Posts

Պայմանները չբարելավվեցին, մասնակիցների թիվը չավելացավ. 2019-2023-ի համար նախատեսված «Դայակ» ծրագիրը վերջին 2 տարիներին չգործեց

ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրում նախատեսված են եղել մի շարք դրույթներ, որոնք ուղղված են ընտանիքամետ աշխատանքային պայմաններ ունենալուն։ Այս մասին ասված է «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտության մեջ:

Միջոցառումներից մեկը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքի՝ աշխատանքին զուգահեռ կազմակերպումն էր:

Այս միջոցառման ակնկալվող երկու արդյունք էր սահմանվել՝ 1. կանանց համար աշխատանքային և ընտանեկան պարտականությունները համատեղելու համար նպաստավոր պայմանների ձևավորում, աշխատանքն ու երեխայի/ընտանիքի խնամքը համադրելու հնարավորությունների ընդլայնում, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատաշուկա վերադառնալու կամ առաջին անգամ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնում։

Ակնկալվող արդյունքային ցուցանիշն էր մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ խնամքն աշխատանքի հետ համադրելու աջակցության ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնումը։ Միջոցառումը պետք է իրականացվեր 2019-2023 թվականների ընթացքում։

Հաշվետվության մեջ այս միջոցառման կատարման վերաբերյալ նշվում է, որ 2019-2021 թվականների ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել է «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որը հանրությանն ավելի հայտնի է «Դայակ պետության աջակցությամբ» անվամբ։

Այս ծրագրով 2019 թ-ին աջակցություն է ստացել 448 անձ, 2020-ին՝ 616, 2021-ին՝ 597։ 2022 և 2023 թվականներին ծրագիրը չի գործել։ Ծրագրում ընդգրկվածների ընդհանուր թիվը եղել է 1661։ Համեմատության համար նշենք, որ 2017-2022 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարի ծնվել է ավելի քան 36 000 երեխա։

Այս միջոցառումը խիստ թերի է կատարված։ Ցավալի է, որ այս ծրագրի պայմանները բարելավելու և մասնակիցների թիվն ընդլայնելու փոխարեն այն ուղղակի դադարեցվել է։

 

Աղբյուրը՝ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտություն

Երեխայի խնամք․ դայակներ և մանկապարտեզներ

Մայրության և/կամ երեխայի խնամքի արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալու և առանց երկարատև ընդհատումների կարիերայի, միաժամանակ երեխայի որակյալ խնամք ապահովելու համար առանցքային նշանակություն ունեն այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են ծնողի՝

  • դայակ ունենալու հնարավորությունը,
  • խնամքի կենտրոնների կամ մանկապարտեզների առկայությունը,
  • երեխայի որակյալ խնամքի ապահովումը դրանցում, աշխատանքային ժամերը, վճարը և այլ հանգամանքներ։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում մանկապարտեզները բավարար մատչելի չեն, ինչի հետևանքով մինչև 6 տարեկան երեխաների շուրջ 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում։ Մյուս կողմից՝ պետական մանկապարտեզները, որոնք կա՛մ անվճար են, կա՛մ որոնց վճարը ցածր է, գործնականում աշխատում են մինչև ժամը 17։30-ը, իսկ աշխատող ծնողի համար հավելյալ դժվարություն է երեխային վերցնելու համար աշխատանքից ավելի վաղ դուրս գալը:

2018 թվականից կառավարության կողմից իրականացվում է «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը, որով փոխհատուցվում է դայակի կամ խնամքի կենտրոնի վճարը 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափն է:

Ծրագրի շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձինք, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի:

Ծրագրի գաղափարը ողջունելի է, քանի որ կարող է օգնել կնոջը՝ արձակուրդում մնալով չլճանալ և վերադառնալ աշխատանքի, շարունակել կիրառել ու զարգացնել կարողություններն ու հմտությունները, ինչպեսև ապահովել ընտանիքի եկամուտ ստանալու հարցը։ Սակայն կան մի շարք հարցեր, որոնք սահմանափակում են ծրագրի արդյունավետությունը՝

  • Ծրագրից օգտվողների թիվը սահմանափակ է, և կան առաջնահերթություն ունեցող խմբեր, որոնք կարող են մասնակցել ծրագրին։
  • Ծրագիրն ավարտվում է երեխայի 2 տարեկանը լրանալուց հետո, այնուհետև ծնողը ստիպված է սեփական միջոցներով շարունակել երեխայի խնամքի կազմակերպումը կամ նորից աշխատանքային դադար տալ, քանի որ երեխայի համար անվճար մանկապարտեզ գտնելը շարունակում է խնդիր մնալ։

*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում: