Մեր երկիրը հարմարեցված չի մամաների համար

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Տիկին Տոպոլյան ջան,

🌱 Մեր Plantastic ծաղկամանը Ձեզ եմ նվիրում՝ որպես հիշեցում, որ աշխատանքն ու մայրությունը կարող են կողք կողքի լինել, եթե կա մարդկային վերաբերմունք ու ցանկություն։
Շատ շնորհակալ եմ, որ 4 տարի առաջ ինձ ոգևորեցիք, աջակցեցիք, 4 ամսական Արենին կրծքով կերակրելու ընթացքում որոշում կայացնել շարունակել դասախոսել։ Քոլեջների ու ուսումնարանների ինչ-որ անհասկանալի միավորման պրոցեսներ են ընթանում, որի արդյունքում այլևս իմ տնօրենը չեք, ու վստահ հիմա ավելի ազնիվ կընկալվի շնորհակալությունս։ Շաբաթը մեկ օր աշխատելուց սկսած, հետո ժամերը քիչ-քիչ ավելացնելով , ես կարողացա համատեղել և՛ մամայությունը, և՛ 2 տարի կրծքով կերակրումը, և՛ աշխատանքը։ Դա հեշտ չէր, բայց ստացվեց նաև Ձեր մշտական խրախուսման շնորհիվ
Արենի հետ շատ հաճախ եմ եկել աշխատանքի․ կերակրել, քնացրել, դասախոսության գնացել, երկար դասամիջոցին նորից կերակրել ու գնացքով Երևանից Արմավիր եկել։ Երբեք չեմ զգացել, որ դասապրոցեսը տուժում էր էս պրոցեսից, ընդհակառակը նույնիսկ էլ ավելի պատասխանատու ես մոտենում էս իրավիճակում ամեն 45 րոպեին։ Արենը քնում էր նաև ձեր սենյակում, գրադարանում, լսարանում ( ասեմ իմանաք աղմկոտ կուրսերում էս շատ լավ մեթոդ էր, լուռ ու անաղմուկ դաս անցկացնելու: Չեմ կարող նաև չասել, որ կոլեկտիվը  ևս շատ աջակցել է ինձ, որ ես համ կերակրող մամա լինեմ, բայց նաև շարունակեմ կարիերաս (թոռներին կարոտ դասախոսները կռիվ էին անում երբեմն, թե իրենց ազատ պատուհանի ժամանակ ով պիտի Արենի մոտ լիներ քնի ժամին:
Հայաստանում միայն «կրծքով կերակրման շաբաթ» ունենալը քիչ է՝ այն խրախուսելու համար։ Հատկապես երբ նույնիսկ Հանրապետական պոլիկլինիկայի մանկական բաժնում կկ սենյակի մասին երբեք չեն մտածել։
Շատ մասնագետներ հաճախ ասում են, որ մինչև 3 տարեկան երեխայի համար մայրիկի ֆիզիկական ներկայությունն անչափ կարևոր է։ Բայց հաճախ մոռացվում է ավելի կարևոր մի բան, որ հոգնած, սպառված, մասնագիտական ներուժը մտքում թաղած, կենցաղից այրված ու մոխրացած մաման չի կարող ջերմություն տալ երեխային, եթե նույնիսկ 24 ժամ ֆիզիկապես երեխայի կողքին է։
Որպեսզի մայրիկը կարողանա ոչ միայն ներկայություն ցուցադրել, այլ ջերմություն, նրան անհրաժեշտ է բազմակողմանի աջակցություն՝
👨‍👩‍👧‍👦 ընտանիքի բոլոր անդամների, բայց հատկապես պապայի մշտական աջակցություն,
💼 աշխատաշուկայում թեկուզ շատ քիչ, բայց ներգրավվածություն,
🤝 գործընկերների փոխըմբռնում
👩‍💼 ղեկավարության մարդասիրական մոտեցում,  և, ամենակարևորը, օրենսդրական պաշտպանվածություն։
Միայն այս պայմաններում մաման կկարողանա պահպանել իր էներգիան՝ իսկապես ներկա լինելու իր երեխայի կյանքում, ոչ միայն մարմնով, այլև սրտով։
Ի դեպ, շատ հաճախ մամաները քաշ են հավաքում ոչ միայն հորմոնալ փոփոխությունների, քնի ռեժիմի խախտման այլ նաև այն պատճառով, որ <<ուտում>> են իրենց խնդիրները, չլուծված էմոցիաները, անհանգստությունները և ֆինանսական ծանրությունը։ Եվ հաճախ սնունդը դառնում է <<միակ պարգևատրությունը>> որ մամաները կարողանում են իրենց նվիրել ու երջանիկ զգալ մի քանի րոպե: Մեկ-մեկ էս ոնց ես չաղացել նորաթուխ մամային ասելուց առաջ շատ չէ, մի 2 րոպե մտածելը խրախուսվում է:
Բնականաբար ամեն մամա ինքն է որոշում, թե քանի երեխա ունենա ու որքան մնալ դեկրետում, բայց օրինակ՝ եթե մաման ուզում է 4 երեխա ունենալ, երկար կերակրել ու 3 տարի էլ դեկրետում լինել, ապա ստացվում է, որ նա 12 տարի չի վերադառնում աշխատաշուկա ։ Սա և՛ դժվար է, և՛ անարդար բոլոր մամաների համար, որովհետև որպես մասնագետ սկսում են կաղել ու թուլանալ ։ Շատ կանայք էս պրոցեսների արդյունքում կամ թաղում են իրենց մասնագիտական պոտենցիալը, կամ որոշում են էնքան որ մի գործով զբաղվել, որովհետև էլ մրցունակ չեն ու աշխատանքային հարցազրույցում վերջին 10 տարին ոչ մի գրավող բան չկա գործատուի համար, շատերը` բոլոր էն մասնագիտությունները, որոնք երկար դադար չեն սիրում, իրենց մասնագիտությանը հրաժեշտ են տալիս ու սկսում են օրինակ մի քանի ամսում կոսմետոլոգ դառնալ կամ այլ բան, մի մասն էլ որոշում է շատ երեխաներ չունենալ, որ էս խնդիրներին չբախվի։ Որևէ մեկը էս շղթան պատկերացնելով, որոշում է պլանավորել երեխա ունենալն այն ժամանակ, երբ արդեն վերարտադրողական տարիքի սահմանին է գտնվում։
Ամբողջ աշխարհում  անգամ համալսարաններն ու գրադարաններն են հարմարեցված կերակրող մամաներին։ Կարծում եմ՝ ժամանակն է , որ Հայաստանում օրենսդրական լուրջ փոփոխություններ արվեն, որպեսզի մամաները թեկուզ շաբաթական մի քանի ժամով կարողանան շարունակել աշխատանքն ու կարիերան երեխայի խնամքի հետ զուգահեռ։ Որ այս հարցը այլևս գործատուի բնավորությունից կամ տրամադրությունից կախված չլինի։
Շատ մենեջերներ եմ ունեցել, մի օր հերթով բոլորին պիտի անդրադառնամ ))))
Իսկ եթե ձեր շրջապատում կանայք չարացած են, անպատեհ առիթ են ման գալիս ձեզ կամ այլոց վիրավորելու, նեղացնելու, միայն բացասականի վրա կենտրոնանալու, կամ տանել չեն կարողանում ուրիշ կանանց երջանկությունը, ապա իմացեք, որ հավանականություն կա, որ էս խեղճերը էս բոլոր թվարկվածներիս բախվել են: Սրանք ազդակներ են, որ էս կանայք էն իմ ասած մոխրանալու ու այրվելու փուլին են հասել, ու հավանաբար նաև մեր աջակցության կարիքն ունեն:
Հեղինակ՝ Աննա Մկրտչյան