Posts

Մերի Գրիգորյան․ «Նամակ անծանոթ մայրիկին»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Մերի Գրիգորյան

 

ՆԱՄԱԿ ԱՆԾԱՆՈԹ ՄԱՅՐԻԿԻՆ

Բարև, սիրելի մայրիկ,

Այս տողերը գրում եմ քեզ՝ չիմանալով ո՛վ ես, որտեղ ես, կամ ինչ պայմաններում է լույս աշխարհ եկել քո փոքրիկը: Բայց վստահ եմ, որ մեր պատմությունները ինչ-որ տեղ միաձուլվում են:

Գիտե՞ս, ես ևս սպասում էի իմ երեխայի ծննդին՝ պատկերացնելով, թե այդ օրը կլինի միայն սեր ու երջանկություն: Բայց ծննդատան պատերը տեսան ոչ միայն իմ ուրախության արցունքները, այլև իմ պայքարի ճիչերը՝ լսված, բայց անտեսված: Հիվանդասենյակը, որը պիտի լցված լիներ հույսով ու սիրով, լցվեց խստությամբ, ցավով ու… ստիպվածությամբ: Գուցե քեզ ստիպեցին լռել, երբ ուզում էիր խոսել, գուցե քեզ չլսեցին, երբ ճչում էիր: Գուցե զգացիր, թե ինչպես արժանապատվությունդ, որպես մայր, անհետանում է ցավի մեջ:

Երբ ասում էի՝ «օգնեք, չեմ դիմանում», պատասխանը միայն սառնություն էր: Երբ ցանկանում էի իմ մարմնի մասին որոշումներ կայացնել, ինձ ասացին՝ «Դու չգիտես»: Երբ հարցրի, թե ինչու են խախտում իմ իրավունքը, լռությունը կարծես պատուհաններից ծորում էր… Ես կոտրվում էի, բայց իմ ներսում պայքարն ուժեղանում էր:

Ամեն անգամ, երբ թվում էր՝ արժանապատվությունս ճզմվում է այդ սպիտակ խալաթների տակ, ես ինքս ինձ ասում էի. «Ես մայր եմ, ես իրավունք ունեմ»: Դու էլ  իրավունք ունե՛ս, մայրիկ: Ունես լսվելու, հարգվելու և սիրով շրջապատված լինելու իրավունք:

Հիմա, երբ երեխաս քնած է, ես նայում եմ նրան ու հիշում՝ որքան դժվար էր, բայց նույն պահին զգում եմ իմ հաղթանակը: Հաղթանակ, որ դու էլ կունենաս: Գուցե քո ճանապարհն այլ էր, գուցե ավելի բարդ, բայց դու այստեղ ես, դու կարողացար:

Ուզում եմ, որ իմանաս՝ արժանապատվությունը, որը քեզ փորձում էին խլել, քո մեջ է: Այն ապրում է քո երեխայի ժպիտում, քո հպարտության մեջ, որ անցար այդ ճանապարհը:

Դու ուժեղ ես, մայր իմ: Եվ եթե դեռ վերքեր ունես, որոնք չեն սպիացել, հիշիր՝ դու մենակ չես: Մեր ձայները միասին կարող են փոխել համակարգը, որ որևէ այլ մայր այլևս չանցնի նույն ճանապարհով:

 

Հավատա քո ուժին, սիրի՛ր քեզ ու պայքարիր հանուն ուրիշների:

Սիրով՝

Մի մայր, ով հասկանում է քեզ:

Նելլի Քալաշյան. «Արժանապատիվ մայրություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Նելլի Քալաշյան

 

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՅՐՈւԹՅՈւՆ

Բնության հաջորդականությունը` սերմերի օգնությամբ որքան էլ բացատրելի է, այնքան՝ տիեզերական ու գաղտնիքներով լի։

Մարդուց մարդ ծնվելու հրաշքը մի մեծ երջանկություն է, սերունդների շարունակականության խորհուրդ, ազգապահպանության ու ընտանիքի միաբանության, ամրապնդման խորհրդանիշ։

Ես լրագրող եմ, սակայն կցանկանամ ներկայացնել ոչ թե ուրիշ մեկից լսած մի պատմություն, այլ իմ անմիջական մասնակցությամբ մի իրողություն, որը երբեք չէի ներկայացնի, եթե այս նախաձեռնությունը չլիներ։ Կուզենամ խոսել այս մասին, որպեսզի մեր հայ աղջիկները հոգեպես ավելի պատրաստ լինեն,երբ օտար երկրներում հանդիպեն անտարբերության ու արհամարհական վերաբերմունքի, թեկուզ միայն նրա համար, որ այլազգի են։ Ու այդ երեւույթը հատկապես Ռուսաստանում է արմատացած։

29 տարեկանում հանդիպեցի մեկին, որին վստահեցի իմ հետագա կյանքը։ Ամուսնացա ու գնացի Ռուսաստան։ Մի քանի ամիս անց պարզեցի, որ իմ կյանքում հրաշք պիտի տեղի ունենա։ Մինչեւ ծննդաբերելը իմ հղիության ընթացքը վերահսկող բժիշկը բավական ուշադիր էր։  Շատ խորհուրդներ էր տալիս ու ինձ վստահեցնում, որ ամեն բան լավ է լինելու։

Վերջին օրերն էին, ինձ թվում էր, որ ծննդաբերելու ժամանակն է։ Մի գիշեր խիստ անհանգիստ էի, ամուսինս շտապ օգնություն կանչեց ու Լոբնյա քաղաքից մեզ տարան Միտիշիի ծննդատուն։ Ինձ զննեցին ու ասացին, որ դեռ ժամանակը չէ, պետք է իրենց մոտ մնամ, որ կարողանան վերահսկել իրավիճակը։ Որոշակի լարվածություն էին նկատել։ Եվ տասն օր ես մնացի իրենց հսկողության տակ։ Այդ ընթացքում նկատում էի, որ այն աղջիկներին, որոնք եկվորներ են, վերջում էին կանչում, առաջնահերթ ռուս աղջիկներն էին մտնում հետազոտության։ Օրերը շատ դանդաղ էին անցնում։Մեր սենյակում 6 աղջիկներ էին, բոլորը՝ տարբեր ազգության ներկայացուցիչներ։ Հետո հասկացա, որ ռուս աղջիկներին միասին են տեղավորում, մեզ՝ այլազգիներին, առանձին ու կապ չուներ  Ռուսաստանի քաղաքացի էին , թե՝ ոչ։ Եկավ շատ սպասված օրը, թեեւ անհանգիստ էի, բայց՝ մեծ պատասխանատվության զգացումով։

Իմ կողքի ծնարանում ադրբեջանցի կինը ջանում էր լույս աշխարհ բերել չորրորդ երեխային։ Նույն բժիշկը, որը օգնում էր ինձ, աղջկաս ծնվելուց հետո գնաց օգնելու նաեւ ադրբեջանցի կնոջը (գոռգոռոցի ձայնից հասկացա, որ նույն բժիշկն է): Վերջինս, շատ բարձր բղավելով, կնոջը սաստում էր, որ լուռ մնա։ Ասում էր, որ հերիք չէ չորս տարի իրար հետեւից ծննդատուն է գալիս, դեռ չի սովորել երեխա ունենալու կանոնները։ Ես էլ առանձնապես չգիտեի, բայց գիտակցաբար փորձում էի ինձ կառավարել ու լսել բժշկի ցուցումները։

Իհարկե, շատ տհաճ է, երբ Հիպոկրատի երդում տված մարդու բերանից լսում ես անհարգալից խոսքեր մի կնոջ հասցեին, որը երեխա է ծնում։ Ինչ ազգի ներկայացուցիչ ուզում է լինի։

Բուժքույրերից մեկն ինձ անվասայլակով ծննդկանների սենյակ տեղափոխեց։ Ցույց տվեց իմ մահճակալը ու դուրս եկավ։ Սենյակում իրար դիմաց տեղավորված էին չորս մահճակալներ։ Իմ տեղը պատուհանի տակ դրված մահճակալն էր։ Թեեւ անհանգիստ էի, որ դեռ աղջկաս ինձ մոտ չէին բերել, այնուամենայնիվ լսեցի բուժքրոջը եւ պառկեցի։

Հունվարի սկիզբն էր։ Պատուհանից բուքը ներս էր սողոսկում։ Ձայնը քիչ էր, սառնությունն էլ կատաղի ձեւով հոսանքահարում էր առանց այն էլ թուլացած մարմինս։ Սենյակը ջեռուցվում էր, բայց այդ տարածքում կարծես ներսում էլ ձմեռ լիներ։ Վեր կացա տեղիցս ու իմ թուլացած, անուժ ձեռքերով փորձեցի մահճակալս պատուհանից հեռացնել։ Բայց չկարողանալով տեղից շարժել ԽՍՀՄ-ից մնացած ծանր «հուշը»՝ ուժասպառ ընկա։ Քիչ անց հավաքեցի ինձ ու իրերս, հազիվ մոտեցա դռան մոտ դրված մահճակալին ու պառկեցի, կարծես ամբողջ կյանքս ոտքի վրա էր անցել։ Սթափվեցի աղջկաս ձայնից։ «Վերջապե՜ս»,- հազիվ արտաբերելով՝ «գողացա» իրեն մահճակալից ու սկսեցի հոտոտել։ Երեխայիս բերող բուժքույրը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ ու բարձր ձայնով սկսեց նախատել, թե ինչու ինձ համար նախատեսված մահճակալին պառկած չեմ (ցույց տալով այն տարածքը, որտեղից քիչ առաջ փախուստի էի դիմել)։ Երբ ասացի խնդիրը, նորից նախատինքով մատնանշեց, որ յուրաքանչյուրս մեր անուններով տեղաշորը ունենք ու իրավունք չունենք ինքնագլուխ որոշումներ կայացնելու։ Հանգիստ տոնով, առանց իր նման բղավելու (իրականում բղավելու ուժ էլ չէր մնացել) ասացի, որ հնարավոր չէր այնտեղ պառկել, քանի որ սարսափելի քամի էր փչում։ Բուժքույրը շատ խիստ հայացքով ասաց, որ վատեմ վարվել ու գնաց։ Աղջկաս հետ ծանոթությունն այնքան էր շեղել ուշադրությունս, որ բացարձակ ցանկություն չունեի խոսելու մեկ ուրիշի հետ։ Ուզում էի իրեն շոշափել, զգալ իր ներկայությունն իմ կյանքում, քանի որ երկար ու ձիգ ամիսներ սպասել էի այդ օրվան։ Սենյակ բերեցին եւս մի կնոջ, որին տեղավորեցին իմ կողքի մահճակալին։ Մոլդավացի աղջիկն առանց մի բառ ասելու դարձավ կողքի ու քնեց։

Մոտ մեկ  ժամ հետո ընդունեցինք եւս մեկ կնոջ։ Բուժքույրերի խոսակցությունից պարզ դարձավ, որ այս երրորդ կինն Ուզբեկստանից է։

Ծննդկանների սենյակում դարձանք երեք հոգի։ 4-րդ մահճակալը դատարկ մնաց, որն իսկզբանե ինձ  համար էր նախատեսված։ Օրվա ավարտին, երբ ինձ տեղավորող բուժքույրը տուն էր գնալու, գլուխը ներս մտցրեց, տեսնելով, որ իր ասածին չէի հետեւել, ինձ «համառ» անվանեց ու հորդորեց վերադառնալ իմ երկիրը՝ որտեղից եկել եմ։ Երեք տարի անց միայն հետեւեցի իր խորհրդին ու վերադարձա հայրենի երկիրս՝ այնտեղ թողնելով օտարականի կարգավիճակս, որի հետ հազիվ էի համակերպվում։ Ես ու մոլդավացի աղջիկը շփվում էինք, երկուսս էլ լավ տիրապետում էինք ռուսերենին։ Իսկ ուզբեկ աղջիկը համարյա չեր հասկանում մեր ասածը, բայց փորձում էինք հասկացնել ու օգնել իրեն, քանի որ մեզանից ե՛ւ տարիքով փոքր էր, ե՛ւ շատ թույլ։ Հաճույքով հերթապահում էինք, երբ մեկն ուզում էր քնել կամ ճաշարան գնալ։  Լավ միջավայր էր ձեւավորվել․․․

Այդ լավ մթնոլորտը խախտվեց այն ժամանակ, երբ ներս մտավ հերթապահ քույրը, որպեսզի սովորեցնի երեխաներին փաթաթելու ձեւերն ու կերակրելու հմտությունները։ Ուզբեկ աղջիկը շատ էր փաթաթում երեխային շալերով ու կտորներով։ Բուժքույրը բարկացավ, քաշքշելով  հանեց  փաթաթաններն ու նետեց  հատակին։

Երեխայի մայրը սկսեց լացել, ռուսերենի հետ կապված խնդիր ուներ, լավ չէր արտաբերում մտքերը, որի հետեւանքով էլ հիմնականում արժանացել էր նման վերաբերմունքի։

Ես, տեսնելով այդ բոլորը, բարկացա ու մոտենալով հերթապահ բուժքրոջը՝ ասացի, որ շատ վատ է վարվում այս կնոջ հետ, որ պետք է վերանայի իր արհամարհական վերաբերմունքը։ Նա շուռ եկավ ու ինձ հորդորեց լռել, մերկացրած երեխային թողեց մահճակալին ու գնաց։

Ուզբեկ աղջիկը դեռ լաց էր լինում ու չէր կարող փաթաթել երեխային։ Մոլդավացի կինը (քանի որ երկրորդ անգամ էր մայրացել, արդեն հմուտ էր երեխաներին խնամելու հարցում) հմտորեն փաթաթեց ուզբեկ փոքրիկին, նստեց,  մոտեցրեց մոր կրծքին՝ փորձելով ցույց տալ կերակրելու ճիշտ ձևը։ Երեկո էր արդեն։ Ասացին, որ երեխաներին տանելու են՝ մեզի թեստ հավաքելու։

Տեսնելով իրենց վերաբերմունքն այլազգիների նկատմամբ՝ չուզեցի մենակ թողնել երեխայիս։ Ընդդիմացա՝ ցանկություն հայտնելով գնալ երեխաների  հետ։

Եկավ հերթապահ բժիշկն ու հանգիստ տոնով ասաց, որ պարտադիր պայման է, ու ես իրավունք չունեմ միջամտելու, եւ դա քույրի պարտականությունն է երեխաների հետ լինել։ Տարան երեք երեխաներին՝ կիսասոված։ Բժիշկը մնաց մեր սենյակում, մենք սկսեցինք զրուցել ու ներկայացրեցինք իրավիճակը։

Ես ասացի, որ իրենց համար չպետք է կարեւորվի ազգությունը, չի կարելի խտրական վերաբերմունք ունենալ միայն նրա համար, որ մարդը ռուսերեն չգիտի, կամ ռուս չէ։ Բժիշկն ասաց, որ մեզ շատ ըմբոստ ենք պահում, ու բուժքույրերը դժգոհ են մեր պահվածքից։

(Այսինքն այստեղ պետք է խուլ-համր ձեւանաս, չխոսես, իրավունքներդ չպաշտպանես, լռես ցանկացած իրավիճակում):

Արդեն 11։00-ն էր մոտենում։ Երեխաներին 2 ժամ առաջ էին տարել։ Դուրս եկա սենյակից հասկանալու համար ինչ ընթացքի մեջ է իրենց պրացեդուրան ու երբ են բերելու երեխաներին։ Հաշվառման բյուրոյում (ռեգիստրատուրայում ), որտեղ սովորաբար ինչ-որ մեկը նստած էր լինում, այդ պահին մարդ չկար։ Փորձեցի ինքս գտնել սենյակը, որտեղ կլինեին երեխաները։ Քայլում էի միջանցքով ու նորածինների լացի ձայներ էի լսում։ Գնալով ձայների ուղղությամբ՝ հասա կիսաբաց մի դռան, որտեղ 5 երեխաների մահճակալներ էին դրված։ Գլուխս ներս մտցրեցի դռնից՝ մտածելով, որ հիմա սենյակից ինչ-որ մեկն ինձ կարգելի առաջ գնալ։ Մի քանի վայրկյան գամվեցի տեղում, բայց տեսա, որ ոչ մի շարժ չկա, աչքս ընկավ աղջկաս մահճակալին։ Երեխաների դեմքերը լավ չէր երեւում, ճանաչեցի նրան վարդագույն ծաղիկներով բարակ վերմակից։ Նրանցից երեքը քնած էին, երկուսն աղաղակում էին, որոնցից մեկը աղջիկս էր։ Այնքան բարձր էր նրա ձայնը, որ սիրտս կտոր-կտոր եղավ։ Շատ նեղվեցի, երբ տեսա, որ սենյակում միայն նորածիններն էին ու այլեւս՝ ոչ մի շունչ։ Հանգստացնելով երեխայիս ու մյուս լացող երեխային՝ մոտեցա մի դռան, որտեղից խռմփոցի ձայն էր լսվում՝ հենց երեխաների կողքի սենյակից։ Սկսեցի հարվածել դռանը։

Չեմ սիրում մարդկանց ածականներկ պցնել, բայց ուրիշ հարմար որակում չգտա։

Իմ հարվածներից, մի կերպ աչքերը տրորելով, դուրս թռավ բուժքույրը, որը երեկոյան տարել էր երեխաներին։ Նա հարցրեց, թե ի՞նչ է պատահել եւ ինչո՞ւ է երեխան գրկիս։ Ես ասացի, որ շատ վատ է վարվել, երբ երեխաներին մենակ է թողել սենյակում ու երազների մեջ խռմփացնում է։ Ես էլ իմ երեխային այլեւս իրեն չեմ տա։ Ու ասացի, որ սա  չպետք է անհետեւանք մնա։

Բուժքույրը մի պահ սթափվեց խորը թմբիրից եւ խնդրում էր ինձ հանգստանալ․․․որ ամեն բան կկարգավորի։ Գուցե վախենում էր, որ կհայտնեմ հերթապահ բժշկին՝ իմ ըմբոստ պահվածքը  հաշվի առնելով։

Աղջկաս գրկած՝ վերադարձա մեր սենյակ, տեղեկացրեցի իրավիճակը կանանց, որ գնան ու հետ բերեն իրենց երեխաներին։  Ես լավ գիտակցում էի, որ հետազոտություն է հարկավոր նորածիններին, բայց տեսնելով այդ անտարբեր վիճակը՝ շատ նեղված էի։ Գնացի հերթապահ բժշկի սենյակ ու պահանջեցի, որ ինձ ու աղջկաս դուրս գրեն։ Անիմաստ համարեցի ներկայացնել բուժքրոջ պահվածքի մանրամասները՝ մտածելով, որ ինձ չեն հավատա։ Բժիշկը կտրականապես մերժեց խնդրանքս ու ասաց, որ երրորդ օրը դեռ չի լրացել ու իրավունք չունի դուրս գրելու։ Երրորդ օրն էլ մի կերպ լուսացրեցի։ Նախ՝ երեխայիս անհանգիստ լացը, որ չէր կարող սովը հագեցնել ինձ համար նոր երեւույթ էր, հետո, իմ բարոյահոգեբանական վիճակը երկարացրեց գիշերս։ Միակ բանը որ ինձ ուրախացրեց այն էր , որ մերժեցին արհեստական կերով կերակրել երեխային, որը պնդում էր մոլդավացի Մաշան։

Առավոտյան անհամբեր սպասում էի , թե երբ են վերջապես ներս մտնելու սպիտակ խալաթավորները, որ ազատեն ինձ ահավոր  ճնշող միջավայրից։

Թղթերը ձեռքին եկավ ավագ բուժքույրն ու ասաց, որ մենք 20․000 ռուբլի գումար պետք է վճարեինք, չնայած որ ինձ շտապ օգնության մեքենայով էին տեղափոխել։ Հետո ասաց, որ 10 օր ես իրենց մոտ հսկողության տակ եմ եղել։ Բայց իրենք նախապես այդ մասին ոչինչ չէին ասել մեզ։

Իհարկե, ամուսինս վճարեց գումարն, ու մենք դուրս գրվեցինք։ Երբ այս ամենը պատմեցի ամուսնուս, նա այնպես հանգիստ ու նորմալ վերաբերվեց, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ։ Ես հասկացա, որ, տարիներ շարունակ Ռուսաստանում ապրելով, իր համար նորություն չէր իմ պատմածը։

Պատմությունս գուցե երկար էր, բայց այսպիսով փորձեցի ներկայացնել այն կանանց հույզերը, որոնք իրենց երկրում չեն ծննդաբերում։ Ազգային խտրականությունը հատկապես այս ոլորտում խիստ նկատելի էր։ Ամեն մարդ իր երկրում պետք է ապրի ու երբեք թույլ չտա, որ ոտնահարեն սեփական իրավունքները։ Իհարկե, սեփական երկրում եւս խախտվում են սահմանները, բայց այստեղ հնարավոր է գոնե շահերը պաշտպանել օրենքի շրջանակներում։ Իսկ օտար երկրում օրենքը քո կողմից չէ։ Ոչ մեկը չի լսի քո բողոքն ու իրավունքի կոչերը:

Տաթևիկ Սահակյան․ «Մանկաբարձական բռնություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Տաթևիկ Սահակյան

 

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲՌՆՈւԹՅՈՒՆ

Ա՛յն գործն եմ ատում,

Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,

Ա՛յն փորձն եմ ատում,

Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք․․․

       Սեւակյան այս խոսքերն արդիական են հնչում այն հանգամանքներում, երբ առերեսվում ես մանկաբարձի թեթեւ ձեռքով ստեղծված քաոսային իրավիճակի: «Մարդաստեղծ» այս մասնագիտության մեջ սխալներն աններելի են: Վերջիններս, մեծ մասամբ, ծնվում են տգիտության արդյունքում, իսկ դեռ աշխարհի լույսը չճաշակած մանուկն ու նրա ծնողը զոհ են դառնում՝ ենթարկվելով կամայական բռնության:

Սոնան սրտի անհագուրդ տրոփյունով սպասում էր իր առաջնեկին, ում կյանք տալու համար պայքարել էր տարիներ շարունակ: Շատ հույսեր եւ նպատակներ էր կապել նա՝ իր դեռ չծնված զավակի հետ: Սակայն նա չէր նախատեսել, որ այդ ինն ամսվա ճանապարհն առավել խորդուբորդ եւ փորձություններով լի էր լինելու, քան այն մեկը, որն անցել էր մինչ այդ: Թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող էր ընթանում, մանավանդ այն դեպքում, երբ կողքիդ էր հոգատար եւ տարիների փորձ կուտակած մանկաբարձ, ով ամենայն ուշադրությամբ հետեւում էր քո եւ և դեռ լույս աշխարհ չեկած մանուկիդ առողջությանը: Բայց մի օր, երբ Սոնան գտնվում էր հղիության յոթերորդ ամսում, ուլտրաձայնային հետազոտություն կատարող մասնագետը հայտնաբերեց, որ Սոնայի ծննդաբերությունը կյանքի եւ մահվան միջեւ պայքար է լինելու: Իր ախտորոշումը հաստատելու նպատակով՝  նա դիմեց  իր գործընկերոջը, ով, դժբախտաբար, նույնպես տվեց նույն դաժան պատասխանը: Սոնան, տրտմած եւ անհանգիստ, սակայն գիտակցության ձայնին զարկ տալով, դիմեց իր մանկաբարձին նույն բժշկական հաստատությունում մեկ ուրիշ մասնագետի մոտ կրկին հետազոտվելու մտադրությամբ: Սակայն մանկաբարձը, ով լավատեղյակ էր իրենց աշխատավայրում տիրող ներքին «գայլային օրենքներին» (ընդունված չէ, դիմել նույն հաստատությունում մեկ ուրիշի, դա նշանակում է անվստահություն բժշկի հանդեպ), խորհուրդ տվեց հետազոտվել մեկ ուրիշ կենտրոնում՝ հանրապետության լավագույն մասնագետի մոտ: Սոնան ուժատ էր, բայց միևնույն ժամանակ վրդովված այն փաստից, որ ոտնահարվում են իր իրավունքները, ուստի որոշեց չընկրկել: Նա համառությամբ պնդեց, որ իր իրավունքները հարգվեն: Դժբախտաբար, չարաբաստիկ ախտորոշումը հաստատվեց, հնչեց մահվան գիրկն ուղարկող պատասխանը նույն բժշկական հաստատության ախտորոշող գլխավոր մասնագետի հետազոտության արդյունքում:  Սոնան հեռացավ վշտահար, արցունքներն աչքերին:

Մայր ու  մանուկ իրար ձայնած տվայտվում էին: Դեկտեմբերյան սառնաշունչ քամին սուրում էր Սոնայի հուզմունքից քրտնած մազերի միջով, ալեկոծում էր միտքն ու հոգին, հասցնում էր անհուն եզերքին, այնուհետեւ հետ շպրտում կատաղած ու ահարկու կերպով: Քշում էր դողդոջուն, հազիվ առաջ մղվող ոտքերը, տանում էր ու՞ր, ինքն էլ չգիտեր: Քարի պես կարծրացած սրտի զարկերը մարաթոնյան վազքով առաջ էին ընթանում: Լլկված հոգու մղկտոցը հանկարծահաս ցավից չէր նահանջում, քանի որ ամոքելու հույս չէր երևում: Փոխարենը խավար էր պատել համատարած, չէր երեւում այն խանդավառ փարոսը, որը հեռվից կառինքներ: Մի նվաղ հույս էր մնացել, որ մեկ կայծկլտում էր աննշան, մեկ էլ հանգչելու  փորձ անում  խելակորույս քամու ձեռքում: Այդ հույսը լավագույն մասնագետի պատասխանն էր: Այն մասնագետի, ում տեսնելու համար պետք է շաբաթներ շարունակ սպասեիր՝ տոգորվելով անորոշության ճիրաններում:

Ժամանակը կանգ էր առել, Սոնան չէր կարողանում աչք փակել ահագնացող վտանգի շունչը զգալով: Դալուկ, վհատված, իր մանկիկին մտովի փարված խարխափում էր: Տառապում էր հոգին ու միտքը կրծող սարսափազգու մտքերից: Շուրջը գտնվող մարդիկ անհանգիստ էին դարձել Սոնայի՝ օր օրի վատթարացող վիճակի պատճառով: Հուսադրում էին՝ օրինակներ մեջբերելով, գունեղ հեքիաթներ պատմելով: Բայց Սոնան միևնույնն է չէր մխիթարվում: Նա իրատես էր, լավ էր գիտակցում ամեն ինչ: Բժիշկների սխալվելու հավանականությունը զրոյի էր հավասարեցնում, քանի որ նույն ախտորոշումը փաստել էին երեք հմուտ մասնագետներ, որոնց պատասխանների վրա էին հենվում մի ողջ բժշկական հաստատության մանկաբարձներ:

Եկավ խոստացյալ օրը, երբ Սոնան պետք է վերջապես հետազոտվեր լավագույն մասնագետի մոտ: Եվ ահա․․․ Մահաշունչ խավարը գլորվեց՝ ճանապարհ տալով լուսաբացին: Սոնայի երջանկությունն անսահման էր, երբ եկավ հերքումը, հերքումը՝ խավարի: Երկշաբաթյա տանջանքից հետո նա կյանքի կոչվեց: Տանջանք, որի պատճառը խավարամտություն է, որն ակամայից բռնության է ենթարկում մորը, մանուկին եւ նրանց սիրելիներին: Բանիմաց մասնագետը հեգնեց իր գործընկերներին, ովքեր հանցագործի զենքը ձեռքներն առած ահաբեկում էին, թյուրիմացության մեջ գցում մարդկանց, ճակատագրեր խեղում, սպանում՝ հույսը, հավատը․․․

Փորձություններով լի ուղին հաղթահարելուց հետո Սոնան ծնունդ տվեց իր մանկիկին, բայց կրկին հերթական բռնության դրսեւորումը: Ծնունդ տալուց ժամեր անց Սոնան շնչահեղձ էր լինում, աչքերը գլորվում էին, ճիգ էր անում ապրելու: Շրջապատված էր տարբեր մասնագետ բժիշկների հոծ բանակով, ովքեր լռում էին եւ շտապ-շտապ թթվածին ապահովում, ներարկումներ կատարում: Աստծո միջամտությամբ Սոնան կրկին կյանքի  կոչվեց: Վիճակի կայունացումից հետո բժիշկը պարզաբանեց, որ Սոնան այն հազար հոգուց մեկն է, ով ալերգիա ունի տվյալ դեղամիջոցից, իսկ իրենք հաշվի չէին առել, որ հենց նա կլիներ այդ մեկը, թե չէ նախապես կփորձեին համոզվել արդյո՞ք ալերգիա ուներ, թե ոչ: Սոնայի հոգին լալիս էր ցավից, ցավ, որ կարող էիր զոհ դառնալ խավարի:

Խավարն եմ ատում,

Եթե խավարում ոչ միտք է ծնվում, եւ ոչ էլ զավակ․․․ (Պ․ Սեւակ)

Մեկ օր անց բուժքույրը մոտեցավ ներարկելու Սոնային: Վերջինս, արդեն սեփական մաշկի վրա զգացած լինելով բռնության ուժը, հետաքրքրվեց ներարկվող դեղամիջոցով, եւ հնչեց բուժքրոջ հեգնական պատասխանը․ «Բժիշկը լավ գիտի, թե ինչ է ցուցում»: Սոնան իրեն զսպելով պարզաբանեց իր հետաքրքրվածության պատճառը: Եւ հանկարծ բուժքույրը առանց ներարկելու դուրս վազեց, այնուհետեւ բժշկի հետ խելապատառ վերադարձավ: Մոռացել էին: Սոնան կրկին փրկվեց: Հիվանդանոցում անցկացրած մնացած տանջալի օրերի ընթացքում  նա բժիշկ էր դարձել․ կորցրել էր վստահությունը «բժիշկ-մասնագետ» կոչվածի հանդեպ:

Խավարը պատել է մարդկային միտքը, այն միտքը, որը կոչված է բուժելու, հոգ տանելու եւ կատարելագործվելու: Չլուսավորված այդ միտքը ոչ միայն ապականում է բժշկին, այլեւ բռնանում է ուրիշների կյանքին, ուրիշներն էլ՝ ակամայից՝ անմեղ ու անբասիր արարածների, ովքեր դեռ պետք է ծնվեն: Տգիտության պտուղները դառն են, իսկ ցավն այն է, որ դրանցով կերակրվում մի ամբողջ ազգ, որն ունի գոյության խնդիր: Բռնության մասշտաբներն այս կերպ մեծանում են ու դառնում համազգային: Մանկաբարձը գործիք է խավարամտության ձեռքում, որի միջոցով ձախողում է: Ձախողում է ծնունդ տալ այն մասնիկի, որի միջոցով աշխարհ է կառուցվում, պետություն ամբողջանում, ազգ բազմանում: Բուժվել է պետք այն տգիտությունից, որը չի կարող մանուկ ծնել, փոխարենը ծնունդ է տալիս բռնության:

ՏԱԹԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Ամալյա Պապյան․ ««Արև-երեխայի» ծնունդը»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Ամալյա Պապյան

 

«ԱՐԵՎ-ԵՐԵԽԱՅԻ» ԾՆՈւՆԴԸ

(էսսե)

Աչքերս նոր էի բացել, սպասվածս երջանկության պահի գիտակցումն էի տեղավորում սրտումս՝ աղջիկս ծնվել էր։ Ծննդաբերեցի կեսարյան հատմամբ, ամեն բան բարեհաջող էր ընթացել։ Բալիկս դեռ ինձ մոտ չէր, ես հետվիրահատական բաժնում էի թմրաքնից նոր էի արթնանում և սկսում գիտակցել, որ երազանքս իրականություն է դարձել։ Անմոռանալի, երջանիկ օր ինձ համար։ Գլխումս աստիճանաբար ամեն բան պարզվում էր, կարծում էի, թե ինձ հետ երջանկացել է ամբողջ աշխարհը՝ նոր մարդ է եկել լույս աշխարհ։

Դեմքիս ժպիտ էր դաջվել և հենց այդ ժպիտով էլ նայում էի շուրջ բոլորս, երբ սարսափած հայացքի հանդիպեցի։ Իմ մահճակալից ոչ հեռու նուրբ դիմագծերով գանգրահեր աղջիկ էր կանգնած։ Դողում էր։ Այնպես էր դողում, որ երկար գանգուրները զսպանակում էին․ հղի էր։ Մի մեծ կլորիկ փորիկ ուներ,-«Կեսարյան հատման է պատրաստվում, դրանից էլ վախենում է , բնական է»,- մտածեցի ես։

– Մի վախեցիր, լավ կլինի, ոչինչ չես զգա։ Ինձ նման կարթնանաս և կտեսնես, որ բալիկ ունես։ Այդպես մի դողա, վնաս է,- նույն ժպիտը դեռ դեմքիս դիմեցի 20- 23 տարեկան կնոջը։

– Չէ, տենց չի։

Աղջկա սարսափած աչքերը թափառում էին սենյակով մեկ, ուղղվում միջանցք, բայց կանգնած տեղից չեր շարժվում։ Կարծես իրեն գամած լինեին դռանը ամենամոտ անկյունին։ Իմ օգնելու, նրա վախը փարատելու ցանկությունս այնքան մեծ էր, որ չէի նահանջում, փորձում էի կրկին երկխոսություն սկսել։ Ինքս էլ գիտեմ ինչպիսի հոգեվիճակ է լինում ցանկացած վիրահատությունից առաջ, առավելապես, երբ դրա հաջողությունից երկու կյանք է կախված։

– Չէ, չէ իմ իրավիճակը ուրիշ է։ Ես պիտի հրաժարվեմ երեխայիցս։ Այդպես են ասում։ Ասում են քեզ պետք չէ հիվանդ երեխա։ Սկեսուրս շատ դեմ է։ Ամուսինս լռում է, բժիշկն էլ ասում է՝ ճիշտը հրաժարվելն է։

Խոսքի ընթացքում գանգրահերի սարսափած աչքերը լցվեցին արցունքով, կորավ նաև իմ ժպիտը։

Կնոջ առաջին հղիությունն էր։ Դեռ հղիության սկզբնական շրջանում ախտորոշվել էր, որ պտուղը ունի դաունի համախտանիշ, սակայն տանեցիները պոլիկլինիկայի բժշկուհու հետ միասին եկել էին որոշման, որ հղիությունը ընդհատել պետք չէ։ Դե երիտասարդ օրգանիզմ է, մեկ հղիություն ավել-պակաս նշանակություն չունի, փոխարենը հղիության ընդհատմամբ չի վտանգվի հետագայում այլ երեխաներ ունենալը։

Այդպես գանգրահերը գրեթե ամբողջ հղիությունը անցկացրել էր անդադար նախատինքի․ «Բերածդ դեբիլ չի, բարձրացի պատուհանները լվա»,- արտահայտությունների, արհամարհանքի և խիղճը կրծոտող մտքերի հետ։ Պոլիկլինիկայի բժշկուհին էլ ասել էր, որ այլևս խորհրդատվության գալու կարիք չկա։

Ծննդատանը արդեն գիտեին, ընտանիքի մտադրության մասին․ սկեսուրը նախապես զգուշացրել էր, «Ազատեք ու թողնելու ենք գնանք»։ Հիվանդանոցում նույնպես գանգրահերին մի տեսակ անտեսում էին։ Մեր զրույցի ընթացքում մի քանի անգամ բուժաշխատողներ եկան ու գնացին, բայց կարծես աղջկան չէին տեսնում։ Նրա անկյունում սեղմված գնդակի նման փորիկն ու արցունքապատ աչքերը, կարծես միայն ես տեսնեի։

․ «Չէ, թմրաքունս լիովին չի անցել, սա ինչ մղձավանջ է։ Նման բան լինել չի կարող, սա տեսիլք է, երևի»,- մտքերս ընդհատեց գանգրահերի ձայնը։

– Ես ուզում եմ իմ երեխային։

Սթափվեցի, չէ մղձավանջ չէ։

– Ասա, որ դեմ ես։ Մի հրաժարվի։ Գիտես իրենց «Արև- երեխաներ» են ասում։ Ասա բժիշկներին, որ սկեսուրիդ հետ համաձայն չես։

– Ինձ ասում են դեռ շատ երեխաներ կունենաս։ Առողջ։ Առողջ երեխաներդ կամաչեն հիվանդից, նրանց ճակատագրի հետ ես խաղում։ Թող սրան, նա ոչինչ չի հասկանում։ Կգնաս տուն ու կմոռանաս։

Գանգրահերին կանչեցին վիրահատության պատրաստելու։

– Էն դաունին ասեք, թող գա։

Գանգրահերը գնաց։ Դեմքիս մի կեսը ժպտում էր՝ աղջիկս ծնվել է։ Մյուս կեսը սարսափած էր՝ լսածս իրականություն է։

Ի՞նչպիսի հոգեվիճակում էր երիտասարդ կինը, դժվար է պատկերացնել, բայց այն, որ նա միայնակ էր իր հույզերի հետ փաստ է։ Փաստ է նաև , որ նա այդ օրը չի մոռանա երբեք, ես նույնպես։

Երկու օր անց հանդիպեցի գանգրահերին միջանցքում։ Կրծքամասը լաթով շատ ամուր կապած․ կաթի հոսքը դադարեցնելու համար։ Գանգրահերնը ինձ նկատելուն պես արագացրեց քայլերը, հայացքը թեքեց, և ուղվեց դեպի ելք՝ մենակ։

Ես հիվանդանոցում անցկացրեցի ևս մի քանի օր։ Տեսա «Արև- երեխային» մտազբաղ բուժքրոջ գրկում։

– Կներեք հարցիս համար։ Այս երեխան դաունի համախտանիշով ծնված երեխա՞ն է։

– Այո։ Տանում եմ արյան հերթական անալիզի։ Խեղճ երեխուն էլի պիտի ծակեն։ Թե ասա երևում է էլի, որ դաուն է։ Ախր այսպիսինների երակներն էլ փախչող են։ Չգիտեմ։

Մանկաբարձական բռնություն ասելիս շատերը ֆիզիկականն են պատկերացնում, ես ականատեսը եղա հոգեբանական բռնության, որը հաճախ շատ ավելի խորը սպիեր է թողնում մարդու կյանքում։ Ծննդատանը գանգարահերի հետ այդպես էլ չզրուցեց հոգեբանը, բժիշկները նախընտրել էին չմիջամտել ընտանիքի որոշմանը։ Որոշ բժիշկներ համամիտ էին սկեսուրի հետ։ Ի՞նչ կարող էր անել երիտասարդ ծննդկանը։ Ընդդիմանա՞լ, համառե՞լ։ Այո կարող էր, բայց չարեց։ Հոգեբանորեն հալածված մարդը շատ քիչ բան է կարող անել։ Գանգրահերը ակնհայտ հոգեբանորեն հալածված էր, հոգեբանական բռնություն, որը սկսել էր ընտանիքում և շարունակվեց ծննդատանը։

Դեպքը իրական է, ականատեսը՝ ես, ժամանակագրությունը 17 տարվա վաղեմության։

Այդ դեպքը հաճախ եմ հիշում։ Հիշում են, երբ խոսում են հոգեբանական հալածանքի մասին, հիշում եմ, երբ «Արևի- երեխա եմ» տեսնում։

Հիշում եմ և մտածում․ « Միգուցե ես ինչ-որ բան կարո՞ղ էի անել»։

ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ

Վեհանուշ Հովսեփյան․ «Մի կնոջ պատմություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Վեհանուշ Հովսեփյան

 

ՄԻ ԿՆՈՋ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

(անձնական փորձառություն)

Արցախի քաղաքացիների համար 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կեսօրն առանձնացավ՝ ուժգին «որոտի» ձայներով։
Իսկ րոպեներ անց բոլորը՝ մեկ մարդու պես, հավաքվեցին իրենց տան ու աշխատավայրին մոտ գտնվող նկուղներում: Արցախում  կրկին  պատերազմ  է  վերսկսվել։  Յուրաքանչյուր  ոք   փորձում էր ինքնապաշտպանվել, մահից փախչել, տեղեկություններ իմանալ պատերազմի ընթացքի, սահմանում կանգնած իրենց հարազատների կարգավիճակի, ինչպես նաև անելիքների մասին։

Ինչպես միշտ՝ Արցախի սպիտակ բանակի մարտիկները րոպեների ընթացքում ինքնակազմակերպվել ու լծվել են մարդկային կյանքեր փրկելու վեհ առաքելությանը։ Ինչքան էլ ցավալի ու սոսկալի է, բայց պատերազմների ժամանակ հայրենիքի փրկության համար զոհեր ենք ունենում, իսկ ծննդատներում   նոր բալիկներ են լույս աշխարհ գալիս՝ շնորհիվ ուժեղ ու անկոտրում մայրերի։ Այդ նոր կյանքերն են, որ ոգեշնչում են բուժաշխատողներին իրենց աստվածահաճո արարչական  գործն իրագործելու։ Ամեն մի մանկան ճիչ սփոփում ու նոր խնդություն է բերում մարդկանց, ովքեր արցունքն աչքերին որևէ տեղեկության են սպասում։ Գուցե  տարբեր  երկրներում   ընթացող   պատերազմների   ժամանակ   հղի  կանայք   ենթարկվում  են  մանկաբարձական  բռնությունների, բայց, պիտի  անկեղծ  լինեմ  ու  ասեմ, որ  իմ անձնական կյանքի  պատմությունն  այլ   պատկեր  է հուշում։ Ես Արցախից  եմ․ կին՝ ով հղիության ինը ամիսներն  անց  է   կացրել  շրջափակման պայմաններում։Ամենուր  դատարկ  խանութներ    էին  ու  դեղատներ։   Փակ էր Արցախը Մայր Հայաստանին կապող միակ գլխավոր ճանապարհը, իսկ մեզ՝ հղիներիս պետք էր լաբորատոր հետազոտություններ անցնել, որոնք բացակայում էին Արցախում։ Ես և իմ բախտակիցները զրկվեցինք այդ ամենից, զրկվեցինք ոչ լիարժեք կյանքով ապրելու պայմաններից: Օրվա հացը ունենալու համար ժամերով հերթ էինք կանգնում։

Հղիության ընթացքս լի էր դժվարությեւններով:

Բենզինի, գազի ու դիզվառելիքի ի սպառ բացակայության պատճառով զրկվեցինք ազատ տեղաշարժվելուց։ Ամռան շոգին՝ հերթական ստուգայցերին, հիվանդանոց էինք հասնում բարի մարդկանց մեքենաներով, որոնց հետ   նախապես  ժամ  էինք  պայմանավորվում   և   հասնում հիվանդանոց:

Այս  ամենը  հասկանալով   ծննդատան  բուժաշխատողները  որևէ   բռնություն  չէին    գործադրում, հակառակը՝  ամենածայրահեղ  պահերին  փորձում  էին  ունեցած  շատ  քիչ  ռեսուրսներով  ու   դեղամիջոցներով   փրկել   փոքրիկներին  ու   հղիներին։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ դեռ ամեն ինչ հանգիստ էր,  ինքնազգացողության վատթարացման պատճառով դիմեցի Ստեփանակերտի ծննդատուն: Հերթական բուժզննությունից հետո որոշումը միանշանակ էր՝
անհապաղ պառկեցնել․ ժամեր անց պետք է մայրական բերկրանքը վայելեի։ Բայց րոպեներ անց լսեցի ռմբակոծությունների անդադար ձայներ։ Փորձում էի խուճապի չմատնվել, որովհետև բալիկիս մասին էի մտածում։ Ծննդատան բուժաշխատակիցները մի կողմից հորդորում էին, որ չվախենամ, մյուս կողմից իրենց արցունքոտված աչքերն էին սրբում, իսկ ամենադաժանն այն էր, որ իրենց ընտանիքի անդամներից որևէ տեղեկություն չունեին․․․ բացակայում էին կապի միջոցները։

Յուրաքանչյուր կին, սովորաբար, ծննդաբերելուց առաջ մտածում  է առանց դժվարությունների ծննդաբերական ընթացքի, բուժաշխատողների լավ վերաբերմունքի, ապահով միջավայրի, անվտանգ հիվանդասենյակի մասին։ Իսկ պատերազմական իրավիճակում ծննդաբերող կինը փորձում է հնարավորինս զուսպ լինել, իր մեջ սպանել բոլոր վախերը, փակել ականջներն ու աչքերը և միայն մտածել առողջ բալիկ ունենալու մասին։ Միակ անվտանգ վայրը՝ ծննդատան նկուղն էր, որտեղ տեղափոխեցին բոլոր հղիներին․․․․ Ժամերն անցնում, իսկ պատերազմը՝ թեժանում էր։ Նկուղում ծնվեց առաջին  արու  զավակը, հաջորդ ծննդաբերողը ես էի։ Հաշվի  առնելով  իրավիճակի   սրությունը, ինչպես  նաև   իմ  վիճակը՝   բժիշկները հորդորեցին կեսարյան հատում իրականացնել։ Ծննդատան երկրորդ հարկի հիվանդասենյակում կիսաշրջանաձև կանգնել էին ավելի  քան  15  բուժաշտող, իսկ բժիշկ Արթուր Մարությանը վիրաբուժական  թիմի   հետ    իրականացնում էր կեսարյան հատում։ Ռմբակոծության  ձայներն այնքան ուժգին էին, թվում էր, թե հիվանդասենյակի պատուհանները ամեն րոպե կփշրվեն ու կթափվեն մեր վրա։ Մինչ օրս  այն կարծիքին  եմ, որ  բժիշկները  վիրահատարան էին   եկել՝  թշնամու  արկերից    ինձ   պաշտպանելու։

Ինչպես հղիությանս   ինն ամիսների ընթացքում, այնպես  էլ   վիրահատության  ժամանակ՝  բժշկուհի  Մանուշակ  Սարգսյանը ձեռքս ուժեղ բռնած մինչև վերջին պահը զրուցում էր, որպեսզի շեղի իրավիճակից։ Այնքան արագ անցավ վիրահատական միջամտությունը, որ անգամ մինչ օրս չեմ կարողանում պատկերացնել, թե քանի  րոպե  տևեց։ Միայն հիշում եմ, որ բուժաշխատողներից մեկն ասաց․ «տը՛ս խուխէտ (տե՛ս բալիկիդ)»։ Ու այդ սպասված րոպեին իմ առաջին բալիկի՝ Սոֆիի, ձայնը խլացրեց արկերի ահասարսուռ ձայները։
Իմ բաժին կռիվը հաղթանակով պսակվեց։

Ցավոք,  ծննդաբերությունից  մի քանի օր անց՝   հակառակ  մեր  կամքին, շատերի   պես  լքեցինք Արցախը։ Սեպտեմբերի 25-ի երեկոյան հուզմունքս մի կերպ զսպելով փորձում էի հրաժեշտ տալ հայրենիքիս, մեր սուրբ հողին, որի ամեն մի քառակուսի մետրը շաղախված է արյամբ։ Մեքենաների հերթն անեզր էր, իսկ վիրահատական ​​կարի թելերս սեղմում էին որովայնս, և օր առաջ ուզում էի հաղթահարել այդ դժվարությունը ևս․ նորածին   բալիկիս  հետ   երեք օր  վախի   մթնոլորտում   կիսասոված   ճանապարհ  անցանք։ Դա առանձնահատուկ բռություն էր թշնամու ագրեսիայի հետևանքով, որին մաս դարձա նաև ես։

Դա էր պատճառը նաև, որ մեծ թվով արցախցիներ չկարողացան նույնիսկ իրենց հետ վերցնել անհրաժեշտ փաստաթղթերն ու գոնե մի քանի կարևոր իրեր։Կանանց  մեծ մասը, այդ թվում և ես, մտածում էի, որ պատերազմը  տևելու է մի քանի օր, ցավոք իրողությունն այլ ընթացք ստացավ․ մենք բոլորս  բռնի տեղահանվեցինք Արցախից, իսկ  մեր   բալիկները   չհասցրին  անգամ  ճանաչել  իրենց  ծննդավայրը։

Բայց  ես  հավատում  եմ, որ   կգա  մի  օր  ու   մենք  կրկին  կապրենք  մեր սուրբ  հայրնեիքում։

ՎԵՀԱՆՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Աննա Հովհաննիսյան. «Մանկաբարձական բռնության հետքերով»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան

 

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲՌՆՈւԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

(պատմվածք)

Իմ պատմությունը  գլխիվայր շրջեց մեր կյանքը։ Ամուսնացել ենք շատ երիտասարդ հասակում։ Բնակվում ենք  գյուղական ավանում։ Հիմա ես 23 տարեկան եմ։ Ամբողջ կյանքս առջևում է, բայց կրկնակի մայրանալու բերկրանքը` արդեն անհնարին։ Լինելով անփորձ ու անտեղյակ ամեն ինչից, ապրելով  գյուղական ավանում` հղիանալուն պես դիմել ենք քաղաքի հայտնի ծննդատներից մեկին, որտեղ և հաշվառվել ու ողջ 9 ամիսների ընթացքում ստուգվել եմ։ Հղիությունս վարել է շատ տարիների փորձ ունեցող բժիշկ, ում մասին միայն դրականն էինք լսում։ Իր մոտ հաշվառված գրեթե ամեն երկրորդ  հղիությունը ավարտվում էր կեսարյան հատմամբ, ինչը այդ ժամանակ ինձ մոտ ոչ մի կասկած չէր առաջացնում։ Վերջապես, 41-րդ շաբաթում ցավերս սկսեցին։ Անհապաղ գնացինք հիվանդանոց,  միանգամից տեղափոխեցին ծնարան, քանի որ պտղաջրերը թափվել էին, ու  բալիկիս գլուխը արդեն խանգարում էր քայլելուն։ Բժշկուհիս շատ մտահոգ էր ու ծնարան տանելու ողջ ընթացքում նախատում էր, թե ինչու 38-39 շաբաթում չգնացի ու նախապես չպլանավորեցի կեսարյան հատման օր։  Հղիության ողջ ընթացքում անընդմեջ ստիպել  է, բայց մենք հրաժարվել ենք` բնական ճանապարհով ծննդաբերելու ակնկալիքով։

Վերադառնանք ծնարան. շուրջս բոլորը խառնվել էին իրար, բժշկի օգնականը անգամ, հիշում եմ, ասաց` գլխիկը երևում է, մի հատ ուժ տաս, դուրս կգա, բայց բժշկուհու դժգոհ հայացքից մնացածը ևս վախեցան կարծիք արտահայտել։ Բժշկուհին սկսեց արագ֊արագ փորիկս չափել ու անհիմն բացատրել, որ անհապաղ կեսարյան հատում է անհրաժեշտ։ Ես զգում էի, որ ցուցում չկա, ու հաշված րոպեներից  բալիկս կծնվի։ Խնդրում էի մի անգամ թույլ տալ ուժ տամ, որ ինքնուրույն ծննդաբերեմ։ Ի պատասխան` լսում էի նրա վիրավորական բառերը, որ ես անգրագետ, մարզից եկած, դպրոցը հազիվ ավարտած աղջիկ եմ ու իրավունք չունեմ իրեն չլսելու։ Անգամ մի պահ դուրս եկավ ու ամուսնուս այնպես նկարագրեց իրավիճակը, որ իմ կյանքը վտանգված է ու մեծ գումար է անհրաժեշտ, քանի որ բարդ կեսարյան է սպասվում։ Ծնարանից չհասցնելով տեղափոխել  վիրահատարան` շատ արագ, լիովին առողջ ու առանց  հետևանքների լույս աշխարհ եկավ աղջնակս։  Մինչ մանկաբույժը տարավ նրան` վրդովված բժշկուհին  տեղափոխեց ինձ վիրահատարան, որտեղ, դեռևս ուշքի չեկած կատարվածից, ծննդկան կնոջը առանց որևէ պատճառի ենթարկեց վիրահատության` հեռացնելով արգանդս։  Այս ճանապարհով կոմպենսացրեց մեր կողմից չվճարված, չկայացած կեսարյան հատման այդքան սպասելի գումարը։ Արարքը բացատրեց նրանով, որ ես ունեցել եմ խնդիրներ, և հեռացնելը անհրաժեշտ էր։ Ողջ հղիությունս անցել է անթերի ու անգամ ՈՒՁՀ հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև բուն մասնագետը հաստատեցին, որ երբևէ չեմ ունեցել արգանդի հետ կապված խնդիրներ։ Գումարը վճարել ենք, դուրս եմ գրվել բավարար վիճակում ։ Փառք Տիրոջը, աղջիկս ու ես չունենք առողջական որևէ խնդիր։ Ես սիրված կին եմ ու հրաշք աղջնակի մայր, ում համար հասարակ ծննդօգնությունը դարձավ ճակատագրական դատավճիռ։

Դեպքից անցել է 4 տարի։ Բժշկուհին սովորականի պես շարունակում է աշխատել նույն ծննդատանը։ Իսկ ես  համացանցի հնարավոր բոլոր հարթակներում փորձում եմ հասանելի դարձնել գյուղաբնակ ու անտեղյակ կնոջ պատմությունը, ով հորդորում է մայրանալու շեմին գտնվող բոլոր կանանց` չենթարկվել մանկաբարձական բռնության ու կարողանալ պաշտպանել կնոջ իրավունքները` անկախ բնակավայրից։

ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարինե Ասատրյան․ «Կինը»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Կարինե Ասատրյան

 

ԿԻՆԸ

(ակնարկ)

Կյանք ,մի բառ որ,անվերջ ստիպում է ապրել ,կառուցել,սիրել,պայքարել,մեզանից յուրաքանչյուրը ունի իր կյանքի կտավը, որը ինքն է արարում,լցնում գույներով և վերջում ստանում մի նոր արվեստի ստեղծագործություն։Բայց այդ կտավը երբեք չէր լինի, եթե չլիներ հենց ինքը կյանք պարգևողը’կինը,այդ փխրուն և առեղծվածային էակը։ԵՎ ես հպարտորեն կարող եմ ասել, որ մեկն եմ այն երջանիկ կանանցից ,ով զգացել է կյանք պարգևելու կախարդանքը։Սա պատմություն է կնոջ և բոլոր կանանց մասին միառժամանակ։Թեպետ մայրանալը ինքնին երկրային պարգև է ,այն ունի ցավալի կողմ ,որը երբեմն կնոջը դարձնում է խոցելի և ստիպում մոռանալ այն մասին, որ նա մեծագույն էակ է։

Այն օրը, երբ ծնվեց որդիս իմ կյանքը լիովին փոխվեց ,չեմ հիշում ինչպես հասա սենյակը, ուր պետք է լույս աշխարհ գար բալիկս,այդ ընդարձակ սենյակը ինձ թվում էր նեղ և ճնշող ,ես չգիտեի ինչ է ինձ սպասվում անորոշությամբ էր լցված անգամ սենյակի օդը,և միակ լուսավոր և հուսադրող բանը դա մանկաբարձի ձայնն էր ,որ լսեցի կարծես մի ակնթարթ ամեն ինչ պարզ դարձավ , ես մենակ չէի,կար մեկը ով ինձ կօգներ,մեկը ով ձեռքս կբռներ և կասեր, որ ամեն ինչ լավ է լինելու ,բայց ամեն ինչ փլվեց երբ նա սառը և կոպիտ ձայնով ,ասես հրամայելով կարգադրեց’

-Պառկիր’,ինչ էս դողում ,ոչ առաջինն էս ոչ էլ վերջինը։

Ապա ինձ զննելուց հետո հարցրեց

-Որերորդ ծննդաբերությունն է

-Առաջին

Ավելի վախեցած պատասխանեցի ։Լսելով,որ առաջին երեխաս է մի փոքր հայացքի մեջ փափկություն զգացի,և ինքս ինձ հարց տվեցի մի՞թե կարևոր է թէ կինը որերորդ անգամ է ծննդաբելու ,չէ որ ամեն ծնունդդ յուրահատուկ է այն միշտ ուղեկցվում է վախով և անհանգիստ սպասումով ։Երբ ընդհանուր ինձ զննելուց հետո մանկաբարձը գնաց ես դեռ մտածում էի <<պառկիր>>ի մասին կարծես դասս չսովորած աշակերտ լինեի,որ ուսուցչի կոպիտ խոսքից հուզվել էր,բայց ամեն ինչ ավելի սրվեց, երբ դռան ետևից լսում էի թէ ինչպես է նույն մանկաբարձը բուժքրոջ հետ քննարկում կողքի պալատում գտնվող մեկ ուրիշ հղի կնոջ,ասելով թէ հոգնեցրել է իր անիմաստ հարցերով ,ցավից բողոքելով, հետո անցան մեկ ուրիշ հղիի ,ով չէր գոհացրել իր հիգենայով,սկսեցին քննարկել ինչ հոտ է գալիս մեկ ուրիշի վրայից ,և այդ ամենը բավականին բարձր ձայնով ,որ մեծ ցանկության դեպքում անգամ չէի կարող չլսես ,և հասկացա ,որ փոքրիկիս հետ հանդիպման գեղեցիկ մտքեը ինձ լքում են և դրա փոխարեն մտածում եմ ինչպես ինձ պահեմ ,որ հանկարծ դժգոհություն չառաջանա, ինձանից անկախ հոտոտում էի մաշկս ,մտածելով միգուցե տհաճություն առաջացնեմ։Ամեն ինչ խառնվել էր իրար ցավը ,սպասումը ,վիրավորված լինելու վախը ,երբ նորից մանկաբարձը բուժքրոջ հետ եկավ տեսնելու ինչ փոփոխություններ կան ավելի լարված էի ,ուզում էի ժպտալ որ,իրավիճակը մեղմեմ, բայց մկաններս լարվել էին,ուշադիր հետևում էի ինչպես են իրերս դասավորում ,ու նկատում էի թէ ինչպես են շոշափում գիշարազգեստիս որակը կարծես էդպես ինձ պետք է որակավորեին,հենց իմ ներկայությամբ բուժքույրը շարունակեց դրսի խոսակցությունը ‘

-վայ էս նվնվացող հղիները ,ոնց են վրաս ազդում, թէ ասա ինչի եք հղիանում ,որ պետք ա տենց դերասանություն անելով բերեք ։

Ու թեքվեց ինձ կես կատակ կես լուրջ

-դու էլ անիմաստ չբողոքես խելոք կլսես ինչ ասում են ։

Իսկ մանկաբարձը սկսեց խոսել , սոցիալական խնդիրներ ունեցող մի հղիի մասին,նա դժգոհում էր ,որ այդ կինը հին հագուստ էր կրում և ունակ չէր վճարել բուժանձնակազմի աշխատանքին հարիր գումար։Էսպես խոսելով դուրս եկան ,ես սկսեցի շունչ քաշել, այս անգամ ուրախ էի ,որ մենակ մնացի ,և ակամայից ինձ պատկերացրեցի այն կանանց փոխարեն ,որոնց մասին խոսում էին ,պատկերացրեցի ինչ է զգացել այն սոցիալապես անապահով կինը ,որին անտարբեր վերաբերմունք են ցույց տվել’ գրպանի պարունակության համար,երևի ծննդաբերության ցավին խառնվել է նվաստացած լինելու ցավը, իսկ երեխային գրկելու ուրախության արցունքների հետ հոսել են նաև այս անարդար աշխարհի հանդեպ վիրավորանքի արցունքները։Բայց չէ ,որ ամեն երեխա հույս է , պարգև ,և հնարավոր է այդ անապահով կնոջ արգանդում ձևավորվել էր մի նոր հերոս ,մի նոր աշխարհահռչակ գիտնական,կամ մերօրյա Վան Գոգ,և մանկաբարձի ձեռքերը պետք է մաքուր և սիրով լի լինեն այդ պարգևը ընդունելու համար ,քանի որ հենց նրա ձեռքերն են առաջինը դիպչում այդ հրաշքին։Եվ այդպես հերթով զգացի բոլոր կանանց հույզերը և քիչ քիչ հասկանում էի ,որ իմ հերթն է ապրելու մայրանալու բերկրանքը ,ամեն ինչ պատրաստ էր երեխայիս ծնվելու համար ,բժշկական անձնակազմը տեղում էր,ես ինձ զգում էի փոքրիկ նապաստակի պես,ում շրջափակել էին գիշատիչները ,բայց այդ տանջող ցավերի մեջ ինձ ինձ ուշքի բերեց այն միտքը ,որ շատ քիչ է մնացել, և շուտով կգրկեմ փոքրիկիս,ու խորը շունչ քաշելով ինքս ինձ խոստացա չհիշել ոչ մի խոսք,չմտածել մարմնիս հաճելի լինել ,չլինելու մասին,չվախենալ զգացմունքներս արտահայտելուց ,գոռալ, լացել,լռել եթե պետք է, քանի որ ես այդ պահին նոր շունչ էի պարգևելու աշխահին,ես այդ պահին ամենակարևորն էի,ամենակարողը և ես դա արեցի ,օգնեցի փոքրիկիս պայքարել և հաղթել, երբ տեսա աշխարհի նոր բնակչին ես արդեն առաջվանը չէի ,ես իսկական կին էի ,երբ գրկեցի նրան ,ես չէի վախենում, որ մեկը ինձ կնեղացնի լինի դա անտարբեր հայացք կամ կոպիտ խոսք, քանի որ ես էի այնտեղ ամենաուժեղը։Եվ հիմա,երբ անցել են տարիներ ես ,հիշում և գիտակցում եմ,որ հաղթահարել եմ շատ մեծ փորձություն և ցավում եմ , որ շատ կանայք ուժ չեն գտնում պայքարել անմիտ և ոչ պատշաճ երևույթների դեմ,գիտեմ նաև ,որ կան շատ բարի ,գործին նվիրված բուժաշխատողներ,ովքեր անմնացորդ տրվում են իրենց այդքան պետքական գործին ինչի համար մարդկությունը նրանց պարտական է։Եվ այս ամենի արդյունքում հասկանում եմ մի պարզ ճշմարտություն’ կինը պետք է լույս լինի աշխարհի համար ,որ աշխարհը չկորցնի իր ապրելու իմաստը,իսկ կնոջը պետք է օգնեն բոլոր նրանք ովքեր նրա կողքին են,անկախ անձնական շահից, քանի որ չկա ավելի վեհ զգացողություն ,քան լսել լույս աշխարհ եկած մանկան ճիչը,այդ ճիչը նորի և լավագույնի ազդարարումն է։

ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ

Անի Խաչատրյան․ «Արագացված ծննդաբերություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Անի Խաչատրյան

 

ԱՐԱԳԱՑՎԱԾ ԾՆՆԴԱԲԵՐՈւԹՅՈւՆ

(վավերագրություն)

2009 թվականի մարտի 5-ն էր, հղիության 8-րդ ամսում էի, դեռ 2 շաբաթ կար մինչև ծննդաբերությունը։ Գնացի բժշկիս մոտ հերթական ստուգման, այդ բժշկին էի ընտրել ծննդաբերության համար ու մի քանի ամիս իր հսկողության տակ էի։ Այդ օրը հերթապահ էր, ինձ էլ միանգամից կանչել էր իր հերթապահության օրը, ստուգեց, ասեց, որ երկու մատ բացվածք ունեմ ու պետք է մնամ իրենց մոտ, որ արդեն այդ օրը ծննդաբերեմ։ Շատ անսպասելի էր, ցավեր չունեի, չէի պատրաստվել այդ օրը ծննդաբերելուն, բայց դե մնացի, տանից ինձ հագուստ ու անհրաժեշտ պարագաներ ուղարկեցին ու մնացի նախածնարանում։ Կեսօրից հիվանդանոցում էի, երեկոյան կողմ դեռ ոչ մի փոփոխություն չկար։ Բժիշկս ասեց, որ պիտի պտղաջրերը բաց թողնեն, քանի որ «ջրերս չէին գնացել»։ Պառկացրեցին, մկրատի նման մի բան ներս մտցրեց ու պտղապարկի պատռում արեց,  պտղաջրերը հոսեցին (մինչև հիմա այդ խրթոցն ականջներիս մեջ է) ու դրանից հետո ցավերս սկսեցին։ Հիմա եմ հասկանում, որ բժշկուհիս ուղղակի ուզում էր, որ իր հերթապահության օրը ծննդաբերեմ, որ այլ օր իմ համար չհասնի հիվանդանոց։

Բայց ցավերը դեռ ուժեղ չէին, դադարներով էին, կամաց-կամաց էին ուժեղանում, բայց քանի որ դադարներ կային, կարողանում էի հանգստանալ այդ դադարի ժամանակ, շունչ քաշել ու պատրաստվել հաջորդ ցավի հոսանքին։ Արդեն գիշերը, երբ դեռ մեկ է շատ ուժեղ չէին ցավերս, բացվածքն էլ շատ չէր մեծացել, որոշեցին, որ պիտի կաթիլային միացնեն ինձ, որ արագացնեն պրոցեսը։ Այն ժամանակ բժիշկս չբացատրեց ինձ, թե ինչ դեղ են միացնելու կաթիլայինով, ոչ էլ հարցրեցին, արդյո՞ք համաձայն եմ, թե՞ ոչ։ Հիմա գիտեմ, որ օքսիտոցին միացրեցին, որը խթանում ու արագացնում է ծննդաբերությունը ու նաև ունի իր վատ հետևանքներն ու չի խրախուսվում այդ միջոցին դիմել, եթե խիստ անհրաժեշտություն չկա։ Կաթիլայինից հետո ցավերս այնքան ուժեղացան, որ շունչս կտրվում էր, սիրտս սկսեց շատ արագ աշխատել, որովհետև էլ ցավերի մեջ դադարներ չկային, որ կարողանայի հանգստանալ, անդադար ուժեղ ցավեր էին։ Բժիշկս տարածքում չէր, բուժքույրերին ասում էի, որ վատ եմ զգում ինձ, որ հանգստացնող մի բան տան,  որովհետև սիրտս չի դիմանում այս ցավերին, բայց ոչինչ չէին ձեռնարկում, ասում էին, որ պիտի դիմանամ ու այն կողմում նստած սուրճ էին խմում ու ծիծաղում վրաս։ Հետո սիրտս սկսեց ուժեղ խառնել, մի կերպ հասա զուգարան, բայց զուգարանակոնքի չհասցրեցի ու հետո մաքրող կինը վրաս գոռգոռում էր, թե ինչու՞ եմ փսխել գետնին։ Չկար որևէ ապրումակցում, որևէ լավ վերաբերմունք ծննդաբերող կնոջ հանդեպ։ Այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ բանում մեղավոր ես, որ իրենց ինչ-որ բան պարտք ես։

Ես նախածնարանում էի, հետս ուրիշ կանայք էլ կային ու իրանք էլ ցավից գոռում էին ու իրանց գոռոցներն ավելի էին ազդում վրաս ու ավելի ուժեղացնում ցավերս։

Մի պահ զգացի, որ մի բան փոխվեց, ցավերը փոխվեցին, ու ոնց որ մի բան ուզենար դուրս գար, գոռացի բուժքույրերին, որ ոնց որ երեխաս ծնվում ա, եկեք, էլի չէին գալիս, թե բա քեզ է թվում, դեռ ժամանակը չի։ Հետո եկան ու տեսան, որ իրոք արդեն ծնվում է, տարան ծնարան։ Բժշկուհիս էլ տեղում չէր։ Գիշերվա ժամը 4։30 էր արդեն։

Երեխան ծնվեց ու միանգամից չլացեց, արագ պորտը կտրեցին ու տարան թթվածին միացնելու, իսկ ինձ ոչինչ չէին բացատրում։ Պատկերացնում ե՞ք իմ վիճակը, իմ վախը, երբ չգիտես ինչ է երեխուդ հետ, ու ոչինչ չեն բացատրում քեզ, գոռում էի․

-Ի՞նչ է եղել երեխուս հետ

Բան չէին ասում։ Հետո լացեց, բերեցին մոտս, գրկեցի, սկսեցի հետը խոսալ, ձայնը կտրեց, հանգստացավ։ Հինգ րոպե հազիվ երեխայիս թողեցին մոտս, տարան, թե բա պիտի հսկողության տակ մնա։ Ինձ էլ տարան պալատ ու քնեցի հոգնած։

Չնայած ծննդաբերությունը Հայաստանում անվճար է, բայց մեզ ասել էին, որ անվճար պալատ չկա ու վճարովի պալատում էին ինձ տեղավորել։ Պալատում մենակ էի, առավոտյան արթնացա ու չգիտեի ինչ անել, չգիտեի ծննդաբերությունից հետո ո՞նց պիտի ինձ պահեմ, ո՞նց պիտի ինձ խնամեմ, ինձ չէին պատմել, ասել։ Տեղիցս վեր կացա, գտա բուժքույրերին, ուզում էի երեխայիս տեսնեի ու դեռ չէին բերում մոտս։  Քանի որ ծննդաբերությունս հեշտ էր եղել, այսինքն պատռվածքներ ու բարդություններ չունեի, ոտքի վրա էի, գնում էի երեխու մոտ ու իրանց անընդհատ հարցնում էի, թե երբ եք երեխուս ինձ մոտ բերելու, ասում էին՝ որ պիտի հսկողության տակ մնա, քանի որ չի լացել միանգամից։ Անգամ չէին բերում, որ կերակեմ երեխայիս։ Վերջը այնքան ասեցի, այնքան հոգիները հանեցի, որ երեխուս բերեցին մոտս։

Երեխաս ու ես այնքան առողջ էինք, որ հաջորդ օրը մեզ դուրս գրեցին հիվանդանոցից (տղայիս պորտը տանն է ընկել, ես եմ մշակումներն արել)։ Դուրս գրելուց առաջ հարցնում էի իրենց, երեխու արյան կարգը պարզ է՞ արդեն, քանի որ ես ռեզուս-բացասական եմ, իսկ երեխու հայրը ռեզուս-դրական  էր, ու գիտեի, որ եթե երեխան էլ ռեզուս-դրական լինի, ինձ պիտի հակառեզուսային իմունոգլոբուլինի ներարկում անեն, որ հաջորդ հղիության ժամանակ օրգանիզս հակամարմիններ չարտադրի ու չվնասի հաջորդ երեխային։ Վերջին պահին նոր ասեցին, որ երեխան ռեզուս-դրական է, բայց իրենք շիճուկ չունեն, պետք է բերել  այլ հիվանդանոցից։ Հարազատներս գնացին, բերեցին, մեզ դուրս գրեցին։

Ես այդ ժամանակ հասկանում էի, որ սխալ է այս վերաբերմունքը, բայց քանի որ շատ տեղեկացված չէի, այն ժամանակ էլ այդքան տեղեկատվություն չկար, չէի կարող շատ բան անել, մանավանդ այդ խոցելի վիճակում, մենակ, չես կարողանում քեզ պաշտպանել։ Երեխայի հորն էլ չէին թողնում ներկա գտնվել ծննդաբերությանը, որ գոնե աջակցություն ունենայիր, մենակ չլինեիր։

Հիմա հասկանում եմ, որ իմ երեխայի ծնվելու ժամանակը դեռ չէր ու ինձ «ստիպեցին» ծննդաբերել։ Այդ միջամտությունները, այդ վերաբերմունքը մանկաբարձական բռնություն է, ոչ մեկ արժանի չի այդ վերաբերմունքին, այդ ստրեսին, այդ տրավմաներին։ Ու հնարավոր է նաև այդ միջամտությունների պատճառով էր, որ նորածին տղաս գլխի մեջ կիստա ուներ ու կյանքի առաջին երկու ամիսը համարյա չէր քնում, շատ լարված էր, լացում էր անընդհատ։ Հետո երբ վիրուսային վարակով հիվանդանոց պառկեցինք, այնտեղ ստուգեցին գլուխը ու հայտնաբերեցին կիստան (այդ հիվանդանոցում անցկացրած 10 օրն էլ մի այլ սարսափելի պատմություն է)։

Ուսանող ժամանակ մի անգամ մանկաբարձական ուսումնարանում սովորող ընկերուհուս հետ մի գիշեր անցկացրեցի ծննդատներից մեկում` որպես պրակտիկանտ ու մի քանի ծննդաբերություն տեսա, տեսա, թե ինչպես են կանայք բժիշկների պատճառով պատռվածքներ ունենում, թե ինչ վերաբերմունքի են արժանանում, այսինքն սրանք եզակի դեպքեր չեն։ Ու տեսա, թե ինչպես են այլ պրակտիկանտները միայն երեխայի դուրս գալու պահը նայում ու հետո անգամ սենյակից դուրս էին գալիս, իրենց հետաքրքիր չէին մինչծննդաբերական ու հետծննդաբերական պրոցեսները։ Ու այդ պրակտիկանտները հետո հիվանդանոցներում էին աշխատելու, իրենք պետք է հղիների կողքին լինեին, բայց սարսափում էի իրենց անտարբերությունից ու նաև անգրագիտությունից։

Վերջին տարիներին վերջապես սկսել են խոսել սրա մասին, շատ կանայք են բարձրաձայնում իրենց հետ կատարվածի մասին ու հասկանում ես, որ համատարած երևույթ է։ Ոչ միայն բուժաշխատողները պիտի կրթվեն, այլ նաև մենք, պետք է բարձրաձայնենք այս թեմաները, տեղեկացվենք, պաշտպանենք մեզ ու մյուսներին։

Երեխայի առաջին վայրկյանները չպետք է այսպիսի սթրեսի մեջ սկսեն, կանայք էլ չպիտի անցնեն դրա միջով իրենց կյանքի այդ պահին, երբ պիտի ուղղակի վայելեն երեխայի հետ ծանոթանալու, մայրանալու պահը։

Ուզեցի կիսվել իմ պատմությամբ, որ մյուս կանայք գոնե տեղեկացվեն, ավելի պաշտպանված լինեն։

P.S. Այս վերջին տարիներին, երբ իմացա նորածին երեխաների առք-վաճառքի դեպքերի մասին, սկսեցին հարցեր ու կասկածներ առաջանալ, ինչու՞ իմ երեխային ինձ մոտ չէին բերում (նույն հիվանդանոցում եմ ծննդաբերել, որտեղ այդ դեպքերը տեղի են ունեցել)։

ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

Ն․ Գ. «Մի ծննդյան պատմություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Ն. Գ.

 

ՄԻ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

ՀՀ Սահմանադրություն, հոդված 3.1

Ես թողել էի իմ ծնվող երեխային կոնքիս խոռոչում ու լսում էի, թե ինչ է ասում ծնունդն ընդունող բժիշկը իմ մասին: Չգիտեմ՝ դրա համար ինքս ինձ կներե՞մ երբևէ։ 

Բայց հիմա ամեն բան կպատմեմ սկզբից։

Հիվանդանոց գնացի գիշերը։ Հղիությունս քառասուն շաբաթական էր։ Պտղաջրերս հոսել էին, բայց ծննդաբերական ցավեր չունեի։ Ծննդատան նախնական զննման սենյակում հերթապահ բժշկուհին ինձ ասաց, որ արգանդի պարանոցի բացվածք չունեմ։ Մի քանի ժամ պետք էր սպասել ցավերի, իսկ չառաջանելու դեպքում՝ դիմել ծննդաբերությունը խթանող դեղորայքային միջամտության։ 

Ինձ ուղեկցեցին վերև` ծնարան։ Ծնարանի միակ ազատ սենյակի երկու մահճակալները զբաղեցրել էին հերթապահ մայրապետները, որոնցից մեկը բավական դժկամությամբ, բայց ի վերջո ինձ զիջեց իր մահճակալը, որտեղ էլ տեղավորվեցի։

Անցավ մի քանի ժամ։ Մի քույր եկավ ու ձեռքիս միացրեց կաթիլայինը, որը հոսում էր անասելի դանդաղությամբ։ Ինձ մոտ էլ ոչ ոք չեկավ։ Հարևան ծնարանում մի կին ծննդաբերեց։ Հետո հերթապահ բժշկուհու կարգադրությամբ ինձ սկսեցին կանչել երեխայի սրտի բաբախը ստուգելու։ Ես արդեն ցավեր ունեի, որոնք աստիճանաբար ուժգնանում էին։ Ես մեծ դժվարությամբ, կաթիլայինի ձողը բռնած` հազիվ ինձ քարշ էի տալիս հարևան սենյակ ու վերադառնում։

Լուսացավ։ Ծնարանի բաժանմունքի լուռ միջանցքներում շարժ սկսվեց. առավոտյան հերթափոխն էր։ Ինձ տեղափոխեցին այն սենյակ, որտեղ լինելու էր ծննդաբերությունը։ Ցավերս արդեն դիմանալու չէին, ես բարձրաձայն լաց էի լինում։ Սպիտակ խալաթով մի քանի հոգի այդ ընթացքում ներս մտան ու դուրս եկան այնպիսի անտարբերությամբ, կարծես չէին նկատում ոչ ինձ, ոչ էլ իմ լացը։ Հուզված ու շփոթված անփորձ ծննդկանիս համար դա բավական ծանր էր։ Ի վերջո մի կին եկավ ու ներկայացավ որպես սպասվող ծննդաբերության մանկաբարձուհին։ Օգտվելով առիթից, որ ինչ-որ մեկը ոչ միայն ինձ նկատեց, այլև խոսեց ինձ հետ՝ արցունքների միջից հազիվ ասացի.

-Էլ չեմ դիմանում, շատ է ցավում։

Մանկաբարձուհին նախ քամահրական ժպիտը դեմքին՝ ոտքից գլուխ ինձ չափեց, ապա ասաց.

-Հա ի՞նչ անենք, ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը, բա որ հղիացել ես, պիտի ունենաս, լացդ կտրիր ու շնչիր։ Ու մի անգամ էլ ինձ ոտքից գլուխ չափելով՝ դուրս եկավ սենյակից։

Իհարկե, ամեն մի ծննդաբերող կին էլ գիտի, որ ինքը միակ կինը չէ, որ անցնում է դրա միջով, բայց և ամեն մի ծննդաբերած կին էլ թերևս կփաստի, որ այդ պահին այնպիսի աջակցության կարիք ունի, կարծես միակ ծննդաբերող կինն է աշխարհում։

Մոռացել էի ինձ հետ ջուր վերցնել։ Բուժքրոջից ջուր խնդրեցի։ Դժկամությամբ, բայց տվեց։ Ցավից ես ինձ արդեն կորցրել էի, խուճապի մեջ էի, ձեռքերս դողում էին։ Ցավն այնքան ուժեղ էր, որ ես մի ձեռքով բռնել էի կաթիլայինի ձողը, իսկ մյուս ձեռքով փակել էի բերանս, որ չգոռամ։ Այդ ընթացքում սպիտակ խալաթով մարդիկ ներս էին մտնում ու դուրս գալիս նույն անտարբերությամբ։ Հետո ինձնից երեխայի շորերն ուզեցին, մի քանի այլ իրեր, և ասացին, որ բարձրանամ ծննդաբերական բազկաթոռին։ Ես այնքան շփոթված էի, որ հազիվ կարողացա դա անել։ Ծննդաբերությունը սկսվում էր։

Ես հիվանդանոցի պատին փակցված բժիշների հերթապահության ցուցակում կարդացել էի, որ այդ օրվա հերթապահ բժիշկը մի կին է՝ բժշկուհի Մ.-ն, բայց, չգիտեմ ինչու, բժշկական դիմակ ու ձեռնոցներ հագին՝ ներս մտավ ծննդատան գլխավոր բժիշկը՝ բժիշկ Ա.-ն։ Ուժ տալու առաջին փորձից աղիներս գործեցին։ Բժիշկ Ա.-ն ցասումով լի մի հայացք նետեց ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթաց։ Ես ամոթից գետինը մտա ու ճիգերս թողեցի։ Ճիգ տալու մյուս փորձերս ևս ձախողվեցին։ Որքան էլ որ փորձում էի, միևնույնն է, ծննդաբերական ուժերս ինձ չէին հերիքում երեխային ծննդաբերական ուղիներով դուրս մղելու համար։

-Հիմա՞ր ես, աղջի՛կ, ուժ տո՛ւր։

-Չեմ կարողանում,-արցունքների միջից ասում էի ես։

Բժիշկը հունից դուրս էր գալիս։ Բայց իզուր էր նա փորձում ինձ «սթափեցնել»։ Կոպիտ խոսքը ինձ համար երբեք էլ ուշքի բերող, սթափեցնող չի եղել, այլ հակառակը` ավելի է շփոթեցրել, խուճապի մեջ գցել։

-Էս ի՞նչ տգետների սերունդ է գալիս ծննդաբերության, չեմ հասկանում։ Տգետները ալարում են մի երկու բան կարդան, պատրաստվեն, նոր գան ծննդաբերության,-ինձնից մոտ մեկ մետր հեռու կանգնած, հիստերիկ շարժումներով գոռում էր բժիշկ Ա.-ն։

Ես լաց էի լինում։

-Ուժ տո՛ւր, թե չէ կտանեմ վիրահատարան, կեսարյան կանեմ,-գոռում էր նա։ 

 Ես թողել էի իմ ծնվող երեխային կոնքիս խոռոչում ու լսում էի, թե ինչ է ասում այդ մարդը իմ մասին։ 

-Բժիշկ Ղ.-ին կանչեք, արհեստական շնչառություն միացրեք, վակում-էքստրակտորը մոտեցրեք։

Հետո հիշում եմ վակում-էքստրակտորի ձայնը, շեքհատման ղրթոցը ու բժշկուհի Ղ.-ի ձայնը, որ սեղմում էր որովայնիս ու հորդորում էր չթուլացնել ճիգերսս։ Եվս երկու ճիգ, և երեխան ծնվեց, մի քանի վարկյան անց՝ ճչաց։

Երեխային իմ կրծքին չդրեցին, նույնիսկ ցույց չտվեցին, ես մի վայրկյան տեսա նրան ու փորձեցի հիշել դեմքը։ Նրան բարուրեցին ու տարան։

Բժշկուհի Ղ.-ն կարեր էր դնում, քույրը գրասեղանի մոտ նստած մատյանում ինչ-որ բան էր լրացնում։ Հետո նրանցից ես անդադար երեխայի մասին էի հարցնում։ Լռում էին։ 

Ես ծնարանում մնացի երկու ժամ, որոնք շատ արագ անցան։ Մերոնք ինձ համար ուտելիք էին ուղարկել ծնարան։ Մայրապետը սուրճի համար կոնֆետներ խնդրեց։ Տվեցի։ Ինձ տարան պալատ։

***

Ես կնոջս հիվանդանոց տարա գիշերը։ Արդեն պատրաստվում էր քնել, բայց երբ լոգարանից վերադարձավ, ասաց, որ պետք է հիվանդանոց գնալ։ Կինս ներս գնաց, ես մնացի ծննդատան նախասրահում։ Մոտ քսան րոպե անց երևաց դռների արանքում. հայացքով ինձ էր փնտրում և երբ գտավ, ձեռքով արեց, ժպտաց ու գնաց։ Սկզբում զանգում էր հաճախ, հետո զանգերը քչացան, հետո էլ չզանգեց։ Ես էլ չէի զանգում՝ մտածելով որ քնել է։ Գիշերը մնացի մեքենայիս մեջ։ Առավոտյան մերոնք ինձ միացան։

Ժամը 11-ը դեռ չկար։ Մի քույր եկավ ու ասաց, որ ծննդաբերությունը սկսվել է։ Ես և շատ ուրախ էի, և հուզված, և շփոթված ու վախեցած։ Սիրտս թրթռում էր։ Ամեն վայրկայն սպասում էի, որ դռների մեջ կհայտնվի սպիտակ խալաթով ինչ-որ մեկը ու կասի, որ երեխաս ծնվել է։ Բայց այդ լուրը գնալով ուշանում էր, ու այդ ուշացումը տագնապով էր լցնում օդը, որով կարծես վարակվում էին ներկաներն ու սկսում անհանգիստ շարժումներ անել։ Մի քանի րոպե անց հայտնվեց գիշերվա հերթապահ բժշկուհին։

-Ո՞վ է ամուսինը։

-Ես եմ,-ասացի ես ու վախեցած մոտ գնացի,-ի՞նչ է եղել։

-Ծննդաբերությունը բարդ ընթացք է ստացել, երեխային վտանգ է սպառնում, պետք է ստորագրեք, որ Ձեր կնոջը կեսարյան հատում անեն։

-Իսկ ինչու՞ մինչև հիմա չէիք անում,-բարկությամբ ասացի ես ու դողացով ձեռքով հազիվ ստորագրեցի։ 

Իսկ բժշկուհին, հարցս անպատասպան թողնելով, արագ հեռացավ։ 

Բոլորս խառնվեցինք իրար։ Հայրս դրսում արագ-արագ ծխում էր, տատս քթի տակ աղոթք էր մրմնջում, մայրս լաց էր լինում։ Անկեղծ ասած ես էլ հազիվ էի զսպում արցունքներս։ Լուռ էր միայն կնոջս մայրը։ Նա փոքրացել, մի անկյունում կուչ էր եկել ու լուռ սպասում էր, բայց այն տագնապն ու անհանգստությունը, որ կար այդ պահին նրա դեմքին, հազարավոր արցունքներից ավելի ծանր էր տեսնելը։ 

Մոտ 15-20 րոպե անց դռների մեջտեղում հայտնվեց ծնունդը ընդունող բժիշկը, և մինչև կհասցնեի որևէ բան հարցնել, ասաց բառացիորեն հետևյալը՝

-Նույնիսկ անասունը պայքարում է իր երեխայի համար, բայց քո կինը իր երեխայի համար չպայքարեց։ Ես կենդանի երեխա եմ ընդունել, մնացածի համար պատասխանատու չեմ։

Նա դեռ չէր հասցրել վերջին նախադասությունը ավարտել, ես բարկությամբ հարձակվեցի վրան ու երևէ կսպասնեի, եթե չփախչեր։

Կնոջս ու երեխայիս մասին մեզ  էլ ոչ ոք ոչինիչ չասաց։ Ընդունարանի քույրը ինձ ծանոթ էր։ Նրա միջոցով գտա ծննդաբերությանը ներկա մանկաբույժի համարը։ Զանգեցի, ներկայացա։ 

-Ծննդաբերության ընթացքում վակում-էքստրակտոր է կիրառվել, ինչը կարող է երեխայի առողջության համար վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այս պահին երեխայի  վիճակը կայուն է, հստակ պատասխան առավոտյան կարող եմ տալ, երբ ամբողջովին հետազոտենք նրան,-ասաց բժշկուհին, ու մինչ կհասցնեի որևէ հարց տալ, անջատեց հեռախոսը։

Տուն գնացինք։ Ճանապարհին մեքենայիս մեջ աչքս ընկավ նստարանին դրված քաղցրեղենը, որ մայրս էր վերցրել՝ երեխայի ծննդյան լուրը հիվանդանոցում նշելու համար։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ նստարանին դրված կանֆետների տուփը կարող է մարդուն այդպես տխրեցնել։

Տարօրինակ էր, բայց կինս չէր զանգում։ Ես էլ չէի զանգում. վախենում էի նրա հարցերից։ Ես ինձ շատ վատ էի զգում, չէի կարողանում քնել։ Որքան շատ էի ուզում, որ գիշերը արագ անցնի, այնքան ավելի ծանր էր անցնում ամեն րոպեն։ Սենյակում աչքովս ընկավ կնոջս համակարգիչը։ Որոշեցի ֆիլմ նայել՝ մտքերս ցրելու համար։ Միացրի համակարգիչը։ Կնոջս google-ի հաշվի որոնումների դաշտում ամբողջը վակում-էքստրակտորի հետևանքների մասին հարցումներ էին։ Ինքն էր փնտրել հեռախոսով։ Նեղսրտությամբ փակեցի համակարգիչը։ Քնել այդպես էլ չհաջողվեց, մինչև որ լուսացավ։

***

Պալատում ինձնից բացի ևս երկու կին կար՝ իրենց երեխաների հետ, որ նախորդ օրն էին ծնվել։ Քովիդի ժամանակներն էին, տեսակցությունները արգելված էին։ Երեխայիս մասին ինձ հիվանդանոցում ոչ ոք ոչինչ չասաց։ Մահճակալի վրա կուչ եկած, առանց երեխա, սարսափելի տխուր ու ուժասպառ՝ ես մտածում էի, թե ինչու ամեն ինչ այդպես եղավ։ Բարեբախտաբար ես ինձ հետ ծնարանում եղած մարդկանց իմ կյանքում առաջին անգամ էի տեսնում, այլապես գուցե մտածեի, որ որևէ թշնամանք ունեին ինձ հետ։ Իսկ եթե իսկապես պատճառը իմ տգիտությո՞ւնն էր, ինչպես բժիշկ Ա.-ն էր ասում։ 

-Եթե համարենք, որ ես իսկապես տգետ եմ և կարող էի նույնիսկ մտավոր հետամնացությամբ տառապող մեկը լինել, միթե՞ նրանք պարտավոր չէին ինձ պատշաճ ձևով ինձ օգնել,-ասում էի ես ինձ հետ պալատը կիսող կանանց եղելությունը պատմելիս, բայց ավելի շատ կարծես ինքս ինձ էի ասում։

Գիշերը անցավ մղձավանջի մեջ՝ կես քուն-կես արթուն։ Երբ փակում էի աչքերս, նույն պատկերներն էի տեսնում, նույն ձայներն էի լսում, երեխայիս ճիչն էի լսում ու ցավից կուչ էի գալիս անկողնուս մեջ։ Միայն լուսադեմին հաջողվեց քուն մտնել։ Առավոտյան, երբ բացեցի աչքերս, պալատում ու միջանցքներում իրարանցում էր. առավոտյան հերթափոխն էր։ 

-Այս մեկը երկու ներարկում ունի, այս մեկի երեխային պիտի պատվաստենք,-ասում էին իրար հերթափոխը հանձնող ու ստացող բուժքույրները։

Ես այդ ձայներից նոր էի արթնացել, երբ ներս մտավ մի բուժքույր՝ բարուրը ձեռքին, որի ծածկոցը ինձ շատ ծանոթ էր։ Դա իմ երեխան էր։ 

Ես նրան դրել էի իմ անկողնում ու վախենում էի ձեռք տալ։ Երեխայի գլխին այտուց կար՝ վակում-էքստրակտորի հետևանքն էր։ Բարեբախտաբար անցավ դեռ հիվանդանոցում գտնվելու  օրերին։ 

Այդ օրերին իմ երեխան մեր պալատ եկող-գնացող բուժաշխատողների բերանում անուն-պիտակ ստացավ՝ վակում արած երեխա, իսկ ավելի կարճ՝ վակում։ 

-Սա վակումն է։ Վակումին բերեք։ Վակումին ստուգեք,-ասում էին նրանք իրար։ Ես դա լսոում էի մեծ տհաճությամբ ու բարկությունից սեղմում էի ատամներս, բայց, չգիտես ինչու, լռում էի։ 

Ես շատ անփորձ էի երեխային խնամելու, տակդիրն ու հագուստը փոխելու հարցում։ Դրա համար ևս հաճախ հանդիպում էի բուժքույրերի բարկությանը, որը հեշտությամբ մեղմվում էր շոկոլադե սալիկների քաղցրությունից։ 

Հիվանդացում գտնվելու օրերին ես օրվա մեջ երկու անգամ վախից պահում էի շունչս։ Առաջինը, երբ գալիս էր մանկաբույժը ու զննում երեխային։ Ես անթարթ հայացքով հետևում էի նրան, և միայն երբ գլխով դրական շարժում էր անում, շարունակում էի շնչել։ Երկրորդը, երբ բժիշկ Ա.-ն մյուս բժի.շկների ուղեկցությամբ գալիս էր առավոտյան շրջայցի։ Ես ամեն կերպ փախցնում էի նրանից հայացքս ու շնչում էի միայն այն ժամանակ, երբ դուրս էր գալիս սենյակից։

Ինչ վերաբերում է երեխային կրծքով կերակրելուն, այդ պատմությունը ինձ համար մի հաճելի հուշ է մի կնոջ մասին ու միակ լուսավոր բանը՝ այդ օրերի հիշողություններում։ 

Ես իմ փոքր մարմնին անհամապատասխան մեծ կրծքեր ունեմ։ Երբ այդ օրվա հերթապահ բուժքույրը եկավ իբր թե օգնելու, ես այդպես էլ չկարողացա այնպես անել, որ երեխան բռնի կուրծքս։

-Ծը՛,-գլխով բացասական շարժում արեց բուժքույրը,-կուրծքդ ծանր է, չի կարողանում բռնել, ձերոնց ասա, որ կրկնապտուկ բերեն,-ասաց նա ու երեխայի բերանը ներարկիչով մի քանի մլ կաթնախառնուրդ լցրեց։

Երբ մանկաբույժը եկավ, ես նրան պատմեցի եղելությունը։

-Կրկնապտուկի կարիք չկա, կթիչ ձեռք բեր ու փորձիր մի քիչ կթել, մինչև կաթնածորաններդ բացվեն։

Ես վերցրեցի կթիչն ու կթեցի մոտ 30 մլ կաթ։ Երբ բժշկուհին մեզ մոտ եկավ, ես նրան ցույց տվեցի շիշը ու մեղավոր հայացքով ասացի.

-Այսքանն եմ կարողացել կթել։

-Իսկապե՞ս,-զարմանքով ասաց բժկուհին։

-Հա, քիչ է չէ՞,-նորից մեղավոր հայացքով ասացի ես։

-Ո՜չ, սկզբի համար հրաշալի է աղջիկս, շարունակիր կթել ու տալ երեխային, ու երբ կաթը շատանա, փորձիր նրան կրծիդ մոտեցնել։

Այդ ու հաջորդ օրը ես հավաքեցի խեժի թանկագին կաթիլները շշի մեջ ու տվեցի երեխայիս։ Ուշ գիշերին, երբ ինձ թվում էր, որ պալատում գտնվող երկու կանայք քնել են, ես նստեցի մահճակալին ու փորձեցի երեխային կրծքիս մոտեցել։ Բայց իմ փորձերը անհաջող անցան։ Կանանցից մեկը` Ռոզան, արթուն էր եղել ու տեսել ամբողջ եղելությունը։

-Աթոռն ու երեխային վերցրու ու ինձ մոտ արի,-ասաց նա։

-Նստիր, երեխային դիր ծալված ձեռքիդ վրա, ապրես, գլուխը մի փոքր մարմնից բարձր պահիր, շատ լավ է, մատների մկրատաձև շարժումով պահիր կուրծքդ, այնպես արա, որ երեխայի քիթը բաց մնա, որ կարողանա շնչել։

Ես հերթով կատարեցի նրա բոլոր հրահանգները, ու երեխան սկսեց ուտել։

-Շնորհակալ եմ, Ռոզա,- ջերմորեն ասացի ես։ Ռոզան լուռ ժպտաց։ 

Երբ հիվանդանոցից դուրս էի գրվում, Ռոզային հրաժեշտ տալիս ես ջերմորեն գրկեցի նրան.

-Շնորհակալ եմ, Ռոզա, ես քեզ երբեք չեմ մոռանա,-ասացի ես։

Ռոզան նորից լուռ ժպտաց։

***

Կինս հիվանդանոցում մնաց հինգ օր։ Դուրս գրվելու օրը, երբ երեխան գիրկը տեսա նրան, հոգնած ու տանջահար տեսք ուներ։ Կարծես մի քանի տարով մեծացած լիներ։ Ներկաները տարվել էին երեխայով. հերթով գրկում ու հիանում էին նրանով, ես գրկեցի կնոջս։ Երբ գլուխը կրծքիս դրեց, սկսեց լաց լինել։ Արցունքները թրջում էին հագուստս, իսկ ես չէի ուզում խանգարել նրան։ 

Արդեն տանն էինք։ Կինս զրուցում էր հյուրերի հետ։ Հանկարծ սենյակից երեխայի լացը լսվեց։ Ես կնոջս ձայն չտվեցի։ Ներս մտա, նստեցի օրորոցի կողքին ու օրորում էի։ Օրորրում էի ու լաց լինում։ Ես իմ կանքում երբեք այդպես լաց չէի եղել՝ այն էլ երջանկությունից։

Չնայած հիվանդանոցում անցկացրած ծանր օրերին, կինս երեխային խնամում էր մեծ ջանասիրությամբ։ Երբեք քնած չէր մնում, երբեք չէր թերանում խնամքի հարցում ու կյանքը՝ իր նոր իրականությամբ, մտնում էր կարծես իր հունի մեջ։

***

Ես լավ գիտեի հետծննդաբերական դեպրեսիայի մասին ու հաստատ որոշել էի դրա մեջ չընկնել։ Ես ձգտում էի երեխայի հարցում ամեն ինչ կատարյալ անել։ Երբ ինչ որ մի բան իմ ուզածով չէր ընթանում, ես ծայրահեղ տխրում էի։ Հաճախ մերժում էի ընտանիքիս անդամների օգնությունը, երբեմն դրա պատճառով հարաբերություններ էի ստիպված լինում փչացնել։ Ես այն ժամանակ չէի հասկանում, որ ամեն կերպ ձգտելով դերեսիայի մեջ չընկնել՝ ես մեկ այլ ծայրահեղության մեջ եմ հայտնվել։

Երեխայի խնամքը լի էր քաղցրիկ պահերով՝ առաջին ձայներ, առաջին ժպիտ, շարժվող փամփլիկ թաթիկներ։ Բայց կասկածի ստվերը, որ կարող է ինչ-որ բան այն չլինել, ինձ դեռ երկար հետապնդում էր ու խժռում իմ երջանկության քաղցր վայրկյանները, ինչպես որդն է խժռում ծառի քաղցր պտուղները։

 Ժամանակն անցնում էր ու իմ երեխան մեծանում էր բնականոն՝ փարատելով վախերս ու հերքելով կասկածներս։

Ես երկար ժամանակ անուն չունեի այն ամենի համար, ինչ ինձ հետ եղել էր։ Վերջերս էր, երբ բոլորովին պատահակնորեն կարդացի մանկաբարձական բռնության մասին, ու այն, ինչ եղել էր ինձ հետ, տեղավորվեց այդ արտահայտության մեջ այնպես, ինչպես նկարը՝ շրջանակի մեջ։

Ծննդաբերական դժվարություններից խոսք գնալիս ինձ հաճախ են ասել, որ երբ գրկում ես երեխայիդ, դրանք մոռացվում են։

-Անցուկ-մոռցուկ ցավեր են դրանք, բալես,-իր կյանքի իննսուն տարիների հեռվից հիշելով իր ծննդաբերությունները՝ ասում է տատս։ Իսկ ես միշտ ժպտում եմ ու հազիվ կուլ տալիս կոկորդիս մեջ հավաքված դառնությունը, որովհետև ես ոչ մի բան չեմ մոռացել, ու չգիտեմ՝ կմոռանա՞մ երբևէ, ու չգիտեմ՝ ինքս ինձ կներե՞մ երբևէ…

Հ. Գ.  Սա իմ երեխայի ծննդյան իրական պատմությունն է՝ ներկայացված իմ ու ամուսնուս զուգահեռ հայացքներով։ Պատվածքում ներկայացված ոչ մի դրված հորինված չէ։

Ն. Գ.

Մելինե Սիրունյան․ «Լույսը»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

***

Հեղինակ՝ Մելինե Սիրունյան

 

Լույսը

-Դե՜, երազանք պահիր։
-Դե՛, դե՛։
Ես մի պահ բարձրացրեցի աչքերս, նայեցի աջից ձախ, ձախից աջ, իմ ընկերուհիներին, իմ կոլեգաներին ու հանկարծ կայծակի նման գլխումս շանթեց մի միտք՝ ես մենակ եմ։
Նորից նայեցի տորթիս մոմերին՝ երեսունինը։
Ի՞նչ երազանքներ կարող է ունենալ երեսունինը տարեկան կինը, ով ունի ամեն ինչ, բայց մենակ է։
Գնացին ընկերուհիները, կոլեգաները, ու ես կրկին մենակ մնացի՝ թանկարժեք կահավորված բնակարանում, թանկարժեք ու կեղտոտված սպասքի, տորթի կտորների ու գետնին թպրտացող փայլիկների կողքին ես մենակ էի…
Երբեք չէի մտածի, որ ես, ով ուներ ամեն ինչ՝ փող, հրաշալի ընկերներ, ում հետ կարող էի խոսել ցանկացած թեմայից, կոլեգաներ, ում հետ մասնակցում էի կոնֆերանսների, գնում ճամփորդության, սրճարաններում վայելում սուրճ ու երեկոյան գալիս տուն՝ վաղվա պլանները կազմելու՝ մենակ էի…
Ինչո՞ւ չդասավորվեց իմ անձնական կյանքը, գուցե ուսման անհագ ցանկությունը , աշխատելու, կայանալու ու ինքնուրույն լինելու պատրանքը թույլ չտվեցին նկատելու բոլոր սերերը, որ անցան իմ կողքով… Իսկ հիմա նայում եմ սեղանին, նույնիսկ ափսեներն ունեն զույգեր, բաժակները մեծ ու փոքր՝ միասին են, իսկ ես…
Ու մի նոր, ավելի անսպասելի ու աներևակայելի միտք եկավ՝ պիտի մայրանամ։
Ամբողջ գիշեր չքնեցի, տնտղեցի արհեստական բեղմնավորման ամենալավ մասնագետին, իսկ առավոտյան բժշկից էլ շուտ նրա աշխատասենյակի դռան մոտ էի։ Սիրտս թրթռում էր, վերջապես կլիներ մեկը, ով կլցներ սրտիս դատարկությունը, ում համար պատրաստ կլինեի ամեն ինչի, և ում պարզապես կգրկեի ու կզգայի, որ էլ մենակ չեմ։ Ժպտում էի, անկախ ինձնից… Ճիշտ են ասում, որ կարևորագույն որոշումները հանպատրաստից են լինում, ուղղակի առանց երկար բարակ մտածելու…
Բժիշկը եկավ վերջապես, ծանոթացանք, խոսեցինք, քննարկեցինք։ Հետազոտություններ, անալիզներ, խորհուրդներ… այդ ամենը ինձ եթերային էին թվում, կարծես մի երազանք իջել էր իմ ուսերին ու ստիպում էր ժպտալ, մի՞թե ես մինչև հիմա երջանիկ չեմ եղել…
Հենց առաջին փորձից ամեն ինչ ստացվեց։ Մրջյուններ էին վազում վրայովս, որովայնումս թիթեռներ, գլխումս խառնաշփոթ, իսկ սրտիս տակ նոր սիրտ էր բաբախում։
Առաջին անգամ երբ լսեցի այդ փոքրիկ հրաշքի սրտի զարկերը՝ հասկացա, թե ինչքան անորոշ եմ ապրել, քայլել եմ, ու չեմ գիտակցել, թե ուր է տանում ճանապարհս, իսկ հիմա իմ առջև պարզ երևում է ապագաս ու ես այնտեղ էլ մենակ չեմ։
Ամենաառողջ սնունդն ու օրվա գրաֆիկը, զբոսանք թարմ օդում, միշտ դրական լիցքեր, դրական էմոցիաներ ու լիքը հեքիաթի գիրք, որ կարդամ փոքրիկիս համար։ Փշաքաղվում եմ այդ մտքից…
Անցավ առաջին եռամսյակը։ Իմ շրջապատում բոլորը գիտեին իմ որոշման մասին, ոմանք ողջունեցին, ոմանք կարկամեցին, իսկ ինձ համար ոչինչ կարևոր չէր, ես տեսնում էի իմ ապագան։
Ամիսները անցան հեքիաթի պես։ Ես գիտեի արդեն բոլոր մանկական խանութների հասցեները, տեսել էի բոլոր ոճերի օրորոցներն ու սայլակները։ Անտարբեր չէի անցնում ոչ մի գեղեցիկ հագուստի կողքով, ու չնայած հորդորներին, որ ժամանակից շուտ չի կարելի երեխայի հագուստ գնել, իբրև թե վատ նշան է, ես չէի լսում ոչինչ։ Նույնիսկ դայակ էի փնտրում, ու ծիծաղելի էր, բայց արդեն մանկապարտեզներով էլ էի հետաքրքրվում… Խենթացել էի՞։ Չէ, փոխվել էր կյանքս, մտքերիս հունը, գտել էի ինքս ինձ…
Բայց և հայացքներ էլ էի գտել, տարօրինակ, քննադատող, կարեկցող… Մարդիկ անգործությունից սկսում են ուրիշների կյանքը քննարկել, լավ ու վատ անել, ճիշտ ու սխալ։ Ես էլ զուրկ չմնացի այդ քննադատություններից։ Բայց ինձ համար միևնույն էր, թե ինչ են խոսում իմ մասին ուրիշները, ես երջանիկ էի։
Աշխատանքի բերումով պիտի գնայի մարզերից մեկը, իմ վերջին կոնֆերանսը պիտի լիներ, որից հետո պիտի գնայի տուն ու պատրաստվեի հրաշքի ծնունդին։ Բայց ինչպես ասում են, մենք միայն պլաններ ենք կազմում։ Չգիտեմ երկար ճանապարհից էր, թե իմ լարվածությունից, ժամանակից շուտ սկսվեցին ծննդաբերական ցավերը։ Ճանապարհը բավականին հեռու էր, որպեսզի հետ վերադառնայի ու ինձ սպասարկող բժշկի մոտ գնայի ու ստիպված եղա դիմել մոտակա հիվանդանոց։
Ախ եթե միայն իմանայի…
Բարեհամբույր ու սիրալիր բժշկուհու դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց, երբ իմացավ, որ միայնակ մայր եմ, որ երեխաս հայր չունի…
Ծամածռված ժպիտի տակ զզվանք տեսա… Ցնցվեցի ես, երբեք չէին հետաքրքրել տարօրինակ հայացքներն ու անտեղի խորհուրդները, իսկ հիմա, կյանքիս ամենակարևոր տահին, որին սպասել եմ երկար , պատկերացրել ու երազել՝ մռայլ էր ու գորշ։
Ինչ որ  բաներ քչփչացին բժիշկն ու բուժքույրը, ու որոշեցին, որ կեսարյան հատման միջոցով պիտի ծնվի երեխաս, իսկ իմ կարծիքին ու պնդմանը, թե ես ուզում եմ բնական ճանապարհով լույս աշխարհ բերել իմ զավակին, ասացին.
-Ուզում ես խնդիրներով ծնվի , առանց այդ էլ անտեր է։
Անտեր… Իսկ ես ո՞վ պիտի լինեի, միթե ես չէի կարող արժանապատիվ կյանք ապահովել իմ երեխային, անտեր…
Զայրույթն ու հուզմունքը խեղդում էին ինձ, կոլեգաս փորձում էր հանգստացնել ու համոզել, որ հիմա շատերն են կեսարյան հատման դիմում, որ վախենալու ոչինչ չկա։
Ես ստիպված համաձայնվեցի։
Սառը ծնարան-վիրահատարան էր, աշնան սառնությունն ամբողջովին լցված էր սենյակում, ավելի շատ հիշեցնում էր մեղադրյալի բանտախցի։ Իմ խնդրանքին, որ ջեռուցեն սենյակը, պատասխանը եղավ, որ մի քիչ դիմանամ, եթե սրան չեմ դիմանում, էլ ինչպես պիտի միայնակ մոր “բեռը” տանեմ…
-Երեխան որ մեծանա, չի՞ հարցնելու հայրը ով է։
-Ազատ կյանք են անում, հետո անտեր երեխաներ բերում։
-Մենք չենք կարողանում մեր ամուսնուց երեխա ունենալ, սրա նմանները չգիտեն էլ ումից են հղի…
Անթաքույց ատելությամբ լցված, բարձրաձայն ու առանց խղճի խայթի վիրահատական սեղանին միմյանց կարծիքներով փոխանակվում էին դահիճները, որոնք իմ մեջ սպանեցին ամիսներ շարունակ փայփայած պատկերացումները, կյանքս լույսով լցվելու ակնթարթները…
Ես ոչինչ չէի կարողանում խոսել։ Ես, որ խոսել եմ տարբեր ամբիոններից, տարբեր լեզուներով, կնքել պայմանագրեր, համոզել, հաշտեցրել, վիճել ու բանավիճել՝ կորցրել էի բառերս…
Միայն երեխայի ճիչը ստիպեց սթափվել, բայց ես միայն առաստաղի լույսն էի տեսնում…
Երեխան ժամանակից շուտ էր ծնվել, ու առանց ինձ տալու՝ անմիջապես տարան միացնելու հատուկ ապարատի։ Ես միայն մի բան էի ուզում՝ վերցնել երեխայիս ու փախչել այդտեղից որքան հնարավոր է հեռու, դա իմ կյանքի կառափնարանն էր։
Չգիտեմ ցավից, ցասումից, թե անզորությունից մի պահ քնեցի։ Կոլեգայիս ձայնից արթնացա, ինձ համար սնունդ էր բերել։ Ստիպեց, որ ուտեմ, բայց հենց փորձեցի մի բան ուտել, բուժքույրը ներս մտավ ու ասաց, որ երեխային պետք է արհեստական կաթնախառնուրդ տալ, պիտի գնենք, որ իրենք կերակրեն։ Իմ հարցին, թե իսկ կրծքով երբ կարող եմ կերակրել, ավելի դաժան պատասխան հնչեց քննադատությունից զատ՝
-Ինչ էլ ուտի, մեկ է, անտեր է մեծանալու։
Կոլեգաս չդիմացավ ու իր տեղը ցույց տվեց անպատկառ բուժքրոջը, իսկ ես անմխիթար լաց էի լինում… հացը կուլ չգնաց։
Վերջապես տեսա իմ մասնիկին, այնքան փոքր ու փխրուն, այնքան հարազատ։ Ես կրկին անգամ համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, երդվեցի, որ ամեն ինչ կանեմ, որ աշխարհում ոչնչի կարիք չզգա, դողում էի, այդքան տագնապ ու սեր երբեք չէի զգացել, որքան դատարկ էր կյանքս առաջ, իսկ հիմա ես էլ մենակ չէի։
Երկու օր անց, ամեն ինչ արեցի, որ թե՛ երեխաս և թե ես տեղափոխվենք այդ հաստատությունից։
Պատմեցի իմ բժշկին եղելությունը, ափսոսանք հայտնեց, որ դեռ մնացել են հին մտածելակերպով ու կարծրատիպերով մարդիկ։ Շնորհավորեց մայր դառնալու կապակցությամբ։
Մենք առողջացած ու կազդուրված դուրս գրվեցինք, ծաղիկներ, փուչիկներ, շնորհավորանքներ ու շատ սեր…
Ինչերի միջով անցա ես՝ սպասում, հիասթափություն, անզորություն։ Հետաքրքիր են մարդիկ, ոմանք կարող են մի խոսքով թևեր տալ, իսկ ոմանք էլ այնպես ջարդուփշուր անել, որ երկար ժամանակ չկարողանաս հավաքել այդ փշուրները։ Ես ուժեղ եղա, հանուն լույս աչքերի, հանուն այդ փոքրիկ սրտի զարկերի… ես ուժեղ եղա…
Փոքրիկիս հետ տանն էինք, գեղեցիկ օրորորցում անուշ քնած էր, նայում էի, ու ժպտում , ժպտում էի ու լցվում էր կյանքս, պատկերացնում էի, որ շուտով կվազվզի, փափուկ թաթիկներով կբռնի ձեռքս, լիքը հարցեր կտա, կնկարի պատերին, կխառնի կոսմետիկաս, թղթերս, դուրս կշպրտի կյանքիցս մենակությունս…
Իսկ քանի դեռ քնած է, պիտի հասցնեմ լվանամ ու արդուկեմ շորիկները, հեքիաթի գիրք ընտրեմ… Կաթնախառնուրդ չեմ պատրաստի, կրծքով եմ կերակրելու, լավագույն բանը, որ կյանքից ու սիրուց  բացի կարող եմ տալի իմ հարազատին…