ԸՆՏԱՆԻՔԱՄԵՏ ԳՈՐԾԱՏՈՒ Էսսե

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Էսսես ուզում եմ սկսել <<Կոկա-Կոլա>> ընկերության նախկին տնօրեն Բրայան Դայսոնի խոսքի մեջբերմամբ.

<< Պատկերացրեք, որ կյանքը մի խաղ է, որտեղ դուք օդում անընդհատ պահում եք հինգ գնդակ՝ զուգահեռ նետելով։ Այդ գնդակներն են՝ աշխատանքը, ընտանիքը, առողջությունը, ընկերները և հոգին։ Կարճ ժամանակ անց դուք կհասկանաք, որ աշխատանքը ռետինե գնդակ է։ Եթե այն վայր գցեք,  կվերադառնա։ Բայց մյուս չորս գնդակները՝ ընտանիքը, առողջությունը, ընկերները և հոգին, ապակուց են։ Եթե դրանցից մեկը վայր գցեք, այն կարող է քերծվել, կոտրվել, վնասվել կամ անգամ փշրվել։ Եվ այն երբեք այլևս նույնը չի լինի։ Դուք պետք է գիտակցեք դա և ձգտեք հավասարակշռության ձեր կյանքում։
Ինչպե՞ս դա անել.
Հասկացեք, որ չպետք է աշխատեք մինչև ինքնաոչնչացում։
Գտեք ժամանակ’ ընտանիքի ու սիրելիների հետ լինելու համար։
Պահպանեք ձեր առողջությունը, քանի որ այն հիմնաքարն է մնացած ամեն ինչի։
Զարգացրեք ու պահեք ընկերությունը, քանի որ այն մշտական աղբյուր է ձեր ուրախության համար։
Հոգացեք ձեր հոգևոր կյանքի մասին>>։

Մի մոռացեք, որ աշխատանքի կորուստը վերականգնելի է, բայց եթե վնասեք ընտանիքը, առողջությունը, ընկերներությունը կամ հոգին՝ դրանք վերականգնելն անհնար է: Աշխարհը, որում այսօր ապրում ենք,         լեփ-լեցուն է արագությամբ, փոփոխություններով ու մշտական մրցավազքով։ Ժամանակակից մարդը այնքան է ընկղմվել աշխատանքի, սոցիալական ցանցերի, թվային շփումների, ֆինանսական պարտավորությունների և մասնագիտական պատասխանատվությունների հորձանուտի մեջ, որ երբեմն անմիջապես իր աչքի առաջ կորցնում է ամենաթանկը’ ընտանիքը, ինչը հնարավոր չէ փոխարինել ոչ մի ամխատավարձով, ոչ մի պաշտոնով, ոչ մի ձեռքբերումով։
Այն, ինչը պետք է լինի կյանքի հանգրվանը, վերականգնման աղբյուրը ու հոգևոր հանգիստը, հաճախ դառնում է երկրորդական, երբեմն էլ՝ անտեսված։

Այսօր շատ ընտանիքներ, մեր երկրում ու աշխարհում, ապրում են լուռ ճգնաժամի մեջ։
Ծնողները դժվարանում են որակյալ ժամանակ տրամադրել երեխաներին՝ գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկների պատճառով։
Զույգերը հեռանում են միմյանցից՝ հոգնածության, սթրեսի ու անընդհատ «ժամանակ չունենալու» հետեւանքով։
Երեխաները մեծանում են սմարթֆոնների ուղեկցությամբ, քանի որ ընտանիքի ներսում մարդկային շփումն իր տեղը զիջում է առօրյա հոգնածությանը։
Տեխնոլոգիական կախվածությունը վերացնում է ընտանիքների բնական ջերմությունը․ ընտանիքի անդամները միմյանց հետ են, բայց իրականում՝ իրենց էկրանների ներսում։
Աշխատողները կորցնում են պրոֆեսիոնալ մոտիվացիան ու կենսական էներգիան՝ մասնագիտական այրման պատճառով։
Անարդար վարձատրությունը, հանգստի բացակայությունը, արձակուրդների չտրման մշակույթը խաթարում են ոչ միայն մարդկանց հոգեկան առողջությունը, այլև ընտանիքների կայունությունը։

Այս իրավիճակում ընտանիքը դառնում է ամենախոցելին։
Եվ հենց այստեղ է, որ ծնվում է մի նոր, մարդակենտրոն գաղափար՝ ընտանիքամետ գործատուի մոդելը, որը այլևս պարզապես կառավարման ռազմավարություն չէ, այլ ժամանակակից մարդու հոգևոր ու սոցիալական առողջությունը պահպանելու միջոց։

Ի՞նչ է նշանակում լինել ընտանիքամետ գործատու։
Ընտանիքամետ գործատուն նախ և առաջ ընդունում է պարզ ճշմարտությունը՝
աշխատողը մեքենա չէ։
Նա ապրող, սիրող, հոգնող, աճող, զգայուն անձնավորություն է, որն ունի ընտանիք, ընկերներ, հույզեր ու երազանքներ։
Աշխատակիցն իր մասնագիտական գործունեության մեջ դառնում է առավել արդյունավետ միայն այն ժամանակ, երբ իր ընտանիքում կա կայունություն, աջակցություն, խաղաղություն ու փոխադարձ սեր։

Այդ պատճառով էլ ընտանիքամետ գործատուն.

  1. ստեղծում է ճկուն աշխատանքային պայմաններ,
  2. ապահովում է արժանապատիվ վարձատրություն,
  3.  պաշտպանում է հոգեկան առողջության իրավունքը, խրախուսում է ընտանիքի հետ անցկացվող ժամանակը,
  4.  մեծարում է ծնողական պատասխանատվությունը,
  5. ձևավորում է ջերմ, մարդասիրական մթնոլորտ,
  6.  կառուցում է թիմ, որտեղ մարդուն չեն չափում միայն արդյունքներով, այլ նաև՝ արժեքներով։

Այս մոդելը ոչ միայն բարձրացնում է արտադրողականությունը, այլև վերացնում է աշխատողի ներքին վախերը, նվազեցնում է հուզական ճնշումը և ստեղծում է վստահելի, հավատարիմ, առողջ թիմ։

Իմ տեսլականը՝ որպես հոգեբան ու լրագրող.

Տարիներ շարունակ՝ աշխատելով հոգեբանության ու լրագրության ոլորտներում, ես ականատես եմ եղել այն խորքային ճեղքվածքներին, որոնք ստեղծվում են ընտանիքների ներսում։
Ես տեսել եմ.
1) սիրող զույգեր, որոնք հեռանում են միմյանցից պարզապես այն պատճառով, որ չունեն ժամանակ խոսելու, հասկանալու, կառուցելու,

2) ծնողներ, որոնք դժվարանում են կապ հաստատել երեխաների հետ, քանի որ մշտապես հոգնած են և մտահոգված,

3) աշխատողներ, որոնք կորցրել են իրենց ինքնագնահատականն ու կենսական ուժը,

4) ընտանիքներ, որոնք դառնում են մասնագիտական այրման անմիջական զոհեր։

Դեռ մեկ տարի առաջ եւ մեկ տարի շարունակ այս ամենը իմ մեջ ձևավորեց մի պարզ, բայց խորքային համոզմունք․ աշխատավայրը կարող է կա’մ նպաստել ընտանիքի հզորացմանը, կա’մ նրա կործանմանը։
Եվ եթե մեզ տրված է ընտրության հնարավորություն, ինչու՞ չընտրել հզորացումը։ Չե որ յուրաքանչյուր ընտանիք մեր երկրի մի միավորն է։
Մեկ տարի առաջ վերջնականապես համոզվեցի, որ ցանկանում եմ ստեղծել մի այնպիսի աշխատավայր, որտեղ ոչ ոքի մասնագիտական հաջողությունը չի վտանգի նրա ընտանեկան երջանկությունը։ Այնպիսի աշխատավայր, որն օրինակելի կդառնա բոլոր գործատուների ու աշխատանք փնտրողների համար։ Այնպիսի աշխատավայր, որի գործունեությունը առավելագույնս նպաստավոր կլինի ինչպես իր աշխատակիցների, այնպես էլ շահառուների եւ ողջ հանրության համար։
Աշխատավայր, որտեղ լրագրողները իրենց հրապարակած նյութերի միջոցով կնպաստեն ոչ թե ընտանիքների ու հասարակության քայքայմանը, այլ ընտանեկան ու հասրակական արժեքների վերականգնմանը, ամրապնդմանը։
Որտեղ հոգեբանները կաջակցեն ոչ թե բաժանման հեշտ ու հաշտ ճանապարհներին, այլ հարաբերությունների առողջ ու կառուցողական վերականգնմանը։
Մեկ տարի շարունակ զարգացրել ու ծրագրել եմ ընտանիքամետ գործատուի ու թիմի գաղափարը։ Մեր թիմը ծառայելու է երկու ուղղությամբ.
1. Լրագրություն՝ արժեհամակարգային ու ընտանիքամետ բովանդակությամբ:
Այստեղ մենք չենք սերմանելու սենսացիա, վախ, քննադատություն կամ թշնամանք։ Մենք կստեղծենք մի լրատվություն, որը կուժեղացնի ընտանիքը, կներշնչի մարդկանց, կվերականգնի մոռացված արժեքները, կխոսի բարության, հաղորդակցության, փոխաջակցության,հարգանքի ու սիրո մասին։
2. Հոգեբանական ծառայություններ՝ հարաբերությունների ամրացման նպատակով։
Կտրամադրենք զույգերի, ընտանիքների, ծնողների աջակցություն՝ ճգնաժամերը հաղթահարելու, ցավը փոխակերպելու,հարաբերությունները վերակերտելու, չմտածված որոշումները կանխելու համար։ Մեզ համար առաջնային կլինի ոչ թե բաժանումը, այլ հարաբերությունների վերականգնումը, ոչ թե մեղադրանքը, այլ համագործակցությունը։
Որովհետև ի վերջո…
Ցանկացած մարդ, անկախ ազգությունից, մասնագիտությունից, հաջողություններից կամ սոցիալական կարգավիճակից, ունի մեկ խորքային ցանկություն՝
ունենալ սիրով լի, կայուն, ջերմ ու երջանիկ ընտանիք։
Ընտանիքամետ գործատուի մոդելը միտված է պաշտպանելու հենց այդ մարդկային պարզ երազանքը։
Այս մոդելը ապացուցում է, որ հնարավոր է կառուցել աշխատանքային միջավայր, որտեղ մարդիկ չեն կորցնում իրենց հոգու մեղմությունը, չեն խաթարում ընտանիքները և չեն զոհաբերում իրենց ուրախությունը։
Աշխատավայր, որտեղ մարդը ստիպված չի լինում կատարել ընտրություն աշխատանքի ու ընտանիքի միջեւ, այլ ապրում է ունենալով երկուսն էլ՝ կառուցված ներդաշնակության, հավասարակշռության, սիրո ու հարգանքի հիմքի վրա։

Հեղինակ՝ Դիանա Բախշյան