Վեհանուշ Հովսեփյան․ «Մի կնոջ պատմություն»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
Հեղինակ՝ Վեհանուշ Հովսեփյան
ՄԻ ԿՆՈՋ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
(անձնական փորձառություն)
Արցախի քաղաքացիների համար 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կեսօրն առանձնացավ՝ ուժգին «որոտի» ձայներով։
Իսկ րոպեներ անց բոլորը՝ մեկ մարդու պես, հավաքվեցին իրենց տան ու աշխատավայրին մոտ գտնվող նկուղներում: Արցախում կրկին պատերազմ է վերսկսվել։ Յուրաքանչյուր ոք փորձում էր ինքնապաշտպանվել, մահից փախչել, տեղեկություններ իմանալ պատերազմի ընթացքի, սահմանում կանգնած իրենց հարազատների կարգավիճակի, ինչպես նաև անելիքների մասին։
Ինչպես միշտ՝ Արցախի սպիտակ բանակի մարտիկները րոպեների ընթացքում ինքնակազմակերպվել ու լծվել են մարդկային կյանքեր փրկելու վեհ առաքելությանը։ Ինչքան էլ ցավալի ու սոսկալի է, բայց պատերազմների ժամանակ հայրենիքի փրկության համար զոհեր ենք ունենում, իսկ ծննդատներում նոր բալիկներ են լույս աշխարհ գալիս՝ շնորհիվ ուժեղ ու անկոտրում մայրերի։ Այդ նոր կյանքերն են, որ ոգեշնչում են բուժաշխատողներին իրենց աստվածահաճո արարչական գործն իրագործելու։ Ամեն մի մանկան ճիչ սփոփում ու նոր խնդություն է բերում մարդկանց, ովքեր արցունքն աչքերին որևէ տեղեկության են սպասում։ Գուցե տարբեր երկրներում ընթացող պատերազմների ժամանակ հղի կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնությունների, բայց, պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ իմ անձնական կյանքի պատմությունն այլ պատկեր է հուշում։ Ես Արցախից եմ․ կին՝ ով հղիության ինը ամիսներն անց է կացրել շրջափակման պայմաններում։Ամենուր դատարկ խանութներ էին ու դեղատներ։ Փակ էր Արցախը Մայր Հայաստանին կապող միակ գլխավոր ճանապարհը, իսկ մեզ՝ հղիներիս պետք էր լաբորատոր հետազոտություններ անցնել, որոնք բացակայում էին Արցախում։ Ես և իմ բախտակիցները զրկվեցինք այդ ամենից, զրկվեցինք ոչ լիարժեք կյանքով ապրելու պայմաններից: Օրվա հացը ունենալու համար ժամերով հերթ էինք կանգնում։
Հղիության ընթացքս լի էր դժվարությեւններով:
Բենզինի, գազի ու դիզվառելիքի ի սպառ բացակայության պատճառով զրկվեցինք ազատ տեղաշարժվելուց։ Ամռան շոգին՝ հերթական ստուգայցերին, հիվանդանոց էինք հասնում բարի մարդկանց մեքենաներով, որոնց հետ նախապես ժամ էինք պայմանավորվում և հասնում հիվանդանոց:
Այս ամենը հասկանալով ծննդատան բուժաշխատողները որևէ բռնություն չէին գործադրում, հակառակը՝ ամենածայրահեղ պահերին փորձում էին ունեցած շատ քիչ ռեսուրսներով ու դեղամիջոցներով փրկել փոքրիկներին ու հղիներին։
Սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ դեռ ամեն ինչ հանգիստ էր, ինքնազգացողության վատթարացման պատճառով դիմեցի Ստեփանակերտի ծննդատուն: Հերթական բուժզննությունից հետո որոշումը միանշանակ էր՝
անհապաղ պառկեցնել․ ժամեր անց պետք է մայրական բերկրանքը վայելեի։ Բայց րոպեներ անց լսեցի ռմբակոծությունների անդադար ձայներ։ Փորձում էի խուճապի չմատնվել, որովհետև բալիկիս մասին էի մտածում։ Ծննդատան բուժաշխատակիցները մի կողմից հորդորում էին, որ չվախենամ, մյուս կողմից իրենց արցունքոտված աչքերն էին սրբում, իսկ ամենադաժանն այն էր, որ իրենց ընտանիքի անդամներից որևէ տեղեկություն չունեին․․․ բացակայում էին կապի միջոցները։
Յուրաքանչյուր կին, սովորաբար, ծննդաբերելուց առաջ մտածում է առանց դժվարությունների ծննդաբերական ընթացքի, բուժաշխատողների լավ վերաբերմունքի, ապահով միջավայրի, անվտանգ հիվանդասենյակի մասին։ Իսկ պատերազմական իրավիճակում ծննդաբերող կինը փորձում է հնարավորինս զուսպ լինել, իր մեջ սպանել բոլոր վախերը, փակել ականջներն ու աչքերը և միայն մտածել առողջ բալիկ ունենալու մասին։ Միակ անվտանգ վայրը՝ ծննդատան նկուղն էր, որտեղ տեղափոխեցին բոլոր հղիներին․․․․ Ժամերն անցնում, իսկ պատերազմը՝ թեժանում էր։ Նկուղում ծնվեց առաջին արու զավակը, հաջորդ ծննդաբերողը ես էի։ Հաշվի առնելով իրավիճակի սրությունը, ինչպես նաև իմ վիճակը՝ բժիշկները հորդորեցին կեսարյան հատում իրականացնել։ Ծննդատան երկրորդ հարկի հիվանդասենյակում կիսաշրջանաձև կանգնել էին ավելի քան 15 բուժաշտող, իսկ բժիշկ Արթուր Մարությանը վիրաբուժական թիմի հետ իրականացնում էր կեսարյան հատում։ Ռմբակոծության ձայներն այնքան ուժգին էին, թվում էր, թե հիվանդասենյակի պատուհանները ամեն րոպե կփշրվեն ու կթափվեն մեր վրա։ Մինչ օրս այն կարծիքին եմ, որ բժիշկները վիրահատարան էին եկել՝ թշնամու արկերից ինձ պաշտպանելու։
Ինչպես հղիությանս ինն ամիսների ընթացքում, այնպես էլ վիրահատության ժամանակ՝ բժշկուհի Մանուշակ Սարգսյանը ձեռքս ուժեղ բռնած մինչև վերջին պահը զրուցում էր, որպեսզի շեղի իրավիճակից։ Այնքան արագ անցավ վիրահատական միջամտությունը, որ անգամ մինչ օրս չեմ կարողանում պատկերացնել, թե քանի րոպե տևեց։ Միայն հիշում եմ, որ բուժաշխատողներից մեկն ասաց․ «տը՛ս խուխէտ (տե՛ս բալիկիդ)»։ Ու այդ սպասված րոպեին իմ առաջին բալիկի՝ Սոֆիի, ձայնը խլացրեց արկերի ահասարսուռ ձայները։
Իմ բաժին կռիվը հաղթանակով պսակվեց։
Ցավոք, ծննդաբերությունից մի քանի օր անց՝ հակառակ մեր կամքին, շատերի պես լքեցինք Արցախը։ Սեպտեմբերի 25-ի երեկոյան հուզմունքս մի կերպ զսպելով փորձում էի հրաժեշտ տալ հայրենիքիս, մեր սուրբ հողին, որի ամեն մի քառակուսի մետրը շաղախված է արյամբ։ Մեքենաների հերթն անեզր էր, իսկ վիրահատական կարի թելերս սեղմում էին որովայնս, և օր առաջ ուզում էի հաղթահարել այդ դժվարությունը ևս․ նորածին բալիկիս հետ երեք օր վախի մթնոլորտում կիսասոված ճանապարհ անցանք։ Դա առանձնահատուկ բռություն էր թշնամու ագրեսիայի հետևանքով, որին մաս դարձա նաև ես։
Դա էր պատճառը նաև, որ մեծ թվով արցախցիներ չկարողացան նույնիսկ իրենց հետ վերցնել անհրաժեշտ փաստաթղթերն ու գոնե մի քանի կարևոր իրեր։Կանանց մեծ մասը, այդ թվում և ես, մտածում էի, որ պատերազմը տևելու է մի քանի օր, ցավոք իրողությունն այլ ընթացք ստացավ․ մենք բոլորս բռնի տեղահանվեցինք Արցախից, իսկ մեր բալիկները չհասցրին անգամ ճանաչել իրենց ծննդավայրը։
Բայց ես հավատում եմ, որ կգա մի օր ու մենք կրկին կապրենք մեր սուրբ հայրնեիքում։
ՎԵՀԱՆՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ