Աշխատող ծնողներին տրվող արձակուրդները

Ընտանիքամետ աշխատավայրի համար կարևոր պայմաններից մեկը վճարվող և աշխատատեղի պահպանման իրավունքով արձակուրդների հնարավորությունն է աշխատող ծնողների համար։ Այս մասին ասված է «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտության մեջ:

Ինչպես նշվում է՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանվում են նպատակային արձակուրդները, որոնցից են հղիության և ծննդաբերության արձակուրդը, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը, հայրության արձակուրդը, չվճարվող արձակուրդը և այլն։ Նաև, նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործատուն լուծարվում է (դադարում է գործել), հանվում է պետական հաշվառումից, կամ ազատվում է պաշտոնից, եթե նոտար է։

Մայրության արձակուրդը

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանվում է, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության (մայրության) արձակուրդ՝

➤140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),

➤155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,

➤180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Այս արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին: Հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում կինը ստանում է մայրության նպաստ միջին ամսական աշխատավարձի հաշվարկով՝ արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար։

Աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ և 2․1 մասերով սահմանվում է արձակուրդ նաև նորածին որդեգրած, նորածնի խնամակալ նշանակված, փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողների համար։ Մասնավորապես, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` մինչև նորածնի 70 օրական (2 և ավելի նորածնի դեպքում՝ մինչև 110 օրական) դառնալը։

Այս դեպքում մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի (70 կամ 110 օր) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:

Իսկ փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (2 և ավելի նորածնի դեպքում մինչև 110 օրական) դառնալը:

Այս դեպքում փոխնակ մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Իսկ փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (2 և ավելի երեխա ծնվելու դեպքում` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

Հայրության արձակուրդը

Աշխատանքային օրենսգրքի 176․1 հոդվածի համաձայն՝ հայրերն ունեն 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդ, որը կարող են օգտագործել երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում՝ իրենց իսկ ցանկությամբ:

Գործատուն յուրաքանչյուր օրվա համար վճարում է հայրության արձակուրդում գտնվող աշխատողին միջին օրական աշխատավարձի չափով: Միևնույն ժամանակ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու արձակուրդում գտնվող կնոջ ամուսինը կարող է պահանջել և ստանալ չվճարվող արձակուրդ, որի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը։

Մեկ այլ կարգավորմամբ՝ տղամարդիկ իրավունք ունեն իրենց ամենամյա արձակուրդը վերցնել կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

Երեխայի խնամքի արձակուրդը

Աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածով սահմանվում է, որ երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Այսինքն, այս դեպքում երեխայի խնամքի համար արձակուրդ կարող է վերցնել թե՛ հայրը, թե՛ մայրը, թե՛ խնամակալը։

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը կարող է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ․ այս դեպքում ամսական նպաստը նշանակվում է երեխայի 70 օրականը լրանալուց հետո մինչև 2 տարեկան դառնալը։

Ներկայումս նպաստի չափերը տարբեր են՝ հիմքում ունենալով երեխայի ծննդյան ամսաթիվը, աշխատողի գյուղաբնակ կամ քաղաքաբնակ լինելը։ Այսպես, մինչև 2023 հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի արձակուրդում գտնվող քաղաքաբնակ աշխատողը ստանում է ամսական 31 600 դրամ (~74 եվրո), իսկ գյուղաբնակը՝ 63 200 դրամ (~148 եվրո), իսկ 2023 հունվարի 1-ից հետո ծնված երեխայի խնամքի արձակուրդում գտնվող քաղաքաբնակ աշխատողը ստանում է 37 500 դրամ (~88 եվրո), գյուղաբնակը՝ 69 100 դրամ (~162 եվրո)։

Կարևոր է նշել, որ գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող լուծել աշխատողի հետ պայմանագիրը, եթե վերջինս գտնվում է արձակուրդում։

Այսինքն, վերոնշյալ բոլոր՝ մայրության, հայրության, երեխայի խնամքի արձակուրդներում գտնվելու ընթացքում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, և նրա հետ աշխատանքային պայմանագիրը խզելն արգելվում է։

Աղբյուրը՝ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտություն