Վեներա Վարդանյան. «Կրթվիր, որպեսզի պաշտպանես»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
***
Հեղինակ՝ Վեներա Վարդանյան
ԿՐԹՎԻՐ, ՈՐՊԵՍԶԻ ՊԱՇՏՊԱՆԵՍ
Արժանապատիվ մայրությունն այն է, ինչը յուրաքանչյուր կին պետք է ապրի՝ ազատ, պաշտպանված ու հարգված: Բայց, ցավոք, այս պարզ իրավունքը հաճախ խախտվում է մանկաբարձական բռնության ձևերով, որոնք խաթարում են ոչ միայն ծննդաբերության գործընթացը, այլ նաև մայրության ողջ փորձը: Երբ մի կին մտնում է ծննդատուն, նա պետք է զգա, որ այնտեղ նրան սպասում է ոչ միայն բժշկական օգնություն, այլև մարդասիրություն, ջերմություն և աջակցություն: Մայրությունը սուրբ և յուրահատուկ վիճակ է, որը գալիս է սիրո, հոգատարության ու պատասխանատվության հետ: Սակայն, երբ խոսքը գնում է ծննդաբերության մասին, շատ կանայք հանդիպում են բռնության, վախի ու անընդհատ կասկածի։ Դա ոչ միայն վնասում է նրանց ֆիզիկական առողջությանը, այլև խաթարում է հոգեբանական կայունությունը: «Մանկաբարձական բռնությունը» անդառնալի ազդեցություն ունի կանանց ու նորածինների կյանքի վրա։
Արժանապատիվ մայրությունը նշանակում է, որ ամեն կին իրավունք ունի այնպիսի միջավայրում ծննդաբերել, որտեղ իրեն ընդունված, պաշտպանված ու հարգված է զգում: Սակայն, երբ հիվանդանոցներում, ծննդատներում կամ այլ հաստատություններում կանայք ենթարկվում են բռնության, նրանցից շատերը զրկվում են այս իրավունքից։ Բռնության տեսակներն ու ձևերը կարող են տարբեր լինել՝ ֆիզիկական, հոգեբանական կամ էմոցիոնալ, և դրանք թողնում են անդառնալի նշաններ, որոնք երկար տարիներ չեն մոռացվում։ Մինչ ծննդաբերությունը, կանայք հաճախ ենթարկվում են անտեղի միջամտությունների՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու: Այլ ժամանակ բժիշկները կամ աջակցող անձնակազմը կարող են ցուցադրել անգործություն կամ նույնիսկ հռետորական ճնշում, որը ստիպում է կանանց ընդունել որոշումներ, որոնք նրանք չեն ցանկանում:
Այսպիսով, ծննդաբերության ժամանակ հարգանքի բացակայությունը հանգեցնում է դրական հույզերի փոխարեն վախի, անհանգստության ու նվաստացման: Այդ ժամանակ, մայրությունը վերածվում է տառապանքի, իսկ նորածինը դառնում է դրա անմիջական վկան ու կրողը։ Արժանապատիվ մայրության հաստատման համար անհրաժեշտ են մի քանի հիմնական մոտեցումներ:
1. Հարգանք ու աջակցություն. Կանայք պետք է զգան, որ իրենց կարծիքը հաշվի է առնվում։ Յուրաքանչյուր կին իրավունք ունի որոշել, թե ինչպես է ցանկանում ծննդաբերել։
2. Համապատասխան կրթություն. Բժիշկներն ու բուժքույրերը պետք է անցնեն համապատասխան վերապատրաստում, որպեսզի իմանան, թե ինչպես բացատրել իրավիճակը, ինչպես հայտնել տարաբնույթ լուրերը՝ ապահովելով մայրերի իրավունքները։
3․ Խոստում՝ ոչ բռնությանը. ամեն բուժհաստատություն պետք է որդեգրի կանանց իրավունքները պաշտպանելու ու մանկաբարձական բռնությունը բացառելու պարտավորություն։
Արժանապատիվ մայրությունը ոչ միայն սիրո և խնամքի սիմվոլ է, այլև իրավունք՝ ապրելու անվնաս ու հարգված։ Մեր հասարակությունը պետք է պայքարի մանկաբարձական բռնության դեմ, որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա գրկել իր երեխային՝ առանց վախի և անհանգստության: Եթե մենք բոլորս փորձենք ստեղծել մի աշխարհ, որտեղ արժանապատիվ մայրությունը կլինի նորմ, մենք կտեսնենք, թե որքան գեղեցիկ ու լուսավոր կարող է լինել մայրության ճանապարհը։ Հավատալով, որ մեր հասարակությունն ունի այդ փոփոխությունները իրականացնելու կարողությունը՝ մենք պետք է համախմբվենք՝ յուրաքանչյուր մոր կողքին լինելու համար: Երբ յուրաքանչյուր կին կարողանա վերադառնալ տուն՝ ուրախ և վստահ, այն ժամանակ իսկապես կհասկանանք, թե ինչ է նշանակում արժանապատիվ մայրություն:
Հ․գ․ Ինքս էլ անցել եմ այս ճանապարհով երկու անգամ և, փառք Աստո, բարեհաջող։ Սակայն ամեն բան կարող էր ավարտվել դեռ վեց շաբաթական հղիության ընթացքում, երբ ոչ կոմպետենտ մասնագետն ուզում էր <<դատարկել արգանդի պարունակությունն>> ու տեսնել, թե ինչ կա այնտեղ, երբ տասներկու շաբաթականում մեկ այլ մասնագետ կարծեց, որ <<այստեղ բերելու բան չկա>> ։ Եվ երբ երեսունչորս շաբաթականում ԲԺԻՇԿՆ ընդունեց անհապաղ վիրահատելու որոշում, որպեսզի չմնամ անվասայլակին, իսկ աղջիկս ապրելու շանս ունենա։ Պատմությունն երկար ու ամպոտ է, որտեղ շատ ժամանակ նաև իմ մեղքի բաժինը կա՝ որպես խեղճացած ու անտեղյակ պատասխանատու, շատ դեպքերում ՝հավատացող ու պրպտող տեսակ։ Մարդու լինելիության խնդիրը դեռ ոչ ոք չի չեղարկել, սակայն այս լուսավոր ու պայծառ օրենքի դարում պիտի որ լինեն մանկանը դիմավորող արդար ձեռքեր, իսկ Նրան կրող <<անոթը>> ՝ հարգող ու պաշտպանող։ Ամեն դարին բնորոշ մարդիկ տվել են մեզ օրինակ՝ ինչ և ինչպես անելու․Մայր Թերեզա, Ջուզեպպե Մոսկատի, Ֆլորենս Նայթինգեյլ, Պոլ Ֆարման․․․
Թերևս այս էր ասելիքս առ այն, որ մեզ՝ ներկա ու ապագա մայրերիս, մի բուռ սեր ու մի հաբ հարգանք է անհրաժեշտ, որ Դուք էլ վայելեք Արդյունքն անչափելի ։