Ընտանիքամետ աշխատանքային միջավայր
Երբ խոսվում է վաղ մայրության փուլում գտնվող կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին, առաջին հերթին դիտարկվում է, թե արդյոք պետություններն ունե՞ն ընտանիքամետ, երեխայամետ և աշխատանք-ընտանիք հավասարակշռումն ապահովելուն ուղղված քաղաքականություններ, և արդյոք գործատուներն առաջնորդվո՞ւմ են դրանցով:
Աշխատանք-ընտանեկան կյանք խզվածքի պատճառները բազմաթիվ են՝
- երկարատև, անկանխատեսելիորեն երկարող աշխատանքային ժամեր,
- ֆիքսված և ոչ հարմար աշխատանքային գրաֆիկ,
- սոցիալական ծառայությունների վատ աշխատանք (օրինակ՝ տրանսպորտի վատ աշխատանքի դեպքում բարդանում է աշխատավայր հասնելն ու վերադառնալը),
- մանկապարտեզների, դպրոցների աշխատաժամանակի հետ կապված անհարմարություններ և այլն։
Այս ամենը բերում է նրան, որ կանայք ստիպված են լինում նվազեցնել իրենց աշխատանքային ժամերը կամ առհասարակ չաշխատել։ Մինչդեռ այն երկրներում, որոնք ունեն ընտանիքամետ քաղաքականություններ, աշխատաշուկայում կանանց ներգրավվածությունը բարձր է։
Ընտանիքամետ աշխատանքային միջավայրը հնարավորություն է տալիս լավագույնս հավասարակշռել ընտանիքին ու աշխատանքին հատկացվող ժամանակը, ընտանեկան ու աշխատանքային պարտականությունները։
Ընտանիքամետ քաղաքականությունների իրականացումը շահավետ է թե՛ ընտանիքի, թե՛ մասնավոր կառույցների, թե՛ պետության համար։ Սրա արդյունքում պաշտպանված են լինում մայրերի ու նրանց երեխաների իրավունքները, առավելապես թեթևանում է նրանց հոգսը, և որոշակիորեն ապահովված է լինում նրանց և նրանց ընտանիքների բարեկեցությունը։
*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում: