Posts

Միայնակ ծնողներ․ աշխատանքային օրենսգրքում միայնակ երեխա խնամողները չկան

Աշխատանքային օրենսգրքում չկա անդրադարձ, թե ով է միայնակ երեխա խնամող անձը կամ միայնակ ծնողը և, բացի մեկ հոդվածից (որում նշվում է, որ առանց ամուսնու (կնոջ) մինչև 14 տարեկան անչափահաս խնամող աշխատողն ունի աշխատանքային հերթափոխի նախապատվության իրավունք), չկան առանձնացված կարգավորումներ այս անձանց վերաբերյալ։ Այս մասին նշվում է «Կետ 33» հասարակական կազմակերպությունը  «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորություններ» հետազոտության մեջ։ 

Հետազոտության մեջ նշվում է նաև, որ միայն այն փաստը, որ Հայաստանում շուրջ 69 հազար երեխա միայնակ ծնողի խնամքի տակ է, հիմք է տալիս կարևորելու օրենսգրքում միայնակ երեխա խնամող աշխատողների համար արտոնություններ սահմանելու անհրաժեշտությունը։ 

Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ մասը ամրագրում է, որ առանց ամուսնու (կնոջ) մինչև 14 տարեկան անչափահաս խնամող աշխատողն ունի աշխատանքային հերթափոխի նախապատվության իրավունք` գործատուի մոտ նման հնարավորության առկայության դեպքում: Այստեղ հատկապես արժե ընդգծել «առանց ամուսնու (կնոջ) մինչև 14 տարեկան անչափահաս խնամող աշխատողն» ձևակերպումը, որը, փաստացի, ամբողջ օրենսգրքում միակն է, որը վերաբերում է միայնակ ծնողներին։ 

Հետազոտության մեջ ներկայացված են Վիճակագրական կոմիտեի մեկ ծնողների կողմից խնամվող երեխաների տվյալները՝ 2022 թ-ի մարդահամարի արդյունքներով.

 

  0-4 տարեկան 5-9 տարեկան 10-14 տարեկան
Միայն մոր հետ ապրող որդի 6881 11,329 13,408
Միայն մոր հետ ապրող դուստր 6180 10,005 12,791
Միայն հոր հետ ապրող որդի 1261 1,453 1,799
Միայն հոր հետ ապրող դուստր 1034 1,318 1,357
Ընդհանուր 15356 24105 29355
68 816

Հետազոտության մեջ նաև ամփոփված են օրենսդրական բարեփոխումների առաջարկություններ, որոնց մի զգալի մասը վերաբերում են նաև միայնակ ծնողներին։ 

Մասնավորապես՝

➠Առաջարկություն․ Աշխատանքային օրենսգրքում ունենալ սահմանում միայնակ ծնող և միայնակ երեխա խնամող աշխատողների վերաբերյալ։ 

➠Աշխատաժամանակին վերաբերող այն արտոնությունները, որոնք նախատեսված են հղի կանանց և մինչև 3 տարեկան երեխա խնամողերին, վերաբերելի լինեն մինչև 14 տարեկան երեխա միայնակ խնամողին, այս թվում նաև ոչ լրիվ աշխատաժամանակի սահմանումը լինի նաև միայնակ երեխա խնամող աշխատողի պահանջով՝ հիմքում ունենալով համապատասխան փաստաթղթի առկայությունը։ 

⧫Հավաքագրել և մշակել վիճակագրական տվյալներ, թե ըստ տարիքային խմբերի քանի երեխա է ապրում մեկ մեծահասակի խնամքի տակ և սոցիալական ինչ պայմաններում, ընտանիքն ինչ եկամուտներ է ստանում։

➠Առաջարկվում է Աշխատանքային օրենսգիրքը լրացնել կետով, ըստ որի՝ հեռավար աշխատանքը կարող է սահմանվել միայնակ (առանց ամուսնու/կնոջ կամ առանց երեխայի ծնողների) մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով։ Պահանջը գործատուի կողմից մերժվելու դեպքում պետք է ներկայացվի գրավոր հիմնավորում։ 

Կարևոր է, որպեսզի պետությունը նախաձեռնի աշխատող ծնողների դեպքում երեխայի խնամքի աջակցման ծրագրեր։ Եվ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն աշխատող և միայնակ երեխա խնամողները (օրինակ, միայնակ մայրերը/հայրերը կամ երեխային առանց ծնողների մեծացնող միայնակ խնամակալը)՝ հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ նույնիսկ ամբողջական ընտանիքներում, երբ երեխայի խնամքով զբաղվում է երկու ծնողը, մարտահրավեր է աշխատանքն ու ընտանեկան հոգսերը համատեղելը, իսկ միայնակ ծնողի կամ խնամակալի դեպքում խնդիրը կրկնակի բարդանում է։

➠Առաջարկվում է, որպեսզի ստեղծվի օրենսդրական հնարավորություն՝ պետական նախակրթական հաստատությունների գործառույթների մի մասը մասնավոր  նախակրթական հաստատություններին պատվիրակելու համար, ինչի դեպքում յուրաքանչյուր տարվա կտրվածքով պետական բյուջեից հատկացումներ կարվեն մասնավոր նախակրթարաններին ու մանկապարտեզներին մինչև 5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու նպատակով։  Ընդունելի կարող է լինել, որ այս հնարավորությունը տրվի նախևառաջ միայնակ երեխա խնամող աշխատողներին։

➠Առաջարկվում է նոր պայմաններով վերագործարկել «Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագիրը, որը հնարավորություն կտա աջակցել աշխատող ծնողներին՝ մինչև 3 տարեկան երեխաների խնամքը կազմակերպելիս։ Շահառուների խմբում առանջնահերթություն պետք է տրվեն միայնակ ծնողներին կամ երեխայի միայնակ խնամակալներին։ 

«Կետ 33» կազմակերպության իրականացրած հետազոտության արդյունքում կազմված բարեփոխումների ամփոփ առաջարկություններն ուղղված են ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին և «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական» ծրագրի ամփոփման միջոցառման ժամանակ ներկայացվել են պատկան մարմիններին:

ՀՀ-ում աշխատունակ կանանց կեսից ավելին դուրս է մնում աշխատաշուկայից. հետազոտություն

ՀՀ-ում կանանց կրթական մակարդակը բավականին բարձր է, միևնույն ժամանակ նրանց ներգրավվածությունը աշխատաշուկայում բավականին ցածր է։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում վերջին տարիներին բարձրագույն կրթություն ստացածների ավելի քան 50 տոկոսը կազմում են կանայք՝ 2012-ին՝ 50,4 տոկոսը, իսկ 2020-ին՝ 54,6 տոկոսը։
Նույն աղբյուրի տվյալների համաձայն՝ աշխատաշուկայում զբաղվածների 41 տոկոսը կանայք են։ Իսկ, ընդհանուր առմամբ, աշխատունակ կանանց շուրջ 51 տոկոսը համարվում է աշխատուժից դուրս մնացած։

Միևնույն ժամանակ, խոսուն են աշխատուժից դուրս մնացած և աշխատաշուկայում մասնակիցների վերաբերյալ տվյալները։ Բավականին բարձր սեռային խզվածք կա, սակայն ավելի ցայտուն է այդ խզվածքը հատկապես վերարտադրողական տարիքային խմբում։ Մասնավորապես, աշխատուժից դուրս բնակչության 25-49 տարիքային խմբում սեռային խզվածքը 67 տոկոս է, իսկ աշխատուժի մասնակցության նույն տարիքային խմբում սեռային խզվածքը կազմում է շուրջ 41 տոկոս։

 

Խոսուն են նաև սեռային խզվածքի ցուցանիշների պատճառները։ «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2021» հետազոտության մեջ նշվում է․ «․․․հիմնականում պայմանավորված ընտանեկան պարտականություններով (հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք և այլն) կանանց զբաղվածությամբ»։

Փաստորեն, Հայաստանում կա իրավիճակ, երբ աշխատունակ կանանց կեսից ավելին դուրս է մնում աշխատաշուկայից և ունի պասիվ մասնակցություն տնտեսության մեջ։ Մինչդեռ, ըստ ՄըքՔինզիի 2015 թվականի (McKinsey 2015) զեկույցի՝ կանանց հավասար մասնակցությունը աշխատաշուկայում լրացուցիչ 12 տրիլիոնի հասույթ կապահովի համաշխարհային տնտեսության համար մինչև 2025 թվականը:

Աղբյուրը՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտություն:

*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:

Հանդիպում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հետ․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Մայիսի 5-ին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հանդիպել է «Կետ 33» հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը և «Կետ 33» կազմակերպության իրավաբան, փաստաբան Գևորգ Սլոյանը:

Հանդիպման ժամանակ Աստղիկ Կարապետյանը ներկայացրել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի շրջանակում արված՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտությունը, որն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:


Քննարկվել են աշխատավայրում կրծքով կերակրելու իրավունքի իրացմանը խոչընդոտող խնդիրները, օրենսդրական կարգավորումները, «Կետ 33» ՀԿ կողմից առաջարկվող փոփոխությունները։

Փոխանախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ կարևորում են կանանց՝ աշխատաշուկայում ներգրավվածության և կրծքով կերակրելու իրավունքի իրացման հարցերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն դրական ազդեցություն կարող է ունենալ ծնելիության աճի և դեմոգրաֆիայի վրա։

Միևնույն ժամանակ նշեց, որ ներկայումս Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծով նախատեսվում են ավելի ճկուն մոտեցումներ՝ կրծքով կերակրելու համար նախատեսված ընդմիջումներն օգտագործելու համար։ Սա ի տարբերություն գործող կարգավորման՝ դրական փոփոխություն կարող է բերել, սակայն, կրծքով կերակրելու իրավունքը աշխատավայրում իրացնելու համար այլ քայլեր ևս պետք է նախատեսել։

Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ պատրաստակամ են ավելի մանրամասն քննարկել «Կետ 33» ՀԿ-ի կողմից ներկայացվող օրենսդրական փոփոխությունների առաջարկություններն ու դրանց հիմնավորումները, այնուհետև դիտարկել դրանց ներառումը ներկայումս շրջանառության մեջ դրված Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծում կամ նոր՝ առանձին նախագծով դրանց ներկայացումը։ Նախատեսվում է շարունակական համագործակցություն։

Համագործակցության համաձայնություն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ

Ապրիլի 27-ին հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը և ժողովրդագրական ծրագրերի ղեկավար Աննա Հովհաննիսյանը, «Կետ 33» կազմակերpության իրավաբան, փաստաբան Գևորգ Սլոյանը, հանրային կապերի պատասխանատու Շուշան Շատիկյանը։

Հանդիպման ժամանակ Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:

Քննարկվեցին համագործակցության վերաբերող հարցեր։ Հանդիպման արդյունքում ձեռքբերվեց ընտանիքամետ միջավայրի քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանն ուղղված համագործակցության պայմանավորվածություն։