Անի Խաչատրյան․ «Արագացված ծննդաբերություն»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
Հեղինակ՝ Անի Խաչատրյան
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԾՆՆԴԱԲԵՐՈւԹՅՈւՆ
(վավերագրություն)
2009 թվականի մարտի 5-ն էր, հղիության 8-րդ ամսում էի, դեռ 2 շաբաթ կար մինչև ծննդաբերությունը։ Գնացի բժշկիս մոտ հերթական ստուգման, այդ բժշկին էի ընտրել ծննդաբերության համար ու մի քանի ամիս իր հսկողության տակ էի։ Այդ օրը հերթապահ էր, ինձ էլ միանգամից կանչել էր իր հերթապահության օրը, ստուգեց, ասեց, որ երկու մատ բացվածք ունեմ ու պետք է մնամ իրենց մոտ, որ արդեն այդ օրը ծննդաբերեմ։ Շատ անսպասելի էր, ցավեր չունեի, չէի պատրաստվել այդ օրը ծննդաբերելուն, բայց դե մնացի, տանից ինձ հագուստ ու անհրաժեշտ պարագաներ ուղարկեցին ու մնացի նախածնարանում։ Կեսօրից հիվանդանոցում էի, երեկոյան կողմ դեռ ոչ մի փոփոխություն չկար։ Բժիշկս ասեց, որ պիտի պտղաջրերը բաց թողնեն, քանի որ «ջրերս չէին գնացել»։ Պառկացրեցին, մկրատի նման մի բան ներս մտցրեց ու պտղապարկի պատռում արեց, պտղաջրերը հոսեցին (մինչև հիմա այդ խրթոցն ականջներիս մեջ է) ու դրանից հետո ցավերս սկսեցին։ Հիմա եմ հասկանում, որ բժշկուհիս ուղղակի ուզում էր, որ իր հերթապահության օրը ծննդաբերեմ, որ այլ օր իմ համար չհասնի հիվանդանոց։
Բայց ցավերը դեռ ուժեղ չէին, դադարներով էին, կամաց-կամաց էին ուժեղանում, բայց քանի որ դադարներ կային, կարողանում էի հանգստանալ այդ դադարի ժամանակ, շունչ քաշել ու պատրաստվել հաջորդ ցավի հոսանքին։ Արդեն գիշերը, երբ դեռ մեկ է շատ ուժեղ չէին ցավերս, բացվածքն էլ շատ չէր մեծացել, որոշեցին, որ պիտի կաթիլային միացնեն ինձ, որ արագացնեն պրոցեսը։ Այն ժամանակ բժիշկս չբացատրեց ինձ, թե ինչ դեղ են միացնելու կաթիլայինով, ոչ էլ հարցրեցին, արդյո՞ք համաձայն եմ, թե՞ ոչ։ Հիմա գիտեմ, որ օքսիտոցին միացրեցին, որը խթանում ու արագացնում է ծննդաբերությունը ու նաև ունի իր վատ հետևանքներն ու չի խրախուսվում այդ միջոցին դիմել, եթե խիստ անհրաժեշտություն չկա։ Կաթիլայինից հետո ցավերս այնքան ուժեղացան, որ շունչս կտրվում էր, սիրտս սկսեց շատ արագ աշխատել, որովհետև էլ ցավերի մեջ դադարներ չկային, որ կարողանայի հանգստանալ, անդադար ուժեղ ցավեր էին։ Բժիշկս տարածքում չէր, բուժքույրերին ասում էի, որ վատ եմ զգում ինձ, որ հանգստացնող մի բան տան, որովհետև սիրտս չի դիմանում այս ցավերին, բայց ոչինչ չէին ձեռնարկում, ասում էին, որ պիտի դիմանամ ու այն կողմում նստած սուրճ էին խմում ու ծիծաղում վրաս։ Հետո սիրտս սկսեց ուժեղ խառնել, մի կերպ հասա զուգարան, բայց զուգարանակոնքի չհասցրեցի ու հետո մաքրող կինը վրաս գոռգոռում էր, թե ինչու՞ եմ փսխել գետնին։ Չկար որևէ ապրումակցում, որևէ լավ վերաբերմունք ծննդաբերող կնոջ հանդեպ։ Այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ բանում մեղավոր ես, որ իրենց ինչ-որ բան պարտք ես։
Ես նախածնարանում էի, հետս ուրիշ կանայք էլ կային ու իրանք էլ ցավից գոռում էին ու իրանց գոռոցներն ավելի էին ազդում վրաս ու ավելի ուժեղացնում ցավերս։
Մի պահ զգացի, որ մի բան փոխվեց, ցավերը փոխվեցին, ու ոնց որ մի բան ուզենար դուրս գար, գոռացի բուժքույրերին, որ ոնց որ երեխաս ծնվում ա, եկեք, էլի չէին գալիս, թե բա քեզ է թվում, դեռ ժամանակը չի։ Հետո եկան ու տեսան, որ իրոք արդեն ծնվում է, տարան ծնարան։ Բժշկուհիս էլ տեղում չէր։ Գիշերվա ժամը 4։30 էր արդեն։
Երեխան ծնվեց ու միանգամից չլացեց, արագ պորտը կտրեցին ու տարան թթվածին միացնելու, իսկ ինձ ոչինչ չէին բացատրում։ Պատկերացնում ե՞ք իմ վիճակը, իմ վախը, երբ չգիտես ինչ է երեխուդ հետ, ու ոչինչ չեն բացատրում քեզ, գոռում էի․
-Ի՞նչ է եղել երեխուս հետ
Բան չէին ասում։ Հետո լացեց, բերեցին մոտս, գրկեցի, սկսեցի հետը խոսալ, ձայնը կտրեց, հանգստացավ։ Հինգ րոպե հազիվ երեխայիս թողեցին մոտս, տարան, թե բա պիտի հսկողության տակ մնա։ Ինձ էլ տարան պալատ ու քնեցի հոգնած։
Չնայած ծննդաբերությունը Հայաստանում անվճար է, բայց մեզ ասել էին, որ անվճար պալատ չկա ու վճարովի պալատում էին ինձ տեղավորել։ Պալատում մենակ էի, առավոտյան արթնացա ու չգիտեի ինչ անել, չգիտեի ծննդաբերությունից հետո ո՞նց պիտի ինձ պահեմ, ո՞նց պիտի ինձ խնամեմ, ինձ չէին պատմել, ասել։ Տեղիցս վեր կացա, գտա բուժքույրերին, ուզում էի երեխայիս տեսնեի ու դեռ չէին բերում մոտս։ Քանի որ ծննդաբերությունս հեշտ էր եղել, այսինքն պատռվածքներ ու բարդություններ չունեի, ոտքի վրա էի, գնում էի երեխու մոտ ու իրանց անընդհատ հարցնում էի, թե երբ եք երեխուս ինձ մոտ բերելու, ասում էին՝ որ պիտի հսկողության տակ մնա, քանի որ չի լացել միանգամից։ Անգամ չէին բերում, որ կերակեմ երեխայիս։ Վերջը այնքան ասեցի, այնքան հոգիները հանեցի, որ երեխուս բերեցին մոտս։
Երեխաս ու ես այնքան առողջ էինք, որ հաջորդ օրը մեզ դուրս գրեցին հիվանդանոցից (տղայիս պորտը տանն է ընկել, ես եմ մշակումներն արել)։ Դուրս գրելուց առաջ հարցնում էի իրենց, երեխու արյան կարգը պարզ է՞ արդեն, քանի որ ես ռեզուս-բացասական եմ, իսկ երեխու հայրը ռեզուս-դրական էր, ու գիտեի, որ եթե երեխան էլ ռեզուս-դրական լինի, ինձ պիտի հակառեզուսային իմունոգլոբուլինի ներարկում անեն, որ հաջորդ հղիության ժամանակ օրգանիզս հակամարմիններ չարտադրի ու չվնասի հաջորդ երեխային։ Վերջին պահին նոր ասեցին, որ երեխան ռեզուս-դրական է, բայց իրենք շիճուկ չունեն, պետք է բերել այլ հիվանդանոցից։ Հարազատներս գնացին, բերեցին, մեզ դուրս գրեցին։
Ես այդ ժամանակ հասկանում էի, որ սխալ է այս վերաբերմունքը, բայց քանի որ շատ տեղեկացված չէի, այն ժամանակ էլ այդքան տեղեկատվություն չկար, չէի կարող շատ բան անել, մանավանդ այդ խոցելի վիճակում, մենակ, չես կարողանում քեզ պաշտպանել։ Երեխայի հորն էլ չէին թողնում ներկա գտնվել ծննդաբերությանը, որ գոնե աջակցություն ունենայիր, մենակ չլինեիր։
Հիմա հասկանում եմ, որ իմ երեխայի ծնվելու ժամանակը դեռ չէր ու ինձ «ստիպեցին» ծննդաբերել։ Այդ միջամտությունները, այդ վերաբերմունքը մանկաբարձական բռնություն է, ոչ մեկ արժանի չի այդ վերաբերմունքին, այդ ստրեսին, այդ տրավմաներին։ Ու հնարավոր է նաև այդ միջամտությունների պատճառով էր, որ նորածին տղաս գլխի մեջ կիստա ուներ ու կյանքի առաջին երկու ամիսը համարյա չէր քնում, շատ լարված էր, լացում էր անընդհատ։ Հետո երբ վիրուսային վարակով հիվանդանոց պառկեցինք, այնտեղ ստուգեցին գլուխը ու հայտնաբերեցին կիստան (այդ հիվանդանոցում անցկացրած 10 օրն էլ մի այլ սարսափելի պատմություն է)։
Ուսանող ժամանակ մի անգամ մանկաբարձական ուսումնարանում սովորող ընկերուհուս հետ մի գիշեր անցկացրեցի ծննդատներից մեկում` որպես պրակտիկանտ ու մի քանի ծննդաբերություն տեսա, տեսա, թե ինչպես են կանայք բժիշկների պատճառով պատռվածքներ ունենում, թե ինչ վերաբերմունքի են արժանանում, այսինքն սրանք եզակի դեպքեր չեն։ Ու տեսա, թե ինչպես են այլ պրակտիկանտները միայն երեխայի դուրս գալու պահը նայում ու հետո անգամ սենյակից դուրս էին գալիս, իրենց հետաքրքիր չէին մինչծննդաբերական ու հետծննդաբերական պրոցեսները։ Ու այդ պրակտիկանտները հետո հիվանդանոցներում էին աշխատելու, իրենք պետք է հղիների կողքին լինեին, բայց սարսափում էի իրենց անտարբերությունից ու նաև անգրագիտությունից։
Վերջին տարիներին վերջապես սկսել են խոսել սրա մասին, շատ կանայք են բարձրաձայնում իրենց հետ կատարվածի մասին ու հասկանում ես, որ համատարած երևույթ է։ Ոչ միայն բուժաշխատողները պիտի կրթվեն, այլ նաև մենք, պետք է բարձրաձայնենք այս թեմաները, տեղեկացվենք, պաշտպանենք մեզ ու մյուսներին։
Երեխայի առաջին վայրկյանները չպետք է այսպիսի սթրեսի մեջ սկսեն, կանայք էլ չպիտի անցնեն դրա միջով իրենց կյանքի այդ պահին, երբ պիտի ուղղակի վայելեն երեխայի հետ ծանոթանալու, մայրանալու պահը։
Ուզեցի կիսվել իմ պատմությամբ, որ մյուս կանայք գոնե տեղեկացվեն, ավելի պաշտպանված լինեն։
P.S. Այս վերջին տարիներին, երբ իմացա նորածին երեխաների առք-վաճառքի դեպքերի մասին, սկսեցին հարցեր ու կասկածներ առաջանալ, ինչու՞ իմ երեխային ինձ մոտ չէին բերում (նույն հիվանդանոցում եմ ծննդաբերել, որտեղ այդ դեպքերը տեղի են ունեցել)։
ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ