Posts

Հանդիպում ընտանիքամետ համարվող All You Can Move (AYCM) հունգարական ընկերությունում

Սեպտեմբերի 10-ին Բուդապեշտում «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը այցելել է հունգարական All You Can Move (AYCM) ընկերություն, որտեղ ընկերության փոխտնօրեն, վաճառքների և մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Թունդե Կիշնի Փոլգարը ներկայացրել է ընկերության ընտանիքամետ քաղաքականությունները։

Բուդապեշտ այցն ու հանդիպումը կազմակերպվել է «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Ստորև նեկայացնում ենք հատվածներ Թունդե Կիշնի Փոլգարի հետ զրույցից.

«Մեր ընկերությունը բարեկեցության ծառայություն է առաջարկում հավելվածի միջոցով, որը պահանջում է ամսական բաժանորդագրություն: Այս հավելվածի շնորհիվ մեր հաճախորդները կարող են, օրինակ, երկուշաբթի օրը այցելել մարզասրահ, չորեքշաբթի՝ յոգայի ստուդիա, իսկ ուրբաթ՝ պարի դասի։ Մենք մոտ 700 գործընկեր ունենք սպորտային կենտրոններից, և տրամադրում ենք մեր բարեկեցության ծառայությունը գործատուներին, որոնք այնուհետև այն առաջարկում են իրենց աշխատակիցներին՝ որպես աշխատանքային առավելություն: Ունենք ավելի քան 1500 գործատու գործընկեր: Այս տարի լրանում է մեր 25-ամյակը, և մենք հպարտանում ենք մեր ընտանիքամետությամբ՝ ոչ միայն որպես գործատու, այլև որպես ծառայություններ մատուցող:

Հաճախորդների սպասարկման մեր տարածքում մենք ունենք մանկական սեղան՝ գրիչներով, մատիտներով, փոքրիկ խաղալիքներով և, իհարկե, կոնֆետներով: Մենք նաև հատուկ հարմարություններ ունենք երեխաների համար, օրինակ՝ երեխաներին հարմարեցված զուգարանի նստատեղ՝ ավելի նեղ հատվածով, և փոքրիկ աստիճան, որն օգնում է փոքրիկներին հասնել լվացարանին՝ ձեռքերը լվանալու համար:

Մեր հաճախորդները մեծահասակներ են, բայց շատերն ունեն երեխաներ: Մենք ունենք հատուկ ծրագիր նորածին մայրերի համար, որը թույլ է տալիս նրանց մասնակցել մեր բարեկեցության ծառայությանը: Բացի դրանից, մենք փոքրիկ նվեր ենք պատրաստում մեր գործատու գործընկերների համար, երբ նրանք երեխայի են սպասում։ (Նվերի մեջ մանկական հագուստ է):

(Ներկայացվել են մի շարք բաղադրիչներ՝ ընկերության որպես ընտանիքամետ ծառայություններ մատուցող, սակայն կներկայացնենք հիմնականում ընտանիքամետ աշխատավայր լինելու բաղադրիչները):

Մեր գործընկերները, ովքեր երեխայի են սպասում, մեզանից տորթ և նվեր են ստանում: Մենք նաև նրանց կրկին աշխատանքի ենք հրավիրում՝ առաջարկելով վեցժամյա աշխատանքային օրվա պայմանագիր: Ներկայումս երկու գործընկեր ունենք, ովքեր տանն են՝ իրենց փոքրիկների հետ, ևս երկուսը աշխատում են ոչ ամբողջական աշխատաժամով։ Քանի որ մենք փոքր ընկերություն ենք՝ ընդհանուր 32 աշխատակիցներով, այս պայմանավորվածությունը մեզ թույլ է տալիս արդյունավետորեն աջակցել մեր մայրերին:

Մեզ մոտ ոչ ամբողջ ժամանակով աշխատանքային ժամերն են առավոտյան 9-ից մինչև ցերեկվա 3-ը, ինչն իդեալական համապատասխանում է մանկապարտեզների և դպրոցների գրաֆիկներին (Այսինքն, ծնողը կարողանում է առավոտյան երեխային մանկապարտեզ/դպրոց տանել, իսկ աշխատանքն ավարտելուց հետո վերցնել այնտեղից): Դրան գումարած՝ մեր բոլոր գործընկերները ստանում են AYCM-ի մարզական անցագիր, որը թույլ է տալիս անսահմանափակ մուտք գործել մարզական հաստատություններ՝ օրական մեկ այցելության սահմանաչափով: Մենք նաև թույլ ենք տալիս նրանց ինքնուրույն որոշել, թե երբ են ուզում արձակուրդ վերցնել՝ առանց մեր կողմից որևէ միջամտության:

Ընկերության գրասենյակի սրահներից մեկը

(Հունգարիայում արձակուրդային օրերի միայն կեսը կարող է աշխատողը վերցնել՝ երբ ուզում է, մյուս կեսը վերցնելու դեպքում, սովորաբար, պետք է համաձայնեցնի տնօրինության հետ):

Որպես ընտանիքամետ գործատու՝ մենք ամեն տարի կազմակերպում ենք մեր «Սպորտով զբաղվե՛ք մշակույթի հետ» միջոցառումը, որի ժամանակ  միշտ հատուկ տարածք ենք հատկացնում երեխաների խաղերի և ակտիվության համար: Բացի դրանից, մենք օգտագործում ենք այս միջոցառումը նվիրատվություններ հավաքելու համար:

Որպես ընտանիքամետ գործատու՝ մենք նաև կազմակերպում ենք ամենամյա «Ընտանիքի օր» մեր գործընկերների և նրանց ընտանիքների համար: Առաջինը տեղի ունեցավ Վարոսլիգետում՝ Բուդապեշտում:

«Ընտանիքամետ գործատու» վկայականը

Ի վերջո, մեր գործընկերները ազատ են՝ գրասենյակ բերելու իրենց երեխաներին, ովքեր դպրոցական կամ մանկապարտեզի արձակուրդի մեջ են: Մենք ունենք ազատ սեղաններ, որոնց մոտ նրանք կարող են խաղալ, փորձարկել համակարգիչները, մինչ նրանց ծնողները աշխատում են:

Երեխաներին աշխատավայր բերելու սահմանափակում չկա։ Երեխաները հիմնականում դպրոց կամ մանկապարտեզ են հաճախում: Բայց լինում են շատ քիչ դեպքեր, երբ մի փոքր վատառողջ լինելու պատճառով չեն կարող գնալ ու բժշկից էլ տեղեկանք չունեն: Նման դեպքերում ծնողները չեն կարող նրանց տանը մենակ թողնել, ուստի աշխատանքի բերելը գործող տարբերակ է։

Գրասենյակի սրահներից մեկը

Մենք առաջարկում ենք ճկուն աշխատանքային ժամեր՝ թույլ տալով աշխատողներին աշխատել օրական 6 ժամ: Վերջերս երեխա ունեցած մայրերը կարող են ընտրել 4-ժամյա աշխատանքային օրը: Օրինակ, ունենք գործընկեր, ով երեք դպրոցահասակ երեխա ունի և աշխատում է օրական 6 ժամ։

Մուտքի դուռը, որին փակցված է ընտանիքամետ լինելու մասին վկայող տարբերանշանը

Սա միայն կանանց համար չէ. մենք նաև հեռավար աշխատանքը առաջարկում ենք  տղամարդկանց: Օրինակ՝ մեր վաճառքի տնօրենը, ով ունի երկու որդի, երբեմն մնում է տանը երեխաների հետ, երբ կնոջն անհրաժեշտ է լինում աշխատավայր գնալ։

Մենք տուն-գրասենյակի տարբերակ առաջարկում ենք, բայց այն հազվադեպ է օգտագործվում, քանի որ մենք բոլորս սիրում ենք աշխատել այստեղ՝ գրասենյակում:

Մենք «Երեք արքայազն, երեք արքայադուստր» հասարակական շարժման և պետության կողմից ճանաչվել ենք ընտանիքամետ՝ ոչ միայն որպես ծառայություններ մատուցող, այլև որպես գործատու:

Տարբերանշանը ստանալու համար կար մի շատ երկար թեստ, որտեղ ես պետք է թվարկեի բոլոր այն առավելություններն ու գործողությունները, որոնք որակվում են որպես ընտանիքամետ: Պարգևատրող կազմակերպության ներկայացուցիչը այցելեց մեզ, և ես ներկայացրի մեր նախաձեռնությունները, քաղաքականությունները և աշխատանքային համաձայնագրերը՝ ներառյալ կարճաժամկետ և ճկուն պայմաններով, ինչպեսև մեր վեցժամյա աշխատանքային պայմանագրերը:

Այս տարբերանշաններն ունենալը շատ օգտակար է մեր՝ գործատուի բրենդինգի համար, ինչը հեշտացնում է ապագա աշխատակիցների ներգրավումը։ Ընտանիքամետ միջավայրը երջանկացնում է աշխատակիցներին և օգնում է պահել նրանց ընկերությունում։ Մենք ունենք ընդհանուր 32 աշխատակից, նրանցից 14-ը այստեղ աշխատում են ավելի քան 10 տարի։ Ես այստեղ եմ արդեն 14 տարի։  Երբ մեր աշխատակիցները գոհ են, նրանք աշխատում են եռանդով, ինչը հեշտացնում է նաև մեր աշխատանքը՝ որպես գործատու: Բացի դրանից, մուտքի մոտ երևացող տարբերանշանները բարձրացնում են մեր հեղինակությունը, իսկ մեր հաճախորդներն այսպես իմանում են մեր ակտիվ ընտանիքամետ գործունեության մասին։

Թունդեն ցույց է տալիս երեխաների ժամանցի համար նախատեսված խաղալիքներն ու պիտույքները։

Ես հավատում եմ, որ եթե նույնիսկ ընկերությունը չունի ֆինանսական ռեսուրսներ ընտանիքամետ առավելություններ տրամադրելու համար, հնարավոր է փոքր գործողություններով, առանց մեծ ներդրումների դրական ազդեցություն ունենալ։ Օրինակ,  գրասենյակում խաղալիքներով ու թղթերով մի փոքրիկ անկյունը բավարար է թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին ուրախացնելու համար»։

Մեծ գործ #2. Երեխային աշխատավայր տանելը ոչ թե ցանկություն է, այլ անհրաժեշտությունից է դրդված․ Լիլիթ Վարդանյան

Մեծ գործ․ մայրություն ու աշխատանք

Այս էպիզոդում Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Լիլիթ Վարդանյանի հետ խոսել ենք նրա՝ երեխա խնամելու փորձի մասին տարբեր երկրներում՝ Ճապոնիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում ու Հայաստանում։ 

Այս էպիզոդը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Աստղիկ Կարապետյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին և հետևեք մեզ այստեղ՝ https://www.youtube.com/@point33ngo