Նելլի Քալաշյան. «Արժանապատիվ մայրություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Նելլի Քալաշյան

 

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՅՐՈւԹՅՈւՆ

Բնության հաջորդականությունը` սերմերի օգնությամբ որքան էլ բացատրելի է, այնքան՝ տիեզերական ու գաղտնիքներով լի։

Մարդուց մարդ ծնվելու հրաշքը մի մեծ երջանկություն է, սերունդների շարունակականության խորհուրդ, ազգապահպանության ու ընտանիքի միաբանության, ամրապնդման խորհրդանիշ։

Ես լրագրող եմ, սակայն կցանկանամ ներկայացնել ոչ թե ուրիշ մեկից լսած մի պատմություն, այլ իմ անմիջական մասնակցությամբ մի իրողություն, որը երբեք չէի ներկայացնի, եթե այս նախաձեռնությունը չլիներ։ Կուզենամ խոսել այս մասին, որպեսզի մեր հայ աղջիկները հոգեպես ավելի պատրաստ լինեն,երբ օտար երկրներում հանդիպեն անտարբերության ու արհամարհական վերաբերմունքի, թեկուզ միայն նրա համար, որ այլազգի են։ Ու այդ երեւույթը հատկապես Ռուսաստանում է արմատացած։

29 տարեկանում հանդիպեցի մեկին, որին վստահեցի իմ հետագա կյանքը։ Ամուսնացա ու գնացի Ռուսաստան։ Մի քանի ամիս անց պարզեցի, որ իմ կյանքում հրաշք պիտի տեղի ունենա։ Մինչեւ ծննդաբերելը իմ հղիության ընթացքը վերահսկող բժիշկը բավական ուշադիր էր։  Շատ խորհուրդներ էր տալիս ու ինձ վստահեցնում, որ ամեն բան լավ է լինելու։

Վերջին օրերն էին, ինձ թվում էր, որ ծննդաբերելու ժամանակն է։ Մի գիշեր խիստ անհանգիստ էի, ամուսինս շտապ օգնություն կանչեց ու Լոբնյա քաղաքից մեզ տարան Միտիշիի ծննդատուն։ Ինձ զննեցին ու ասացին, որ դեռ ժամանակը չէ, պետք է իրենց մոտ մնամ, որ կարողանան վերահսկել իրավիճակը։ Որոշակի լարվածություն էին նկատել։ Եվ տասն օր ես մնացի իրենց հսկողության տակ։ Այդ ընթացքում նկատում էի, որ այն աղջիկներին, որոնք եկվորներ են, վերջում էին կանչում, առաջնահերթ ռուս աղջիկներն էին մտնում հետազոտության։ Օրերը շատ դանդաղ էին անցնում։Մեր սենյակում 6 աղջիկներ էին, բոլորը՝ տարբեր ազգության ներկայացուցիչներ։ Հետո հասկացա, որ ռուս աղջիկներին միասին են տեղավորում, մեզ՝ այլազգիներին, առանձին ու կապ չուներ  Ռուսաստանի քաղաքացի էին , թե՝ ոչ։ Եկավ շատ սպասված օրը, թեեւ անհանգիստ էի, բայց՝ մեծ պատասխանատվության զգացումով։

Իմ կողքի ծնարանում ադրբեջանցի կինը ջանում էր լույս աշխարհ բերել չորրորդ երեխային։ Նույն բժիշկը, որը օգնում էր ինձ, աղջկաս ծնվելուց հետո գնաց օգնելու նաեւ ադրբեջանցի կնոջը (գոռգոռոցի ձայնից հասկացա, որ նույն բժիշկն է): Վերջինս, շատ բարձր բղավելով, կնոջը սաստում էր, որ լուռ մնա։ Ասում էր, որ հերիք չէ չորս տարի իրար հետեւից ծննդատուն է գալիս, դեռ չի սովորել երեխա ունենալու կանոնները։ Ես էլ առանձնապես չգիտեի, բայց գիտակցաբար փորձում էի ինձ կառավարել ու լսել բժշկի ցուցումները։

Իհարկե, շատ տհաճ է, երբ Հիպոկրատի երդում տված մարդու բերանից լսում ես անհարգալից խոսքեր մի կնոջ հասցեին, որը երեխա է ծնում։ Ինչ ազգի ներկայացուցիչ ուզում է լինի։

Բուժքույրերից մեկն ինձ անվասայլակով ծննդկանների սենյակ տեղափոխեց։ Ցույց տվեց իմ մահճակալը ու դուրս եկավ։ Սենյակում իրար դիմաց տեղավորված էին չորս մահճակալներ։ Իմ տեղը պատուհանի տակ դրված մահճակալն էր։ Թեեւ անհանգիստ էի, որ դեռ աղջկաս ինձ մոտ չէին բերել, այնուամենայնիվ լսեցի բուժքրոջը եւ պառկեցի։

Հունվարի սկիզբն էր։ Պատուհանից բուքը ներս էր սողոսկում։ Ձայնը քիչ էր, սառնությունն էլ կատաղի ձեւով հոսանքահարում էր առանց այն էլ թուլացած մարմինս։ Սենյակը ջեռուցվում էր, բայց այդ տարածքում կարծես ներսում էլ ձմեռ լիներ։ Վեր կացա տեղիցս ու իմ թուլացած, անուժ ձեռքերով փորձեցի մահճակալս պատուհանից հեռացնել։ Բայց չկարողանալով տեղից շարժել ԽՍՀՄ-ից մնացած ծանր «հուշը»՝ ուժասպառ ընկա։ Քիչ անց հավաքեցի ինձ ու իրերս, հազիվ մոտեցա դռան մոտ դրված մահճակալին ու պառկեցի, կարծես ամբողջ կյանքս ոտքի վրա էր անցել։ Սթափվեցի աղջկաս ձայնից։ «Վերջապե՜ս»,- հազիվ արտաբերելով՝ «գողացա» իրեն մահճակալից ու սկսեցի հոտոտել։ Երեխայիս բերող բուժքույրը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ ու բարձր ձայնով սկսեց նախատել, թե ինչու ինձ համար նախատեսված մահճակալին պառկած չեմ (ցույց տալով այն տարածքը, որտեղից քիչ առաջ փախուստի էի դիմել)։ Երբ ասացի խնդիրը, նորից նախատինքով մատնանշեց, որ յուրաքանչյուրս մեր անուններով տեղաշորը ունենք ու իրավունք չունենք ինքնագլուխ որոշումներ կայացնելու։ Հանգիստ տոնով, առանց իր նման բղավելու (իրականում բղավելու ուժ էլ չէր մնացել) ասացի, որ հնարավոր չէր այնտեղ պառկել, քանի որ սարսափելի քամի էր փչում։ Բուժքույրը շատ խիստ հայացքով ասաց, որ վատեմ վարվել ու գնաց։ Աղջկաս հետ ծանոթությունն այնքան էր շեղել ուշադրությունս, որ բացարձակ ցանկություն չունեի խոսելու մեկ ուրիշի հետ։ Ուզում էի իրեն շոշափել, զգալ իր ներկայությունն իմ կյանքում, քանի որ երկար ու ձիգ ամիսներ սպասել էի այդ օրվան։ Սենյակ բերեցին եւս մի կնոջ, որին տեղավորեցին իմ կողքի մահճակալին։ Մոլդավացի աղջիկն առանց մի բառ ասելու դարձավ կողքի ու քնեց։

Մոտ մեկ  ժամ հետո ընդունեցինք եւս մեկ կնոջ։ Բուժքույրերի խոսակցությունից պարզ դարձավ, որ այս երրորդ կինն Ուզբեկստանից է։

Ծննդկանների սենյակում դարձանք երեք հոգի։ 4-րդ մահճակալը դատարկ մնաց, որն իսկզբանե ինձ  համար էր նախատեսված։ Օրվա ավարտին, երբ ինձ տեղավորող բուժքույրը տուն էր գնալու, գլուխը ներս մտցրեց, տեսնելով, որ իր ասածին չէի հետեւել, ինձ «համառ» անվանեց ու հորդորեց վերադառնալ իմ երկիրը՝ որտեղից եկել եմ։ Երեք տարի անց միայն հետեւեցի իր խորհրդին ու վերադարձա հայրենի երկիրս՝ այնտեղ թողնելով օտարականի կարգավիճակս, որի հետ հազիվ էի համակերպվում։ Ես ու մոլդավացի աղջիկը շփվում էինք, երկուսս էլ լավ տիրապետում էինք ռուսերենին։ Իսկ ուզբեկ աղջիկը համարյա չեր հասկանում մեր ասածը, բայց փորձում էինք հասկացնել ու օգնել իրեն, քանի որ մեզանից ե՛ւ տարիքով փոքր էր, ե՛ւ շատ թույլ։ Հաճույքով հերթապահում էինք, երբ մեկն ուզում էր քնել կամ ճաշարան գնալ։  Լավ միջավայր էր ձեւավորվել․․․

Այդ լավ մթնոլորտը խախտվեց այն ժամանակ, երբ ներս մտավ հերթապահ քույրը, որպեսզի սովորեցնի երեխաներին փաթաթելու ձեւերն ու կերակրելու հմտությունները։ Ուզբեկ աղջիկը շատ էր փաթաթում երեխային շալերով ու կտորներով։ Բուժքույրը բարկացավ, քաշքշելով  հանեց  փաթաթաններն ու նետեց  հատակին։

Երեխայի մայրը սկսեց լացել, ռուսերենի հետ կապված խնդիր ուներ, լավ չէր արտաբերում մտքերը, որի հետեւանքով էլ հիմնականում արժանացել էր նման վերաբերմունքի։

Ես, տեսնելով այդ բոլորը, բարկացա ու մոտենալով հերթապահ բուժքրոջը՝ ասացի, որ շատ վատ է վարվում այս կնոջ հետ, որ պետք է վերանայի իր արհամարհական վերաբերմունքը։ Նա շուռ եկավ ու ինձ հորդորեց լռել, մերկացրած երեխային թողեց մահճակալին ու գնաց։

Ուզբեկ աղջիկը դեռ լաց էր լինում ու չէր կարող փաթաթել երեխային։ Մոլդավացի կինը (քանի որ երկրորդ անգամ էր մայրացել, արդեն հմուտ էր երեխաներին խնամելու հարցում) հմտորեն փաթաթեց ուզբեկ փոքրիկին, նստեց,  մոտեցրեց մոր կրծքին՝ փորձելով ցույց տալ կերակրելու ճիշտ ձևը։ Երեկո էր արդեն։ Ասացին, որ երեխաներին տանելու են՝ մեզի թեստ հավաքելու։

Տեսնելով իրենց վերաբերմունքն այլազգիների նկատմամբ՝ չուզեցի մենակ թողնել երեխայիս։ Ընդդիմացա՝ ցանկություն հայտնելով գնալ երեխաների  հետ։

Եկավ հերթապահ բժիշկն ու հանգիստ տոնով ասաց, որ պարտադիր պայման է, ու ես իրավունք չունեմ միջամտելու, եւ դա քույրի պարտականությունն է երեխաների հետ լինել։ Տարան երեք երեխաներին՝ կիսասոված։ Բժիշկը մնաց մեր սենյակում, մենք սկսեցինք զրուցել ու ներկայացրեցինք իրավիճակը։

Ես ասացի, որ իրենց համար չպետք է կարեւորվի ազգությունը, չի կարելի խտրական վերաբերմունք ունենալ միայն նրա համար, որ մարդը ռուսերեն չգիտի, կամ ռուս չէ։ Բժիշկն ասաց, որ մեզ շատ ըմբոստ ենք պահում, ու բուժքույրերը դժգոհ են մեր պահվածքից։

(Այսինքն այստեղ պետք է խուլ-համր ձեւանաս, չխոսես, իրավունքներդ չպաշտպանես, լռես ցանկացած իրավիճակում):

Արդեն 11։00-ն էր մոտենում։ Երեխաներին 2 ժամ առաջ էին տարել։ Դուրս եկա սենյակից հասկանալու համար ինչ ընթացքի մեջ է իրենց պրացեդուրան ու երբ են բերելու երեխաներին։ Հաշվառման բյուրոյում (ռեգիստրատուրայում ), որտեղ սովորաբար ինչ-որ մեկը նստած էր լինում, այդ պահին մարդ չկար։ Փորձեցի ինքս գտնել սենյակը, որտեղ կլինեին երեխաները։ Քայլում էի միջանցքով ու նորածինների լացի ձայներ էի լսում։ Գնալով ձայների ուղղությամբ՝ հասա կիսաբաց մի դռան, որտեղ 5 երեխաների մահճակալներ էին դրված։ Գլուխս ներս մտցրեցի դռնից՝ մտածելով, որ հիմա սենյակից ինչ-որ մեկն ինձ կարգելի առաջ գնալ։ Մի քանի վայրկյան գամվեցի տեղում, բայց տեսա, որ ոչ մի շարժ չկա, աչքս ընկավ աղջկաս մահճակալին։ Երեխաների դեմքերը լավ չէր երեւում, ճանաչեցի նրան վարդագույն ծաղիկներով բարակ վերմակից։ Նրանցից երեքը քնած էին, երկուսն աղաղակում էին, որոնցից մեկը աղջիկս էր։ Այնքան բարձր էր նրա ձայնը, որ սիրտս կտոր-կտոր եղավ։ Շատ նեղվեցի, երբ տեսա, որ սենյակում միայն նորածիններն էին ու այլեւս՝ ոչ մի շունչ։ Հանգստացնելով երեխայիս ու մյուս լացող երեխային՝ մոտեցա մի դռան, որտեղից խռմփոցի ձայն էր լսվում՝ հենց երեխաների կողքի սենյակից։ Սկսեցի հարվածել դռանը։

Չեմ սիրում մարդկանց ածականներկ պցնել, բայց ուրիշ հարմար որակում չգտա։

Իմ հարվածներից, մի կերպ աչքերը տրորելով, դուրս թռավ բուժքույրը, որը երեկոյան տարել էր երեխաներին։ Նա հարցրեց, թե ի՞նչ է պատահել եւ ինչո՞ւ է երեխան գրկիս։ Ես ասացի, որ շատ վատ է վարվել, երբ երեխաներին մենակ է թողել սենյակում ու երազների մեջ խռմփացնում է։ Ես էլ իմ երեխային այլեւս իրեն չեմ տա։ Ու ասացի, որ սա  չպետք է անհետեւանք մնա։

Բուժքույրը մի պահ սթափվեց խորը թմբիրից եւ խնդրում էր ինձ հանգստանալ․․․որ ամեն բան կկարգավորի։ Գուցե վախենում էր, որ կհայտնեմ հերթապահ բժշկին՝ իմ ըմբոստ պահվածքը  հաշվի առնելով։

Աղջկաս գրկած՝ վերադարձա մեր սենյակ, տեղեկացրեցի իրավիճակը կանանց, որ գնան ու հետ բերեն իրենց երեխաներին։  Ես լավ գիտակցում էի, որ հետազոտություն է հարկավոր նորածիններին, բայց տեսնելով այդ անտարբեր վիճակը՝ շատ նեղված էի։ Գնացի հերթապահ բժշկի սենյակ ու պահանջեցի, որ ինձ ու աղջկաս դուրս գրեն։ Անիմաստ համարեցի ներկայացնել բուժքրոջ պահվածքի մանրամասները՝ մտածելով, որ ինձ չեն հավատա։ Բժիշկը կտրականապես մերժեց խնդրանքս ու ասաց, որ երրորդ օրը դեռ չի լրացել ու իրավունք չունի դուրս գրելու։ Երրորդ օրն էլ մի կերպ լուսացրեցի։ Նախ՝ երեխայիս անհանգիստ լացը, որ չէր կարող սովը հագեցնել ինձ համար նոր երեւույթ էր, հետո, իմ բարոյահոգեբանական վիճակը երկարացրեց գիշերս։ Միակ բանը որ ինձ ուրախացրեց այն էր , որ մերժեցին արհեստական կերով կերակրել երեխային, որը պնդում էր մոլդավացի Մաշան։

Առավոտյան անհամբեր սպասում էի , թե երբ են վերջապես ներս մտնելու սպիտակ խալաթավորները, որ ազատեն ինձ ահավոր  ճնշող միջավայրից։

Թղթերը ձեռքին եկավ ավագ բուժքույրն ու ասաց, որ մենք 20․000 ռուբլի գումար պետք է վճարեինք, չնայած որ ինձ շտապ օգնության մեքենայով էին տեղափոխել։ Հետո ասաց, որ 10 օր ես իրենց մոտ հսկողության տակ եմ եղել։ Բայց իրենք նախապես այդ մասին ոչինչ չէին ասել մեզ։

Իհարկե, ամուսինս վճարեց գումարն, ու մենք դուրս գրվեցինք։ Երբ այս ամենը պատմեցի ամուսնուս, նա այնպես հանգիստ ու նորմալ վերաբերվեց, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ։ Ես հասկացա, որ, տարիներ շարունակ Ռուսաստանում ապրելով, իր համար նորություն չէր իմ պատմածը։

Պատմությունս գուցե երկար էր, բայց այսպիսով փորձեցի ներկայացնել այն կանանց հույզերը, որոնք իրենց երկրում չեն ծննդաբերում։ Ազգային խտրականությունը հատկապես այս ոլորտում խիստ նկատելի էր։ Ամեն մարդ իր երկրում պետք է ապրի ու երբեք թույլ չտա, որ ոտնահարեն սեփական իրավունքները։ Իհարկե, սեփական երկրում եւս խախտվում են սահմանները, բայց այստեղ հնարավոր է գոնե շահերը պաշտպանել օրենքի շրջանակներում։ Իսկ օտար երկրում օրենքը քո կողմից չէ։ Ոչ մեկը չի լսի քո բողոքն ու իրավունքի կոչերը: