածիններինը միշտ այդպես է լինում, ու գնացին: Բժիշկս լավ կին էր, մեր քաղաքի լավագույն մանկաբարձը, ցավոք, նա օրեր առաջ ոտքը կոտրել էր ու չգիտեի՝ կկարողանար գալ, թե ոչ: Մնացի մեն-մենակ: Դատավճիռը տրված էր՝ երեկոյան 5-ից շուտ չի ծնվի, սակայն դեռ առավոտյան 8-ն էր: Ցավերս ուժեղացան, իսկ քույրերն ուղղակի երբեմն-երբեմն գնում ու գալիս էին՝ ասելով, որ ավելի վատ էլ է լինում: Զգացողություններս խառնվել էին, չէի նկատում շուրջս ոչ ոքի, ուզում էի արագ ավարտվեր այս մահացու ցավը, սակայն…Արդեն ժամը 11-ին ամեն ինչ ահագնացավ: Ի երջանկություն ինձ՝ եկավ բժիշկս: Անվասայլակով էր, բայց դա արդեն հուսադրող էր: Նայեց ու զարմացած ասաց՝ կարծես թե շուտ կծնվի: Ինձ տարան ծննդաբերական պալատ: Քույրը պտտվում էր հետևիցս, ուղղում խալաթս, որն ամեն անգամ անտանելի ցավի նոպայից հետո խառնաշփոթ վիճակում էր հայտվում, կարծես թե ամոթ էր, որ ծննդաբերող կինն իրեն ազատ զգար…Ես քրտնաթաթախ ու գզգզված սկսեցի աղաչել, որ ինձ կեսարյան հատում անեն: Պատասխանը մեկն էր՝ ոչ, քո ուժերով կունենաս: Խնդրեցի գոնե ցավազրկել /այդ ժամաննակ էպիդուրալ ցավազրկում մեր գավառական հիվանդանոցում դեռ չէին անում, վախենում էին…/ սովորական ցավազրկողներ սրսկեցին ու վերջ: Ամեն ինչ մնաց նույնը: Դե չեմ մեղադրում, քույրերն ի՞նչ կարող էին անել: Եկավ ժամը 12:30-ը: Բժիշկս ասաց, որ արդեն երեխայի ծնվելու պահ է մոտենում, գլուխը երևում է: Ինձ պառկեցրին ու խնդրեցին կանոնավոր ուժ գործադրել ու շնչել: Ուղիղ ժամը 13:00-ին ծնվեց նա: 4կգ: Ես չունի ոչ մի խնդիր, ոչ մի պատռվածք, բժիշկներն ուղղակի զարմացած էին:

Խնդրեցի ցույց տալ տղայիս աչքերը: Մտածում էի՝ կանաչ կամ կապույտ կլինեն: Փոքրիկս նայեց ինձ իր զարմացած ու լուռ աչքերով /ֆիլմերում ցուցադրվող լացի ձայն չեմ լսել/, աչքերը դարչնագույն էին… ու այդ հայացքն ընդմիշտ տպավորվեց հիշողությանս մեջ՝ որպես ինձ երջանկություն պարգևած լավագույն պահ…

Ինձ տարան պալատ: Քանի որ աշխատում էին հայտնի հիմնարկությունում ու որոշակի ճանաչում ունեի, ինձ տարան լոգասենյակ, ու քույրն անձամբ ինձ լողացրեց /պալատներում լոգարանի հնարավորություն չկար, դրանք ընդհանուր էին՝ միջանցքի վերջում/: Ես ինձ շատ լավ էի զգում: Հետո իմացա, որ միայն ինձ են լողացրել ու այն էլ ամեն օր, մյուս ծննդաբերողները նույնիսկ չեն էլ իմացել, որ լոգասենյակներ կան, ու կնոջը պետք է լոգանքի հնարավորություն տալ: Կանայք այդպես մնացել են հիվանանոցում մեկ, երկու, երեք, չորս օր…Ինչևէ, շնորհակալ եմ:

Հետո եկավ ամենադաժան պահը: Ես կաթ չունեի, այդպես ասացին: Պետք էր բացել կրծքերս, այդպես ասացին: Օրվա հերթապահ քույրն ասաց, որ պետք է կրծքերս սեղմեն, որ կաթնածորանները բացվեն. շատ են եղել այդպիսի դեպքեր: Մայրս ասաց, որ, միգուցե, պետք է փորձել:  Եկավ հերթապահն ու սկսեց սեղմել կրծքերս: Ցավն անպատմելի էր, զգում էի, որ ամբողջ մարմինս հիմա կպոկի ու կտանի: Կաթը չեկավ…Ինձ պահեցին հիվանդանոցում 8 օր՝ սպասելով, որ կաթը կգա, կամ էլ ես կսովորեմ կերակրել փոքրիկի ճիշտ: Բայց այդպես էլ ոչ ոք չասաց՝ այդ ճիշտը որն է:

Հիվանդանոցից դուրս գրվելու վերջին օրն եկավ նյարդաբանը: Պետք է զններ փոքրիկիս, ով հեմատոմա ուներ գլխին, ինձ ասացին՝ այդպես է ծնվել: Նյարդաբանը՝ մի հարգված ու ճանաչված բազմավաստակ բժիշկ նայեց, նայեց ու ասաց՝ հազիվ մի հատ սիրուն տղա է ծնվել, այն էլ՝ խնդիրներով: Ասաց ու գնաց: Ես մնացի շվարած: Տղաս, իրոք, շատ գեղեցիկ նորածին էր: Բժիշկս ասաց՝ հեմատոման ինքն իրեն կանցնի:

Մենք դուրս գրվեցիք: Ինձ սովորական տուն տարան: Ամուսինս հարկ չհամարեց տոնական դարձնել այդ օրն ինձ համար: Դե բոլորն էլ ունենում են երեխաներ…

Հաջորդ օրն եկավ սկեսուրս ու սկսեց մուննաթ  գալ, թե ինչու ծննդաբերության օրն ինձ նորմալ չեմ պահել, իրեն ծանոթ քույրն ասել է, որ շատ եմ անիմաստ գոռգոռացել, իբր թե ի՞նչ, ի՞նչ կարիք կար այդքան գոռալու, հո առաջինն ու վերջինը չե՞մ: Այ ինքն իր առաջնեկին 3 օր ցավ քաշելուց հետո է ունեցել ու ոչ մի ձայն…

Սկսվեց մի նոր ծանր փուլ…

Տղաս այդպես էլ իմ կաթից չէր կշտանում, բայց ոչ ոք այդ մասին չէր հասկանում ու…20 օր հետո մենք պառկեցինք հիվանադանոց…որդիս քաշ էր գցել…շա՜տ: Այս անգամ Երևանում էինք, ու ինձ անմիջապես արհեստական կաթ նշանակեցին: Տղաս 20 օր մնացել էր սոված, ես էլ զարմանում էի, թե ինչու է անդադար քնում…Փաստորեն կրծքիս կաթը քաշելուց ու չկշտանալուց հոգնել է ու սոված քնել…

Արդեն երևանյան հիվանդանոցում ասացին, որ տղայիս գլխի հեմատոման ծննդաբերության ժամանակ է առաջացել, քաշել են գլուխը: Ու նաև ասացին, որ եթե շուտ չմիջամտեն ու չքաշեն հեմատոմայի ներսում հավաքված հեղուկը, այն կկարծրանա ու կմնա գլուխն այդպես ընդմիշտ…

Դուրս գրվեցինք:

1 տարի անց կրծքերս սկսեցին ցավել: Մի քանի օր դիմանալուց հետո ամենավատի կասկածով դիմեցի հիվանդանոց: Պարզվեց՝ կրծքերս հիվանդանոցում սեղմելու արդյունքում մաստոպատիաներ են առաջացել: Մի բժիշկ ասաց՝ կերակրեիր՝ այսպես չէր լինի: Մեկն ասաց՝ պետք է նորից երեխա ունենաս, մեկն ասաց՝ պետք է վիրահատվես, մյուսը՝ դեղորայքով կբուժվես: Դիմեցի ամուսնուս ծանոթ բժշկին Գերմանիայում: Կտրականապես արգելեց դեղորայք օգտագործելն, ասաց՝ դա նյարդային հիմք էլ ունի: Ինձ 100000 դրամի դեղ էին նշանակել, այդպես էլ չխմեցի:

Այդ ժամանակ ես 25 տարեկան էի: Հիմա՝ 35: Մաստոպատիաներն իրենց տեղում են: Ժամանակ առ ժամանակ մեծանում կամ փոքրանում են՝ կախված՝ որքան նյարդային կլինեմ այդ ամիս: Չվիրահատվեցի, դեղեր չխմեց, իսկ ինձ դեղեր նշանակած բժիշկը մինչ օրս գիտի՝ իր բուժումից հետո են փոքրացել կրծքիս գնդիկները:

Երկրորդ երեխա չունեմ: Երևի չունենամ: Մարդիկ ծիծաղում են, երբ ասում եմ՝ վախենում եմ հղիանալուց ու ծննդաբերելուց:

Բա մեկ երեխան ու՞մ է պետք, կփոշմանես, ջահել ես, երեխեդ մեղքա: Բայց ես իսկապես վախենում եմ, հետծննդաբերական սթրեսը չեմ հաղթահարել անգամ 11 տարի անց: Երբ հղի կին եմ տեսնում, մի տեսակ նյարդային եմ դառնում, չգիտեմ…Բայց գինեկոլոգս որոշել է ինձ անպայման հղիացնել, որովհետև ջահել աղջիկ եմ ու պետք է երեխա ունենամ…հետո ուշ կլինի:

Ես աշխատում եմ, ունեմ պաշտոն: Պայքարում եմ գենդերային անհավասարության դեմ իմ համայնքում: Երբ իմ կին ընկերներն ուզում են ծննդաբերությունից հետո շուտ վերադառնալ աշխատանքի, փորձում եմ ոգևորել նրանց, օգնել: Առաջին նախադասությունը, որ լսում են նրանք վերադասից, այն է՝ մնա տանը երեխուդ մեծացրու, ինչու՞ ես շուտ գալիս: Սրան հաջորդում են՝ ձեր երեխաներն անընդհատ հիվանդանում են, եթե պահող չունեիք՝ չգայիք աշխատանքի: Դե տանն էլ ամեն ինչ նրանց վրա է, պետք է ամեն ինչ հասցնել: Տնեցիներն ասում են՝ ուզում էիր շուտ գնալ գործի՝ չգիտե՞իր գլխիդ գալիքը: Հասցրու՛, հասցրու՛, զարմացրու՛, մի՛ հոգնիր, տանն էլ, աշխատավայրում էլ փայլի՛ր, անընդհատ ապացուցի՛ր, որ կարող ես լավ աշխատել, ձգտի՛ր հավասարության…ու այսպես անվերջ…

Երևի մի օր ես կունենամ երեխաներ, բայց այլ մոլորակում կամ հաջորդ կյանքում: