Տաթևիկ Սահակյան․ «Մանկաբարձական բռնություն»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
Հեղինակ՝ Տաթևիկ Սահակյան
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲՌՆՈւԹՅՈՒՆ
Ա՛յն գործն եմ ատում,
Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,
Ա՛յն փորձն եմ ատում,
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք․․․
Սեւակյան այս խոսքերն արդիական են հնչում այն հանգամանքներում, երբ առերեսվում ես մանկաբարձի թեթեւ ձեռքով ստեղծված քաոսային իրավիճակի: «Մարդաստեղծ» այս մասնագիտության մեջ սխալներն աններելի են: Վերջիններս, մեծ մասամբ, ծնվում են տգիտության արդյունքում, իսկ դեռ աշխարհի լույսը չճաշակած մանուկն ու նրա ծնողը զոհ են դառնում՝ ենթարկվելով կամայական բռնության:
Սոնան սրտի անհագուրդ տրոփյունով սպասում էր իր առաջնեկին, ում կյանք տալու համար պայքարել էր տարիներ շարունակ: Շատ հույսեր եւ նպատակներ էր կապել նա՝ իր դեռ չծնված զավակի հետ: Սակայն նա չէր նախատեսել, որ այդ ինն ամսվա ճանապարհն առավել խորդուբորդ եւ փորձություններով լի էր լինելու, քան այն մեկը, որն անցել էր մինչ այդ: Թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող էր ընթանում, մանավանդ այն դեպքում, երբ կողքիդ էր հոգատար եւ տարիների փորձ կուտակած մանկաբարձ, ով ամենայն ուշադրությամբ հետեւում էր քո եւ և դեռ լույս աշխարհ չեկած մանուկիդ առողջությանը: Բայց մի օր, երբ Սոնան գտնվում էր հղիության յոթերորդ ամսում, ուլտրաձայնային հետազոտություն կատարող մասնագետը հայտնաբերեց, որ Սոնայի ծննդաբերությունը կյանքի եւ մահվան միջեւ պայքար է լինելու: Իր ախտորոշումը հաստատելու նպատակով՝ նա դիմեց իր գործընկերոջը, ով, դժբախտաբար, նույնպես տվեց նույն դաժան պատասխանը: Սոնան, տրտմած եւ անհանգիստ, սակայն գիտակցության ձայնին զարկ տալով, դիմեց իր մանկաբարձին նույն բժշկական հաստատությունում մեկ ուրիշ մասնագետի մոտ կրկին հետազոտվելու մտադրությամբ: Սակայն մանկաբարձը, ով լավատեղյակ էր իրենց աշխատավայրում տիրող ներքին «գայլային օրենքներին» (ընդունված չէ, դիմել նույն հաստատությունում մեկ ուրիշի, դա նշանակում է անվստահություն բժշկի հանդեպ), խորհուրդ տվեց հետազոտվել մեկ ուրիշ կենտրոնում՝ հանրապետության լավագույն մասնագետի մոտ: Սոնան ուժատ էր, բայց միևնույն ժամանակ վրդովված այն փաստից, որ ոտնահարվում են իր իրավունքները, ուստի որոշեց չընկրկել: Նա համառությամբ պնդեց, որ իր իրավունքները հարգվեն: Դժբախտաբար, չարաբաստիկ ախտորոշումը հաստատվեց, հնչեց մահվան գիրկն ուղարկող պատասխանը նույն բժշկական հաստատության ախտորոշող գլխավոր մասնագետի հետազոտության արդյունքում: Սոնան հեռացավ վշտահար, արցունքներն աչքերին:
Մայր ու մանուկ իրար ձայնած տվայտվում էին: Դեկտեմբերյան սառնաշունչ քամին սուրում էր Սոնայի հուզմունքից քրտնած մազերի միջով, ալեկոծում էր միտքն ու հոգին, հասցնում էր անհուն եզերքին, այնուհետեւ հետ շպրտում կատաղած ու ահարկու կերպով: Քշում էր դողդոջուն, հազիվ առաջ մղվող ոտքերը, տանում էր ու՞ր, ինքն էլ չգիտեր: Քարի պես կարծրացած սրտի զարկերը մարաթոնյան վազքով առաջ էին ընթանում: Լլկված հոգու մղկտոցը հանկարծահաս ցավից չէր նահանջում, քանի որ ամոքելու հույս չէր երևում: Փոխարենը խավար էր պատել համատարած, չէր երեւում այն խանդավառ փարոսը, որը հեռվից կառինքներ: Մի նվաղ հույս էր մնացել, որ մեկ կայծկլտում էր աննշան, մեկ էլ հանգչելու փորձ անում խելակորույս քամու ձեռքում: Այդ հույսը լավագույն մասնագետի պատասխանն էր: Այն մասնագետի, ում տեսնելու համար պետք է շաբաթներ շարունակ սպասեիր՝ տոգորվելով անորոշության ճիրաններում:
Ժամանակը կանգ էր առել, Սոնան չէր կարողանում աչք փակել ահագնացող վտանգի շունչը զգալով: Դալուկ, վհատված, իր մանկիկին մտովի փարված խարխափում էր: Տառապում էր հոգին ու միտքը կրծող սարսափազգու մտքերից: Շուրջը գտնվող մարդիկ անհանգիստ էին դարձել Սոնայի՝ օր օրի վատթարացող վիճակի պատճառով: Հուսադրում էին՝ օրինակներ մեջբերելով, գունեղ հեքիաթներ պատմելով: Բայց Սոնան միևնույնն է չէր մխիթարվում: Նա իրատես էր, լավ էր գիտակցում ամեն ինչ: Բժիշկների սխալվելու հավանականությունը զրոյի էր հավասարեցնում, քանի որ նույն ախտորոշումը փաստել էին երեք հմուտ մասնագետներ, որոնց պատասխանների վրա էին հենվում մի ողջ բժշկական հաստատության մանկաբարձներ:
Եկավ խոստացյալ օրը, երբ Սոնան պետք է վերջապես հետազոտվեր լավագույն մասնագետի մոտ: Եվ ահա․․․ Մահաշունչ խավարը գլորվեց՝ ճանապարհ տալով լուսաբացին: Սոնայի երջանկությունն անսահման էր, երբ եկավ հերքումը, հերքումը՝ խավարի: Երկշաբաթյա տանջանքից հետո նա կյանքի կոչվեց: Տանջանք, որի պատճառը խավարամտություն է, որն ակամայից բռնության է ենթարկում մորը, մանուկին եւ նրանց սիրելիներին: Բանիմաց մասնագետը հեգնեց իր գործընկերներին, ովքեր հանցագործի զենքը ձեռքներն առած ահաբեկում էին, թյուրիմացության մեջ գցում մարդկանց, ճակատագրեր խեղում, սպանում՝ հույսը, հավատը․․․
Փորձություններով լի ուղին հաղթահարելուց հետո Սոնան ծնունդ տվեց իր մանկիկին, բայց կրկին հերթական բռնության դրսեւորումը: Ծնունդ տալուց ժամեր անց Սոնան շնչահեղձ էր լինում, աչքերը գլորվում էին, ճիգ էր անում ապրելու: Շրջապատված էր տարբեր մասնագետ բժիշկների հոծ բանակով, ովքեր լռում էին եւ շտապ-շտապ թթվածին ապահովում, ներարկումներ կատարում: Աստծո միջամտությամբ Սոնան կրկին կյանքի կոչվեց: Վիճակի կայունացումից հետո բժիշկը պարզաբանեց, որ Սոնան այն հազար հոգուց մեկն է, ով ալերգիա ունի տվյալ դեղամիջոցից, իսկ իրենք հաշվի չէին առել, որ հենց նա կլիներ այդ մեկը, թե չէ նախապես կփորձեին համոզվել արդյո՞ք ալերգիա ուներ, թե ոչ: Սոնայի հոգին լալիս էր ցավից, ցավ, որ կարող էիր զոհ դառնալ խավարի:
Խավարն եմ ատում,
Եթե խավարում ոչ միտք է ծնվում, եւ ոչ էլ զավակ․․․ (Պ․ Սեւակ)
Մեկ օր անց բուժքույրը մոտեցավ ներարկելու Սոնային: Վերջինս, արդեն սեփական մաշկի վրա զգացած լինելով բռնության ուժը, հետաքրքրվեց ներարկվող դեղամիջոցով, եւ հնչեց բուժքրոջ հեգնական պատասխանը․ «Բժիշկը լավ գիտի, թե ինչ է ցուցում»: Սոնան իրեն զսպելով պարզաբանեց իր հետաքրքրվածության պատճառը: Եւ հանկարծ բուժքույրը առանց ներարկելու դուրս վազեց, այնուհետեւ բժշկի հետ խելապատառ վերադարձավ: Մոռացել էին: Սոնան կրկին փրկվեց: Հիվանդանոցում անցկացրած մնացած տանջալի օրերի ընթացքում նա բժիշկ էր դարձել․ կորցրել էր վստահությունը «բժիշկ-մասնագետ» կոչվածի հանդեպ:
Խավարը պատել է մարդկային միտքը, այն միտքը, որը կոչված է բուժելու, հոգ տանելու եւ կատարելագործվելու: Չլուսավորված այդ միտքը ոչ միայն ապականում է բժշկին, այլեւ բռնանում է ուրիշների կյանքին, ուրիշներն էլ՝ ակամայից՝ անմեղ ու անբասիր արարածների, ովքեր դեռ պետք է ծնվեն: Տգիտության պտուղները դառն են, իսկ ցավն այն է, որ դրանցով կերակրվում մի ամբողջ ազգ, որն ունի գոյության խնդիր: Բռնության մասշտաբներն այս կերպ մեծանում են ու դառնում համազգային: Մանկաբարձը գործիք է խավարամտության ձեռքում, որի միջոցով ձախողում է: Ձախողում է ծնունդ տալ այն մասնիկի, որի միջոցով աշխարհ է կառուցվում, պետություն ամբողջանում, ազգ բազմանում: Բուժվել է պետք այն տգիտությունից, որը չի կարող մանուկ ծնել, փոխարենը ծնունդ է տալիս բռնության:
ՏԱԹԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ