Մելինե Սիրունյան․ «Լույսը»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

***

Հեղինակ՝ Մելինե Սիրունյան

 

Լույսը

-Դե՜, երազանք պահիր։
-Դե՛, դե՛։
Ես մի պահ բարձրացրեցի աչքերս, նայեցի աջից ձախ, ձախից աջ, իմ ընկերուհիներին, իմ կոլեգաներին ու հանկարծ կայծակի նման գլխումս շանթեց մի միտք՝ ես մենակ եմ։
Նորից նայեցի տորթիս մոմերին՝ երեսունինը։
Ի՞նչ երազանքներ կարող է ունենալ երեսունինը տարեկան կինը, ով ունի ամեն ինչ, բայց մենակ է։
Գնացին ընկերուհիները, կոլեգաները, ու ես կրկին մենակ մնացի՝ թանկարժեք կահավորված բնակարանում, թանկարժեք ու կեղտոտված սպասքի, տորթի կտորների ու գետնին թպրտացող փայլիկների կողքին ես մենակ էի…
Երբեք չէի մտածի, որ ես, ով ուներ ամեն ինչ՝ փող, հրաշալի ընկերներ, ում հետ կարող էի խոսել ցանկացած թեմայից, կոլեգաներ, ում հետ մասնակցում էի կոնֆերանսների, գնում ճամփորդության, սրճարաններում վայելում սուրճ ու երեկոյան գալիս տուն՝ վաղվա պլանները կազմելու՝ մենակ էի…
Ինչո՞ւ չդասավորվեց իմ անձնական կյանքը, գուցե ուսման անհագ ցանկությունը , աշխատելու, կայանալու ու ինքնուրույն լինելու պատրանքը թույլ չտվեցին նկատելու բոլոր սերերը, որ անցան իմ կողքով… Իսկ հիմա նայում եմ սեղանին, նույնիսկ ափսեներն ունեն զույգեր, բաժակները մեծ ու փոքր՝ միասին են, իսկ ես…
Ու մի նոր, ավելի անսպասելի ու աներևակայելի միտք եկավ՝ պիտի մայրանամ։
Ամբողջ գիշեր չքնեցի, տնտղեցի արհեստական բեղմնավորման ամենալավ մասնագետին, իսկ առավոտյան բժշկից էլ շուտ նրա աշխատասենյակի դռան մոտ էի։ Սիրտս թրթռում էր, վերջապես կլիներ մեկը, ով կլցներ սրտիս դատարկությունը, ում համար պատրաստ կլինեի ամեն ինչի, և ում պարզապես կգրկեի ու կզգայի, որ էլ մենակ չեմ։ Ժպտում էի, անկախ ինձնից… Ճիշտ են ասում, որ կարևորագույն որոշումները հանպատրաստից են լինում, ուղղակի առանց երկար բարակ մտածելու…
Բժիշկը եկավ վերջապես, ծանոթացանք, խոսեցինք, քննարկեցինք։ Հետազոտություններ, անալիզներ, խորհուրդներ… այդ ամենը ինձ եթերային էին թվում, կարծես մի երազանք իջել էր իմ ուսերին ու ստիպում էր ժպտալ, մի՞թե ես մինչև հիմա երջանիկ չեմ եղել…
Հենց առաջին փորձից ամեն ինչ ստացվեց։ Մրջյուններ էին վազում վրայովս, որովայնումս թիթեռներ, գլխումս խառնաշփոթ, իսկ սրտիս տակ նոր սիրտ էր բաբախում։
Առաջին անգամ երբ լսեցի այդ փոքրիկ հրաշքի սրտի զարկերը՝ հասկացա, թե ինչքան անորոշ եմ ապրել, քայլել եմ, ու չեմ գիտակցել, թե ուր է տանում ճանապարհս, իսկ հիմա իմ առջև պարզ երևում է ապագաս ու ես այնտեղ էլ մենակ չեմ։
Ամենաառողջ սնունդն ու օրվա գրաֆիկը, զբոսանք թարմ օդում, միշտ դրական լիցքեր, դրական էմոցիաներ ու լիքը հեքիաթի գիրք, որ կարդամ փոքրիկիս համար։ Փշաքաղվում եմ այդ մտքից…
Անցավ առաջին եռամսյակը։ Իմ շրջապատում բոլորը գիտեին իմ որոշման մասին, ոմանք ողջունեցին, ոմանք կարկամեցին, իսկ ինձ համար ոչինչ կարևոր չէր, ես տեսնում էի իմ ապագան։
Ամիսները անցան հեքիաթի պես։ Ես գիտեի արդեն բոլոր մանկական խանութների հասցեները, տեսել էի բոլոր ոճերի օրորոցներն ու սայլակները։ Անտարբեր չէի անցնում ոչ մի գեղեցիկ հագուստի կողքով, ու չնայած հորդորներին, որ ժամանակից շուտ չի կարելի երեխայի հագուստ գնել, իբրև թե վատ նշան է, ես չէի լսում ոչինչ։ Նույնիսկ դայակ էի փնտրում, ու ծիծաղելի էր, բայց արդեն մանկապարտեզներով էլ էի հետաքրքրվում… Խենթացել էի՞։ Չէ, փոխվել էր կյանքս, մտքերիս հունը, գտել էի ինքս ինձ…
Բայց և հայացքներ էլ էի գտել, տարօրինակ, քննադատող, կարեկցող… Մարդիկ անգործությունից սկսում են ուրիշների կյանքը քննարկել, լավ ու վատ անել, ճիշտ ու սխալ։ Ես էլ զուրկ չմնացի այդ քննադատություններից։ Բայց ինձ համար միևնույն էր, թե ինչ են խոսում իմ մասին ուրիշները, ես երջանիկ էի։
Աշխատանքի բերումով պիտի գնայի մարզերից մեկը, իմ վերջին կոնֆերանսը պիտի լիներ, որից հետո պիտի գնայի տուն ու պատրաստվեի հրաշքի ծնունդին։ Բայց ինչպես ասում են, մենք միայն պլաններ ենք կազմում։ Չգիտեմ երկար ճանապարհից էր, թե իմ լարվածությունից, ժամանակից շուտ սկսվեցին ծննդաբերական ցավերը։ Ճանապարհը բավականին հեռու էր, որպեսզի հետ վերադառնայի ու ինձ սպասարկող բժշկի մոտ գնայի ու ստիպված եղա դիմել մոտակա հիվանդանոց։
Ախ եթե միայն իմանայի…
Բարեհամբույր ու սիրալիր բժշկուհու դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց, երբ իմացավ, որ միայնակ մայր եմ, որ երեխաս հայր չունի…
Ծամածռված ժպիտի տակ զզվանք տեսա… Ցնցվեցի ես, երբեք չէին հետաքրքրել տարօրինակ հայացքներն ու անտեղի խորհուրդները, իսկ հիմա, կյանքիս ամենակարևոր տահին, որին սպասել եմ երկար , պատկերացրել ու երազել՝ մռայլ էր ու գորշ։
Ինչ որ  բաներ քչփչացին բժիշկն ու բուժքույրը, ու որոշեցին, որ կեսարյան հատման միջոցով պիտի ծնվի երեխաս, իսկ իմ կարծիքին ու պնդմանը, թե ես ուզում եմ բնական ճանապարհով լույս աշխարհ բերել իմ զավակին, ասացին.
-Ուզում ես խնդիրներով ծնվի , առանց այդ էլ անտեր է։
Անտեր… Իսկ ես ո՞վ պիտի լինեի, միթե ես չէի կարող արժանապատիվ կյանք ապահովել իմ երեխային, անտեր…
Զայրույթն ու հուզմունքը խեղդում էին ինձ, կոլեգաս փորձում էր հանգստացնել ու համոզել, որ հիմա շատերն են կեսարյան հատման դիմում, որ վախենալու ոչինչ չկա։
Ես ստիպված համաձայնվեցի։
Սառը ծնարան-վիրահատարան էր, աշնան սառնությունն ամբողջովին լցված էր սենյակում, ավելի շատ հիշեցնում էր մեղադրյալի բանտախցի։ Իմ խնդրանքին, որ ջեռուցեն սենյակը, պատասխանը եղավ, որ մի քիչ դիմանամ, եթե սրան չեմ դիմանում, էլ ինչպես պիտի միայնակ մոր “բեռը” տանեմ…
-Երեխան որ մեծանա, չի՞ հարցնելու հայրը ով է։
-Ազատ կյանք են անում, հետո անտեր երեխաներ բերում։
-Մենք չենք կարողանում մեր ամուսնուց երեխա ունենալ, սրա նմանները չգիտեն էլ ումից են հղի…
Անթաքույց ատելությամբ լցված, բարձրաձայն ու առանց խղճի խայթի վիրահատական սեղանին միմյանց կարծիքներով փոխանակվում էին դահիճները, որոնք իմ մեջ սպանեցին ամիսներ շարունակ փայփայած պատկերացումները, կյանքս լույսով լցվելու ակնթարթները…
Ես ոչինչ չէի կարողանում խոսել։ Ես, որ խոսել եմ տարբեր ամբիոններից, տարբեր լեզուներով, կնքել պայմանագրեր, համոզել, հաշտեցրել, վիճել ու բանավիճել՝ կորցրել էի բառերս…
Միայն երեխայի ճիչը ստիպեց սթափվել, բայց ես միայն առաստաղի լույսն էի տեսնում…
Երեխան ժամանակից շուտ էր ծնվել, ու առանց ինձ տալու՝ անմիջապես տարան միացնելու հատուկ ապարատի։ Ես միայն մի բան էի ուզում՝ վերցնել երեխայիս ու փախչել այդտեղից որքան հնարավոր է հեռու, դա իմ կյանքի կառափնարանն էր։
Չգիտեմ ցավից, ցասումից, թե անզորությունից մի պահ քնեցի։ Կոլեգայիս ձայնից արթնացա, ինձ համար սնունդ էր բերել։ Ստիպեց, որ ուտեմ, բայց հենց փորձեցի մի բան ուտել, բուժքույրը ներս մտավ ու ասաց, որ երեխային պետք է արհեստական կաթնախառնուրդ տալ, պիտի գնենք, որ իրենք կերակրեն։ Իմ հարցին, թե իսկ կրծքով երբ կարող եմ կերակրել, ավելի դաժան պատասխան հնչեց քննադատությունից զատ՝
-Ինչ էլ ուտի, մեկ է, անտեր է մեծանալու։
Կոլեգաս չդիմացավ ու իր տեղը ցույց տվեց անպատկառ բուժքրոջը, իսկ ես անմխիթար լաց էի լինում… հացը կուլ չգնաց։
Վերջապես տեսա իմ մասնիկին, այնքան փոքր ու փխրուն, այնքան հարազատ։ Ես կրկին անգամ համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, երդվեցի, որ ամեն ինչ կանեմ, որ աշխարհում ոչնչի կարիք չզգա, դողում էի, այդքան տագնապ ու սեր երբեք չէի զգացել, որքան դատարկ էր կյանքս առաջ, իսկ հիմա ես էլ մենակ չէի։
Երկու օր անց, ամեն ինչ արեցի, որ թե՛ երեխաս և թե ես տեղափոխվենք այդ հաստատությունից։
Պատմեցի իմ բժշկին եղելությունը, ափսոսանք հայտնեց, որ դեռ մնացել են հին մտածելակերպով ու կարծրատիպերով մարդիկ։ Շնորհավորեց մայր դառնալու կապակցությամբ։
Մենք առողջացած ու կազդուրված դուրս գրվեցինք, ծաղիկներ, փուչիկներ, շնորհավորանքներ ու շատ սեր…
Ինչերի միջով անցա ես՝ սպասում, հիասթափություն, անզորություն։ Հետաքրքիր են մարդիկ, ոմանք կարող են մի խոսքով թևեր տալ, իսկ ոմանք էլ այնպես ջարդուփշուր անել, որ երկար ժամանակ չկարողանաս հավաքել այդ փշուրները։ Ես ուժեղ եղա, հանուն լույս աչքերի, հանուն այդ փոքրիկ սրտի զարկերի… ես ուժեղ եղա…
Փոքրիկիս հետ տանն էինք, գեղեցիկ օրորորցում անուշ քնած էր, նայում էի, ու ժպտում , ժպտում էի ու լցվում էր կյանքս, պատկերացնում էի, որ շուտով կվազվզի, փափուկ թաթիկներով կբռնի ձեռքս, լիքը հարցեր կտա, կնկարի պատերին, կխառնի կոսմետիկաս, թղթերս, դուրս կշպրտի կյանքիցս մենակությունս…
Իսկ քանի դեռ քնած է, պիտի հասցնեմ լվանամ ու արդուկեմ շորիկները, հեքիաթի գիրք ընտրեմ… Կաթնախառնուրդ չեմ պատրաստի, կրծքով եմ կերակրելու, լավագույն բանը, որ կյանքից ու սիրուց  բացի կարող եմ տալի իմ հարազատին…