«Երբեք ներողություն մի խնդրեք այն բանի համար, որ կին եք ու մայր»․ Ջեսիկա Փրեսլեր
«Բացահայտելով Աննային» նեթֆլիքսյան կարճ սերիալը պատմում է այն մասին, թե ինչպես է լրագրող Վիվիան Քենթը հետաքննում 26-ամյա ամբաստանյալ Աննա Սորոկինի անցած ճանապարհը։
Ֆիլմում նկարագրվում է իրական պատմություն այն մասին, թե ինչպես է 26-ամյա Աննան, կեղծելով ինքնությունը, հիմարացնում նյույորքյան էլիտայի բավականին հարուստ մարդկանց, մեծ գումարներ յուրացնում, շքեղ կյանքով ապրում։ Եվ, ի վերջո հայտնվում է բանտում։
Ֆիլմի գլխավոր հերոսը լրագրող Վիվիանն է․ հղի կին, ումից խմբագիրներն ուզում են ազատված լինել։ Խտրականություն, ագրեսիա, անվտահություն։ Մինչդեռ նա աշխատում է մեծ եռանդով ու ջանասիրությամբ։ Նույնիսկ ծննդաբերությունից րոպեներ առաջ նա գրասենյակում հոդվածի վրա է աշխատում՝ հիվանդանոց գնալու պայուսակը կողքին ու գրասենյակային աթոռին սրբիչ փռած (միգուցե պտղաջրերը գնային աշխատելու ժամանակ)։
Վիվիանի կերպարի նախատիպը ամերիկացի հայտնի լրագրող Ջեսիկա Փրեսլերն (Jessica Pressler) է, ում հոդվածի հիման վրա էլ ստեղծվել է ֆիլմը։ Ջեսիկան նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկն է։ Իր հոդվածը գրելու ժամանակ Ջեսիկան նույնպես հղի է եղել, սակայն Venture-ին տված հարցազրույցում պատմել է, որ խմբագրության մթնոլորտը և այլ դետալներ չափազանցված են։
Հետաքրքիր է նրա պատմությունը, թե ինչպես են Netflix և Shondaland ընկերությունները կապվել Ջեսիկայի հետ և համաձայնեցրել՝ հոդվածի հիման վրա ֆիլմի նկարահանումը․
«Հիշում եմ նրանք կապվեցին ինձ հետ, երբ ես նոր էի հիվանդանոցից տուն տեղափոխվել կամ նույնիսկ հենց հիվանդանոցում էի՝ 2018-ի հունիսին։ Եվ ես պատասխանեցի․ «Կներեք, ես չեմ հասցնում էլ․նամակներին հետևել, երեխայով եմ զբաղված»։ Ի պատասխան Շոնդան ուղարկեց ինձ այս խորհրդանշական պատասխանը․ «ԵՐԲԵ՛Ք ներողություն մի խնդրեք այն բանի համար, որ կին եք ու մայր։ Եթե դուք տղամարդ լինեիք, ձեր նկարը կդնեին Time ամսագրի շապիկին՝ միաժամանակ երեխաներին խնամելու ու որևէ գործ անելու համար»։ Ես ցնցված էի»։
Վերադառնալով ֆիլմին, պետք է նշել, որ դերասանուհի Աննա Կլամսկին (Anna Chlumsky) հիանալի է խաղում և դիտողին փոխանցում հղի կնոջ հույզերն ու վախերը՝ աշխատանքի, կարիերայի հետ կապված։
Ի դեպ, Աննա (Դելվեյ) Սորոկինի դերում Ջուլիա Գարներն է, ավելի հայտնի նետֆլիքսյան մեկ այլ՝ «Օզարկ» ֆիլմից։