Հանդիպում ընտանիքամետ համարվող All You Can Move (AYCM) հունգարական ընկերությունում
Սեպտեմբերի 10-ին Բուդապեշտում «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը այցելել է հունգարական All You Can Move (AYCM) ընկերություն, որտեղ ընկերության փոխտնօրեն, վաճառքների և մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Թունդե Կիշնի Փոլգարը ներկայացրել է ընկերության ընտանիքամետ քաղաքականությունները։
Բուդապեշտ այցն ու հանդիպումը կազմակերպվել է «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Ստորև նեկայացնում ենք հատվածներ Թունդե Կիշնի Փոլգարի հետ զրույցից.
«Մեր ընկերությունը բարեկեցության ծառայություն է առաջարկում հավելվածի միջոցով, որը պահանջում է ամսական բաժանորդագրություն: Այս հավելվածի շնորհիվ մեր հաճախորդները կարող են, օրինակ, երկուշաբթի օրը այցելել մարզասրահ, չորեքշաբթի՝ յոգայի ստուդիա, իսկ ուրբաթ՝ պարի դասի։ Մենք մոտ 700 գործընկեր ունենք սպորտային կենտրոններից, և տրամադրում ենք մեր բարեկեցության ծառայությունը գործատուներին, որոնք այնուհետև այն առաջարկում են իրենց աշխատակիցներին՝ որպես աշխատանքային առավելություն: Ունենք ավելի քան 1500 գործատու գործընկեր: Այս տարի լրանում է մեր 25-ամյակը, և մենք հպարտանում ենք մեր ընտանիքամետությամբ՝ ոչ միայն որպես գործատու, այլև որպես ծառայություններ մատուցող:
Հաճախորդների սպասարկման մեր տարածքում մենք ունենք մանկական սեղան՝ գրիչներով, մատիտներով, փոքրիկ խաղալիքներով և, իհարկե, կոնֆետներով: Մենք նաև հատուկ հարմարություններ ունենք երեխաների համար, օրինակ՝ երեխաներին հարմարեցված զուգարանի նստատեղ՝ ավելի նեղ հատվածով, և փոքրիկ աստիճան, որն օգնում է փոքրիկներին հասնել լվացարանին՝ ձեռքերը լվանալու համար:
Մեր հաճախորդները մեծահասակներ են, բայց շատերն ունեն երեխաներ: Մենք ունենք հատուկ ծրագիր նորածին մայրերի համար, որը թույլ է տալիս նրանց մասնակցել մեր բարեկեցության ծառայությանը: Բացի դրանից, մենք փոքրիկ նվեր ենք պատրաստում մեր գործատու գործընկերների համար, երբ նրանք երեխայի են սպասում։ (Նվերի մեջ մանկական հագուստ է):
(Ներկայացվել են մի շարք բաղադրիչներ՝ ընկերության որպես ընտանիքամետ ծառայություններ մատուցող, սակայն կներկայացնենք հիմնականում ընտանիքամետ աշխատավայր լինելու բաղադրիչները):
Մեր գործընկերները, ովքեր երեխայի են սպասում, մեզանից տորթ և նվեր են ստանում: Մենք նաև նրանց կրկին աշխատանքի ենք հրավիրում՝ առաջարկելով վեցժամյա աշխատանքային օրվա պայմանագիր: Ներկայումս երկու գործընկեր ունենք, ովքեր տանն են՝ իրենց փոքրիկների հետ, ևս երկուսը աշխատում են ոչ ամբողջական աշխատաժամով։ Քանի որ մենք փոքր ընկերություն ենք՝ ընդհանուր 32 աշխատակիցներով, այս պայմանավորվածությունը մեզ թույլ է տալիս արդյունավետորեն աջակցել մեր մայրերին:
Մեզ մոտ ոչ ամբողջ ժամանակով աշխատանքային ժամերն են առավոտյան 9-ից մինչև ցերեկվա 3-ը, ինչն իդեալական համապատասխանում է մանկապարտեզների և դպրոցների գրաֆիկներին (Այսինքն, ծնողը կարողանում է առավոտյան երեխային մանկապարտեզ/դպրոց տանել, իսկ աշխատանքն ավարտելուց հետո վերցնել այնտեղից): Դրան գումարած՝ մեր բոլոր գործընկերները ստանում են AYCM-ի մարզական անցագիր, որը թույլ է տալիս անսահմանափակ մուտք գործել մարզական հաստատություններ՝ օրական մեկ այցելության սահմանաչափով: Մենք նաև թույլ ենք տալիս նրանց ինքնուրույն որոշել, թե երբ են ուզում արձակուրդ վերցնել՝ առանց մեր կողմից որևէ միջամտության:
(Հունգարիայում արձակուրդային օրերի միայն կեսը կարող է աշխատողը վերցնել՝ երբ ուզում է, մյուս կեսը վերցնելու դեպքում, սովորաբար, պետք է համաձայնեցնի տնօրինության հետ):
Որպես ընտանիքամետ գործատու՝ մենք ամեն տարի կազմակերպում ենք մեր «Սպորտով զբաղվե՛ք մշակույթի հետ» միջոցառումը, որի ժամանակ միշտ հատուկ տարածք ենք հատկացնում երեխաների խաղերի և ակտիվության համար: Բացի դրանից, մենք օգտագործում ենք այս միջոցառումը նվիրատվություններ հավաքելու համար:
Որպես ընտանիքամետ գործատու՝ մենք նաև կազմակերպում ենք ամենամյա «Ընտանիքի օր» մեր գործընկերների և նրանց ընտանիքների համար: Առաջինը տեղի ունեցավ Վարոսլիգետում՝ Բուդապեշտում:
Ի վերջո, մեր գործընկերները ազատ են՝ գրասենյակ բերելու իրենց երեխաներին, ովքեր դպրոցական կամ մանկապարտեզի արձակուրդի մեջ են: Մենք ունենք ազատ սեղաններ, որոնց մոտ նրանք կարող են խաղալ, փորձարկել համակարգիչները, մինչ նրանց ծնողները աշխատում են:
Երեխաներին աշխատավայր բերելու սահմանափակում չկա։ Երեխաները հիմնականում դպրոց կամ մանկապարտեզ են հաճախում: Բայց լինում են շատ քիչ դեպքեր, երբ մի փոքր վատառողջ լինելու պատճառով չեն կարող գնալ ու բժշկից էլ տեղեկանք չունեն: Նման դեպքերում ծնողները չեն կարող նրանց տանը մենակ թողնել, ուստի աշխատանքի բերելը գործող տարբերակ է։
Մենք առաջարկում ենք ճկուն աշխատանքային ժամեր՝ թույլ տալով աշխատողներին աշխատել օրական 6 ժամ: Վերջերս երեխա ունեցած մայրերը կարող են ընտրել 4-ժամյա աշխատանքային օրը: Օրինակ, ունենք գործընկեր, ով երեք դպրոցահասակ երեխա ունի և աշխատում է օրական 6 ժամ։
Սա միայն կանանց համար չէ. մենք նաև հեռավար աշխատանքը առաջարկում ենք տղամարդկանց: Օրինակ՝ մեր վաճառքի տնօրենը, ով ունի երկու որդի, երբեմն մնում է տանը երեխաների հետ, երբ կնոջն անհրաժեշտ է լինում աշխատավայր գնալ։
Մենք տուն-գրասենյակի տարբերակ առաջարկում ենք, բայց այն հազվադեպ է օգտագործվում, քանի որ մենք բոլորս սիրում ենք աշխատել այստեղ՝ գրասենյակում:
Մենք «Երեք արքայազն, երեք արքայադուստր» հասարակական շարժման և պետության կողմից ճանաչվել ենք ընտանիքամետ՝ ոչ միայն որպես ծառայություններ մատուցող, այլև որպես գործատու:
Տարբերանշանը ստանալու համար կար մի շատ երկար թեստ, որտեղ ես պետք է թվարկեի բոլոր այն առավելություններն ու գործողությունները, որոնք որակվում են որպես ընտանիքամետ: Պարգևատրող կազմակերպության ներկայացուցիչը այցելեց մեզ, և ես ներկայացրի մեր նախաձեռնությունները, քաղաքականությունները և աշխատանքային համաձայնագրերը՝ ներառյալ կարճաժամկետ և ճկուն պայմաններով, ինչպեսև մեր վեցժամյա աշխատանքային պայմանագրերը:
Այս տարբերանշաններն ունենալը շատ օգտակար է մեր՝ գործատուի բրենդինգի համար, ինչը հեշտացնում է ապագա աշխատակիցների ներգրավումը։ Ընտանիքամետ միջավայրը երջանկացնում է աշխատակիցներին և օգնում է պահել նրանց ընկերությունում։ Մենք ունենք ընդհանուր 32 աշխատակից, նրանցից 14-ը այստեղ աշխատում են ավելի քան 10 տարի։ Ես այստեղ եմ արդեն 14 տարի։ Երբ մեր աշխատակիցները գոհ են, նրանք աշխատում են եռանդով, ինչը հեշտացնում է նաև մեր աշխատանքը՝ որպես գործատու: Բացի դրանից, մուտքի մոտ երևացող տարբերանշանները բարձրացնում են մեր հեղինակությունը, իսկ մեր հաճախորդներն այսպես իմանում են մեր ակտիվ ընտանիքամետ գործունեության մասին։
Ես հավատում եմ, որ եթե նույնիսկ ընկերությունը չունի ֆինանսական ռեսուրսներ ընտանիքամետ առավելություններ տրամադրելու համար, հնարավոր է փոքր գործողություններով, առանց մեծ ներդրումների դրական ազդեցություն ունենալ։ Օրինակ, գրասենյակում խաղալիքներով ու թղթերով մի փոքրիկ անկյունը բավարար է թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին ուրախացնելու համար»։