Հանդիպում չեխական Aperio կազմակերպությունում
Սեպտեմբերի 3-ին Պրահայում «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը հանդիպում է ունեցել չեխական Aperio առողջ ծնողավարության ասոցիացիայի փոխտնօրեն, իրավաբան և միայնակ ծնողների հարցերով զբաղվող փորձագետ Հալկա Յակլովայի հետ։
Պրահա այցն ու հանդիպումը կազմակերպվել է «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է չեխական և հայաստանյան փորձը՝ ընտանիքամետ քաղաքականություններ, աշծատավայրում ճկուն պայմաններ ունենալու, վճարվող արձակուրդի, երեխայի խնամքի կազմակերպմանն աջակցող իրավական կարգավորումների և այլ հարցերի մասին։ Քննարկման արդյունքում ստացված տեղեկությունները ներառվելու են ընտանիքամետ քաղաքականություններին վերաբերող և «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտության մեջ, որը կավարատունացվի և կհրապարակվի առաջիկայում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հետագա համագործակցության և համատեղ նախագծեր իրականացնելու հարցեր։
Ստորև ներկայացնում ենք հատվածներ Հալկա Յակլովայի հետ զրույցից․
Մեր հասարակությունը դեռ բավական պահպանողական է։ Խնդիրներից մեկը ընտանիքում և հասարակության մեջ դերերի գենդերային բաշխումն է: Օրինակ՝ կանանց մոտ երեք քառորդը կարծում է, որ երեխաների խնամքը և կենցաղային պարտականությունները հիմնականում իրենց վրա են, մինչդեռ ֆինանսական հարցերը դիտվում են որպես տղամարդու պարտականություն: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա 4-ից 3,6-ը կիսում է այս տեսակետը՝ համաձայն 2023 թվականի ուսումնասիրության: Սա արտացոլում է նրանց բավականին պահպանողական մոտեցումը և ազդում կյանքի շատ այլ կողմերի վրա:
(Արձակուրդներ)․ Մեզ մոտ ծնողական արձակուրդը աշխարհում ամենաերկարներից է․ երեք տարվա վճարվող և մեկ տարվա չվճարվող արձակուրդ, որը թույլ է տալիս ծնողներին մնալ տանը մինչև երեխայի չորս տարեկանը լրանալը: Արդյունքում շատ ծնողներ նախընտրում են ավելի երկար մնալ տանը և չվերադառնալ աշխատանքի:
Դա լավ չէ աշխատանք-կյանք հավասարակշռության տեսանկյունից: Լավ չէ այն կանանց համար, ովքեր ցանկանում են աշխատել, բայց լավ է այն կանանց համար, ովքեր չեն ցանկանում աշխատել: Նրանք ցանկանում են տանը մնալ իրենց երեխաների հետ։ Բայց սա ստիպում է տանը մնալ նույնիսկ այն կանանց, ովքեր ցանկանում են աշխատել: Սոցիալական ապահովության մասին օրենքի կառուցվածքը նրանց համար ավելի շահավետ է դարձնում տանը մնալը, քան որևէ աշխատանքով զբաղվելը, նույնիսկ կես դրույքով:
Այստեղ ծնողական նպաստն այնքան էլ վատը չէ։ Ծնողները ստանում են միանվագ գումար, որը նրանք կարող են ըստ ցանկության բաժանել իրենց արձակուրդի ողջ տևողության ընթացքում:
Ծնողական արձակուրդի դեպքում հայրերն ու մայրերը կարող են տեղերով փոխվել, երբ ցանկանան: Սակայն քանի որ հայրերը սովորաբար ավելի շատ են վաստակում, քան մայրերը, հաճախ ֆինանսապես ավելի ձեռնտու է, որ հայրը շարունակի աշխատել, իսկ մայրը մնա տանը: Արդյունքում շատ մայրեր հենց այդ պատճառով են մնում տանը։ Ֆինանսական նկատառումները մեծ դեր են խաղում ընտանիքների համար:
(Ճկուն աշխատաժամեր և պայմաններ)․ Կորոնավիրուսից առաջ դա այնքան էլ տարածված չէր այստեղ, բայց համաճարակը մարդկանց մղեց դեպի ավելի մեծ ճկունության՝ ներառյալ հեռավար աշխատանքը և տուն-գրասենյակները: Շատ կազմակերպություններ պահպանեցին այս պրակտիկան նույնիսկ կովիդից հետո, ինչը բերեց առաջվա համեմատ ավելի շատ ճկունության։ Այնուամենայնիվ, ես կասեի, որ դա դեռ բավարար չէ:
Ոչ ամբողջ ժամանակով աշխատանքի բավարար հնարավորություններ չկան: Եթե ցանկանում ես աշխատանքի վերադառնալ մայրության արձակուրդի ընթացքում կամ դրանից հետո, կարող է բավականին դժվար լինել նման աշխատանք գտնելը: Սակայն Aperio-ն այս ոլորտում զգալի փորձ ունի. մենք կրճատ ժամանակով աշխատանքներ էինք առաջարկում նույնիսկ կովիդից առաջ: Մենք մեր թիմում մայրիկներ ունենք։
Մենք առաջարկում ենք ճկուն աշխատանքային ժամեր՝ թույլ տալով աշխատակիցներին ընտրել աշխատանքը սկսելու և ավարտելու ժամերը։ Սա նրանց իրենց գրաֆիկը կազմելու որոշակի ազատություն է տալիս։ Բացի դրանից, մենք ունենք հիբրիդային մոդել․ որոշ աշխատակիցներ, ովքեր կարող են արդյունավետորեն կատարել իրենց առաջադրանքները տնից, կարող են շաբաթվա հինգ օրից երեքը հեռավար աշխատել:
Փոքր երեխաներ ունեցող աշխատակիցները երեխայի հիվանդանալու դեպքում կարող են հիվանդության արձակուրդ վերցնել կամ աշխատել տնից՝ միաժամանակ խնամելով իրենց երեխաներին: Բացի դրանից, մենք տրամադրում ենք տարեկան հիվանդության մի քանի արձակուրդային օր և յուրաքանչյուր ամիս մեկ անձնական հանգստյան օր ցանկացած կարիքի համար: Այս անձնական օրը, սակայն, պետք է օգտագործվի միայն տվյալ ամսվա ընթացքում. այն չի կարող տեղափոխվել:
Մենք այս առավելությունները տրամադրում ենք, քանի որ աշխատում ենք երեխաների հետ, բայց նաև այն պատճառով, որ մեր ոլորտում աշխատավարձերը բավականին ցածր են՝ համեմատած այլ ոլորտների, օրինակ՝ բիզնեսի ոլորտի հետ: Որակյալ աշխատակիցներ ներգրավելու և պահպանելու համար մենք ձգտում ենք մրցակցային առավելություններ առաջարկել:
Այո՛, կան կարգավորումներ, որոնք ծնողներին տալիս են ճկուն աշխատանքային ժամերի իրավունք, սակայն դա կախված է գործատուի` նման խնդրանքներին ընդառաջելու կարողությունից: Օրինակ՝ գործարանային պայմաններում ճկուն ժամերը կարող են իրատեսական չլինել: Քանի դեռ գործատուն հիմնավոր պատճառներ է ներկայացնում խնդրանքը մերժելու համար, մերժումը սովորաբար ընդունելի է լինում: Սա բավականին սահմանափակում է ճկուն աշխատանքային ժամերի կիրառումը։
(Աջակցություն երեխայի խնամքի հարցերում). Այո՛, մենք ունենք մի քանի կարգավորում, բայց, ըստ իս, դրանք բավարար չեն: Օրինակ՝ կրծքով կերակրելու համար պարտադիր ընդմիջումներ կան, եթե մայրը կերակրում է աշխատանքի ընթացքում: Բացի դրանից, խնամակալները չեն կարող գործուղվել առանց իրենց համաձայնության: Ինչ վերաբերում է ճկուն աշխատանքային ժամերին, կան սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս գործատուներին միակողմանիորեն փոխել փոքր երեխաներ ունեցող աշխատողների ժամանակացույցը։ Ընդհանուր առմամբ, այսքանով էլ սահմանափակվում սրանց շրջանակը:
Կոմունիստական ռեժիմի ժամանակ փոքր երեխաների համար մանկապարտեզներ կային, բայց 90-ականներին դրանք արգելվեցին։ Մեր օրերում նոր հաստատությունների կառուցումը դանդաղ է ընթանում, և դրանք հիմնականում մասնավոր են ու հաճախ չափազանց թանկ շատ ծնողների համար: Սա էական խոչընդոտ է ստեղծում այն կանանց համար, ովքեր փորձում են աշխատանքի վերադառնալ:
Այստեղ կարևոր խնդիրն այն է, որ մինչև երեք տարեկան երեխաների խնամքի տարբերակներ գրեթե գոյություն չունեն: Երեք տարեկանից սկսած՝ մենք ունենք մանկապարտեզների լավ հանրային համակարգ, որի համար համայնքային ֆինանսավորումը հասանելի է գրեթե յուրաքանչյուր փոքր քաղաքում, բայց որոշ բնակավայրերում դեռևս բավարար չեն տեղերը: Պետական մանկապարտեզների վճարները ողջամիտ են և մատչելի գրեթե բոլոր ընտանիքների համար, սակայն մասնավոր ծառայությունները կարող են բավականին թանկ լինել:
Ծնողները խնդրի առաջ են կանգնում, երբ երեխաները չեն ընդունվում պետական մանկապարտեզ, ինչը կարող է տեղի ունենալ անբավարար տեղերի պատճառով նույնիսկ եթե երեխան երեք տարեկան է: Ի դեպ, պարտադիր է նախակրթարան գնալը՝ մինչ տարրական դպրոց գնալը, և մանկապարտեզները պարտավոր են ընդունել նախադպրոցական տարիքի երեխաներին:
(Միայնակ ծնողներ)․ Ցավոք, միայնակ ծնողները մեր երկրի ամենախոցելի խմբերից են, որ հաճախ են ընկնում աղքատության մեջ: Շատերը բախվում են այն խնդրին, որ մյուս ծնողն ալիմենտ չի վճարում, ինչը նրանց ստիպում է ապրել մեկ եկամտով՝ միաժամանակ համատեղելով աշխատանքը և երեխաների խնամքը, ինչը կարող է բավականին բարդ լինել, հատկապես երբ երեխաների խնամքի ծառայությունները սահմանափակ են:
Վերջին օրենսդրական փոփոխություններից մեկն այն է, որ միայնակ ծնողները կարող են ֆինանսական աջակցություն ստանալ պետությունից, եթե մյուս ծնողը չի վճարում ալիմենտը: Սակայն այստեղ կան բազմաթիվ պայմաններ, և այս աջակցությունը հասանելի է առավելագույնը երկու տարվա ընթացքում: Դրանից հետո, եթե մյուս ծնողը շարունակում է չվճարել, հստակ լուծում չկա: Ընդհանուր առմամբ, մեր օրենսդրության մեջ չկա ոչ մի կարգավորում՝ նախատեսված հատուկ միայնակ ծնողներին աջակցելու համար:
Աշխատանքային օրենսգիրքը միայնակ ծնողների համար հատուկ դրույթներ է պարունակում: Մինչև 15 տարեկան երեխա ունեցող միայնակ ծնողը կարող է գործուղումների ուղարկվել միայն իր համաձայնությամբ: Նաև հիվանդ երեխային խնամելիս միայնակ ծնողները ստանում են ավելի երկար վճարվող խնամքի նպաստ՝ 16 օր, մինչդեռ ոչ միայնակ ծնողներն 9 օրվա նպաստ են ստանում: Սրանք միակ բաներն են, որ առանձնահատուկ են: Միայնակ ծնողները նաև օգտվում են ընդհանուր ծնողական իրավունքներից, օրինակ, ճկուն աշխատանքային ժամեր ունենալու իրավունքը:
Ճկուն աշխատանքային ժամերը և տուն-գրասենյակների տարբերակները կարևոր են նրանց համար: Պետության կողմից ֆինանսական աջակցությունը նույնպես անհրաժեշտ է՝ աշխատանք-կյանք հավասարակշռությանը հասնելու համար: Բացի դրանից, կարևոր է, որ նրանց համար հասանելի լինեն մինչև երեք տարեկան երեխաների խնամքի ծառայությունները, քանի որ միայնակ ծնողներին առանց այդ ռեսուրսների գլուխ հանելը կարող է շատ դժվար լինել: Ավելին, կենսական նշանակություն ունեն հոգեբանական աջակցությունը և ուժեղ սոցիալական ցանցը, քանի որ միայնակ ծնողներից շատերը հաճախ իրենց մեն-մենակ են զգում բոլոր խնդիրներում։
(Գենդերային դերեր)․ Այս հարցերի մի կարևոր կողմ է հասարակության մտածելակերպը: Նույնիսկ օրենքների առկայության դեպքում, առանց վերաբերմունքի փոփոխության, առաջընթաց չի լինի: Սա հատկապես ճիշտ է գենդերային և սոցիալական խնդիրների համար, որոնք մենք ակտիվորեն թիրախավորում ենք ԶԼՄ-ների և կառավարության հետ համագործակցության միջոցով:
Մենք նաև չքննարկեցինք տղամարդկանց դերն այս համատեքստում: Չեխիայի Հանրապետությունում կան տղամարդիկ, ովքեր զբաղվում են այս թեմաներով՝ ներառյալ մեր գործընկեր կազմակերպությունը՝ «Բաց տղամարդկանց լիգան»: Նրանք ջատագովում են հայրությունը, ընտանիքը և գենդերային դերերը՝ օգնելով այս ոլորտներում փոփոխություններ մտցնել:
Կան նաև անհատներ մարդկային ռեսուրսների ոլորտում, մասնավորապես ŠKODA Auto-ի պես ընկերություններում, ովքեր ակտիվորեն առաջ են տանում հավասարության գաղափարը: Օրինակ՝ մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցներից մեկը ծնողական արձակուրդ է վերցնում և կնոջ հետ պարտականություններ է կիսում՝ օրինակ ծառայելով այլ տղամարդկանց համար: Այս ոլորտում առաջընթացը դանդաղ է, սակայն հուսադրող է տեսնել նման նախաձեռնություններ: Հուսով եմ, որ ապագայում մենք կտեսնենք ավելի մեծ հավասարություն։
Դա շատ կարևոր է, քանի որ մեր երկրում այս թեման հաճախ դիտվում է որպես կանանց խնդիր: Շատ կարևոր է տղամարդկանց այս քննարկումների մեջ ներգրավելը. նրանք պետք է պաշտպանեն այս գաղափարը: Կարծում եմ՝ երբեք էական առաջընթաց չենք արձանագրի՝ առանց նրանց ակտիվ մասնակցության։