Նաիրա Ջիվանյան. «Արժանապատիվ մայրության ճանապարհին կամ որոշումների երրորդություն»
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։
Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։
Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։
***
Հեղինակ՝ Նաիրա Ջիվանյան
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ
(էսսե)
Մաս 1. Մանկաբարձական բռնություն
Այն փոքրիկ քաղաքում, որտեղ ես ծնվել և ապրել եմ, հասցրել եմ ականատես լինել բժշկական համակարգի անկատարությանը, անտարբերությանը։
Չեք էլ կարող պատկերացնել, թե հատկապես ծննդատանը ինչ էր կատարվում։ 2017 թվականին էր, երբ հանգամանքների բերումով 5 օր գտնվեցի ծննդատան պատերի ներսում, որպես խնամող։ Ես երդվոցի, որ ոչ մի պարագայում այլևս ոտք չեմ դնի այդ դռներից ներս։
Տոտալ անտարբերությունն։
Բժշկական կրտսեր անձնակազմի հետ հիվանդանոցում գտնվելու ամբողջ ընթացքում պարտավոր ես պահպանել «конфетно букетный период»-ը, այլապես ծուռ աչքով կնայեն, կարծես պարտք ես։ Ամեն օր, յուրաքանչյուր կրտսեր բուժաշխատողին (ներառյալ սանիտարներին) հազար դրամ + միրգ ըստ ցանկության։ Կրթության և վարվելակերպի իմացության բացը լրացնում էին քարե անտարբերությամբ, անտակտությամբ։
Այնտեղ «խալաթավորները» անհաղորդ էին, դարձել էին անընդունակ հասկանալու, որ, հե՜յյյ, սա իրենց աշխատանքն է։
Կեղտոտ տեղ էր, ոտից գլուխ տասը անգամ բոլոր տեսակի ախտահանիչ միջոցներով ախտահանած, կեղտոտ՝ մինչև առաստաղը ու մարդկանց հոգիները։
Ախտահանում, բայց և աղտեղություն։
Անվճար բուժօգնություն, բայց և ՄԱՂԱՐԻՉ։
Շատ ծննդկաններ ու երեխաներ անդառնալի հոգեբանական ու ֆիզիկական վնասվածքներ են ստացել ոչ տեղին և անժամանակ բուժօգնության պատճառով։ Խաճախ մեղքը բժիշկ-մանկաբարձինն է, ով ամբողջ ընթացքում միայն հրահանգավորում է և հեռանում, որովհետև արդեն գիշերվա հազարն է, իսկ դու հիմարիկդ երեխայիդ լույս աշխարհ բերելուց դժվարանում ես։ Հետն էլ առանց զգուշացնելու ես եկել։ Բժշկական կրտսեր անձնակազմը հաճախ փոխարինում է բժիշկ-մանկաբարձին, հաճախ կատարում ոչ իրավաչափ գործողություններ, անում է այն ինչ տեսել է, այն ինչ գուցե չգիտի ու այդ ամենը առանց ծննդկանի վիճակը գնահատելու։ Ամբողջ մեղքը այն բժշկինն է ով չի կանխում, չի ուղղում, չի համակարգում։ Ծննդկանին կարող են չզգուշացնել թե ինչ են պատրաստվում անել, չհարցնել։ Որպես մսացու են դիտարկում և վերջ։
Թողնում են ծննդկանին, որ երկար տանջվի, հետո ցավազրկում են, հետո էլի ցավազրկում, հետո էլի տանջում ու որոշում, որ չէ, պետք է վիրահատել։
Ծննդաբերությունը շատ կանանց մոտ ասոցացվում է ամոթի, նվաստացման և բռնության հետ։ Ժամեր շարունակ խախտում են անձնական բոլոր սահմանները։ Շատ դժվար է հատկապես այն կանանց համար, ովքեր առաջին անգամ են ծննդաբերում։ Վերջիններս բացի այն, որ արդեն վախեցած են շրջապատի պատմություններից, մի բան էլ հանդիպում են բուժաշխատողների նախատանքին։ Այնպես են վերաբերվում ծննդկաններին կարծես ամոթ է ունենալ օրգանների այն ամբողջությունը, որոնցով օժտված է կինը։ Զզվա՞նք ասեմ, բարկությո՞ւն ասեմ, ի՞նչ ասեմ… Մեղավոր ես զգում քեզ, որ կին ես ծնվել․․․ քեզ նման կանանց մոտ։
Հետծննդաբերական դեպրեսիայի հիմքը դրվում է ծննդատանը։ Ընկերուհիներիցս մեկին երեք տարի պետք եկավ հղիության և ծննդաբերության ժամանակ ստացած հոգեբանական տրավմաները հաղթահարելու համար։ Հերթական այցի ժամանակ բժիշկ-մանկաբարձը ընկերուհուս կոպտել էր ու շեշտել. «չես սատկի»։ Տարիքով կին էր բժիշկը։
Մյուս ընկերուհիս էլ պատմում էր, թե ինչպես է հերթապահ մանկաբարձը փորձել արհեստականորեն արագացնել ծննդաբերությունը՝ ուժեղ սեղմելով փորին, այն դեպքում երբ դրա կարիքը չի եղել։ Ժամանակին է հասել ընկերուհուս ծանոթ մանկաբարձը, ում հերթափոխը նոր պիտի սկսվեր ու կանխել՝ գործընկերուհու գործողությունները։ Որոշ ժամանակ անց ընկերուհիս հեշտությամբ ծննդաբերել է։ Մեկ այլ դեպքի ժամանակ էլ բժիշկ-մանակաբարձը, մի խումբ ուսանողների հետ մտել է ծննդկանի հիվանդասենյակ ու հրահանգել.
-«բարձրացրո՛ւ»։
Ծննդկանն էլ բժշկի խիստ հրահանգը լսելուց հետո փութով կիսաշրջազգեսի փեշն է բարձրացնել։ Բժիշկը արհամարական կոպտել է ծննդկանին, ու ասել որ բլուզի հետ էր, հետո բոլոր ուսանողների ներկայությամբ՝ զննում իրականացրել։ Պատկերացնո՞ւմ եք։
Ծննդաբերությունից հետո մեկ այլ փորձություն էլ կա։ Ստիպում են կրծքով կերակրել, առանց հաշվի առնելու ծննդկանի վիճակը ու առանց սովորեցնելու կերակրման ճիշտ ձևը։ Սա կոչվում է հոգու ալարկոտություն։
Արդյունքում ես ընտրեցի վճարովի ծննդօգնություն։ Դա իմ կայացրած լավագույն որոշումն էր։ Ես ապահով էի ու իմ երեխան ևս։ Հղիության վարման ընթացքում իմ բոլոր հարցերին սիրալիր պատասխան էի ստանում ։ Բժիշկս շատ բուժառուներ ուներ ու բոլորին սիրալիր պատասխանում էր, նույնիսկ այն դեպքում երբ նյարդերը տեղի էին տալիս․ սրա համեմատ ընկերուհուս բժիշկը, ով էլի շատ բուժառուներ ուներ ու ընկերուհուս հարցին պատասխանել էր, որ ընկերուհիս չի սատկի։
Իդեալական սերվիս՝ ծնարանից մինչև հիվանդասենյակ ու դուրսգրում։ Կրտսեր բուժաշխատողների կողմից ոչ մի քայլ առանց իմ բժշկի, այն բժշկի, ով ամբողջ ընթացքում հսկել է հղիությունս, ում վստահում էի, ով մի բան անելուց առաջ տեղեկացնում էր թե ինչ զգացողություններ եմ ունենալու ու ինչ է ինձ սպասում։ Կրտսեր բուժաշխատողները քաջալերում և ժպտում էին, կողքիս էին և հսկում էին։ Չէին խառնվում, չէին դիպչում առանց զգուշացնելու, որովհետև.
-Նոռմալ աշխատավարձ են ստանում, բավարար, որպեսզի մաղարիչ չպահանջեն, ժպտան, սիրեն իրենց աշխատանքը եւ գոհ լինեն որ մաքուր, մեծ լուսավոր և լավ կահավորված հիվանդանոցում են աշխատում։
-Դուրս կթռչեն կամ խիստ նկատողություն կստանան որևէ հիմնավորված բողոքից հետո, քանի որ վերևներում նստած մարդիկ ուզում են, որ իրենց աշխատողները համապատասխանեն բուժառուների պահանջներին, իսկ բուժառուները դրա արդյունքում գնալով ավելանան։
Խնդիրը համապետական է։
Հետխորհրդայնորեն կոռումպացված այս դաշտը պետք է ոտքից գլուխ վերփոխել և առաջին հերթին ի օգուտ բուժաշխատողների։
Մաս 2։ Հայրիշխանություն
Երկրորդ որոշմանս մասին խոսելով` վերադառնանք այն կյանք որում կինը փորձում է հաջողել հասարակութան և կյանքի պայմանների պարտադրած բոլոր դերերում ։ Իսկ ինչո՞ւ բոլոր. այլ կերպ հնարավոր չէ։
Հարյուրավոր տարիներ են անցել այն պահից, երբ կինը կրում էր օջախը վառ պահողի կոչումը ։ Իսկ հետո կինը պայքարեց ու առաջ տարավ աշխատելու, ստեղծագործելու, տաբատ հագնելու իր իրավունքները։ Տղամարդիկ էլ, թե. «Օկ ջան, բայց չմոռանաս, որ օջախդ էլ վառ պահես»։ Էստեղ արդեն ոնց բախտդ կբերի, եթե ընտրյալդ խիղճ ունի ու իր քթից այնկողմ մի բան, այնուամենայնիվ, տեսնում է, գուցե հասկանա, օգնի, կիսի պարտականություններդ, եթե չէ… Ու դու մի պահ քո ներսի քաոսը վերցնելով նստում ես շուրջ բոլորդ կատարվող քաոսի մեջ ու սպասում քեզ համար կարևոր մարդկանց մեղադրանքներին, որ հասկանաս թե ինչը լավ չես անում։
«Անարդարության զգացում», այլ ոչ թե «Կենցաղ». ընտանիքները մարում են անարդարության զգացումից։ Իսկ հասարակության արյունոտ երախները պատրաստ կանգնած են հոշոտելու: Ու կողքովդ թռչում են ածելու չափ սուր պիտակները։
Ու դիպչում են։
Ես այդպես էլ չհասկացա հնազանդորեն կամ նույնիսկ խանդավառությամբ ստանձնած պատասխանատվությունների բույլը պարտադրված էր, թե ոչ։ Ո՞ւմ կողմից։
Աշխատել երեխայի խնամքի ընթացքում. հենց սա էր երկրորդ լրջագույն որոշումը որը կայացրեցի, սա արգելանիվ էր, որը պետք է զսպեր կյանքիս սովորական ընթացքը տակնուվրա արած իրադարձությունները։ Ես անչափ ուրախ էի այս հնարավորությանը, քանի որ իմ աշխատելը թույլ կտար ինձ ու ամուսնուս շարունակել ապրել մեր վարձած տանը։ Նույնիսկ այն պահին երբ անզորությունը սրտումս, հոգումս, աչքերիս ու շուրջբոլորս երեք կես էի լինում լացող Մսագնդիկիս, լացող ԻՄ ու վառվող աշխատանքային գրաֆիկիս միջև, ուրախ էի գիտակցել, որ դա այն գինն է, որը վճարում եմ ինքնուրույնության ու իմ ընտրած կենսակերպը պահպանելու համար։
Մայրական բերկրանքն ու մայրական հիստերիան ձեռք ձեռքի տված ընթանում են անվերջ ձգվող այն օրվա ընթացքում, որը բաղկացած է իրար հաջորդող բազմաթիվ օրերից։
Բնականաբար հնարավոր չի անել ամեն-ինչ միաժամանակ ու միաժամանակ լավ։ Դրա համար էլ կիսատ-միաստ անելը պարտադրված ընտրությունս է ու այլ կերպ չի ստացվում, որովհետև փոքրիկ պահանջատերս կոկորդս կխրի իր բոլոր վեց հրաշագեղ ատամիկները ու իմ հիացած հայացքի ներքո կխմի արյանս վերջին միլիլիտրերը, այն կաթի փոխարեն, որ համարձակություն եմ ունեցել ուշացնել։ Իսկ այդ ընթացքում թերաժեքության զգացումը խառնվում է գզգզված սանրվածքիս հետ ու վերջին հարվածներն է հասցնում անձնական ժամանակ ունենալու իմ փափագներին։ Գուցե և այսչափ դժվար չլիներ, եթե ես չփորձեի պահպանել ինքնուրույնությունս, գնալ ապրելու այնտեղ ուր ինձ կօգնեին ու խնդրել ու պահանջել այդ օգնությունը, հարմարվել ու լինել մեկ այլ համակարգի մասնիկ։
Շատ ավելի դժվար կլիներ։
Մաս 3։ «Մեկ էրեխով կնիկ չեն զբաղացնի»
Ինչ-որ տեղ լսել եմ մի միտք, որը ինձ ուղղեկցում է երեխայիս ծնվելուց ի վեր, այն մոտովորապես այսպես էր հնչում. «Կինը պետք է ունենա այն քանակության երեխաներ, որքան որ կարող է պահել և ապահովել միայնակ»։ Այս միտքը կարելի է երկար ծամծմել, ու տակը կմնա բացարձակ ճշմարտություն։
Ես հիմա հասկանում եմ որ վերականգնվելու, հոգեպես հավասարակշռվելու համար ինձ անհրաժեշտ է ժամանակ ու գուցե հավերժություն, ու ես դեռ երկար պատրաստ չեմ լինի երկրորդ երեխայի մասին մտածելուն։ Իմ գիտակցված որոշումն է դեռևս մեծացնել մեկ երեխա։ Ինչ-որ մեկը իրավունք ունի՞ ընդդիմանալու իմ այդ որոշմանը։ Հազարավոր կանայք չեն կարող իրենց տալ այս հարցը։ Գուցե որովհետև նույնիսկ դրա իրավունքը չեն վերապահում իրենց։
Միայն պարտականություններ։
Հայկական իրականության մեջ պահպանողականության շղարշի տակ անարգանք է թաքնված։ Եթե տղա է առաջնեկդ, էլի ոչինչ, բայց մի աղջիկը ի՞նչ։ Շարա՜ն-շարա՜ն, տեսա՜կ-տեսա՜կ երեխաներ չունենա՞ս։ «Իրար հետևից ունեցի քցի մի կողմ», թքած թե մի կերպ կպահես, թքած թե ուսում չեն ստանա, թքած թե ուշադրություն ու սեր չես հասցնի տալ։ Ինչի՞, քի՞չ են մանկական տրավմաներով, հոգեպես անհավասարակշռված անհաջողակները, ոչ առաջինն են լինելու, ոչ՝ վերջինը, կարևորը դու «բեր»։ Ամենացավալին գիտեք ո՞րն է. Բոլորս էլ ունենք մեկ կամ նույնիսկ մի քանի ծանոթ ընտանիքներ, որոնք հինգ-վեց աղջիկ երեխա ունեն ու մի տղա՝ ամենափոքրը։
Անարգանք։
Մեդալը նաև հակառակ կողմ ունի.
-«էլ մի բեր»։
Հղիությունից խուսափելու «մեխանիզմներից» սկսած պատասխանատվությունը կնոջ վրա է, իսկ ճնշումը երբեմն այնքան շատ է, որ հնարավոր չէ հասկանալ թե որտեղ է վերջանում պարտավորվածությունը և որտեղ սկսվում՝ գիտակցված որոշումը։ Միայն հղիության արհեստական ընդհատումների քանակից կարելի է հասկանալ, որ տղամարդկանց մի ստվար զանգված չի էլ պատկերացնում, թե ինչ ասել է պատասխանատվություն։ Իսկ կանայք անցնում են սարսափելի այդ պրոցեդուրայի միջով էլի ու էլի, առանց հարցերի, ինքնամեղադրանքով ու հնազանդությամբ։
Հնազանդվել։
Ենթարկվել։
Ես էլ եմ ենթարկվում։ Ես ծնվել ու մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ենթարկվելը պատիվ էր, իսկ ընդդիմացողներին նայում էին որպես շեղվածների, ում կարելի էր հայհոյել։
Շեղվեցի՞ արդյոք։
Ու գիտե՞ք, ես աղջիկ եմ ունեցել ու նա ևս օրհնված է մայր դառնալ, բայց նա չի ենթարկվի ու պարտավորված չի լինի, ու չի սպասի դիմացինի հայեցողությանը։
Նա կապրի արժանապատիվ կյանքով։
Արժանապատիվ մայրությունը երեխայի արժանապատիվ կյա՞նքն է։