Կրծքով կերակրման համար սենյակներ՝ աշխատավայրում
Աշխատանքային պայմանները առանցքային նշանակություն ունեն ոչ միայն աշխատողների, այլև նրանց ընտանիքի ու երեխաների բարեկեցության համար։
Աշխատող մայրերը երեխայի ծննդից հետո հաճախ ցանկանում են աշխատանքի վերադառնալ, բայց գտնվելով կրծքով կերակրման շրջանում, չեն կարողանում:
Որքան լավ կլիներ, եթե գործատուն աշխատավայրում ապահովեր համապատասխան պայմաններ՝ մայրերի՝ երեխային կրծքով կերակրելու իրավունքն իրացնելու համար, այնպես չէ՞:
Իսկ գիտե՞ք, որ աշխատանքային օրենսգրքով ամրագրված է դրույթ՝ աշխատավայրերում երեխային կրծքով կերակրելու համար սենյակ ունենալու մասին:
Այսպես, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 251-րդ հոդվածում նշվում է, որ կազմակերպությունում աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան` երեխաներին կրծքով կերակրելու համար կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով:
Իսկ 2019-ի հոկտեմբերից ուժի մեջ է մտել «ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի միջոցառումների ծրագրով նախատեսվում է բարձրագույն ուսումնական և պետական հաստատություններում (աշխատանքի և ուսման վայրերում) կրծքով կերակրող մայրերի համար կերակրասենյակների ստեղծում:
Այս միջոցառումը նախատեսվում է փորձնական ծրագրով Երևանում իրականացնել 2021-2023 թվականներին։
*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում: