Արցախից բռնի տեղահանվածների մայրության և երեխայի խնամքի նպաստների հարցը դեռևս քննարկվում է
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում հաստատված 333 հղի կին է հաշվառվել բժշկական հաստատություններում։ Այս մասին «Կետ 33» հասարակական կազմակերպությանը հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Մասնավորապես նշվել է․ «Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից բնակություն է հաստատել և հաշվառվել նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպություններում ԼՂՀ-ից բռնի տեղահանված 333 հղի կին»:
Կառավարությունից տվյալներ չեն տրամադրվել, թե Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում հաստատված անձանցից քանիսն են գտնվում մայրության և երեխայի խնամքի արձակուրդում։
Չի հստակեցվել նաև, թե ինչպես է կարգավորվելու Արցախից բռնի տեղահանվածների մայրության և երեխայի խնամքի արձակուրդից օգտվելու (շարունակել օգտվելու) հարցերը։
Ինչ վերաբերում է մայրության և երեխայի խնամքի նպաստներ տրամադրելուն, ապա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանը հետևյալն է․ «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նպաստներին և կենսաթոշակներին առնչվող հարցը քննարկումների փուլում է, որոնց վերաբերյալ առաջիկայում կտրվի պաշտոնական հայտարարություն»:
Այսինքն, այս պահին կարող ենք եզրակացնել, որ չկան ամփոփված տվյալներ մայրության և երեխայի խնամքի արձակուրդի/նպաստների շահառուների թվի վերաբերյալ, միևնույն ժամանակ անորոշ է մայրության և երեխայի խնամքի արձակուրդ և նպաստներ տրամադրելու հարցը։
Հ․Գ․ Տեղեկացնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխան գրությունը ստացել ենք այս տարվա հոկտեմբերի 25-ին։