Ամալյա Պապյան․ ««Արև-երեխայի» ծնունդը»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
Հեղինակ՝ Ամալյա Պապյան
(էսսե)
Աչքերս նոր էի բացել, սպասվածս երջանկության պահի գիտակցումն էի տեղավորում սրտումս՝ աղջիկս ծնվել էր։ Ծննդաբերեցի կեսարյան հատմամբ, ամեն բան բարեհաջող էր ընթացել։ Բալիկս դեռ ինձ մոտ չէր, ես հետվիրահատական բաժնում էի թմրաքնից նոր էի արթնանում և սկսում գիտակցել, որ երազանքս իրականություն է դարձել։ Անմոռանալի, երջանիկ օր ինձ համար։ Գլխումս աստիճանաբար ամեն բան պարզվում էր, կարծում էի, թե ինձ հետ երջանկացել է ամբողջ աշխարհը՝ նոր մարդ է եկել լույս աշխարհ։
Դեմքիս ժպիտ էր դաջվել և հենց այդ ժպիտով էլ նայում էի շուրջ բոլորս, երբ սարսափած հայացքի հանդիպեցի։ Իմ մահճակալից ոչ հեռու նուրբ դիմագծերով գանգրահեր աղջիկ էր կանգնած։ Դողում էր։ Այնպես էր դողում, որ երկար գանգուրները զսպանակում էին․ հղի էր։ Մի մեծ կլորիկ փորիկ ուներ,-«Կեսարյան հատման է պատրաստվում, դրանից էլ վախենում է , բնական է»,- մտածեցի ես։
– Մի վախեցիր, լավ կլինի, ոչինչ չես զգա։ Ինձ նման կարթնանաս և կտեսնես, որ բալիկ ունես։ Այդպես մի դողա, վնաս է,- նույն ժպիտը դեռ դեմքիս դիմեցի 20- 23 տարեկան կնոջը։
– Չէ, տենց չի։
Աղջկա սարսափած աչքերը թափառում էին սենյակով մեկ, ուղղվում միջանցք, բայց կանգնած տեղից չեր շարժվում։ Կարծես իրեն գամած լինեին դռանը ամենամոտ անկյունին։ Իմ օգնելու, նրա վախը փարատելու ցանկությունս այնքան մեծ էր, որ չէի նահանջում, փորձում էի կրկին երկխոսություն սկսել։ Ինքս էլ գիտեմ ինչպիսի հոգեվիճակ է լինում ցանկացած վիրահատությունից առաջ, առավելապես, երբ դրա հաջողությունից երկու կյանք է կախված։
– Չէ, չէ իմ իրավիճակը ուրիշ է։ Ես պիտի հրաժարվեմ երեխայիցս։ Այդպես են ասում։ Ասում են քեզ պետք չէ հիվանդ երեխա։ Սկեսուրս շատ դեմ է։ Ամուսինս լռում է, բժիշկն էլ ասում է՝ ճիշտը հրաժարվելն է։
Խոսքի ընթացքում գանգրահերի սարսափած աչքերը լցվեցին արցունքով, կորավ նաև իմ ժպիտը։
Կնոջ առաջին հղիությունն էր։ Դեռ հղիության սկզբնական շրջանում ախտորոշվել էր, որ պտուղը ունի դաունի համախտանիշ, սակայն տանեցիները պոլիկլինիկայի բժշկուհու հետ միասին եկել էին որոշման, որ հղիությունը ընդհատել պետք չէ։ Դե երիտասարդ օրգանիզմ է, մեկ հղիություն ավել-պակաս նշանակություն չունի, փոխարենը հղիության ընդհատմամբ չի վտանգվի հետագայում այլ երեխաներ ունենալը։
Այդպես գանգրահերը գրեթե ամբողջ հղիությունը անցկացրել էր անդադար նախատինքի․ «Բերածդ դեբիլ չի, բարձրացի պատուհանները լվա»,- արտահայտությունների, արհամարհանքի և խիղճը կրծոտող մտքերի հետ։ Պոլիկլինիկայի բժշկուհին էլ ասել էր, որ այլևս խորհրդատվության գալու կարիք չկա։
Ծննդատանը արդեն գիտեին, ընտանիքի մտադրության մասին․ սկեսուրը նախապես զգուշացրել էր, «Ազատեք ու թողնելու ենք գնանք»։ Հիվանդանոցում նույնպես գանգրահերին մի տեսակ անտեսում էին։ Մեր զրույցի ընթացքում մի քանի անգամ բուժաշխատողներ եկան ու գնացին, բայց կարծես աղջկան չէին տեսնում։ Նրա անկյունում սեղմված գնդակի նման փորիկն ու արցունքապատ աչքերը, կարծես միայն ես տեսնեի։
․ «Չէ, թմրաքունս լիովին չի անցել, սա ինչ մղձավանջ է։ Նման բան լինել չի կարող, սա տեսիլք է, երևի»,- մտքերս ընդհատեց գանգրահերի ձայնը։
– Ես ուզում եմ իմ երեխային։
Սթափվեցի, չէ մղձավանջ չէ։
– Ասա, որ դեմ ես։ Մի հրաժարվի։ Գիտես իրենց «Արև- երեխաներ» են ասում։ Ասա բժիշկներին, որ սկեսուրիդ հետ համաձայն չես։
– Ինձ ասում են դեռ շատ երեխաներ կունենաս։ Առողջ։ Առողջ երեխաներդ կամաչեն հիվանդից, նրանց ճակատագրի հետ ես խաղում։ Թող սրան, նա ոչինչ չի հասկանում։ Կգնաս տուն ու կմոռանաս։
Գանգրահերին կանչեցին վիրահատության պատրաստելու։
– Էն դաունին ասեք, թող գա։
Գանգրահերը գնաց։ Դեմքիս մի կեսը ժպտում էր՝ աղջիկս ծնվել է։ Մյուս կեսը սարսափած էր՝ լսածս իրականություն է։
Ի՞նչպիսի հոգեվիճակում էր երիտասարդ կինը, դժվար է պատկերացնել, բայց այն, որ նա միայնակ էր իր հույզերի հետ փաստ է։ Փաստ է նաև , որ նա այդ օրը չի մոռանա երբեք, ես նույնպես։
Երկու օր անց հանդիպեցի գանգրահերին միջանցքում։ Կրծքամասը լաթով շատ ամուր կապած․ կաթի հոսքը դադարեցնելու համար։ Գանգրահերնը ինձ նկատելուն պես արագացրեց քայլերը, հայացքը թեքեց, և ուղվեց դեպի ելք՝ մենակ։
Ես հիվանդանոցում անցկացրեցի ևս մի քանի օր։ Տեսա «Արև- երեխային» մտազբաղ բուժքրոջ գրկում։
– Կներեք հարցիս համար։ Այս երեխան դաունի համախտանիշով ծնված երեխա՞ն է։
– Այո։ Տանում եմ արյան հերթական անալիզի։ Խեղճ երեխուն էլի պիտի ծակեն։ Թե ասա երևում է էլի, որ դաուն է։ Ախր այսպիսինների երակներն էլ փախչող են։ Չգիտեմ։
Մանկաբարձական բռնություն ասելիս շատերը ֆիզիկականն են պատկերացնում, ես ականատեսը եղա հոգեբանական բռնության, որը հաճախ շատ ավելի խորը սպիեր է թողնում մարդու կյանքում։ Ծննդատանը գանգարահերի հետ այդպես էլ չզրուցեց հոգեբանը, բժիշկները նախընտրել էին չմիջամտել ընտանիքի որոշմանը։ Որոշ բժիշկներ համամիտ էին սկեսուրի հետ։ Ի՞նչ կարող էր անել երիտասարդ ծննդկանը։ Ընդդիմանա՞լ, համառե՞լ։ Այո կարող էր, բայց չարեց։ Հոգեբանորեն հալածված մարդը շատ քիչ բան է կարող անել։ Գանգրահերը ակնհայտ հոգեբանորեն հալածված էր, հոգեբանական բռնություն, որը սկսել էր ընտանիքում և շարունակվեց ծննդատանը։
Դեպքը իրական է, ականատեսը՝ ես, ժամանակագրությունը 17 տարվա վաղեմության։
Այդ դեպքը հաճախ եմ հիշում։ Հիշում են, երբ խոսում են հոգեբանական հալածանքի մասին, հիշում եմ, երբ «Արևի- երեխա եմ» տեսնում։
Հիշում եմ և մտածում․ « Միգուցե ես ինչ-որ բան կարո՞ղ էի անել»։
ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ