Հայրության արձակուրդ
Մեր հասարակությունում ընդունված է, որ երեխայի խնամքով մայրերն են զբաղվում, մինչդեռ քիչ չեն այն տղամարդիկ, ովքեր երեխայի ծննդից հետո ակտիվ մասնակցում են երեխայի խնամքի կազմակերպմանը։ Եվ 2020 թվականին ընդունված՝ հայրության արձակուրդի մասին օրենսդրական կարգավորումը գալիս է օգնության:
Վերջին տարիներին հատուկ քննարկումների առարկա է հայրության վճարվող արձակուրդի կարևորությունը՝ ժողովրդագրության, սոցիալ-տնտեսական հարցերի տեսանկյունից։ Մասնավորապես, նշվում է, որ հոր ներգրավումը երեխայի խնամքին ուղիղ կապ ունի կնոջ՝ երեխա ունենալու որոշման հետ, մեծացնում է շատ երեխաներ ունենալու հավանականությունը, դրական ազդեցություն ունի երեխայի զարգացման վրա, միաժամանակ հեշտացնում է կին աշխատողների ընտանիք-աշխատանք հավասարակշռումը, մեղմում է աշխատաշուկայում գենդերային խզվածքը։
2019-ին Եվրոպական խորհրդարանի ու խորհրդի կողմից ընդունվել է 1158 հանձնարարականը՝ ծնողների և խնամակալների ընտանեկան կյանք-աշխատանք հավասարակշռության հարցերի վերաբերյալ։ Այս փաստաթղթով սահմանվում է, որ անդամ պետությունները պետք է առնվազն 10 աշխատանքային օր վճարվող արձակուրդ սահմանեն հայրերի համար (4-րդ հոդվածի 1-ին մաս և 8-րդ հոդվածի 2-րդ մաս):
Հայաստանում հայրության արձակուրդի մասին օրենսդրական կարգավորումը ․ ընդունվել է 2020 թվականի սեպտեմբերին: Աշխատանքային օրենսգրքի 176․1 հոդվածի համաձայն՝ հայրերն ունեն 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդ, որը կարող են օգտագործել երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, իրենց իսկ ցանկությամբ: Գործատուն յուրաքանչյուր օրվա համար վճարում է հայրության արձակուրդում գտնվող աշխատողին միջին օրական աշխատավարձի չափով:
Միևնույն ժամանակ, հայրերը կարող են մինչև 2 ամսվա չվճարվող արձակուրդ վերցնել, երբ կինը մայրության կամ մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդում է գտնվում:
Նշենք նաև, որ կա իրավական կարգավորում, համաձայն որի՝ ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը ընտրելիս հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող կանանց ամուսիններն իրավունք ունեն գնալ արձակուրդ կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:
*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում: