Եվ՛ երջանիկ մայր եմ, և՛ լավ աշխատող․ Մարիաննա Քաբաբյան

32-ամյա Մարիաննա Քաբաբյանը զբաղվում է մարքեթինգաայն արշավների, միջոցառումների կազմակերպմամբ։ Նա երկու երեխաների մայր է՝ 3,5 և 7 տարեկան տղաների խնամքը համատեղում է ակտիվ աշխատանքի հետ։ 

«Երբ ծնվեց առաջնեկս, մի քիչ խնդիրներ ուներ և 5 օր անց ենք դուրս գրվել, բայց 6-րդ օրն էր՝ մամա էի ու արդեն երազում էի աշխատելու մասին, ուզում էի հնարավորինս շուտ վերադառնալ։ 1 ամիս անց զանգ ստացա, հարցնում էին` ի՞նչ պլաններ ունեմ, ես էլ ասեցի, որ հենց վաղը պատրաստ եմ աշխատել։ Ծննդաբերությունից 3 ամիս անց արդեն աշխատանքի անցա, չնայած, որ կրծքով էի կերակրում», – պատմում է Մարիաննան։

Հարցին, թե ինչպե՞ս էիր հասցնում, կարճ է պատասխանում՝ վազելով։ 

«Ֆիզիկապես շատ ծանր էր, իհարկե, բայց չեմ փոշմանել։ Փորձել եմ շատ սեր տալ երեխային, երբ տանն եմ եղել։ Կարոտը լրացնում էի կրծքով կերակրելով։ Ինձ վրա շատ էին բարկանում, ասում էին չի՛ կարելի, երեխան գրկի կսովորի, բայց իմ կարծիքը մեկն էր, որ պետք է մայրության ամեն տարիքը, ամեն պահը վայելել։ Մենք նաև համատեղ քունն էինք կիրառում։ Քնում էինք միասին, երկար կերակրում էի։ Ֆիզիկական ու հոգեկան մտերմությամբ լրացնում էի բացակա ժամերիս բացը», – նշում է նա։ 

Երկրորդ երեխայի ծննդի ժամանակ Մարիաննան ընդհանրապես ֆիզարձակուրդ չի գնացել։ Ծննդաբերությունից 3 օր հետո անցել է ակտիվ աշխատանքի։ Աշխատանքի հիմնական մասն օնլայն է եղել, բայց 15 օր անց նաև ֆոտոնկարահանման է մասնակցել։ 

«Երեխան հետս էր, ես երեկոյան զգեստով, դիմահարդարմամբ, բարեկամուհիս ու աշխատակիցներն էին օգնում, որ կարողանամ աշխատանքս ավարտել։ Կատակով ասում էին, որ Մարիաննան ընտանիքով տեղափոխվել է աշխատավայր, – ժպիտը դեմքին հիշում է Մարիաննան ու ընդգծում, – Աշխատանքը օգնում է ինքնիրացման հարցում, ինձ տալիս է երջանկության զգացում, անկախություն՝ նաև ֆինանսկան տեսանկյունից, լավ է անդրադառնում նաև երեխաների վրա։ Երեխաներիս տվել է ինքնուրույնություն, հասարակությունում ներգրավվելու կարողություն, իմ երեխաները շատ շփվող են, որովհետև ինձ հետ տարբեր տեղեր են եկել»։

Գործատուների հետ երբևէ խնդիր չի եղել, բոլորը միշտ ըմբռնումով են մոտեցել, նույնիսկ օգնել են ինչպես կարողացել են։ Մարիաննան նաև զգացել է իր հետևորդների աջակցությունը։ 

«Դա մեր ժողովրդի լավ կողմերից է, մենք երեխաներին շատ ենք սիրում, անկախ նրանից՝ մերն է, անծանոթինն է։ Եղել է, որ հետևորդներիցս մեկը եկել է, պահել երեխաներիս, որ ես միջոցառման մասնակցեմ։ Հենց երեկ եմ այդպիսի մի նամակ էլ ստացել, որ հետևորդս առաջարկում էր երեխային պահել, մինչև ավարտեմ աշխատանքս։ Ես, իհարկե, կհասկանամ այն ծնողներին, ովքեր չեն ուզում աշխատել, բայց ինձ համար աշխատելը շնչելու նման բնական բան էր, իսկ խնդիրները ժամանակի ընթացքում հարթվեցին։ Արդյունքում ես և՛ երջանիկ մայր եմ, և՛ լավ աշխատող», – եզրափակում է երկու երխաների երջանիկ մայրիկը։

Հեղինակ՝ Սաթենիկ Հայրապետյան

Ծանուցում․ Հրապարակումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ կողմից տրամադրված ենթադրամաշնորհային միջոցներով` «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կետ 33» ՀԿ-ը,  և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։