70 դասընթաց՝ արցախցի մայրիկների, հղի կանանց ու երեխաների համար
Նոյեմբերի 5-ից սկսվելու են Արցախից բռնի տեղահանված հղի կանանց, մայրերի ու երեխաների համար դասընթացներ՝ մանկաբարձ-գինեկելոգների, հոգեբանների, կրծքով կերակրելու խորհրդատուների և այլ մասնագետների հետ։
Անվճար դասընթացները կազմակերպվում են «ՄՕՄ» կենտրոնի կողմից՝ ԱՄՆ Հայկական բժշկական հիմնադրամի (Armenian Medical Fund USA)-ի և Gateway Armenia կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։
«ՄՕՄ» կենտրոնի ղեկավար Աստղիկ Վարդանյանը հայտնեց, որ Արցախի շրջափակման 10 ամիսների ընթացքում իրենց կենտրոնի մասնագետները առցանց դասընթացներ ու խորհրդատվություններ են կազմակերպել արցախցի հղի կանանց ու մայրերի համար և այժմ էլ շարունակում են իրենց աշխատանքը՝ նաև օգնելով նրանց հաղթահարել ռազմական ագրեսիայի և բռնագաղթի հետևանքով ունեցած հոգեկան տրավմաները։
«Երեխաների հետ հանդիպումները լինելու են արցախյան բարբառով։ Ընտրել ենք երեխաների 3 տարիքային խումբ՝ 5-8, 9-12 և 13-16 տարեկաններ։ Սրանք ուղղակի զբաղեցնող հանդիպումներ չեն լինելու, այլ հատուկ թերապևտիկ դասեր են լինելու»,- ասաց Ա․ Վարդանյանը։
Դասընթացավարները թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային տարբեր հեղինակավոր կառույցներում աշխատող մասնագետներ են, ներգրավվել են նաև արցախցի հոգեբաններ և մանկաբարձ-գինեկոլոգներ։ Դասընթացները շարունակվելու են վեց ամիս։
Դասընթացներն անցկացվելու են «Իմփաքթ Հաբ»-ի երևանյան գրասենյակում (Տիգրան Մեծի 80՝ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ)՝ շաբաթ և կիրակի օրերին։ Յուրաքանչյուր շաբաթվա դասընթացների մասին տեղեկանալու համար կարող եք հետևել «ՄՕՄ» կենտրոնի էջին՝ այստեղ։
Իսկ դասընթացին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 37 42 75, 091 37 42 75, 094 97 96 79։