Կրծքով կերակրման խրախուսումը աշխատող կանանց համար
Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալու կրծքով կերակրում՝ որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ստանալու համար:
Միևնույն ժամանակ, կրծքով կերակրող կինն իրավունք ունի համապատասխան պայմաններ ունենալու աշխատավայրում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար:
Երեխային կրծքով կերակրումն ու աշխատանքը համատեղելի են։ Ավելին` աշխատանքային ժամերին կրծքով կերակրումը միջազգայնորեն ճանաչված իրավունք է։ Մասնավորապես, ԱՄԿ Մայրության պաշտպանության կոնվենցիայի (թիվ 183) 10-րդ հոդվածը սահմանում է ԿԿ համար առնվազն մեկ անգամ ընդմիջման, աշխատանքային ժամերի կրճատման իրավունքի մասին։ Նախատեսվում է, որ չաշխատած ժամերի, ընդմիջումների դիմաց կինը վճարվում է։
ՀՀ Աշխատանքային օրենսգրքում հստակ դրույթներ կան, որոնց նպատակը արձակուրդից հետո երեխայի կրծքով կերակրումը շարունակելուն նպաստելն է։
Այսպես՝ Օրենսգրքի 258-րդ հոդվածը սահմանում է, որ կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ:
Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով: Այսինքն՝ 8 ժամ տևողությամբ աշխատանքային օրվա ընթացքում կրծքով կերակրող կինը կարող է ունենալ հավելյալ առնվազն 1 ժամ ընդմիջում։
* Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում: