Տաթև Օհանյան. «Արժանապատիվ մայրություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Տաթև Օհանյան

 

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՅՐՈԻԹՅՈԻՆ

Արփինեն ապրում էր մի փոքրիկ գյուղում, որտեղ ամեն ինչ միախառնված էր պարզության ու լռության հետ։ Նրանց տունը՝ շագանակագույն պատուհաններով, լցված էր երեխաների խաղալիքներով, որոնց նա ձեռք էր բերել՝ սպասելով իր առաջնեկին։ Ամեն երեկո նա նստում էր բազմոցին ու փորին ձեռքը դնելով՝ խոսում փոքրիկի հետ:

«Դու իմ փոքրի՛կ հրաշք ես լինելու…» — կրկնում էր, իր աչքերում փայլելով մայրական անսահման սերը։

Բայց ծննդաբերության օրը դարձավ նրա կյանքի ամենասարսափելի փորձությունը։

Արփինեն զարթնում էր ծայրահեղ ցավով, բայց հոգին լցված էր անսահման սիրով։ Նա նոր էր կյանք տվել իր առաջնեկին՝ տղային։ Բուժքույրը ժպիտով հաղորդել էր՝ «Մեր այս շաբաթվա միակ տղան է։» Երեխան ծնվել էր ճիչով, բայց արդեն երեք ժամ անց նրան դեռ մայրիկի մոտ չէին բերել։

Սկզբում Արփինեն փորձում էր հանգստանալ՝ մտածելով, որ գուցե ինչ-որ ստանդարտ զննում է։ Սակայն երբ ոչ ոք ներս չմտավ, իսկ ժամը շարունակ թևում էր, նրա անհանգստությունը վերածվեց լարվածության։ Մտածելով ամենավատը, նա վերջապես կանչեց բուժքույրին։

Բուժքույրը, խուսափելով աչքերի մեջ նայել, շտապորեն ասաց, որ պետք է սպասի բժշկին։ Կասկածը սողոսկեց Արփինեի սրտում։ Բժիշկը ներս մտավ՝ լուրջ և կոշտ դեմքով։ Նրա բառերը՝ «Ցավոք, ձեր երեխան մահացել է», սառեցրեցին Արփինեի աշխարհը։

«Չի կարող պատահել»,- գոռաց Արփինեն, խելահեղ քաշելով մազերը։ «Ինձ իմ երեխային բերեք։ Ես ուզում եմ տեսնել նրան։»

Բժիշկը երկար լռեց։ Վերջապես, համաձայնեցին։ Երբ Արփինեին ցույց տվեցին «երեխայի» մարմինը, նա երկար ժամանակ կանգնած էր, փաղաքշելով փոքրիկին։ Բայց ինչ-որ բան տարօրինակ էր։ Արձագանք չկար իր սրտում, կարծես դա իր որդին չէր։Արփինեն երկար շոյում էր փոքրիկի մարմինը՝ հուսահատ կուլ տալով արցունքները։ Սակայն ինչ-որ բան սարսափելի սխալ էր թվում։

Այդ պահին հիվանդանոցի միջանցքով անցավ մի շքեղ տեսարան. հարուստ զույգ՝ ոգևորված, շքեղ նվերներով և լուսանկարիչներով շրջապատված, դուրս էին բերում իրենց նորածնին։ Արփինեն հիշեց բուժքույրի խոսքերը՝ «Այս շաբաթվա միակ տղան է»։

Բայց ինչպե՞ս։ Եթե միայն իր տղան էր ծնվել, ապա ու՞մ էին դուրս գրում։

Սրտում կասկածի առաջին ցոլքերը վերածվեցին անվերահսկելի բոցերի։ Արփինեն ճանապարհին կանգ առավ, հետո արագ հետ դարձավ դեպի մորգը՝ ևս մեկ անգամ տեսնելու երեխայի մարմինը։ Երբ նրան ցույց տվեցին փոքրիկին, այս անգամ նա նկատեց մի բան, որ առաջին անգամ վրիպել էր իր աչքից. մարմինը մերկ էր՝ առանց սպիտակեղենի։

Նա այլևս չդիմացավ։ Ուժգին ճիչը լցրեց ամբողջ սենյակը, և Արփինեն ուշաթափվեց։ Նրա վիճակը վատացավ՝ ուղեկցվելով ուժեղ արյունահոսությամբ։ Նա շտապ տեղափոխվեց այլ հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց, հազիվ բացելով աչքերը, հազիվ լսելի ձայնով արտաբերեց.

«Իմ երեխան չի մահացել…»

Նրա հարազատները՝ կարծելով, որ սա ծննդաբերական սթրեսի և դեպրեսիայի արդյունք է, անտեսեցին խոսքերը։ Բայց Արփինեն համոզված էր. ինչ-որ տեղ, իր երեխան կենդանի էր։

Արփինեն ամիսներ շարունակ ոչինչ չէր կարողանում մոռանալ։ Նրա միտքը մշտապես վերլուծում էր ամեն մանրուք՝ հիվանդանոցի միջանցքում տեսած հարուստ ընտանիքի դուրսգրումը, մորգում տեսած մերկ երեխայի մարմինը, և բուժքույրերի խուսափողական պահվածքը։

Մի օր, երբ արդեն մասամբ կազդուրվել էր, հանդիպեց մի լրագրողի՝ երիտասարդ, էներգիայով լի և, ամենակարևորը, վստահելի։ Արփինեն զգուշորեն պատմեց իր պատմությունը։ Նա մանրամասն նկարագրեց, թե ինչպես իր որդին ծնվել էր ճիչով, ինչպես նրան ասել էին, որ երեխան մահացել է, բայց այն, ինչ ցույց տվեցին, աղջիկ երեխայի մարմին էր։

«Դա իմ տղան չէր»,- վստահ ասաց Արփինեն։ «Միայն ես էի այդ շաբաթ տղա երեխա ունեցել, իսկ այդ հարուստ ընտանիքն իրենց որդուն մեծ շուքով տուն տարավ հենց այն օրը, երբ ես կորցրի իմ երեխային։»

Լրագրողի դեմքն ավելի լուրջ դարձավ, երբ լսեց, որ միջանցքում քույրերը շշնջում էին, թե «մի մեծ գումար» ստանալու են տղա երեխայի համար։ Արփինեի պատմությունը սկսեց հնչել որպես ոչ միայն անձնական ողբերգություն, այլ շատ ավելի մեծ ու կազմակերպված հանցագործության վկայություն։

Լրագրողը խոստացավ ուսումնասիրել դեպքը, բայց խորհուրդ տվեց հավաքել լրացուցիչ ապացույցներ։ Արփինեն, չնայած հարազատների կասկածներին, համարձակ որոշում կայացրեց. նա պետք է ներթափանցեր հիվանդանոց։

Կեսգիշերին, երբ բոլորը քնած էին, Արփինեն աննկատ մտավ հիվանդանոց։ Լուռ քայլելով միջանցքներով, նա գտավ իր տղայի անձնական գործը, բայց խառնաշփոթ վիճակում թղթերի հետ միասին վերցրեց նաև այլ փաստաթղթեր։ Նա միայն հիվանդանոցից դուրս գալուց հետո սկսեց ուսումնասիրել վերցրածը։

Թղթերի մեջ կային ապշեցնող ապացույցներ՝ պայմանագրեր, ծածկագրված անուններ և նույնիսկ երեխաների վաճառքի կտրոններ։ Դրանցից մեկում նշված էր մի առանձնահատուկ ամսաթիվ, որը համընկնում էր իր տղայի ծննդյան օրվա հետ։

Արփինեն անմիջապես զանգահարեց լրագրողին, և միասին նրանք ուսումնասիրեցին փաստաթղթերը։ Պարզ դարձավ, որ սա միայն մեկ դեպք չէր. այլ մայրեր նույնպես կորցրել էին իրենց երեխաներին նույն հիվանդանոցում՝ նմանատիպ կասկածելի հանգամանքներում։

Մի օր, երբ լրագրողը դեռ ուսումնասիրում էր փաստաթղթերը, Արփինեն սոցիալական ցանցերում պատահաբար տեսավ մի հայտարարություն. աղետալի վիճակում գտնվող երեխային շտապ անհրաժեշտ էր արյան հազվագյուտ խումբ։ Հայտարարությունը զետեղված էր մի ընտանիքի էջում, որը միանգամից ճանաչեց. դրանք այն մարդիկ էին, որոնց մեծ շուքով դուրս էին գրել հիվանդանոցից՝ տղա երեխայի հետ։

Արփինեն չկարողացավ անտեսել զուգադիպությունը։ «Ինչպե՞ս է հնարավոր»,- մտածեց նա, – «Այդ շաբաթ ես էի միակն, որ տղա երեխա էի ունեցել…»։

Հայտարարությունն ավելի ուշադիր կարդալիս, Արփինեն նկատեց մի մանրամասն, որից սիրտը կրկնակի զարկեց. երեխայի ծննդյան օրն ու հիվանդանոցը համընկնում էին իր դեպքի հետ։ Իսկ գույնզգույն լուսանկարների տակ, հիվանդանոցում արված նկարի մեջ, նկատեց մի բան, որը նրա կասկածները վերածեց համոզման. այն սպիտակ ադիալը, որը բերել էր իր որդու համար։

Արփինեն, ստիպելով իրեն հանգիստ մնալ, շտապ հեռախոսազանգ կատարեց լրագրողին։ Նա որոշեց միջոց գտնել, որ դոնոր դառնա այդ երեխայի համար։ «Եթե սխալվեմ, կդադարեմ պայքարել։ Բայց եթե ճիշտ եմ…»։

Արփինեն իր հարազատներին խոստացավ, որ միայն արյուն կտա և կվերադառնա։ Սակայն ներքուստ զգում էր, որ սա իր վերջին հույսն է։

Բժիշկները վերցրին արյունը, իսկ մի քանի օր անց լրագրողի հետ միասին նա սպասում էր ԴՆԹ արդյունքներին։ Այդ րոպեներն անվերջ թվացին։ Հենց որ պատասխանը եկավ, Արփինեն շունչը պահեց՝ տեսնելով միայն մեկ բառ. Համընկնում է։

Նրա որդին է։

Արփինեն անմիջապես կապ հաստատեց իրավապահ մարմինների հետ, իսկ լրագրողը, որը նույնպես ներկա էր, օգտագործեց իր բոլոր հնարավոր կապերը, որպեսզի գործը հանրային դարձնի։ Կարճ ժամանակ անց հիվանդանոցի անձնակազմից մի քանի հոգի ձերբակալվեցին։ Արձանագրվեցին բազմաթիվ դեպքեր, երբ նորածիններ վաճառվել էին մեծ գումարներով։

Արփինեն որդուն առաջին անգամ ամուր գրկեց։ Նրա արցունքները խառնվեցին ուրախության և թախծի հետ. այսքան տառապանքներից հետո նա վերջապես վերստին գտել էր իր երեխային։

Երբ մեկ շաբաթ անց նրան կանչեցին դատարան իր պատմությունը կիսելու, Արփինեն այլևս միայնակ չէր։ Նրա կողքին կանգնած էին այն մայրերը, ովքեր տարիներ շարունակ լռել էին։ Նրանք բոլորը, Արփինեի նման, ցանկանում էին, որ արդարությունն իրականացվի։

Արփինեն այնպես էր գրկել բալիկին ,որ հարյուր հոգով չէին կարող բաժանել։