Սյունե Մանուչարյան․ «Ապրեցնող արձագանք»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Սյունե Մանուչարյան

 

ԱՊՐԵՑՆՈՂ ԱՐՁԱԳԱՆՔ

-Մամ, մա՜մ, մի քիչ էլ դիմացիր, լսում ես, խորը շնչիր, պատկերացրու իմ մեծ աչուկները,փոքրիկ մատիկները, ժպիտս…մամ, չվախենաս, կողքիդ եմ, ափերիս մեջ լույսը գրկած գալիս եմ, շուտով կհանդիպենք …

…Սրտիդ զարկերը գրկել ու շնչառությանդ եմ փաթաթվել, իսկ ափերիդ մեջ պահած լույսը տեղավորել եմ հոգուս մեջ, որ տուն տանենք ու զգուշորեն ներկենք օդը, բայց մինչ այդ, փոքրիկս պիտի ճանապարհ անցնենք, ճանապարհ՝ լի փորձություններով…Դեպի մեծ կյանք ճամփորդությունդ սկսված է…

Գիտե՞ք, նոր կյանք ստեղծած մայրը լավագույնն է իր ձագուկի համար. Նա, ով կաթնախուրդ պիտի տա, նա, ով կրծքով պիտի կերակրի, բայց ես ի սկզբանե որոշել էի՝ անկախ բոլոր դժվարություններից, կերակրելու եմ կրծքով…

Մի քանի ժամ առաջ ծնված փոքրիկս անդադար լացում է,  ես համբերատար մոտեցնում եմ կրծքիս, մի քանի րոպե ուտում է, փակում աչքուկներն ու նորից արթնանում…

Ես գերլարված ու տագնապային քայլում եմ սենյակի մի ծայրից մյուսը, փորձում եմ կերակրելու հնարավոր բոլոր տարբերակները, բայց ապարդյուն…Ու հենց առաջին օրվանից սկսվեց մեր պայքարը, պայքար սեփական տեսակետ ունենալու, չհանձնվելու, չկոտրվելու…Ամեն ինչ այլ վերջաբան կունենար, եթե ականջներումս չարձագանքեին տղայիս՝ ինձ ուժ տվող ու ապրեցնող խոսքերը: Իսկ պայաքարը սկսվես այս խոսքերով.

-Կաթդ քիչ է, չի կշտանում, դրա համար էլ անդադար լացում է:

Ու նորից տագնապ, սրտիս արագ աշխատանքն օդում որսաց այն ձայնը, որ պիտի փրկեր ինձ:

_Մամ, լսում ես, հանգիստ շնչիր, ախր դու գիտես, մենք միասին ենք կարդացել, որ առաջին օրերին մայրիկի կաթը շատ քիչ է լինում՝ կաթիլներով, խիտ ու դեղին, շատ հարուստ սննդանյութերով ու հակամարմիններով՝ անչափ կարևոր երեխային ինֆեկցիոն հիվանդություններից պաշտպանելու համար: Այդ կաթիլները բավարար են առաջին երկու-երեք օրը բալիկին կշտացնելու համար: Մամ, իմ ստամքոսը շատ փոքր է՝ բալի կորիզի կամ պնդուկի միջուկի չափ:

Թեթևացած շունչ եմ քաշում, ես դա գիտեմ, պարզապես նոր ծննդաբերած կինը շատ խոցելի է, անգամ հայացքով կարող են կոտրել նրան:

Հաջորդ օրը կշռեցին բալիկիս ու հայտնեցին, որ քաշ է կորցրել.

-Ա՛յ որ ասում էինք կաթը քիչ է, չի կշտանում տղադ, ի՞նչ ես մտածում…

Մեղադրական այս խոսքերն էլ ավելի են խորացնում մեղքի զգացումը, որ պատրաստ չեմ օգնելու փոքրիկիս, բայց նորից վրա է հասնում սթափեցնող ձայնը.

-Մա՛մ, հապա հիշիր, կյանքի առաջին օրերին քաշի կորուստը լրիվ նորմալ է: Այն ֆիզիոլագիական  երևույթ է՝ պայմանավորված մաշկի միջոցով մեզի և մեկոնիումի արտազատումով:

-Իմ հրաշք փոքրիկ, ես քեզ խոստանում եմ, քո լացը  ծիծաղով եմ վերադարձնելու, ների՛ր, այդքան ուժեղ չեմ՝ թեք նայվածքն ու սուր ասված խոսքը թեթև տանելու…

Արդեն երկու օր ու մի հավերժություն էր անցել…Ես չեմ քնել, չեմ նստել, կանգնած կերակրում էի որդուս…

Լույսն արդեն բացվել էր, երբ արժանացա հերթական  §հաճոյախոսությանը¦.

-Տեսե°լ ես ինչ հոգնած ու վատ տեսք ունես: Հիմա էնպես կանեմ, որ համ դու կհանգստանաս, համ էլ տղադ:

Մի լույսի շող տարածվեց օդում, մտածում էի՝ հրաշքը չի ուշանա, իսկ էդ օրերում հրաշքն ինձ համար տղայիս խաղաղ քունն էր:

Քիչ հետո մտավ սենյակ, ձեռքին՝ շիշ, մեջը՝ կաթնախառնուրդ…

Ես ընդհամենը խնդրում էի, որ օգնեն տղաս բռնի կուրծքս, անվերջ կանգնելուց, չքնելուց, ուժասպառ լինելուց չէի բողոքում…Հասկանո°ւմ եք, աբսուրդ է, քարանալու աստիճան կաթ լինի կրծքում ու դու չկարողանաս այն երեխայիդ մատուցել, որովհետև փոքրիկ դնչիկով չի կարողանում դեռ բռնել այն, իսկ ինձ մեծահոգաբար ուրիշ օգնություն են առաջարկում, որը ես նույնպես մերժում եմ…

Էդ հայացքն ու դռան շրխկոցը մինչև հիմա ականջներիս մեջ են…ու արցունքներս, որ առանց սպասելու թափվում էին: Ես գիտակցում էի՝ էս պահից սկսած ավելի դժվար է լինելու:

Ժամերն անցնում էին…մի քիչ հաջող ու ոչ այդքան փորձեր, մի քանի րոպեանոց ձագուկիս անուշ քունն ու վայրկյանների երջանկությունը…Դռան բացվելուն սպասում էի, երևի, սահմանից որդու նամակին սպասող մոր պես:

Դուռը … նույն կինն էր, մոտցավ սենյակում պառկած մյուս երկու աղջիկներին, պատասխանեց հուզող հարցերին, ցուցումներ տվեց, իսկ երբ օգնություն խնդրող հայացքով նայեցի՝ փորձելով հանգստացնել լացող տղայիս, շատ հպարտ ու գոհ նայեց ինձ ու վրա տվեց, ասես քանի ժամ է կուտակել էր ներսում ու հենց նոր ազատվեց խեղդող խոսքերից.

-Քո որոշումն էր, դե կերակրիր…

Մորս խոսքերը՝ §մի լույս կբացվի¦ ամենաշատն էին էս պահին ինձ անհրաժեշտ, լույսը գրկումս էր, իսկ ես արդեն §վատ մամա¦ տիտղոսը ինձ վրա դրոշմվելու ճանապարհին էին, եթե իրոք լուսաբացը ինձ մոտ չբերեր հերթափոխի մյուս մանկաբարձին…

…Իսկ իմ լույսի շողն արդեն երկու տարեկան վեց ամսական է, նրա ափերի մեջ պահած լույսը՝ տան ամեն անկյունում, հիվանդանոցում ապրած օրերն անցյալում են, խնդիրները՝ բարձրաձայնված, մնում է շարունակել հյուսել տան պատերից կախված լույսի բեկորները, որ ամենամութ խավարում անգամ չմրսենք:

Դո՛ւ, հենց դու, իրավունք ունես վայելելու ծնված իսկ օրից քո փոքրիկի ամեն օրը, լացը, իրավունք ունես կարծիք հայտնելու, չհամաձայնելու, որոշում կայացնելու, իրավունք ունես չվախենալու ու առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու, դու իրավունք ունես արժանապատիվ մայրության, որի ճանաարհը սկսվում է փոքրիկիդ առաջին իսկ շնչի հետ: