Ընտանիքամետ գործատու, որն աջակցեց աճել ու առաջնորդել

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

(էսսե)

Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ–ում իմ մեկ տարվա աշխատանքային ճանապարհը դարձավ մի շրջադարձային փորձ, որը փոխեց ոչ միայն իմ մասնագիտական ինքնաըկալումը, այլև՝ իմ կյանքի որակը։ Ես միացա թիմին որպես «Բնության և Կնոջ Ուժը» նախաձեռնության թիմի համակարգող։Մենք իրականացրել ենք բնապահպանական ծրագիր։ հենց առաջին օրերից զգացի, որ սա ընդամենը աշխատանքային վայր չէ․ սա մի միջավայր է, որտեղ մարդուն տեսնում են ամբողջականությամբ՝ ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև որպես անձնավորություն, մայր, կին, համայնքի անդամ։

Որպես չորս երեխաների մայր, հաճախ պատկերացնում էի, որ գուցե դժվար լինի լիարժեք ներգրավվել աշխատանքային ինտենսիվ պրոցեսների մեջ, բայց կազմակերպությունը կոտրեց այդ վախերը։ Նրանք ոչ միայն ընդունեցին ինձ իրենց թիմ, այլև ստեղծեցին այնպիսի պայմաններ, որտեղ ես կարողացա առանց սթրեսի, առանց ճնշման և առանց ընտրության առաջ կանգնելու համատեղել մասնագիտական պատասխանատվությունն ու մայրական պարտականությունները։ Այստեղ ինձ երբեք չհարցրեցին՝ «աշխատանք, թե երեխաներ»։ Այստեղ ինձ ասացին՝ «երկուսն էլ կարող ես, և մենք կողքիդ ենք»։

Այս մոտեցումը չի եղել միայն խոսքերով։ Այն արտահայտվել է ամենօրյա աշխատանքային իրականության մեջ՝ գրաֆիկի ճկունությամբ, մարդկային վերաբերմունքով, ըմբռնումով՝ թե ինչ է նշանակում բազմազավակ մայր լինել, և այն հոգատարությամբ, որով իմ կարիքներն ընդունվել են առանց դատողության։

Այս թիմում ես ոչ միայն սովորեցի նախագծային կառավարում, հաղորդակցություն, համայնքային աշխատանք, ծրագրային կազմակերպում, այլ նաև՝ թե ինչ է նշանակում աշխատավայր, որը իր մեջ կրում է ընտանիքամետ մշակույթի իրական արժեքները։ Իմ նկատմամբ վերաբերմունքը դարձավ ապացույց, որ աշխատողին մարդուն չվնասելու սկզբունքը կարող է լինել ոչ թե գրագիտական դրույթ, այլ գործնական իրականություն։

Այս մեկ տարին ինձ տվել է անգին փորձ՝ կազմակերպել, համակարգել, ներկայացնել, ստեղծել ու ղեկավարել։ Եվ այսօր ես վստահ եմ, որ այս ամրացած հիմքը ինձ տալիս է հնարավորություն ձգտելու ավելի բարձր, ավելի պատասխանատու պաշտոնների։ Այն վստահությունը, որը ստացել եմ այստեղ, դարձել է իմ մասնագիտական շարժիչ ուժը։

Այս կազմակերպությունը իմ կյանքում թողեց մի հետք, որը չի ջնջվում․մարդկային վերաբերմունքով հագեցած մի միջավայր, որտեղ աշխատակիցը դիտվում է որպես արժեք, իսկ ընտանիքը՝ որպես կարևորագույն ենթակառուցվածք, ոչ թե խոչընդոտ։

Այստեղ ինձ տեսան, լսեցին, աջակցեցին, կրթեցին և ուժեղացրին։ Եվ եթե ինձ խնդրեն մեկ բառով նկարագրել այս կազմակերպության աշխատանքային մշակույթը, կասեմ՝ ընտանիք։ Որովհետև այստեղ մարդուն վերաբերվում  են մարդու պես։

Հեղինակ՝ Մարիյա Թումասյան