Posts

Հանդիպում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հետ․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Մայիսի 5-ին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հանդիպել է «Կետ 33» հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը և «Կետ 33» կազմակերպության իրավաբան, փաստաբան Գևորգ Սլոյանը:

Հանդիպման ժամանակ Աստղիկ Կարապետյանը ներկայացրել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի շրջանակում արված՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտությունը, որն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:


Քննարկվել են աշխատավայրում կրծքով կերակրելու իրավունքի իրացմանը խոչընդոտող խնդիրները, օրենսդրական կարգավորումները, «Կետ 33» ՀԿ կողմից առաջարկվող փոփոխությունները։

Փոխանախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ կարևորում են կանանց՝ աշխատաշուկայում ներգրավվածության և կրծքով կերակրելու իրավունքի իրացման հարցերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն դրական ազդեցություն կարող է ունենալ ծնելիության աճի և դեմոգրաֆիայի վրա։

Միևնույն ժամանակ նշեց, որ ներկայումս Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծով նախատեսվում են ավելի ճկուն մոտեցումներ՝ կրծքով կերակրելու համար նախատեսված ընդմիջումներն օգտագործելու համար։ Սա ի տարբերություն գործող կարգավորման՝ դրական փոփոխություն կարող է բերել, սակայն, կրծքով կերակրելու իրավունքը աշխատավայրում իրացնելու համար այլ քայլեր ևս պետք է նախատեսել։

Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ պատրաստակամ են ավելի մանրամասն քննարկել «Կետ 33» ՀԿ-ի կողմից ներկայացվող օրենսդրական փոփոխությունների առաջարկություններն ու դրանց հիմնավորումները, այնուհետև դիտարկել դրանց ներառումը ներկայումս շրջանառության մեջ դրված Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծում կամ նոր՝ առանձին նախագծով դրանց ներկայացումը։ Նախատեսվում է շարունակական համագործակցություն։

Համագործակցության համաձայնություն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ

Ապրիլի 27-ին հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը և ժողովրդագրական ծրագրերի ղեկավար Աննա Հովհաննիսյանը, «Կետ 33» կազմակերpության իրավաբան, փաստաբան Գևորգ Սլոյանը, հանրային կապերի պատասխանատու Շուշան Շատիկյանը։

Հանդիպման ժամանակ Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:

Քննարկվեցին համագործակցության վերաբերող հարցեր։ Հանդիպման արդյունքում ձեռքբերվեց ընտանիքամետ միջավայրի քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանն ուղղված համագործակցության պայմանավորվածություն։