Ընտանիքամետ գործատու

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Ես աշխատում եմ ընտանիքամետ աշխատավայրում՝ ընտանիքամետ գործատուի հետ։ Այո՛, հետ և ոչ թե մոտ։ Եկեք՝ պատմեմ։ Թվում է՝ բախտավոր և աշխատանք բառերն այնքան էլ համադրելի և համատեղելի չեն։ Աշխատանքի մասին խոսելիս առավել հաճախ խոսում ենք ջանքի, ձգտման, նպատակների, ժամկետների մասին, բայց ոչ բախտի։ Այսուամենայնիվ, հենց այդ բառն է մտքիս գալիս, երբ մտածում եմ իմ աշխատանքի մասին։ Ես բախտավոր եմ, որովհետև իմ աշխատավայրում տեսնում են մարդկանց, ոչ թե պաշտոններ, լսում են պատմությունները գրաֆիկներից ու վերջնաժամկետներից դուրս և գնահատում են աշխատակցին՝ անկախ կատարողականի ցուցանիշներից։ Ընտանիքամետ լինելը միայն ներքին ընթացակարգերի կամ քաղաքականությունների հարց չէ․ դա վերաբերմունք է, համոզմունք, որ աշխատանքը պետք է համընթաց լինի կյանքին, ոչ թե փոխարինի այն։ Ընտանիքամետ ղեկավարը ոչ թե հանդուրժում է քո անձնական կարիքները, այլև իրական հարգանքով է վերաբերվում դրանց։ Այսպիսի աշխատավայրում ճկունությունը բացառություն չէ, այլ վստահության նշան։ Երբ կարող ես անկեղծ ասել, որ երեխան հիվանդ է կամ պարզապես պետք է մի օր հանգստանաս, և քեզ նայում են ոչ թե կասկածանքով, այլ ըմբռնումով։ Այդպիսի միջավայրում սկսում ես նկատել, որ մարդիկ չեն աշխատում ավելի քիչ կամ պակաս նվիրումով, երբ նրանց ազատություն են տալիս․ նրանք աշխատում են ավելի լավ, ավելի մեծ ձգտմամբ։

Ընտանիքամետ աշխատանքային մշակույթն ստեղծում է աշխատանքային միջավայր, որտեղ համբերատարությունն ու էմպատիան «փափուկ հմտություն» չեն, այլ ամուր հիմք, աշխատելաոճ և գաղափարախոսություն։ Գործատուի՝ աջակցող ու մարդասիրական մոտեցումը պրոֆեսիոնալիզմի այլ մակարդակ է։ Երբ աշխատակիցն իրեն ապահով և գնահատված է զգում, ստեղծագործականությունը ծաղկում է, երբ վստահությունը փոխարինում է վախին, արդյունավետությունն կրկնապատկվում է, երբ հավասարակշռությունը երկուստեք հարգվում է, մարդիկ աճում են և մոտիվացվում։ Այսպիսի միջավայրում չեն հաշվում քո աշխատած ամեն րոպեն, այլ քեզ հետ կիսում են աշխատանքային ժամը՝ ստեղծելու նոր բարիք։ Այսպիսի միջավայրի շնորհիվ աշխատկիցն առավել քան կարգապահ է, հետևողական և արդունավետ։

Ես իսկապես բախտավոր եմ այս հարցում և մասնիկն եմ մի թիմի, որն աշխատում է վերոգրյալ մոտեցմամբ։ Իմ աշխատանքը զոհաբերություններ չի պահանջում, այլ ակնկալում է, որ ես կապրեմ լիարժեք՝ միաժամանակ իմ նպաստն ունենալով կարևորագույն հարցերում։ Ես կարողանում եմ լինել մասնագետ՝ չդադարելով լինել ծնող, ընկեր, պարզապես մարդ, որը բացի աշխատանքից ունի այլ կյանք, որը լիարժեք է նաև աշխատանքով։ Այո՛, ես իսկապես հաջողակ եմ, որ աշխատում եմ ընտանիքամետ գործատուի մոտ։ Իմ աշխատավայրում մարդկայնությունը կարգախոս չէ, այլ ամենօրյա գործելակերպ, բարյացակամությունը թուլություն չէ, այլ ուժ, որտեղ ինձ ամեն օրը հիշեցնում են, որ հարգանքը, կարեկցանքը, էմպատիան և հավասարակշռությունը շքեղություն չեն, այլ կենսական անհրաժեշտություն։ Հպարտ եմ՝ լինելու այս թիմի լիարժեք անդամը։

Հեղինակ՝ Արփինե Գրիգորյան